2007
Արածեցրու իմ ոչխարները
2007թ. նոյեմբեր


Արածեցրու իմ ոչխարները

Ամեն ամիս մեր քույրերին կանոնավոր այցելություններ կատարելով` մենք կարող ենք հաստատել սիրո, ընկերության և վստահության կապեր:

Ես ինձ խոնարհված եմ զգում` ձեր առջև կանգնելու և սրտիս զգացումները ձեզ հետ կիսելու հնարավորությունից: Ես շատ սովորական կին եմ, աննշան` ըստ աշխարհի չափանիշների, բայց Տերն Իր մեծ ողորմությամբ միշտ օրհնել է ինձ առանձնահատուկ հնարավորություններով և մի շատ թանկարժեք պարգևով. Ես այդ պարգևը ստացել եմ այս ավետարանի, Հիսուս Քրիստոսի և Նրա քավող զոհաբերության իրականության վերաբերյալ: Ես զգացել եմ Սուրբ Հոգու առաջնորդող ազդեցությունն այն ժամանակից ի վեր, երբ ընդամենը 14 տարեկան էի և առաջին անգամ լսեցի միսիոներներին և կարդացի Մորմոնի Գիրքը: Վկայությունս միշտ վառ է իմ սրտում և հավատքս` անսասան: Հավատքի և վկայության այս պարգևը մեծապես օրհնել է իմ կյանքը:

Այսօր ես կանգնած եմ աշխարհի լավագույն և ամենաթանկագին կանանց շարքում և այս պահին ինձ վրա դրված մեծ պատասխանատվության բեռ եմ զգում: Ես աղոթել եմ, ուսումնասիրել և խորհել սուրբ գրությունների շուրջ` ոգեշնչում փնտրելով ասելու այն, ինչ Տերը կցանկանար, որ ասեի ձեզ այս առիթով:

Որպես Սփոփող Միության նախագահություն, մենք ուսումնասիրել ենք և խորհել Սփոփող Միության` այս առանձնահատուկ կազմակերպության պատմության և նպատակի վերաբերյալ, որն Աստծո մարգարեի կողմից աստվածայնորեն կազմակերպվեց` ծառայելու և օրհնելու Եկեղեցու կանանց: Այս ոգեշնչված կազմավորումը եկավ ի պատասխան այդ ժամանակվա կանանց սրտերի գորովալից ցանկությունների: Այն կազմակերպվեց աղքատներին սփոփելու և հոգիներ փրկելու երկու հստակ նպատակներով:1

Քույր Բեքը նշեց, որ մի բան, որ կարող են և պետք է լավ անեն այս Եկեղեցու կանայք, դա սփոփանք տալն է:

Մտածեք Հովհաննես ԻԱ.15–17 հատվածում ուսուցվող սկզբունքի մասին: Տերը հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը պատասխանեց. «Դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»: Եվ Տերը պատասխանեց. «Արածեցրու իմ գառները»: Տերը հարցրեց նրան երկրորդ անգամ. «Սիրու՞մ ես ինձ»: Պետրոսը կրկին պատասխանեց. «Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»: Տերն ասաց Պետրոսին. «Արածեցրու իմ ոչխարները»: Տերը երրորդ անգամ հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը պատասխանեց. «Տեր դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»: Հիսուսն ասաց նրան. «Արածեցրու իմ ոչխարները»:

Որպես Քրիստոսի հետևորդներ, մենք նույնպես հայտարարում ենք, որ սիրում ենք Նրան: Այսպիսով, ինչպե՞ս ենք արածեցնում Նրա ոչխարներին:

Ուղիներից մեկը, որով Սփոփող Միության քույրերը կարող են արածեցել Նրա ոչխարներին` այցելող ուսուցիչների ուսուցման միջոցով է: «Այցելությամբ ուսուցման նպատակներն են հոգատար հարաբերություններ հաստատել յուրաքանչյուր քրոջ հետ` առաջարկելով աջակցություն, սփոփանք և ընկերասիրություն:2 Այս նպատակներն իրականացնելու համար այցելող ուսուցիչները պետք է.

  1. Կանոնավոր այցելեն յուրաքանչյուր հանձնարարված քրոջ (եթե հնարավոր է, նրա տուն` ամեն ամիս):

  2. «Տեղեկանան տվյալ քրոջ և նրա ընտանիքի հոգևոր և կենսական կարիքների մասին»:

  3. «Առաջարկեն համապատասխան օգնություն»:

  4. «Ամենամյսա ուղերձների միջոցով հոգևոր ուսուցում անցկացնեն»:3

Տերն օրհնել է կանանց սիրո, կարեկցանքի, բարության և գթության աստվածային հատկանիշներով: Որպես այցելող ուսուցիչներ մեր ամենամսյա այցելությունների միջոցով մենք ուժ ունենք օրհնելու յուրաքանչյուր քրոջ, երբ մեկնում ենք մեր սիրո և բարության բազուկները և տալիս կարեկցանքի և գթության պարգևներ: Անկախ մեր անձնական հանգամանքներից, մենք բոլորս հնարավորություն ունենք շենացնելու և ուսուցանելու ուրիշներին:

Ես ապրել եմ Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրներում, Կարիբյան կղզիներում և Իսպանիայում: Ես տեսել եմ, թե ինչպիսի հավատարմությամբ է ացելությամբ ուսուցում կատարվում` ոտքով անցնելով կարճ և երկար տարածություններ կամ նստելով ավտոբուսներ, մետրո և գնացք: Իմ ընկերուհին` Աննան երիտասարդ մայր էր Կոստա Ռիկայում, որն ամեն ամիս հավատարմորեն էր կատարում իր այցելությամբ ուսուցումը, շատ անգամ ոտքով քայլելով հորդառատ անձրևի տակ: Երեսուն տարի է անցել, նա այժմ տատիկ է, սակայն շարունակում է լինել հավատարիմ այցելող ուսուցիչ: Նա այնքա՜ն շատ կյանքեր է օրհնել:

Ամեն ամիս մեր քույրերին կանոնավոր այցելություններ կատարելով` մենք կարող ենք հաստատել սիրո, ընկերության և վստահության կապեր: Եթե լսենք Հոգու հուշումներին, մենք կմեծացնենք ուրիշների կարիքների մասին մեր իրազեկությունը: Եթե գործենք համաձայն այդ աստվածային հուշումների, մենք կարող ենք օրհնություն դառնալ նրանց համար, ովքեր կարիքի մեջ են: Բայց մենք պետք է պատրաստակամորեն տանք մեր ունեցվածքից և մեր ժամանակից: Մեր կյանքում իսկական չափանիշն այն չէ, թե որքան ենք ստանում, այլ թե որքան ենք տալիս: Այցելությամբ ուսուցումը ստեղծում է տալու հնարավորություններ, երբ մենք հոգ ենք տանում միմյանց ֆիզիկական, հոգևոր և զգացմունքային կարիքների մասին:

Երբ ապրում էի Դոմենիկյան Հանրապետությունում, ես գնացի այցելության մի քրոջ, որը նոր էր վերադարձել հիվանդանոցից, իր երրորդ երեխան լույս աշխարհ բերելուց հետո: Ես զարմացած էի, թե որքան լավ և հանգիստ տեսք ուներ նա: Նրա մյուս երկու երեխաները դեռ շատ փոքր էին: Մեր զրույցը նոր էինք սկսել, որ նա ինձ հետ կիսվեց ասելով, թե որքան հանգիստ է իրեն զգում Սփոփող Միության քույրերի շնորհիվ, որոնք հանձն էին առել ամեն օր գալ և օգնել իրեն հաջորդ մի քանի օրերի ընթացքում: Նա իրեն սիրված էր զգում:

Իմ այցելող ուսուցիչները միշտ առաջինն էին գալիս ինձ տեսնելու և բերում էին կերակուրներ, երբ ես տուն էի գալիս իմ յուրաքանչյուր նորածին երեխայի հետ Սան Խոսեում, Կոստա Ռիկա:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է, որ Սփոփող Միությունում ծառայելը «մեծարում և սրբագործում է յուրաքանչյուր քրոջ անհատապես», և նա խորհուրդ է տվել մեզ «բոլոր հասարակական և այլ ակումբներից ու նմանատիպ հասարակական կազմակերպություններից նախընտրությունը տալ Սփոփող Միության ծառայությանը»:4

Այցելությամբ ուսուցումը խիստ արդյունավետ միջոց է նաև պահպանման և վերաակտիվացման ջանքեր գործադրելիս: Մի միայնակ չամուսնացած քույր պատմեց հետևյալը.

«Երբ Ensign-ից կարդացի Առաջին Նախագահության Ուղերձը, ինձ հիշեցվեց իմ այցելությամբ ուսուցման հանձնարարության մասին: Ընկերակիցս իմ լավ ընկերուհին էր, բայց միշտ կարծես մեր գրաֆիկը չէր համընկնում: Այդ առավոտ ես որոշեցի ուղղակի զանգահարել մեր քույրերին, պայմանավորվել ժամը և հուսալ, որ այն կհամընկնի ընկերակցիս գրաֆիկին: Դժբախտաբար, ընկերակիցս չկարողացավ հարմարեցնել: Ես խնդրեցի սենյակիս ընկերներից մի քանիսին ուղեկցել ինձ այդ այցելությունների ժամանակ, բայց ոչ ոք չկարողացավ գալ: Թեպետ գիտեի, որ միայնակ այցելությամբ ուսուցումը կատարյալ չէր կարող լինել, ես մտածեցի զանգահարել և փոխել օրը, բայց որոշեցի, որ ավելի լավ է միայնակ կատարել այցելությունը, քան մեկ ամիս էլ հետաձգել քույրերին այցելելը»:

Ես հասա Ալեջանդրայի տանը և նյարդայնացած մոտեցա նրա դռանը, չիմանալով, թե կճանաչեի նրան: Նա շատ սիրալիր էր հեռախոսով զրուցելիս, այսպիսով պատկերացրեցի, թե մի քույր է, որին տեսել էի եկեղեցում: Ալեջանդրան ողջունեց ինձ ջերմ գրկախառնությամբ և լայն ժպիտով: Նա նոր դեմք էր: Մեր զրույցի ընթացքում Ալեջանդրան պատմեց, որ ցանկանում է նորից սկսել եկեղեցի հաճախել և ասաց, որ անցած մի քանի ամիսների ընթացքում հուսով սպասում էր ինչ-որ մի այցելության: Նա նշեց, որ առաջին անգամ էր, որ նա երբևէ այցելող ուսուցիչ էր ընդունում իր տանը: Մենք խոսեցինք որոշ ավետարանական սկզբունքների մասին և կիսվեցինք այդ ամսվա Այցելող Ուսուցիչների Ուղերձի վերաբերյալ մեր տպավորությամբ: Նա խոստացավ այդ շաբաթ եկեղեցի գալ: Նա իսկապես եկավ (և նույնիսկ բերեց իր ընկերոջը):

Այդ ժամանակից ի վեր Ալեջանդրան և ես դարձանք լավ ընկերուհիներ: Ես այլևս նրա այցելող քույրը չեմ, բայց ամիսը մեկ անգամից ավելի շատ ենք միմյանց այցելում: Ալեջանդրան կանոնավոր գալիս է եկեղեցի և ընտանեկան երեկոներին և ինստիտուտ էլ է հաճախում:

Ես այժմ ավելի ուժեղ վկայություն ունեմ այցելությամբ ուսուցման վերաբերյալ, քան երբևէ նախկինում: Ես երախտապարտ եմ Սուրբ Հոգու առաջնորդության և Նրա նուրբ հուշման համար, որը տարավ ինձ այդպիսի բարի և սիրառատ ընկերուհու մոտ, ինչպիսին Ալեջանդրան է: Մենք երկուսս էլ զորացանք այդ փորձառությունից, և մենք երկուսս էլ դրա կարիքն ունեինք մեր հոգևոր առաջընթացի համար»:5

Երբ հովիվը հոգ է տանում, նրանցից շատերը, ովքեր հեռացել են, դեռ կարող են ետ գալ: Նրանք կարող են արձագանքել հոտ վերադառնալու հրավերին:

Մորոնի 6.4 հատվածում մեզ հորդորվում է հիշել և սնուցել նրանց, ովքեր մկրտվել են Քրիստոսի Եկեղեցում:

Ավետարանի ամենամսյա ուղերձը, որով մենք կիսվում ենք այդ այցելությունների ժամանակ, հավատք և վկայություն են կառուցում: Տվողն ու ստացողը երկուստեք շենանում են, երբ նրանք կիսվում են ներըմբռնմամբ և անձնական փորձառություններով, մինչ քննարկում են ավետարանի սկզբունքները, սուրբ գրությունները և մեր մարգարեների ուսմունքները:

Լրացուցիչ մի օրհնություն է մտերիմ ընկերությունը և շենանալը, որը տեղի է ունենում երկու քույրերի միջև, ովքեր ընկերակցում են միմյանց այս հանձնարարությունը կատարելիս: Միասին ծառայելով մենք սովորում ենք մեկս մյուսից և սիրում միմյանց:

Մենք կարող ենք և պետք է ունակ լինենք իմաստալից սփոփանք տալու: Մենք ունենք ավետարանի հեռանկարը մեր կյանքում: Մենք ունենք աստվածային հուշումներ, որոնք հորդորում են մեզ բարիք գործել: Եկեք նվիրվենք արդյունավետ այցելությամբ ուսուցմանը: Մենք կարող ենք ապահովել աշխարհիկ և հոգևոր սնուցում: Մենք կարող ենք և պիտի դրսևորենք ըմբռնում և կարողանանք վարդապետություն սովորեցնել: Մենք կարող ենք հագեցնել հոգևոր քաղցը և արածեցնել ոչխարներին: Ոչխարներին արածեցնելը կարող է նշանակել նոր անդամներին, ոչ ակտիվ անդամներին և նույնիսկ լիովին ակտիվ անդամներին զորացնելն ու սնուցելը:

Մեր ծառայությունը պետք է լինի անձնազոհ, հանգիստ և արվի պատրաստակամորեն, մեր սիրտը պետք է սիրով լցված լինի Աստծո և Նրա զավակների հանդեպ: Պիտի լինի հոտը հովվելու, նրանց դեպի Քրիստոս հրավիրելու անկեղծ հոգածություն:

Իմ աղոթքն է, որ մենք ջանքեր գործադրենք ավելի մեծ նվիրվածությամբ մեկնելու մեր սիրո և կարեկցանքի բազուկները` օրհնելու, օգնելու և զորացնելու միմյանց, երբ պատրաստակամորեն և ուրախ սրտով գնանք մեր այցելությամբ ուսուցումը կատարելու: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See History of the Church, 5:25.

  2. “Relief Society,” section 3 of the Church Handbook of Instructions, Book 2: Priesthood and Auxiliary Leaders (1998), 202.

  3. Church Handbook of Instructions, Book 2, 203.

  4. “The Circle of Sisters,” Ensign, Nov. 1980, 110,111.

  5. Անձնական նամակներ: