2007
Հոգին մի հանգցնեք, որը կենդանացնում է ներսի մարդուն
2007թ. նոյեմբեր


Հոգին մի հանգցնեք, որը կենդանացնում է ներսի մարդուն

Երբ մենք հրավիրում ենք Սուրբ Հոգին, որ մեր միտքը լցնի լույսով ու գիտելիքով, Նա «կենդանացնում է մեզ», այսինքն` լուսավորում և կենդանացնում է մեր ներքին տղամարդուն կամ կնոջը:

Ա Թեսաղոնիկեցիս գլուխ 5-ում, Պողոսը հորդորում է անդամներին գործել Սրբերին ներհատուկ ձևով: Այնուհետև նա թվարկում է դրական հատկանիշներն ու վարքագծերը: 19-րդ հատվածում Պողոսը խորհուրդ է տալիս այս երեք բառերով. «Հոգին մի հանգցնեք»:

Հետաքրքրական է, որ Պողոսի գրվածքներից մոտ 500 տարի առաջ, Մորմոնի Գրքի մարգարե Հակոբը ձգտում էր ընդդիմացող մարդկանց ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Նա համարձակորեն հարցնում էր նրանց. «Մի՞թե դուք ժխտելու եք մարգարեների խոսքերը … .ուրանալու եք Քրիստոսի բարի խոսքը … Սուրբ Հոգու պարգևը, և հանգցնելու եք Սուրբ Հոգին»:1

Հակոբից և Պողոսից հետո դարեր անց, մեր օրերում, մենք ևս պետք է զգույշ լինենք, որպեսզի մեր կյանքում անուշադրության չմատնենք, արգելք չհարուցենք և չհանգցնենք Հոգին:

Աշխարհի հատկանշական կոչերը փորձում են շեղել մեր ուշադրությունը նեղ ու անձուկ ճանապարհից: Հակառակորդը տքնում է բթացնել մեր զգայունությունը Հոգու հուշումների հանդեպ, լինենք դեռահաս, չափահաս, թե հասուն տղամարդ կամ կին: Հոգու, Սուրբ Հոգու դերը էական է մեր մահկանացու կյանքի բոլոր ժամանակահատվածներում:

Ի սկզբանե, Հայրը խոստացել է Իր հոգևոր որդիներից և դուստրերից յուրաքանչյուրին, որ Իր Սիրելի Որդու Քավության և Հարության միջոցով մենք բոլորս կարող ենք վերադառնալ Աստծո ներկայություն և ժառանգել հավերժական կյանքի օրհնությունները սելեստիալ արքայություն կոչվող բարձրագույն աստիճանում:

Մեզանից յուրաքանչյուրը գիտեր, որ դեպի վեհացում տանող ճանապարհը երկար է, ծանր, իսկ երբեմն էլ միայնակ է անցնում, սակայն մենք նաև գիտեինք, որ միայնակ չենք ճամփորդելու: Երկնային Հայրը բոլոր նրանց, ովքեր դրսևորում են հավատ, ապաշխարում են և մկրտվում, տալիս է Սուրբ Հոգուն որպես ընկերակից և ուղեկից:

Հավերժական կյանք տանող ճանապարհը ընկած չէ սարահարթի վրա: Այն թեք է` դեպի առաջ և վեր տանող: Ուստի, մշտապես աճող հոգևոր հասկացողությունը և եռանդն անհրաժեշտ են մեր նպատակակետին հասնելու համար: Քանի որ սատանայի կողմից կործանարար դիմադրությունը շարունակվում է, Սուրբ Հոգու լուսավոր առաջնորդությունը միշտ շատ կարևոր է: Մենք չենք մտածում, որ խոչընդոտում ենք, անտեսում կամ հանգցնում Սուրբ Հոգու հուշումները: Սակայն, երբ գալիս է Սուրբ Հոգուց եկող հուշումներին և օրհնություններին մոտենալու հարցը, մենք հաճախ «ապրում ենք մեր արտոնություններից շատ ցածր մակարդակի վրա»:2

Թանկագին Մարգարիտում Մովսեսը գրել է, որ Ադամը, մկրտվելով և ստանալով Սուրբ Հոգին, «կենդանացավ ներսի մարդում»:3

Երբ մենք հրավիրում ենք Սուրբ Հոգին, որ մեր միտքը լցնի լույսով ու գիտելիքով, Նա «կենդանացնում է մեզ», այսինքն` լուսավորում և կենդանացնում է մեր ներքին տղամարդուն կամ կնոջը:4 Արդյունքում, մենք նկատում ենք մեծ փոփոխություն մեր հոգում: Մենք մեզ զգում ենք ամրապնդված և խաղաղությամբ ու ուրախությամբ լցված: Մենք ունենում ենք հոգևոր էներգիա և խանդավառություն, որոնք մեծացնում են մեր բնական ունակությունները: Մենք կարողանում ենք ավելին անել, քան կարող էինք ինքնուրույն անել: Մենք բուռն ցանկություն ենք ունենում դառնալու ավելի սուրբ մարդ:

Դուք ցանկանո՞ւմ եք իմանալ ինչ գին պետք է վճարել Սուրբ Հոգին ստանալուց հետո մեզ առաջարկվող արտոնությունների համար: Դա նախապես որոշված կամ ամրագրված գին չէ, այլ յուրաքանչյուրիս համար անհատական ձևով է որոշվում:

Եթե ձեր վճարը, որը ձեր անձնական ջանքն է, շատ ցածր է, դուք հնարավոր է չկարողանաք օգտվել Հոգու բոլոր բարիքներից: Դուք հնարավոր է նույնիսկ հանգցնեք Հոգին: Ինչևէ, եթե դուք ձեր անձնական ներդրումը բարձր եք սահմանում, առատ բերք կհավաքեք Հոգուց: «Վճարը», որի մասին ես խոսում եմ, իհարկե փող չէ, այն ընդգրկում է ավելի մեծ պարտավորվածություն անձնական հոգևոր ջանքերում և վարքում:

Մենք որոշում ենք մեր ներկայիս անձնական ներդրման մակարդակը` քննելով մեր ներկա ընտրություններն ու առաջնահերթությունները հետևյալ հարցերին պատասխանելով.

  1. Արդյոք ես ավելի շատ ժամանակ եմ տրամադրում սպորտի՞ն, թե՞ Եկեղեցի հաճախելուն կամ կոչումները կատարելուն:

  2. Եթե ես ազատ ժամանակ եմ ունենում, արդյոք ընտրում եմ այցելել տաճար, թե՞ առևտրի կենտրոն:

  3. Արդյո՞ք ես համակարգչային խաղեր եմ խաղում, ինտերնետը քրքրում, թե՞ իմաստալից ծառայություն մատուցում ուրիշներին` իմ տանը և համայնքում:

  4. Արդյո՞ք ես նվիրվածությամբ ամսագիր եմ ընթերցում, սակայն դժվարանում եմ ամեն օր սուրբ գրությունները կարդալ:

Կան այլ հարցեր, որ դուք կարող եք ձևակերպել, որը կբացահայտի ձեր ներկա ընտրությունների և առաջնահերթությունների պատշաճությունը:

Հոգևոր զարգացածության որ մակարդակում էլ ներկայումս մենք լինենք, միշտ գոյություն ունի ավելի բարձր մակարդակ, որին կարող ենք հասնել: Ժամանակը ամենաթանկ բանն է: Դուք կմտածե՞ք արդյոք ձեր ժամանակը ներդնել հավերժության բաների վրա, որպեսզի արժանի լինեք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը և ավելի լիովին օգտվեք Նրա ազդեցությունից:

Եթե ձեր պատասխանն «այո» է, այս ավելի խորը հոգևոր զարգացման մեջ նախնական քայլն է բուռն ցանկությունը` ավելի մեծ ոգեշնչում ստանալու, ավելի սուրբ դառնալու համար: Երբ այդ ցանկությունները լցնում են մեր սիրտը, մենք կփափագենք ավելացնել գինը, որը վճարում ենք երկնքի օգնության համար:

Մեր հաջորդ նվիրաբերումն այս ջանքին կլինի` ավելի հետևողականորեն ընկղմվել Քրիստոսի և մարգարեների խոսքերում: Երբ ավելի են ընդլայնվում ուսումնասիրության ջանքերը, ավելանում է Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում: Եկեք գրիչը ձեռքին քննենք սուրբ գրքերը, նշելով մեր նոր ներըմբռնումները և գրառելով հոգևոր հուշումները: Որից հետո, եկեք ջանանք մեր անձնական կյանքում կիրառել այն, ինչ սովորել ենք: Հոգին կարթնացնի մեր ներքին եսը, նոր հասկացողություն կգա` ցուցում առ ցուցում:

Որպեսզի հավաստիանանք, որ չենք հանգցնում Հոգին, այլ հրավիրում ենք, որ Նա ներկա լինի, մեկ այլ քայլ պետք է կատարել: Եկեք հաճախ և ջերմեռանդ աղոթենք: Փրկչի գորովալից և համապարփակ խոստումը գրված է Վարդապետություն և Ուխտերում.

  • «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ»:

  • «Փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ»:

  • «Խնդրեք, և կստանաք»:

  • «Թակեք, և ձեզ կբացվի»:

  • «Ինչ որ խնդրեք Հորը՝ իմ անունով, կտրվի ձեզ, այն, ինչը նպատակահարմար է ձեզ համար»:5

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ուշադրություն դարձրեք հաջորդականությանը: Մենք ավելի ենք մոտենում Փրկչին, երբ ճշգրտորեն պահում ենք Նրա պատվիրանները: Մենք լրջորեն խնդրում ենք Հորը Քրիստոսի անունով: Այնուհետև, Սուրբ Հոգու հուշումների միջոցով ստանում ենք աստվածային առաջնորդություն և հստակ հասկացողություն:

Երբ ծոմ ենք պահում, հաղորդության ժամանակ նորացնում ենք մեր ուխտերը, հաճախում ենք տաճար, մենք ավելի ենք մոտենում Հոգուն: Այդ ժամանակ Սուրբ Հոգին կարող է ուժգնորեն հայտնել Իր ազդեցությունը:

Տաճարը մի զարմանահրաշ միջավայր է անձնական հայտնություն ստանալու համար: Երբ որքան հնարավոր է հաճախ ենք այցելում տաճար և ուշադիր ենք լսում, խորհում ենք հավերժությանը պատկանող փառահեղ խոստումների և ակնկալիքների շուրջ, մենք այնտեղից դուրս ենք գալիս մեզ համար ավելի լավ հասկանալով մեր Երկնային Հոր ծրագիրը: Սուրբ Հոգին ընդլայնում է մեր տեսադաշտը և թույլ է տալիս, որ հավերժական հեռանկարն ազդի այն որոշումների վրա, որ մենք կայացնում ենք մեր ամենօրյա կյանքում:

Եթե մենք նման ջանքեր գործադրենք և չհանգցնենք Հոգին, մեր ներքին էությունը կկենդանանա: Եթե մենք հաստատակամություն հանդես բերենք, հավերժական կյանք է սպասում մեզ: Հետևաբար, եկեք ձգտենք չհանգցնել Հոգին անհնազանդությամբ կամ անտեսելով: Այլ եկեք «Հոգով ապրենք»,6 մեծացնելով Սուրբ Հոգու սրբազան և էական դերը մեր անձնական կյանքում: Ես վկայում եմ, որ եթե մենք իսկապես փնտրենք Հոգին, ավելի լիովին կօգտվենք Սուրբ Հոգու հանգիստ, սակայն հիմնական ազդեցությունից: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Հակոբ 6.8

  2. Brigham Young, Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 32.

  3. Մովսես 6.65

  4. See Parley P. Pratt, Key to the Science of Theology, 9th ed. (1965), 101. «Սուրբ Հոգու պարգևը … կենդանացնում է բոլոր ինտելեկտուալ ընդունակությունները, ավելացնում, ընդլայնում և մաքրագործում է բոլոր բնական կրքերը և հրապուրանքները, և ընդունում է դրանք` իմաստության պարգևով` դրանք օրինական ձևով օգտագործելու համար»:

  5. ՎևՈւ 88.63–64

  6. Գաղատացիս Ե.25