2007
Արդյո՞ք ուրախանալու պատճառ չունենք
2007թ. նոյեմբեր


Արդյո՞ք ուրախանալու պատճառ չունենք

Սա ուրախ կրոն է` հույսի, ուժի և ազատության կրոն:

Մենք դեռևս ուրախանում ենք հիասքանչ հոգով, որն այս առավոտ զգացինք միասին երգելիս.

Եկեք ուրախանանք այս օրը փրկության:

Էլ չենք շրջելու որպես օտարական:

Բարի լուր է հասել մեզ ու ողջ մարդկության:

(«Եկեք ուրախանանք», Հիմներ և մանկական երգեր, էջ 32):

Եղբայր Վիլիամ Վ. Ֆելփսի գրած այս խոսքերը հակադրվում են վատ լուրերի վրա կենտրոնանալու աշխարհի հակվածությանը: Ճիշտ է մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որոնց մասին ասվել է սուրբ գրություններում որպես «պատերազմների, պատերազմների համբավների և զանազան տեղերում երկրաշարժերի» օրեր (Մորմոն 8.30), երբ «ողջ երկիրը խառնաշփոթի մեջ կլինի, և մարդկանց սրտերը կնվաղեն» (ՎևՈւ 45.26):

Իսկ ինչպե՞ս է դա ազդում մեզ վրա` որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Արդյո՞ք մենք ապրում ենք ըմբռնելով, վախով ու նեղվելով, թե՞ գտնվելով մեր բոլոր դժվարությունների մեջ, ուրախանալու պատճառ ունենք:

Մենք բոլորս անցնում ենք կյանքի տարբեր փորձառությունների միջով: Ոմանք լցված են ուրախությամբ, մյուսները` վշտով ու անորոշությամբ:

Ես հիշում եմ այն ժամանակը, երբ ես երեխա էի և մեր ընտանիքը լավ վիճակում չէր գտնվում: 1944 թվականի ձմեռն էր, Երկրորդ Համաշխարհայինի ամենացուրտ ձմեռը: Պատերազմի գիծը մոտենում էր մեր քաղաքին, և մայրս ստիպված չորս երեխաներիս վերցրած, թողնելով մեր բոլոր ունեցվածքը, միացավ միլիոնավոր հեռացող գաղթականներին` հուսակտուր փնտրելով գոյատևելու մի վայր: Հայրս դեռևս զինվորական էր, սակայն նա և մայրս որոշել էին, որ եթե պատերազմի ժամանակ երբևէ առանձնանան, կփորձեն իմ տատիկի և պապիկի քաղաքում միմյանց փնտրել: Նրանք զգացել էին, որ այդ վայրը ապաստանի և ապահովության մեծ հույս էր պարգևում:

Քանի որ ամբողջ գիշեր ռմբակոծություններ և օդային հարձակում էր տեղի ունենում, մի քանի օր տևեց մինչև հասանք տատիկիս և պապիկիս մոտ: Այդ օրերը հիշողությանս մեջ մնացել են որպես խավարի ու ցրտի օրեր:

Հայրս անվնաս վերադարձավ մեզ մոտ, սակայն մեր ապագան շատ աղոտ էր երևում: Մենք ապրում էինք Գերմանիայի հետպատերազմյան ծանր ժամանակներում` ապագայի հանդեպ չունենալով հույս և լույս:

Այդ հուսահատ օրերին հայրս լսեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ապաքինող ուղերձի մասին: Այդ ուղերձն ամեն ինչ փոխեց, այն մեզ վեր բարձրացրեց մեր առօրյա թշվառությունից: Կյանքը դեռևս տատասկով լի էր, պայմանները` դեռևս սոսկալի, սակայն ավետարանը լույս, հույս և ուրախություն բերեց մեր կյանք: Ավետարանի պարզ ու հասարակ ճշմարտությունները ջերմացրեցին մեր սրտերն ու լուսավորեցին մեր միտքը: Դրանք օգնեցին մեզ` ինքներս մեզ և աշխարհին նայել այլ աչքերով և բարձր տեսադիրքից:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույե՛ր, արդյո՞ք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը և Նրա Եկեղեցում մեր անդամությունը ուրախանալու մեծ պատճառ չէ:

Որտեղ էլ ապրեք այս երկրի վրա, և ինչպիսին էլ որ լինեն ձեր կյանքի պայմանները, ես վկայում եմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն աստվածային զորություն ունի բարձունքների վրա բարձրացնելու ձեզ այն ամենից, ինչն այդ ժամանակ թվում է անտանելի բեռ կամ տկարություն: Տերը գիտի ձեր պայմանները և ձեր դժվարությունները: Նա ասել է Պողոսին և մեզ բոլորիս. «Բավական է քեզ իմ շնորհքը»: Եվ Պողոսի պես մենք կարող ենք պատասխանել. «Իմ զորությունը իմ տկարության մեջ է կատարվում. արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններովը կպարծենամ. որ Քրիստոսի զորությունը բնակուէ ինձանում» (Բ Կորնթացից ԺԲ.9):

Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ մենք ցանկանում ենք ունենալ այն օրհնությունները, որոնք խոստացվել են այն ուխտերով և արարողություններով, որոնք մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելով:

Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Հիսուս Քրիստոսի ավետարանը բարի լուր է, ավետիք և ավելին: Այն փրկության ուղերձ է, որը բազմիցս հաղորդվել է Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների կողմից: Ես հաստատ հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ողողված է Աստծուց դուրս եկող ողջ ճշմարտությամբ և լույսով:

Աստված, մեր սիրող Երկնային Հայրը, ասել է, որ Իր աշխատանքը և փառքն է «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Հայր Աստվածն ավետարանի հեղինակն է, դա Աստծո փրկության ծրագրի կամ փրկագնման ծրագրի հիմնական մասն է: Այն կոչվում է Հիսուս Քրիստոսի ավետարան, որովհետև Հիսուս Քրիստոսի Քավությամբ հնարավոր դարձավ փրկագնումն ու փրկությունը: Քավությամբ բոլոր տղամարդիկ, կանայք և երեխաներն անվերապահորեն փրկվում են ֆիզիկական մահից, և բոլորը կփրկագնվեն իրենց անձնական մեղքերից, եթե ընդունեն և հնազանդվեն Հիսուս Քրիստոսի ավետարանին (տես ՎևՈւ 20.17–25; 76.40–42, 50–53; Մովսես 6.62):

Քրիստոսի ավետարանը միակ ճշմարիտ ավետարանն է, և «Տրված չի լինի ոչ մի ուրիշ անուն, ոչ էլ՝ որևէ ուրիշ ճանապարհ, ոչ էլ՝ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին, բացի Քրիստոսի … անունով և միջոցով» (Մոսիա 3.17; տես նաև Գործք 4.12):

Ավետարանի ուղերձի առանցքային տարրերը կարելի է գտնել բոլոր սուրբ գրություններում, սակայն մեծ պարզությամբ տրվում են մեզ Մորմոնի Գրքում և մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտնություններում: Այստեղ Հիսուսն Ինքը պարզորոշ հայտարարում է Իր վարդապետությունն ու Իր ավետարանը, ըստ որի Աստծո զավակները կունենան «հավերժական կյանք» (ՎևՈւ 14.7; տես նաև 3 Նեփի 11.31–39; 27.13–21; ՎևՈւ 33.11–12):

Ավետարանը պարզ է ու հասարակ: Այն պատասխանում է կյանքի ամենաբարդ հարցերին, նույնիսկ փոքր երեխան կարող է ընկալել և կիրառել այն: Ինչպես Նեփին է ասել. «Իմ հոգին հրճվում է պարզությամբ, քանզի Տեր Աստված այս ձևով է գործում մարդկանց զավակների մեջ: Քանզի Տեր Աստված տալիս է լույս հասկացողությանը. քանզի նա խոսում է մարդկանց հետ ըստ իրենց լեզվի՝ իրենց հասկացողության համար» (2 Նեփի 31.3):

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևեց պարզ ու հասարակ օրինակին, երբ բացատրեց աշխարհին շատ հստակ ձևով. «Ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները» (Հավատո հանգանակ 1.4), որոնք մենք պետք է ընդունենք, որպեսզի ավետարանի հավերժական օրհնությունները ստանանք.

Առաջին` հավատք առ Տեր Հիսուս Քրիստոսը` հավատալով Քավիչին, Աստծո Որդուն «անխախտ հավատքով նրա հանդեպ՝ ապավինելով ամբողջովին նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս» և ապա «առաջ մղվելով Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ… սնվելով Քրիստոսի խոսքով» (2 Նեփի 31.19–20):

Երկրորդ` ապաշխարություն, որը ներառում է մտքի փոփոխություն, առաջարկելով մատուցել որպես «զոհ՝ կոտրված սիրտ և փշրված հոգի», թողնելով մեղքը և դառնալով հեզ ու խոնարհ, «ինչպես մի փոքր երեխա» (3 Նեփի 9.20, 22):

Երրորդ` մկրտություն ընկղմամբ` մեղքերի թողության համար, իսկ որպես ուխտ` պահել Աստծո պատվիրանները և մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը:

Չորրորդ` ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար, որը նաև հայտնի է որպես մկրտություն կրակով, որը սրբագործում է մեզ և դարձնում մեզ Աստծուց ծնված «նոր արարածներ» (Մոսիա 27.24–26; տես նաև Ա Պետրոս Ա.23):

Մեր երկնային Հոր կողմից մեզ տրված Սուրբ Հոգու պարգևը, որը սպասավորվում է իշխանություն ունեցողի կողմից, ներառում է ողորմած խոստում. «Եթե դուք մտնեք այդ ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.5): Սուրբ Հոգու մշտական ընկերակցությամբ Եկեղեցու, այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղակիորեն ստանալ «Քրիստոսի խոսքերը» (2 Նեփի 32.3), ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Այս աստվածային առաջնորդությունն օգնում է մեզ խիզախ մնալ Հիսուս Քրիստոսի վկայության մեջ և համբերել մինչև մեր օրերի վերջը: Արդոք սա հրաշալի չէ՞:

Արդյո՞ք չունենք ուրախանալու պատճառ:

Ի՞նչ է նշանակում համբերել մինչև վերջ:

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ մկրտվելուց և հաստատվելուց հետո մեր խնդիրն է` «համբերել մինչև վերջ» (2 Նեփի 31.20):

Երբ ես փոքր տղա էի, «մինչև վերջ համբերելն» ինձ համար նշանակում էր, որ հիմնականում ես պետք է ձգտեմ մնալ արթուն մինչև մեր Եկեղեցու ժողովների ավարտը: Հետագայում, երբ դեռահաս էի, սուրբ գրության այս արտահայտության մեջ իմ հասկացողությամբ մի փոքր էի առաջադիմել: Իմ պատանեկան կարեկցանքով, ես այն կապում էի մեր թանկագին տարեց անդամների մինչև կյանքի վերջ հավատարիմ մնալու նրանց ջանքերի հետ:

Մեր կյանքի ընթացքում մինչև վերջ համբերելը կամ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին և արարողություններին հավատարիմ մնալը պարտադիր պայման է Աստծո արքայությունում փրկվելու համար: Այս համոզմունքն առանձնացնում է Վերջին Օրերի Սրբերին Քրիստոնյա մյուս հավատներից, որոնք սովորեցնում են, որ փրկությունը տրվում է բոլորին, ովքեր պարզապես հավատում և խոստովանում են, որ Հիսուսը Քրիստոսն է: Տերը պարզորոշ հայտարարել է. «Եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (ՎևՈւ 14.7):

Հետևաբար, մինչև վերջ համբերելը լոկ կյանքի դժվարություններին պասսիվորեն հանդուրժելը կամ «դիմանալը» չէ: Մերն ակտիվ կրոն է, որն օգնում է Աստծո զավակներին այս կյանքի ընթացքում նեղ ու անձուկ ճանապարհին զարգացնել իրենց ամբողջ ներուժը և մի օր վերադառնալ Նրա մոտ: Այս տեսակետից նայելով մինչև վերջ համբերելը վեհացնող և փառահեղ է, ոչ թե` մռայլ ու խավար: Սա ուրախ կրոն է` հույսի, ուժի և ազատության կրոն: «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25):

Մինչև վերջ համբերելը գործընթաց է, որը լցնում է մեր կյանքի ամեն րոպեն, ամեն ժամն ու օրը` արշալույսից արշալույս: Այն իրագործվում է Աստծո պատվիրաններին հետևելու ինքնակարգավարժման շնորհիվ:

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն ապրելակերպ է: Այն միայն կիրակի օրվա համար չէ: Դա այն չէ, ինչ մենք կարող ենք անել միայն որպես սովորույթ կամ ավանդույթ, եթե ակնկալում ենք ունենալ բոլոր խոստացված օրհնությունները: «Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ: Որովհետև ինչ որ մարդ սերմանե, այն էլ կհնձե» (Գաղատացիս Զ.7):

Համբերել մինչև վերջ նշանակում է «բարի գործերի մեջ հարատևել» (Հռովմայեցիս Բ.7), ձգտել պատվիրանները պահել (տես 2 Նեփի 31.10), և արդարակյաց գործեր անել (տես ՎևՈւ 59.23): Այն պահանջում է զոհաբերություն և տքնաջան աշխատանք: Մինչև վերջ համբերելու համար մենք պետք է վստահենք մեր Երկնային Հորը և իմաստուն ընտրություններ կատարենք, ներառյալ տասանորդ և նվիրատվություններ վճարելը, մեր տաճարային ուխտերը պահելը, մեր եկեղեցական կոչումներում և պարտականություններում Տիրոջն ու միմյանց պատրաստակամորեն և հավատարմորեն ծառայելը: Դա նշանակում է ուժեղ բնավորություն, անեսասիրություն և համեստություն, դա նշանակում է շիտակ և ազնիվ լինել Տիրոջ և մեր մերձավորների հանդեպ: Դա նշանակում է մեր տները դարձնել աշխարհիկ չարիքից լավ պաշտպանված ապաստաններ, դա նշանակում է սիրել և պատվել մեր ամուսիններին և երեխաներին:

Երբ մեր ուժերի սահմանում ամեն ինչ անում ենք մինչև վերջ համբերելու համար, հրաշալի մաքրագործություն է գալիս մեր կյանք: Մենք սովորում ենք` «բարի անել մեզ ատողներին, և աղոթել մեզ չարչարողների համար» (Մատթեոս Ե.44): Այս կյանքում մինչև վերջ համբերելիս եկող օրհնություններն իրական են, նշանակալից, իսկ գալիք կյանքի օրհնությունները մեր հասկացողությունից վեր են:

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ դուք հաջողություն ունենաք

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, կլինեն օրեր և գիշերներ, երբ ճնշված կզգաք, երբ ձեր սրտերը կծանրանան և գլուխները կկախվեն: Ուրեմն, խնդրում եմ հիշե՛ք, Հիսուս Քրիստոսը, Քավիչը այս Եկեղեցու Գլուխն է: Սա Նրա ավետարանն է: Նա ցանկանում է, որ դուք հաջողակ լինեք: Նա Իր կյանքը տվեց այս նպատակի համար: Նա կենդանի Աստծո Որդին է: Նա խոստացել է.

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվուածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս ԺԱ.28):

«Քանզի լեռները պիտի հեռանան և բլուրները վերանան, բայց իմ բարությունը չպիտի հեռանա քեզանից (3 Նեփի 22.10): «Ես ողորմություն ունեմ քեզ վրա, ասում է Տերը՝ քո Քավիչը» (3 Նեփի 22.8):

Իմ սիրելի ընկերնե՛ր, Փրկիչն ապաքինում է կոտրված սիրտը և կապում է վերքերը (տես Սաղմոս ՃԽԷ.3): Ինչ դժվարություններ էլ որ կրեք, այս երկրի վրա որտեղ էլ որ ապրեք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամ լինելը և Հիսուս Քրիստոսի աստվածային զորությունները կօրհնեն ձեզ` ուրախ համբերել մինչև վերջ:

Այս մասին ես բերում եմ իմ վկայությունը` իմ ողջ սրտով և մտքով, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: