Սարից մի քար կտրվեց
Տերն իրականացնում է իր խոստումը, որ Իր ավետարանը կլինի ինչպես քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի:
Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ապրում ենք մի հետաքրքիր սովորույթով: Մենակատարը կրկին ու կրկին նույն երգն է երգում: Նվագախումբը կրկնում է նույն երաժշտությունը: Իսկ խոսնակից ակնկալվում է, որ ամեն անգամ ելույթ ունենալիս ինչ-որ նոր խոսք հղի: Այս առավոտ ես պատրաստվում եմ խախտել այդ ավանդույթը և ինչ-որ չափով կրկնել այն, ինչ ասել եմ մեկ այլ առիթով:
Եկեղեցին դարձել է երկրի վրա սփռված մի մեծ ընտանիք: Մենք այժմ 13 միլիոն ենք 176 երկրներում և տարածքներում: Զարմանահրաշ բան է կատարվում: Տերն իրականացնում է իր խոստումը, որ Իր ավետարանը կլինի ինչպես քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, որը կգլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը, ինչպես Դանիելն է տեսել տեսիլքում (տես Դանիել Բ.31–45, ՎևՈւ 65.2): Մի մեծ հրաշք է կատարվում մեր աչքի առաջ:
Եկեք 184 տարի գնանք ետ` 1823 թվականը: Սեպտեմբեր ամիսն էր՝ սեպտեմբերի 21–22-ի գիշերը:
Ջոզեֆ Սմիթն այդ գիշեր նախքան քնելն աղոթեց: Նա խնդրեց Տիրոջը ներել իր թեթևամտությունը: Այնուհետև մի հրաշք տեղի ունեցավ: Նա ասում է.
«Մինչ այդպես առ Աստված էի կանչում, ես նկատեցի իմ սենյակը թափանցող մի լույս, որը շարունակում էր պայծառանալ, մինչև որ սենյակը դարձավ կեսօրից էլ լուսավոր, երբ անմիջապես մի անձնավորություն հայտնվեց մահճակալիս կողքին…
Նա դիմեց ինձ անունով և ասաց, որ ինքը սուրհանդակ է, Աստծո ներկայությունից ինձ մոտ ուղարկված, և որ նրա անունը Մորոնի է. որ Աստված աշխատանք ունի ինձ համար՝ կատարելու. և որ իմ անունը՝ որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ, կամ, որ բոլոր ժողովուրդների մեջ նրա մասին կխոսվի և՛ բարի, և՛ չար» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.30, 33):
Այդ պատանին պետք է որ ապշահար լիներ իր լսածից: Իրեն ճանաչողների աչքում նա մի աղքատ, անկիրթ գյուղացի տղա էր: Նա հարուստ չէր: Նրա հարևանները նույն պայմաններում էին: Նրա ծնողները մաքառող ագարակատերեր էին: Տարածքը, որտեղ նրանք էին ապրում, գյուղ էր և հիմնականում ոչ հայտնի: Նրանք պարզ ու հասարակ մարդիկ էին, որոնք փորձում էին գոյատևել տքնաջան աշխատելով:
Սակայն Աստծո հրեշտակն ասաց, որ Ջոզեֆի «անունը՝ որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ»: Ինչպե՞ս կարող էր դա լինել: Այդ նկարագրությունը վերաբերում է ամբողջ աշխարհին:
Այժմ նայելով ետ` Եկեղեցու կազմավորման 177 տարիներին, մենք զարմանքով ենք նայում արդեն իսկ տեղի ունեցածին: Երբ 1830թ. Եկեղեցին կազմավորվեց, կար միայն վեց անդամ, միայն մի քանի հավատացյալներ, որոնք ապրում էին այդ անհայտ գյուղում: Այսօր, մենք դարձել ենք Հյուսիսային Ամերիկայի իր մեծությամբ թվով չորրորդ կամ հինգերորդ եկեղեցին, ունենալով համայնքներ գրեթե բոլոր քաղաքներում: Սիոնի ցցերն այսօր ծաղկում են Միացյալ Նահանգների ամեն մի նահանգում, Կանադայի ամեն տարածքում, Մեքսիկայի ամեն նահանգում, Կենտրոնական Ամերիկայի ամեն պետության մեջ և ողջ Հարավային Ամերիկայում:
Համայնքներ ունենք Բրիտանական կղզիներում և Եվրոպայում, որտեղ տարիներ շարունակ հազարավոր մարդիկ են միացել Եկեղեցուն: Այս աշխատանքը հասել է Մերձբալթյան պետություններին տարածվելով ներքև՝ մինչև Բուլղարիա, Ալբանիա և աշխարհի այդ մասի այլ տարածքներ: Այն տարածվել է Ռուսաստանի հսկայական տարածքում: Այն հասել է մինչև Մոնղոլիա և տարածվել այդպես դեպի ներքև Ասիայի պետություններով մինչև Խաղաղ օվկյանոսյան կղզիներ, Ավստրալիա և Նոր Զելանդիա, մինչև Հնդկաստան և Ինդոնեզիա: Այն ծաղկում է Աֆրիկայի շատ պետություններում:
Մեր գերագույն համաժողովները արբանյակով և այլ միջոցներով հաղորդվում են 92 լեզուներով:
Եվ սա դեռ սկիզբն է: Այս աշխատանքը կշարունակվի աճել և բարգավաճել և տարածվել աշխարհում: Դա բնական է, եթե Ջոզեֆին տրված Մորոնիի խոստումը պետք է կատարվի:
Այս աշխատանքը յուրահատուկ և հրաշալի է: Այն հիմնովին տարբերվում է իմ իմացած մյուս կրոնական վարդապետության բաղկացուցիչ մասերից:
Երբ Հիսուսը քայլում էր երկրի վրա, Նա ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. և նորան որ ուղարկեցիր` Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես ԺԷ.3):
14 տարեկան լինելով, Ջոզեֆը տեսավ այն փառահեղ Առաջին Տեսիլքը, որը տարբերվում էր որևէ մեկի կողմից գրված փորձառությունից: Ոչ մի ուրիշ ժամանակաշրջանում, որի մասին մենք գրվածքներ ունենք, Աստված, մեր Հավերժական Հայրը, և Նրա Սիրելի Որդին` հարություն առած Տերը, չեն հայտնվել երկրի վրա միասին:
Հորդանան գետում Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտության ժամանակ Աստծո ձայնը լսվեց, սակայն Նրան չտեսան: Կերպարանփոխման սարի վրա կրկին Աստծո ձայնը լսվեց, սակայն Նրա հայտնվելու մասին ոչ մի գրառում չկա: Ստեփանոսը տեսավ Տիրոջը Հոր աջ կողմում, սակայն Նրանք չէին խոսել կամ հրահանգ տվել նրան:
Իր Հարությունից հետո, Հիսուսը հայտնվեց Նեփիացիներին Արևմտյան կիսագնդում: Ամենազորի ձայնը լսվեց երեք անգամ, ներկայացնելով հարություն առած Քրիստոսին, սակայն Հայրը չհայտնվեց:
Իրականում, որքա՜ն ուշագրավ է 1820 թվի այդ տեսիլքը, երբ Ջոզեֆն աղոթեց անտառում, և նրա առաջ հայտնվեցին Հայրը և Որդին: Նրանցից մեկը խոսեց նրա հետ, նրա անունը տալով և մատնացույց անելով մյուսին. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17):
Նախկինում նմանատիպ ոչինչ չէր կատարվել: Հետաքրքրական չէ՞ արդյոք, թե ինչու էր այդքան կարևոր, որ Հայրը և Որդին հայտնվեին: Իմ կարծիքով, դա տեղի ունեցավ, որովհետև Նրանք բացում էին ժամանակների լրության տնտեսությունը` ավետարանի վերջին տնտեսությունը, երբ մեկտեղ պետք է հավաքվեին բոլոր նախորդ տնտեսությունների տարրերը: Սա պետք է լիներ երկրի վրա մարդկանց հետ Աստծո գործերի երկար ժամանակագրության վերջին գլուխը:
Փրկչի մահից հետո, Նրա հիմնադրած Եկեղեցին ուրացության մատնվեց: Կատարվեցին Եսայիայի խոսքերը, որն ասել էր. «Երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետև օրենքները զանց են արել, պատվիրանքը` փոխել, հավիտենական ուխտը` խախտել» (Եսայիա ԻԴ.5):
Գիտակցելով Աստծո ճշմարիտ էությունն իմանալու կարևորությունը, մարդիկ պայքարում էին Նրան բնորոշելու միջոց գտնել: Կրթված քահանաները վիճաբանում էին միմյանց հետ: Երբ չորրորդ դարում Կոնստանդիանոսը քրիստոնյա դարձավ, նա կրթված մարդկանց մեկտեղ հավաքեց, հույս տածելով, որ նրանք կկարողանան ի մի գալ Աստվածային ճշմարիտ էության հասկացողության մեջ: Այն ամենը, ինչին նրանք հանգեցին, տարբեր տեսակետների փոխզիջում էր: Արդյունքը դարձավ Ք.ծ.հ. 325թ. Նիկիական Հանգանակը: Դա և դրան հաջորդած հանգանակները դարձան Աստվածության բնույթի վերաբերյալ վարդապետության հայտարարություն` Քրիստոնյաների մեծ մասի համար:
Ես դրանք բազմիցս եմ կարդացել և չեմ կարողանում հասկանալ: Ինձ թվում է մյուսներն էլ չեն կարողանում հասկանալ դրանք: Ես վստահ եմ, որ Տերը նույնպես գիտեր, որ շատերը չէին հասկանալու դա: Եվ այսպես, 1820թ. այդ անզուգական տեսիլքով, Հայրը և Որդին հայտնվեցին պատանի Ջոզեֆին: Նրանք խոսեցին նրա հետ պարզ լսելի ձայնով, և նա խոսեց Նրանց հետ: Նրանք կարողանում էին տեսնել: Նրանք կարողանում էին խոսել: Նրանք կարողանում էին լսել: Նրանք անձնավորություններ էին: Նրանք նյութեղեն էին: Նրանք երևակայական էակներ չէին: Նրանք մարմին ունեցող էակներ էին: Եվ այդ փորձառությունից է գալիս Աստվածային էության մեր յուրահատուկ և ճշմարիտ հասկացողությունը:
Զարմանալի չէ, որ Ջոզեֆը, 1842թ. գրելով Հավատո հանգանակը, առաջինը սահմանեց. «Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն» (Հավատո հանգանակ 1.1):
Ինչպես դուք բոլորդ լավատեղյակ եք, տարիների ընթացքում ճշմարիտ «վկաների բազմություն» է եղել, ինչպես նկարագրել է Պողոսը մարգարեաբար (տես Եբրայեցիս ԺԲ.1):
Առաջինը եկավ Մորոնին թիթեղներով, որոնցից թարգմանվեց Մորմոնի Գիրքը: Ինչպիսի՜ եզակի և ուշագրավ բան էր դա: Ոսկե թիթեղների մասին Ջոզեֆի պատմությունը արտառոց է: Դրան դժվար էր հավատալը և հեշտ մարտահրավեր նետելը: Կարո՞ղ էր նա ինքնուրույն գրել այն: Ահա այն` յուրաքանչյուրը կարող է տեսնել, ձեռք տալ և կարդալ: Դրա ծագումը բացատրելու յուրաքանչյուր փորձ, բացի այն, որ ինքն է ներկայացնում, կորցրել է իր կշիռը: Նա հիմնականում կրթություն չէր ստացել, և միևնույն ժամանակ շատ կարճ ժամանակահատվածում, թարգմանեց այն, ինչը տպագրված տեսքով բաղկացած է 500 էջից:
Պողոսը հայտարարել է, որ «երկու և երեք վկաների բերանից ամեն բան կհաստատուի» (Բ Կորնթացիս ԺԳ.1):
Դարերի ընթացքում միայն Աստվածաշունչն է եղել: Այն թանկարժեք և հրաշալի գիրք է: Այժմ, կար երկրորդ վկայությունը, որը հայտարարում էր Քրիստոսի աստվածության մասին: Մորմոնի Գիրքը տպագրված իմ իմացած գրքերից միակ գիրքն է, որն իր մեջ խոստում է պարունակում, որ եթե մարդն այն աղոթքով կարդա և աղոթքով հարցնի դրա մասին, Սուրբ Հոգու զորությամբ նրան գիտելիք կտրվի, որ այն ճշմարիտ է (տես Մորոնի 10.4):
Նյու Յորքի Պալմիրայում գյուղական տպագրամեքենայի վրա առաջին անգամ տպագրությունից ի վեր այս գրքի ավելի քան 133 միլիոն օրինակներ են լույս ընծայվել: Այն թարգմանվել է 105 լեզուներով: Վերջերս, այն անվանել էին Հյուսիսային Ամերիկայիում երբևէ հրատարակված 20 ամենաազդեցիկ գրքերից մեկը:
Վերջերս առաջին խմբագրումը վաճառվեց 105 000 դոլլարով: Սակայն այս գրքի ամենաէժան թղթով տպված օրինակը նույնքան արժեքավոր է այն ընթերցողի համար, որը սիրում է գրքի լեզուն և ուղերձը:
Այս բոլոր տարիների ընթացքում քննադատները փորձել են բացատրել այն: Նրանք խոսել են ընդդեմ այս գրքի: Նրանք ծաղրել են այն: Սակայն այս գիրքը նրանցից ավելի երկար է ապրել, և դրա ազդեցությունն այսօր ավելի մեծ է, քան իր պատմության մեջ որևէ ժամանակ:
Այդ իրադարձությունների շարքում հաջորդը քահանայության վերականգնումն է, որը շնորհվեց հարություն առած էակների կողմից, ովքեր այն կրել էին Փրկչի երկրի վրա ծառայելու ժամանակ: Դա տեղի ունեցավ 1829թ., երբ Ջոզեֆը 23 տարեկան էր:
Քահանայության վերականգնումից հետո, Եկեղեցին կազմավորվեց 1830թ. ապրիլի 6-ին, երբ Ջոզեֆը դեռևս 25-ը չբոլորած երիտասարդ էր: Կրկին, այդ կազմակերպությունը Քրիստոնեական ավանդության մեջ իր տեսակով յուրահատուկ և տարբեր է: Այն հիմնականում գործում է ոչ մասնագիտացած ծառայողների կողմից: Կամավոր ծառայությունն է դրա ոգին: Աճելով և տարածվելով արտերկրում` հավատարիմ և ունակ հազարավոր մարդիկ ներգրավվել են նրա գործերում:
Այսօր ես զարմանքով եմ նայում այն հրաշալի բաներին, որ Աստված հայտնել է Իր նշանակված մարգարեին, որն այն ժամանակ պատանի էր և անհայտ: Այդ հայտնություների լեզուն անգամ ամենակիրթ մարդու կարողությունից վեր է:
Մեր հավատին չպատկանող գիտնականները, ովքեր չեն ընդունում մեր յուրահատուկ վարդապետությունները, ապշում են այս աշխատանքի տարածման չափերով, որը շարժում է ամբողջ աշխարհի մարդկանց սրտերը: Մենք այդ ամենի համար պարտական ենք Մարգարե, տեսանող և հայտնող, Հիսուս Քրիստոսի Առաքյալ՝ Ջոզեֆին, որը նախապես կարգված էր գալու այս սերնդի ժամանակ` որպես գործիք Ամենազորի ձեռքերում` վերականգնելով երկրի վրա այն, ինչը Փրկիչն ուսուցանել էր Պաղեստինի ճանապարհներով քայլելիս:
Այսօր ես ձեզ հաստատում եմ իմ վկայությունը Մարգարե Ջոզեֆի կոչման, նրա գործերի մասին, որ նա իր արյամբ կնքեց իր վկայությունը որպես հավերժական ճշմարտության նահատակ: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է նույն վկայությունը բերել: Ես և դուք կանգնած ենք Առաջին Տեսիլքը որպես ճշմարտություն ընդունելու պարզ հարցի և այն ամենի առաջ, ինչը հետևում է դրան: Դրա իրական լինելու հարցի վրա է հիմնված այս Եկեղեցու վավերական լինելը: Եթե դա ճշմարտություն է, իսկ ես վկայում եմ դա, ուրեմն այս աշխատանքը, որում մենք ներգրավված ենք ամենակարևոր աշխատանքն է երկրի վրա:
Ես ձեզ հետ եմ թողնում իմ վկայությունը, որ այս ամենը ճշմարիտ է, և ես երկնքի օրհնություններն են խնդրում ձեզ համար: Թող որ երկնքի պատուհանները բացվեն և օրհնություններ թափվեն ձեզ վրա, ինչպես Տերն է խոստացել: Երբեք մի՛ մոռացեք, որ դա Նրա խոստումն էր, և Նա զորություն ու կարողություն ունի հետևելու, որ դա կատարվի: Աղոթելով այսպես ես իմ սերն ու օրհնությունն եմ թողնում ձեզ հետ, մեր Քավիչի, այսինքն` Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: