Լավ, ավելի լավ, ամենալավ
Մենք պետք է հրաժարվենք որոշ լավ բաներից, որպեսզի ընտրենք մյուսները, որոնք ավելի լավն են կամ լավագույնը, որովհետև դրանք զարգացնում են հավատք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և զորացնում մեր ընտանիքները:
Մեզանից շատերից ավելի շատ բաներ են ակնկալվում, քան հնարավորության դեպքում կարող ենք անել: Որպես մեր ընտանիքներն ապահովողներ, որպես ծնողներ, որպես Եկեղեցու աշխատողներ և անդամներ մենք շատ ընտրությունների առջև ենք կանգնում, թե ինչ անենք մեր ժամանակի և մեր ռեսուրսների հետ:
I.
Մենք պետք է սկսենք ճանաչելով իրականությունը, որ քանի որ ինչ-որ բան լավ է, բավականաչափ հիմք չէ այն անելու համար: Լավ բաների թիվը, որոնք մենք կարող ենք անել, շատ դեպքերում գերազանցում է այն մատչելի ժամանակին, որն անհրաժեշտ է` դրանք իրականացնելու համար: Որոշ բաներ ավելի լավն են ուղղակի լավը լինելուց, և դրանց պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք մեր կյանքում:
Հիսուսն ուսուցանեց այդ սկզբունքը Մարթայի տանը: Երբ նա «ծառայության համար շատ զբաղմունքի մեջ էր» (Ղուկաս Ժ.40), նրա քույր Մարիամը «Հիսուսի ոտների մոտ նստեց, և լսում էր նրա խոսքերը» (հատված 39): Երբ Մարթան բողոքեց, որ իր քույրը մենակ էր թողել իրեն ծառայելու, Հիսուսը գովեց Մարթային, այն ամենի համար, ինչ անում էր (հ. 41), բայց սովորեցրեց նրան, որ «մեկ բան է պետք. Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ վեր չի առնվի նրանից» (հ. 42): Գովելի էր Մարթայի «հոգս քաշելը և շատ բաներով զբաղված» լինելը (հ. 41), բայց Վարդապետ Ուսուցչից ավետարանը սովորելը «ավելի էր պետք»: Սուրբ Գրքերը պարունակում են այլ ուսմունքներ, որ որոշ բաներ ավելի օրհնված են, քան մյուսները (տես Գործք Ի.35, Ալմա 32.14–15):
Մանկությանս փորձն ինձ հանգեցրեց այն մտքին, որ որոշ ընտրություններ լավ են, բայց մյուսներն ավելի լավ են: Ես երկու տարի ապրեցի ագարակում: Մենք հազվադեպ էինք քաղաք գնում: Մեր Սուրբ Ծննդյան գնումները կատարում էինք Sears, Roebuck կատալոգից: Ես ժամեր էի անցկացնում ակնապիշ նայելով դրա էջերը: Գյուղական ընտանիքների համար այդ ժամանակ կատալոգի էջերը նման էին հանրախանութի ցուցափեղկի կամ մեր ժամանակի ինտերնետին:
Կատալոգում որոշ ապրանքների ցուցադրման հետ կապված ինչ-որ բան տպվեց ուղեղումս: Կային որակի երեք աստիճաններ` լավ, ավելի լավ և ամենալավ: Օրինակ, տղամարդու որոշ կոշիկներ պիտակավորված էին լավ (1.84 դոլար), մի քանիսը ավելի լավ (2.98 դոլար), և մի քանիսը ամենալավ (3.45 դոլար):1
Երբ մենք ծանրութեթև ենք անում ուրիշ ընտրություններ, պետք է հիշենք, որ բավական չէ, երբ ինչ-որ բան լավ է: Այլ ընտրություններ ավելի լավն են և դեռ կան այնպիսինները, որ ամենալավն են: Չնայած որոշակի ընտրություն ավելի թանկ արժե, դրա շատ ավելի մեծ արժեքը կարող է դարձնել այն բոլորից լավագույն ընտրությունը:
Մտածեք, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը, երբ հեռուստացույց նայելու, վիդիոխաղեր խաղալու, ինտերնետի մի կայքից մյուսը անցնելու կամ գրքեր ու ամսագրեր կարդալու ընտրություններ ենք կատարում: Իհարկե, լավ է նայել օգտակար զվարճություն կամ ձեռք բերել հետաքրքիր տեղեկություն: Բայց այդպիսի բաներից ոչ բոլորն են արժանի մեր կյանքի այն բաժնեմասին, որ տալիս ենք դրանք ձեռք բերելու համար: Որոշ բաներ ավելի լավն են, իսկ որոշ բաներ էլ` լավագույնը: Երբ Տերն ասաց մեզ ձգտել ուսման, Նա ասաց. «Իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից» (ՎևՈՒ 88.118, շեղագրումն ավելացված է):
II.
Մեր ամենակարևոր ընտրություններից մի քանիսը վերաբերվում են ընտանեկան միջոցառումներին: Բազմաթիվ կենսական միջոցներ հայթայթողներ անհանգստանում են, որ իրենց աշխատանքը շատ քիչ ժամանակ է թողնում ընտանիքների համար: Չկա հեշտ բանաձև առաջնահերթությունների այդ մրցավազքի համար: Սակայն ես երբեք չեմ ճանաչել մեկին, որը հետ նայեր իր աշխատանքային կյանքին և ասեր. «Ես ուղղակի բավականաչափ ժամանակ չէի օգտագործում իմ աշխատանքի վրա»:
Որպես ընտանիք ընտրելով, թե ինչպես ժամանակ անցկացնենք, մենք պետք է ուշադիր լինենք, որ չվատնենք մեր ժամանակն այնպիսի բաների վրա, որոնք միայն լավ են և քիչ ժամանակ ունենանք այն բաների համար, որոնք ավելի լավն են կամ ամենալավը: Ամառային արձակուրդներին մի ընկեր իր երիտասարդ ընտանիքը տարավ մի շարք ճանապարհորդությունների, ներառյալ այցելություններ պատմական հիշարժան վայրեր: Ամառվա վերջում նա հարցրեց իր պատանի որդուն, թե այդ ամառային միջոցառումներից ո՞րն ամենաշատը հավանեց: Հայրն իմացավ պատասխանից և նրանք, ում նա պատմեց այդ մասին: «Այս ամառ ամենաշատն ինձ դուր եկավ,- պատասխանեց տղան,- երբ ես և դու մարգագետնին պառկած նայում էինք աստղերին և զրուցում»: Հրաշալի ընտանեկան միջոցառումները գուցե լավ են երեխաների համար, բայց դրանք միշտ չեն ավելի լավ, քան սիրող ծնողի հետ երկուսով անցկացրած ժամանակը:
Երեխաների և ծնողների ժամաքանակի վատնումը լավ անհատական դասերի, խմբակային սպորտաձևերի և այլ դպրոցական և ակումբային միջոցառումների վրա նույնպես պետք է ուշադրությամբ կարգավորել: Հակառակ դեպքում երեխաները գերծանրաբեռնված կլինեն, իսկ ծնողները գերհոգնած և հիասթափված: Ծնողները պետք է աշխատեն ժամանակ հատկացնել ընտանեկան աղոթքի, ընտանիքով սուրբ գրությունների ուսումնասիրության, ընտանեկան երեկոյի և այլ միասնական և անհատական միասին ժամանակ անցկացնելու վրա, որը կապում է ընտանիքը միմյանց հետ և երեխաների արժեքները կենտրոնացնում հավերժական կարևորություն ունեցող բաների վրա: Ծնողները պետք է սովորեցնեն ավետարանական առաջնահերթություններ նրանով, ինչ իրենք անում են իրենց երեխաների հետ:
Ընտանիքի գիտակները նախազգուշացրել են «երեխաների գերզբաղված գրաֆիկի» դեմ: Վերջին սերնդի երեխաները շատ ավելի զբաղված են, և ընտանիքները շատ ավելի քիչ ժամանակ են միմյանց հետ անցկացնում: Այս մտահոգիչ միտման բազմաթիվ միջոցառումների շարքում են խմբակային սպորտաձևերի ժամանակի կրկնապատկումը, բայց երեխաների ազատ ժամանակը նվազել է շաբաթական 12 ժամով և չպլանավորված դրսի խաղերը նվազել են 50 տոկոսով:2
Նրանց թիվը, ովքեր տեղեկացնում են, որ իրենց «ողջ ընտանիքը ճաշում է միասին», նվազել է 33 տոկոսով: Սա շատ մտահոգիչ է, որովհետև ժամանակը, որ ընտանիքն անցկացնում է միասին` «տանը ճաշելով` երեխաների դպրոցական հաջողությունների և հոգեբանական հարմարվողականության ամենաուժեղ գրավականն է»:3 Ապացուցվել է նաև, որ ընտանեկան ճաշի ժամերը երեխաների ծխելու, խմելու, կամ թմրադեղեր օգտագործելու դեմ ուժեղ պաշտպանություն են:4 Ոգեշնչված իմաստություն կա ծնողներին ուղղված այս խորհրդի մեջ. Այն, ինչի երեխաները իսկապես կարիք ունեն ճաշի ժամին, այդ դուք եք:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խնդրել է, որ մենք «աշխատենք ծնողական մեր պարտականության վրա այնպես, կարծես ամեն ինչ կյանքում կախված է դրանից, որովհետև փաստորեն ամեն ինչ կյանքում իսկապես կախված է դրանից»: Նա շարունակել է.
«Ես խնդրում եմ հատկապես ձեզ` տղամարդի՛կ, կանգ առեք և գնահատեք ինքներդ ձեզ` որպես ամուսիններ, հայրեր և ընտանիքի ղեկավարներ: Աղոթեք առաջնորդության, օգնության, ուղղության համար, իսկ հետո հետևեք Հոգու հուշումներին, որոնք կառաջնորդեն ձեզ բոլոր պարտականություններից ամենակարևորում, քանի որ ձեր տան ղեկավարության հետևանքները կլինեն հավերժական և մշտնջենական»:5
Առաջին Նախագահությունը կոչ է արել ծնողներին «նվիրաբերել իրենց լավագույն ջանքերը» սովորեցնելու և մեծացնելու իրենց երեխաներին ավետարանական սկզբունքներով: Տունը արդար կյանքի հիմքն է, և ոչ մի ուրիշ միջոց չի կարող դրա տեղը գրավել … Աստծո կողմից տրված այս պարտականության մեջ»: Առաջին Նախագահությունը հայտարարել է, որ «որքան էլ արժանի և առանձնահատուկ լինեն այլ պահանջներն ու միջոցառումները, չպետք է թույլ տալ, որ դրանք աստվածայնորեն նշանակված պարտականությունների տեղը գրավեն, որոնք կարող են կատարել միայն ծնողներն ու ընտանիքները»:6
III.
Եկեղեցու առաջնորդները պետք է տեղյակ լինեն, որ Եկեղեցու ժողովներն ու միջոցառումները կարող են խիստ բարդ և ծանրաբեռնող լինել, եթե ծուխը կամ ցիցը փորձում է անդամներին ստիպել անել այն ամենը, ինչը լավ և հնարավոր է մեր բազմաթիվ եկեղեցական ծրագրերում: Այդտեղ պետք է ևս լինեն առաջնահերթություններ:
Տասներկուսի Քվորումի անդամները շեշտում են Եկեղեցու ծրագրերում և միջոցառումներում ոգեշնչված դատողություն կիրառելու կարևորությունը: Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է այս սկզբունքը 2003 թվականին, ամբողջ աշխարհում ղեկավարների վերապատրաստման մեր առաջին հավաքին: 2004 թվականին խորհուրդ տալով այս նույն ղեկավարներին, Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է. «Համաձայնեցրեք ձեր միջոցառումները, որ դրանք համապատասխանեն ձեր տեղական պայմաններին և միջոցներին …. Հոգ տարեք, որ բավարարվեն հիմնական կարիքները, բայց մի անցեք սահմանը ստեղծելով կատարելու հավելյալ լավ բաներ, որ հիմնական բաները չիրականացվեն …. Հիշե՛ք, մի չափազանցրեք արվող գործը, պարզեցրեք այն»:7
Անցյալ տարվա գերագույն համաժողովի ժամանակ, Երեց Մ. Ռասսել Բալլարդը նախազգուշացրեց ընտանեկան հարաբերությունների վատթարացման մասին, որը կարող է առաջանալ, երբ մենք չափից ավելի ժամանակ ենք ծախսում ոչ արդյունավետ միջոցառումների վրա, որոնք հոգևոր քիչ օգուտ են բերում: Նա նախազգուշացրեց մեր եկեղեցական ծառայությունը բարդացնելու դեմ «ոչ անհրաժեշտ հավելումներով, որոնք խիստ շատ ժամանակ են խլում, չափից շատ փող արժեն և մեծ քանակությամբ էներգիա են պահանջում …. Մեր կոչումները մեծարելու հրահանգը դրանք հավելելու և բարդացնելու հրաման չէ: Նորամուծումներ անել անպայմանորեն չի նշանակում ընդարձակել, շատ հաճախ այն նշանակում է պարզեցնել …. Ինչն է ամենակարևորը մեր եկեղեցական պարտականություններում,- ասաց նա,- ոչ թե զեկուցվող վիճակագրական տվյալները կամ տեղի ունեցած ժողովները, այլ արդյո՞ք մարդիկ ամեն անգամ անհատապես մեկին ծառայո՞ւմ են, թե ոչ, ինչպես Փրկիչն արեց, արդյո՞ք բարձրացվում են, խրախուսվում և, ի վերջո, փոխվում»:8
Ցցի նախագահությունները և եպիսկոպոսությունները պետք է գործի դնեն իրենց իշխանությունը արմատախիլ անելու չափից ավելի և ոչ արդյունավետ զբաղվածությունը, որը երբեմն պահանջվում է իրենց ցցերի կամ ծխերի անդամներից: Եկեղեցական ծրագրերը պետք է կենտրոնանան լավագույնի վրա (ամենաարդյունավետի) իրենց հանձնարարված նպատակներին հասնելու համար, առանց անպատեհ տնօրինելու ընտանիքների ժամանակը, որի կարիքը նրանք ունեն «աստվածայնորեն նշանակված իրենց պարտականությունների համար»:
Բայց ահա մի զգուշացում ընտանիքների համար: Ենթադրենք Եկեղեցու ղեկավարները կրճատում են Եկեղեցու ժողովների և միջոցառումների համար պահանջվող ժամանակը, որպեսզի ընտանիքների համար մեծացնեն միասին լինելու համար մատչելի ժամանակը: Այն չի կարող ծառայել նախատեսված նպատակին, մինչև ընտանիքի առանձին անդամները, հատկապես ծնողները, չգործադրեն հզոր ջանքեր ընտանիքի միասնության և մեկմեկու հետ լինելու ժամանակի մեծացման համար: Խմբակային սպորտաձևերը և տեխնոլոգիական խաղալիքները, ինչպես օրինակ վիդիո խաղերը և ինտերնետը արդեն կլանում են մեր երեխաների և երիտասարդության ժամանակը: Ինտերնետում կայքից կայք անցնելը ավելի լավ չէ, քան Տիրոջը ծառայելը կամ ընտանիքը զորացնելը: Որոշ երիտասարդ տղամարդիկ և կանայք բաց են թողնում Եկեղեցու երիտասարդների միջոցառումները կամ կտրում ընտանիքի ժամանակից, որպեսզի մասնակցեն ֆուտբոլի մրցույթին կամ զբաղվեն տարբեր զվարճություններով: Որոշ երիտասարդներ այնքան են տրվում զվարճություններին, որ մահվան են մատնվում` հոգևոր մահվան:
Անհատական և ընտանիքի ժամանակի որոշ օգտագործում ավելի լավ է, իսկ մյուսները` լավագույն: Մենք պետք է հրաժարվենք որոշ լավ բաներից, որպեսզի ընտրենք մյուսները, որոնք ավելի լավն են կամ լավագույնը, որովհետև դրանք զարգացնում են հավատք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և զորացնում մեր ընտանիքները:
IV.
Ահա լավ, ավելի լավ և լավագույն ընտրությունների մի քանի ուրիշ օրինակներ:
Լավ է մեր Երկնային Հոր ճշմարիտ Եկեղեցու անդամ լինելը և Նրա բոլոր պատվիրանները պահելն ու մեր բոլոր պարտականությունները կատարելը: Բայց որպեսզի այն որակենք որպես «լավագույն», դա պետք է արվի սիրով և առանց մեծամտության: Ինչպես երգում ենք մի հրաշալի օրհներգում, «մենք պետք է պսակադրենք [մեր] լավը եղբայրասիրությամբ»,9 ցույց տալով սեր և կարեկցանք բոլոր նրանց հանդեպ, ում վրա մեր կյանքն ազդեցություն է թողնում:
Մեր հարյուր հազարավոր տնային ուսուցիչներին և այցելող ուսուցիչներին ես առաջարկում եմ, որ լավ է մեզ հանձնարարված ընտանիքներին այցելելը, ավելի լավ է կարճ այցելություն կատարելը, որի ընթացքում մենք սովորեցնում ենք վարդապետություն և սկզբունք, իսկ բոլորից լավագույնն այն է, երբ տարբերություն ենք մտցնում նրանցից մի քանիսի կյանքում, ում այցելում ենք: Այդ նույն մարտակոչը վերաբերվում է մեր կազմակերպած բազմաթիվ ժողովներին, լավ է ժողով հրավիրել, ավելի լավ է սկզբունք սովորեցնել, բայց ամենալավը իրականում որպես ժողովի արդյունք կյանքեր բարելավելն է:
Քանի որ մոտենում ենք 2008 թվականին և Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների ու Սփոփող Միություններում մեր նոր տարվա դասընթացի ուսուցմանը, ես նորից կանդրադառնամ մեր զգուշացմանը, թե ինչպես օգտագործել Եկեղեցու Նախագահների Ուսմունքները ձեռնարկները: Բազում տարիների ոգեշնչված աշխատանքը ծնեց. Ջոզեֆ Սմիթի Ուսմունքները 2008թ. հատորը, որը այս տնտեսության հիմնադիր մարգարեն էր: Սա շրջադարձային կետ է Եկեղեցու գրքերի մեջ: Անցյալում որոշ ուսուցիչներ Ուսմունքների ձեռնարկից մեկ գլխին ընդամենը համառոտ անդրադարձ կատարելով փոխարինել են այն իրենց սեփական ընտրությամբ որևէ դասով: Դա հնարավոր է լավ դաս է եղել, բայց սա ընդունելի գործելակերպ չէ: Ավետարանի ուսուցիչը կանչվում է ոգեշնչմամբ ուսուցանելու տրված նյութերից հանձնարարված թեման: Լավագույն բանը, որ կարող է անել ուսուցիչը Ջոզեֆ Սմիթի Ուսմունքները ձեռնարկի հետ` Մարգարեի խոսքերը ընտրելն ու մեջբերելն է այն սկզբունքների վերաբերյալ, որոնք հատկապես համապատասխանում են դասարանի անդամների կարիքներին, իսկ հետո վարել դասարանի քննարկումը` ուղղություն տալով, թե ինչպես կիրառել այդ սկզբունքները իրենց կյանքի իրադրություններում:
Ես վկայում եմ մեր Երկնային Հոր մասին, որի զավակներն ենք մենք, և որի ծրագիրը նախագծված է մեզ արժանացնելու «հավերժական կյանքի … որը մեծագույնն է բոլոր պարգևներից» (ՎևՈՒ 14.7, տես նաև ՎևՈՒ 76.51–59): Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, որի Քավությունը դա հնարավոր է դարձնում: Եվ ես վկայում եմ, որ մենք ղեկավարվում ենք մարգարեների` մեր Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի և նրա խորհրդականների կողմից, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: