2007
Տոկալ միասին
2007թ. նոյեմբեր


Տոկալ միասին

Ծուխը կազմակերպված է ծառայելու նրանց, ում առաջ ծառանում են անգամ ամենադժվար և ցավալի փորձությունները:

Մի քանի տարի առաջ տեղական մի օրաթերթի հումորի բաժնի լրագրող գրեց մի լուրջ և մտահոգող խնդրի շուրջ: Ես մեջբերում եմ այդ հոդվածից. «Յուտայում եկեղեցի հաճախող Մորմոն լինելը նշանակում է լինել այնքան մոտ ծխի անդամներին, որ գրեթե այն ամենը, ինչ կատարվում է առնվազն հինգ րոպեի ընթացքում, հայտնի է դառնում ողջ համայնքին»:

Նա շարունակում է. «Նման հսկողությամբ ապրելը կարող է շատ խանգարող լինել: Սակայն դա նաև մեր ամենաուժեղ կողմերից մեկն է»:

Հեղինակը գրում է. «Երեքշաբթի օրը աշխատանքի վայրում ես դիտեցի նորությունների հեռարձակումը: Միկրոավտոբուսն ավտովթարի էր ենթարկվել: Երիտասարդ մայրը երկու փոքր երեխաների հետ ուղղաթիռով տարվել էին շտապ օգնության հիվանդանոց: Մի քանի ժամ անց ես իմացա, որ միկրոավտոբուսը պատկանում էր մի երիտասարդ զույգի` Էրիկ և Ջինա Քվիգլիներին, որոնք ապրում էին Հերիմանում մեր փողոցի մյուս կողմում:

Ես ոչ միայն տեսնում էի Քվիգլիներին եկեղեցում, … վթարի նախօրեին մենք միասին ճաշում էինք համայնքի երեկույթին: Մեր թոռները խաղում էին նրանց դուստրերի` Բիանկայի և Միրանդայի հետ ….

Տասնչորս շաբաթական Միրանդան գլխի լուրջ վնասվածք էր ստացել և մահացավ Երեխաների հիվանդանոցում:

Ահա այս պահին է այդ հետաքրքրությունը օգուտ տալիս: Թեև վթարը տեղի էր ունեցել տնից մի քանի մղոն հեռու և փոշին բառացիորեն դեռ չէր նստել, ծխից արդեն կային մարդիկ, որ կանգ էին առել և օգնում էին: Մինչև ոստիկանները և բժիշկները կժամանեին, ողջ ծուխն արդեն տեղյակ էր այդ մասին:

Ծխի անդամները գնացին բոլոր երեք հիվանդանոցները, զանգահարեցին Էրիկին աշխատանքի վայր, և կազմակերպեցին աշխատանքները: Մարդիկ, որոնք անմիջապես ներգրավված չէին օգնության գործում, փորձում էին որևէ կերպ օգնելու ուղիներ գտնել:

48 ժամվա ընթացքում Քվիգլիների բակի ծառերն արդեն կտրատած էին, տունը մաքրված, լվացքն արված, սառնարանը լցված, հարազատները կերակրված և վստահության ֆոնդ էր բացվել տեղական բանկում: Մենք կլողացնեինք նրանց շանը, եթե նրանք շուն ունենային»:

Հեղինակը ավարտում է հոդվածն այսպիսի անմիջական մեկնաբանությամբ. «Համայնաքային մանրադիտակի տակ ապրելն իր դրական կողմն ունի իմ ծխի համար … այն, ինչ պատահում է մի քանիսին, վերաբերում է բոլորին» (“Well-Being of Others Is Our Business,” Salt Lake Tribune, July 30, 2005, p. C1):

Ծխի հոգատար անդամների կողմից առաջարկված կարեկցանքն ու ծառայությունն այդ ողբերգության արդյունքում առանձնահատուկ երևույթ չէ: Մորմոնի Գրքից Ալմա մարգարեն Քրիստոսի հետևորդներին բացատրել է. «Քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն, այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության», այնուհետև, ինչպես Ալման է բացատրում, նրանք պատրաստվել էին մկրտությանը: (տես Մոսիա 18.8–9): Այս սուրբ գրությունը հիմք է հանդիսանում առավել հոգատար ձևով ծառայելու և հոգալու համար:

Ծուխը կազմակերպված է ծառայելու նրանց, ում առաջ ծառանում են անգամ ամենադժվար և ցավալի փորձությունները: Ծխի հայրը հաճախ համարվող եպիսկոպոսը խորհուրդ և միջոցներ է տրամադրում: Օգնության համար նաև պատրաստ են Մելքիսեդեկյան և Ահարոնյան Քահանայության ղեկավարները, Սփոփող Միության նախագահությունը, տնային ուսուցիչները, այցելող ուսուցիչները և ծխի անդամները. միշտ ծխի անդամները: Բոլորը պատրաստ են կարիքի պահին մխիթարելու և կարեկցանք ցուցաբերելու:

Իմ մոտ հարևանության մեջ մենք ունեցանք ցավալի ողբերգությունների մեր բաժինը: 1998 թվի հոկտեմբերին, 19-ամյա Զակ Նյուտոնը, որն ինձանից երեք տուն դեպի արևելք էր ապրում, զոհվեց ավտովթարի հետևանքով:

Երկու տարի չանցած, հուլիսին, 19-ամյա Անդրեա Ռիչարդսը, որն ապրում էր Նյուտոնների դիմացի փողոցում, զոհվեց ավտովթարի հետևանքով:

2006 թվի հուլիսին, շաբաթ օրը, Թրեյվիս Բաստիանը, 28-ամյա վերադարձած մի միսիոներ, իր 15-ամյա քույր Դեզիրիի հետ, որ ապրում էին մեզանից երկու տուն դեպի հյուսիս, զոհվեցին սարսափելի ավտովթարի արդյունքում:

Միայն մեկ ամիս անց, 2006 թվի օգոստոսին 32-ամյա Էրիկ Գոլդը, որը մեծացել էր մեր կողքի տանը, անսպասելիորեն մահացավ: Իսկ այս հարևանության այլ անդամներ նույնպես ապրել են սաստիկ ողբերգություններ, որոնք հայտնի են եղել միայն իրենց և Աստծուն:

Հինգ երիտասարդների մահվան փաստը կարող է անսովոր թվալ մի փոքր հարևանության համար: Ես հակված եմ կարծել, որ այս թիվը մեծ է թվում միայն այն պատճառով, որ կա մոտ կանգնած հոգատար ծուխ, որի անդամները միշտ գիտեն, թե երբ կա անհապաղ կարիք և գործողության անհրաժեշտություն: Դա ծուխն է իր անդամներով, որոնք հետևում են Ալմայի և Փրկչի խրատին, որոնք հոգում են, սիրում և կրում միմյանց բեռը, որոնք պատրաստ են ողբալ մյուսների վիշտը, որոնք պատրաստ են մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, որոնք պատրաստ են տոկալ միասին:

Այս դեպքերից յուրաքանչյուրի ժամանակ մենք տեսել ենք սիրո, ծառայության և կարեկցանքի դրսևորում, որը ոգեշնչող էր բոլորի համար: Եպիսկոպոսներն այցի էին գալիս, տնային և այցելող ուսուցիչները գործի էին անցնում, Մելքիսեդեկյան և Ահարոնյան Քահանայության քվորումները և Սփոփող Միությունները կազմակերպված հոգ էին տանում և՛ հոգևոր և՛ նյութական կարիքների համար: Սառնարանները լցվում էին, տները մաքրվում, խոտածածկը կտրվում, թփերը կտրատվում, ցանկապատերը ներկվում, օրհնություններ տրվում, իսկ փափուկ ուսերը պատրաստ էին արցունքները ընդունելուն: Անդամներն ամենուրեք էին:

Այդ դեպքերից յուրաքանչյուրի ժամանակ ընտանիքները, որոնք հարազատ էին կորցրել, ավելի մեծ հավատ, ավելի մեծ սեր էին ցուցաբերում Փրկչի հանդեպ, ավելի մեծ երախտագիտություն էին հայտնում Քավության համար, և սրտագին շնորհակալություն` այն կազմակերպությանը, որն արձագանքում էր իր անդամների էմոցիոնալ և հոգևոր խորը կարիքներին: Այդ ընտանիքները այսօր խոսում են այն մասին, թե ինչպես են կարողացել ճանաչել Տիրոջն իրենց դժվար պահերի շնորհիվ: Նրանք պատմում են այն բազմաթիվ հաճելի ապրումների մասին, որ ունեցել են իրենց ապրած ցավի արդյունքում: Նրանք վկայում են, որ կոտրված սիրտն օրհնություններ է բերում: Նրանք գովք են տալիս Տիրոջը և կրկնում Հոբի խոսքերը. «Տերը տվավ, և Տերն առավ. Տիրոջ անունը օրհնյալ լինի» (Հոբ Ա.21):

Որպես ծխի անդամներ միմյանց բեռը կրելիս, մենք մի քանի դաս սովորեցինք.

  1. Տիրոջ կազմակերպությունը լիովին ընդունակ է իմանալ և հոգ տանել նրանց մասին, ովքեր ծանրաբեռնված են ամենախորը էմոցիոնալ և հոգևոր կարիքներով:

  2. Դժվարությունը մեզ կարող է ավելի մոտեցնել Աստծուն, պարգևել թարմ ու պայծառ երախտագիտության զգացում աղոթքի և Քավության համար, փարատում է ցավի և տառապանքի բոլոր դրսևորումները:

  3. Անդամները, որոնք ողբերգության անմիջական զոհերն են, հաճախ ունենում են ավելի շատ սիրո, կարեկցանքի և հասկացողության խորը զգացումներ: Նրանք դառնում են առաջին և հաճախ ամենաարդյունավետ արձագանքողները մյուսներին մխիթարանք և կարեկցանք ցուցաբերելու հարցում:

  4. Ծուխը, ինչպես նաև ընտանիքը, ավելի են մտերմանում, երբ միասին տոկում են: Այն, ինչ պատահում է մեկին, վերաբերում է բոլորին:

  5. Եվ մի գուցե ամենակարևորը` մենք կարող ենք ավելի հասկացող և հոգատար լինել, որովհետև յուրաքանչյուրս ունենում ենք մեր անձնական փորձությունները և փորձը: Մենք կարող ենք տոկալ միասին:

Ես ուրախ եմ, որ պատկանում եմ նման սիրող և հոգացող կազմակերպությանը: Ոչ ոք ավելի լավ չգիտի ինչպես կրել մյուսի բեռը, ողբալ վշտացողի հետ և մխիթարել դրա կարիքը ունեցողին: Ես ուզում եմ դա կոչել «տոկալ միասին»: Ինչ պատահում է մեկին, պատահում է բոլորին: Մենք տոկում ենք միասին:

Թող որ մենք գործիքներ լինենք մյուսների բեռը թեթևացնելու համար: Ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: