Սուրբ գրքերի վկայություններ
Վերականգնման Սուրբ գրքերը չեն մրցակցում Աստվածաշնչի հետ, դրանք համալրում են Աստվածաշունչը:
Մենք մեր սերն ու հիացմունքն ենք հայտնում Նախագահ Հենրի Բ. Այրինգին, Երեց Քուենթին Լ. Քուքին և Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալեսին և աղոթում ենք, որ Տերն օրհնի նրանց իրենց նոր կոչումներում:
Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ձեզ ենք հղում երախտագիտության մեր անկեղծ զգացումները: Ողջ աշխարհով մեկ ձեր ծառայության և կարեկցանքի օրինակները մեծ ուշադրության են արժանանում: Միևնույն ժամանակ շատ մարդկանց է հետաքրքրում այս Եկեղեցու պատմությունը և վարդապետությունները: Այդ հետաքրքրասերների մեջ կան ոմանք, ովքեր ձգտում են թերագնահատել Մորմոնի Գիրքը:1
Անհարգալից վերաբերմունքը Մորմոնի Գրքի կամ որևէ այլ սուրբ գրքի հանդեպ խորապես մտահոգում է ինձ: Այդ մտահոգություններին պատասխանելու համար ես վերնագրել եմ իմ դիտողությունները որպես «Սուրբ գրքերի Վկայություններ»:
Սահմանումներ
Ես կնշեմ, որ սուրբ գիրք տերմինը վերաբերում է Աստվածաշնչին և Վերականգնման սուրբ գրություններին:2 Եկեղեցու անդամները հավատում են, որ «Աստվածաշունչը Աստծո խոսքն է այնքանով, որքանով այն ճիշտ է թարգմանված: Մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է»:3 Վերականգնման Սուրբ գրքերի մեջ են մտնում Վարդապետություն և Ուխտերը, ինչպես նաև Թանկագին Մարգարիտը:
Բառարանը սահմանում է վկայութուն բառը որպես` «փաստի կամ իրադարձության մասին վկայի ցուցմունք` վկայություն»:4 Վկայություն տերմինը հատուկ նշանակություն է ձեռք բերում, երբ այն վերաբերվում է Աստծո խոսքին: Աստվածաշնչում կարդում ենք այս կարևոր հայտարարությունը: «Երկու կամ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատվի»:5 Սա հավաստում է Աստծո զավակներին, որ աստվածային վարդապետությունները հաստատվում են ավելի քան մեկ սուրբ գրքի վկայությամբ:
Սուրբ գրքերը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին
Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը երկուսն էլ վկայություններ են Հիսուս Քրիստոսի մասին: Դրանք սովորեցնում են, որ Նա Աստծո Որդին է, որ Նա ապրեց օրինակելի կյանքով, որ Նա քավություն արեց ողջ մարդկության համար, որ Նա մահացավ խաչի վրա և կրկին բարձրացավ որպես հարություն առած Տեր: Դրանք սովորեցնում են, որ Նա է աշխարհի Փրկիչը:
Սուրբգրքյան վկայությունները վավերացնում են մեկը մյուսին: Այս տեսակետը վաղուց է բացատրվել, երբ մի մարգարե գրեց, որ Մորմոնի Գիրքը «գրվել է այն նպատակով, որ դուք հավատաք [Աստվածաշնչին] և եթե դուք հավատաք [Աստվածաշնչին], դուք կհավատաք նաև [Մորմոնի Գրքին]:6 Յուրաքանչյուր գիրք հղում է կատարում մյուսի վրա: Յուրաքանչյուր գիրք ապացույց է հանդիսանում, որ Աստված ապրում է և խոսում Իր զավակների հետ` Իր մարգարեներին հայտնություն տալու միջոցով:7
Մորմոնի Գրքի հանդեպ սերը մեծացնում է սերը Աստվածաշնչի հանդեպ և ճիշտ հակառակը: Վերականգնման Սուրբ գրքերը չեն մրցակցում Աստվածաշնչի հետ, դրանք համալրում են Աստվածաշունչը: Մենք պարտական ենք նահատակներին, ովքեր տվեցին իրենց կյանքը, որպեսզի մենք կարողանայինք ունենալ Աստվածաշունչը: Այն հաստատում է ավետարանի հավերժական բնույթը և երջանկության ծրագիրը: Մորմոնի Գիրքը վերականգնում և ընդգծում է աստվածաշնչյան վարդապետությունները, ինչպես օրինակ` տասանորդը,8 տաճարը,9 Հանգստյան օրը10 և քահանայությունը:11
Մի հրեշտակ հայտարարեց, որ Մորմոնի Գիրքը12 կհաստատի Աստվածաշնչի ճշմարտությունը:13 Նա նաև հայտնեց, որ Աստվածաշնչում գրվածները, որոնք մատչելի են մեզ մեր օրերում այնպես լրիվ չեն, ինչպես սկզբում գրվել էին մարգարեների և առաքյալների կողմից:14 Նա հայտարարեց, որ Մորմոնի Գիրքը կվերականգնի պարզ և արժեքավոր բաները, որոնք հանվել էին Աստվածաշնչից:15
Մորմոնի Գրքում մի մարգարեություն նախազգուշացնում է, որ որոշ մարդիկ կմերժեն լրացուցիչ սուրբ գրությունների գաղափարը: Նրանց, ովքեր կարծում են իրենք կարիք չունեն «մեկ այլ Աստվածաշնչի»,16 ուզում եմ ուղղել Աստծո կողմից տրված այս խորհուրդը.
«Չգիտե՞ք դուք, որ կան մեկից ավելի ազգեր: Չգիտե՞ք, որ ես` Տերս, ձեր Աստվածը, …ստեղծել եմ բոլոր մարդկանց … և որ ես իշխում եմ վերը` երկինքներում, և ներքևում` երկրի վրա. և ես հայտնի եմ դարձնում իմ խոսքը մարդկանց զավակներին, այո այսինքն` երկրագնդի բոլոր ազգերին:
Չգիտե՞ք դուք, որ երկու ազգերի վկայությունն ապացույց է ձեզ, որ ես եմ Աստված, որ ես հիշում եմ մեկ ազգին, ինչպես մյուսին: Ուստի, ես խոսում եմ նույն խոսքերն ինչպես մեկ ազգին, այնպես էլ մյուսին: Եվ … երկու ազգերի վկայությունները նույնպես կմիավորվեն»:17
Հիսուս Քրիստոսի սուրբգրքյան պատմությունը իսկապես երկու կիսագնդի պատմությունն է:18 Երբ Մարիամն ու Հովսեփը արևելքում` Բեթլեհեմում, պատրաստվում էին սուրբ մանկան ծննդյանը, 19 Նեփին արևմուտքում ուսուցանվում էր նախամահկանացու Մեսիայի կողմից: Նեփիին Տերն ասաց. «Ուրախացիր, … էգուց ես գալիս եմ աշխարհ` ցույց տալու աշխարհին, որ ես իրագործելու եմ այն բոլորը, ինչ ես խոսել եմ տվել սուրբ մարգարեների բերանով»:20
Տերը մի նախազգուշացում տվեց այդ երկրորդ վկայությանը` Մորմոնի Գրքին կասկածողներին. «Որովհետև դուք թեթևամտորեն եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք … [դուք] պետք է մնաք այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեք և հիշեք… Մորմոնի Գիրքը և նախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ [Աստվածաշունչը, և] … գործեք համաձայն նրա, ինչ ես գրել եմ»:21
Տերը տվեց Վերականգնման22 այլ սուրբ գրություններ և հայտարարեց, որ այդ խոսքերը ևս կկատարվեն: 23 Սուրբ գրքերի այդ վկայություններով կեղծ վարդապետությունները կվերանան:24 Այդ սուրբ գրքերի վկայություններով Աստվածաշնչի վարդապետությունները ոչ միայն կվերահաստատվեն, այլև կպարզաբանվեն:
Վերականգնման սուրբ գրքերը պարզաբանում են Աստվածաշունչը
Ինչպե՞ս են Վերականգնման սուրբ գրքերը պարզաբանում Աստվածաշունչը: Կան շատ օրինակներ: Ես մեջ կբերեմ միայն մի քանիսը, սկսելով Հին Կտակարանից: Եսայիան գրել է. «Պիտի … հողիցը խոսես, և պիտի փոշիիցը մնչես քո խոսքերը, և վհուկի պես` տափիցն է դուրս գալու քո ձայնը և փոշիիցը պիտի ճվճվաս քո խոսքերը»:25 Կարո՞ղ են որևէ այլ խոսքեր ավելի արտահայտիչ լինել Մորմոնի Գրքի համար, որը դուրս եկավ «հողից» և «փոշիից ճվճվաց» մեր օրերի մարդկանց:26
Բայց Եսայիան Հին Կտակարանի միակ մարգարեն չէր, որը կանխագուշակեց Մորմոնի Գրքի մասին: Եզեկիելը գրել է.
«Քեզ համար մեկ փայտ առ և նրա վրա գրիր` Հուդայինը և նրա ընկեր Իսրայելի որդկանցը … և մեկ փայտ էլ առ և նրա վրա գրիր` Հովսեփինը` Եփրեմի փայտը և նրա ընկեր Իսրայելի բոլոր տանը …
Եվ նրանց մոտեցրու միմյանց որ մեկ փայտ դառնան և նրանք միանան քո ձեռքումը»: 27
Այսօր, բազմաթիվ ազգերի մեջ ապրող Սրբերը երախտագիտությամբ պահում են Աստվածաշունչը (Հուդայի փայտը) և Մորմոնի Գիրքը (Եփրեմի փայտը) որպես մեկ կապված` իրենց ձեռքերում:
Իսկ Նոր Կտակարա՞նը: Մորմոնի Գիրքը հանդիսանում է որպես սուրբ գրքի վկայություն նաև նրա ուսմունքների համար: Օրինակների շարքում են` մանկան հրաշափառ ծնունդը,28 Լեռան Նրա Քարոզը,29 և Փրկչի ուժեղ տառապանքը:30 Հարության վարդապետությունն ավելի հաճախակի է հիշատակվում Մորմոնի Գրքում, քան Աստվածաշնչում:31
Սուրբ Հոգու անհրաժեշտության մասին նշել է Պողոսը: Նա հարցրել է. «Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք … Եվ նրանք ասացին նրան. Մենք չենք էլ լսել թե Սուրբ Հոգի կա»:32 Այդ վարդապետությունը պարզաբանվում է մեկ այլ սուրբ գրքի վկայությամբ` տրված Տիրոջ Վերականգնման մարգարեի միջոցով: Նա սովորեցրեց մեզ` «հավատալ ձեռքերի դրմամբ Սուրբ Հոգու պարգևին»:33 Այդ թանկագին և զորավոր պարգևը կրկին մատչելի է Աստծո զավակների համար:
Պողոսն ի նկատի ուներ հետմահկանացու երեք փառքի աստիճանները, երբ նա սովորեցրեց, որ «ուրիշ է արեգակի փառքը, … և ուրիշ է լուսնի փառքը, և ուրիշ է աստղերի փառքը»:34 Այդ ակնարկը դեպի հետմահու փառք պարզաբանվում է մեկ այլ սուրբ գրքի վկայությամբ: Տերը հայտնել է, որ. «Ուրիշ է սելեստիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է արեգակի փառքը:
Եվ ուրիշ է թերեստրիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է լուսնի փառքը:
Եվ ուրիշ է թելեստիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է աստղերի փառքը»: 35
Այս արքայություններից բարձրագույնը սելեստիալն է, որը պահված է նրանց համար, ովքեր հնազանդվում են այդ արքայության օրենքին:
«Նրանք, ովքեր չեն սրբագործվում … Քրիստոսի օրենքով, պետք է ժառանգեն մեկ այլ արքայություն, այսինքն` այն, որը թերեստրիալ արքայությանն է կամ այն, որը թելեստիալ արքայությանն է:
Քանզի նա, ով չի կարողանում մնալ սելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ սելեստիալ փառքում»:36
Փառքի այս երեք աստիճանները վերաբերվում են հետմահկանացու կյանքին: Դրանք վերաբերվում են մարդկային հոգու անմահությանը: Անմահության այդ պարգևը դարձավ իրականություն Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:37 Այս կարևոր խոսքը` քավություն, իր ձևերից ցանկացածով, միայն մեկ անգամ է հիշատակվում Նոր Կտակարանի Հակոբ Թագավորի տարբերակում:38 Մորմոնի Գրքում այն հայտնվում է 39 անգամ:39
Հովհաննեսը, գրելով Նոր Կտակարանի Հայտնության գիրքը, կանխատեսավ «մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին. և ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի»:40 Մորմոնի Գրքի պատասխանատվության բանալիները կրում էր մեկ որոշակի հրեշտակ: 41 Դա Մորոնի հրեշտակն էր: Այս օրինակները մի քանիսն են աստվածաշնչյան վարդապետությունների, որոնք պարզաբանվում են Վերականգնման սուրբ գրքերով:42
Մորմոնի Գիրքը` Եվս Մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի Մասին
Մենք պատրաստակամորեն ենք կիսվում Վերականգնման սուրբ գրքերով ողջ աշխարհի ժողովուրդների հետ: Մորմոնի Գիրքն արձանագրում է հարություն առած Տիրոջ անձնական ծառայությունը հնադարյան Ամերիկայի ժողովրդին: Խորհեք այս հավիտենական ճշմարտությունների մասին, որ նա հռչակեց.
«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին: Ես ստեղծեցի երկինքները և երկիրը և բոլոր բաները, որ դրանցում են: Ես Հոր հետ էի ի սկզբանե ….
… Սուրբ գրքերը, իմ գալստի վերաբերյալ, կատարվել են ….
Ես եմ լույսն ու կյանքն աշխարհի….»:
Փրկիչը շարունակել է.
«Ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով ….
…. Ես եկել եմ աշխարհ` փրկագնում բերելու աշխարհին, փրկելու աշխարհը մեղքից:
Հետևաբար, ով որ ապաշխարում է և գալիս ինձ մոտ, ինչպես մի փոքր երեխա, նրան ես կընդունեմ, քանզի այդպիսիններին է Աստծո արքայությունը …. Ես իմ կյանքը ցած եմ դրել և վերցրել այն կրկին. ուստի ապաշխարեք և եկեք ինձ մոտ, …. և փրկվեք»:43
Տիրոջ այդ հայտարարություններն ամփոփում են, թե ով է Նա իսկապես, և թե ինչպիսին է ուզում, որ մենք լինենք: Նա ուզում է, որ մենք գանք դեպի Նա և, ի վերջո, փառահեղորեն գրկվենք նրա սիրո բազուկներում:
Ես իմ խորագին երախտագիտությունն եմ հայտնում սուրբ գրքերի վկայությունների համար: Ես տեսել եմ մարդիկ, ովքեր հզոր փոփոխություններ են ունեցել կիրառելով Տիրոջ ուսմունքներն իրենց կյանքում: Այդպիսի փոխակերպումը տանում է դեպի հավերժական կյանքի օրհնություն:44
Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա ավետարանը վերականգվեց այս վերջին օրերում: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Նրա մարգարեն է այս ժամանակաշրջանում: Ես այս ամենը վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: