Իմանալ, որ մենք գիտենք
Մյուսների վկայությունը կարող է առաջացնել հավատ և վկայություն ունենալու ցանկություն, բայց ի վերջո ամեն անձ պետք է իր համար դա գտնի:
Տարիներ առաջ մի մարդ մեղադրվել էր լուրջ հանցանքի մեջ: Մեղադրող կողմը ներկայացրեց երեք վկա, որոնք բոլորը վկայեցին, որ նա կատարել էր այդ հանցանքը: Ապա իրավապաշտպանները ներկայացրեցին երեք վկա, որոնցից ոչ ոք չէր տեսել նրա հանցանքը: Երդվյալ ատենակալները շփոթվել էին: Վկայությունների քանակի հիման վրա փաստերը կարծես հավասարապես բաժանվում էին: Այդ մարդն արդարացվեց: Իհարկե, կարևոր չէր, որ միլիոնավոր մարդիկ երբեք չէին տեսել հանցանքը: Պետք էր միայն մեկ վկայություն:
Ավետարանի ծրագրի հրաշքը նրանում է, որ ի վերջո պետք է միայն մեկ վկա, և այդ վկան պետք է լինեք դուք: Մյուսների վկայությունը կարող է առաջացնել հավատ և վկայություն ունենալու ցանկություն, բայց ի վերջո ամեն անձ պետք է իր համար դա գտնի: Ոչ ոք չի կարող մշտապես դիմանալ պարտքով վերցրած լույսով:
Վերականգնված ավետարանն այսօր ավելի ճշմարիտ չէ, քան այն ժամանակ, երբ միայնակ տղան միայնակ դուրս եկավ Սուրբ Պուրակից 1820 թվականին: Ճշմարտությունը երբեք կախված չի եղել այն ընդունողների թվից: Երբ Ջոզեֆը դուրս եկավ պուրակից, երկրի վրա կար միայն մեկ հոգի, ով գիտեր ճշմարտությունը Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին: Անհրաժեշտ է, ինչևէ, որ յուրաքանչյուրն իր համար գտնի այն, և տանի այդ վառվող վկայությունը հաջորդ կյանք:
Երբ 23-ամյա Հեբեր Ջ. Գրանտը նշանակվեց Թուել Ցցի նախագահ, նա Սրբերին ասաց, որ հավատում է ավետարանի ճշմարտացիությանը: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, Առաջին Նախագահության խորհրդականը, հետաքրքրվեց. «Հեբե՛ր, դու ասում ես, որ ողջ սրտով հավատում ես ավետարանին, բայց չես բերում քո վկայությունը, որ այն ճշմարիտ է: Դու հաստատապես չգիտե՞ս, որ այս ավետարանը ճշմարիտ է»:
Հեբերը պատասխանեց. «Ո՛չ»: Այդ ժամանակ Ջոզեֆ Ֆ. Սմիթը շրջվեց դեպի Ջոն Թեյլորը, Եկեղեցու Նախագահը, և ասաց. «Ես կողմ եմ, որ մենք չեղյալ համարենք այսօր այն, ինչ արեցինք այս առավոտ: Ես չեմ կարծում, որ որևէ մարդ պետք է նախագահի ցիցը, եթե չունի կատարյալ և հաստատուն գիտելիք այս աշխատանքի աստվածային լինելու մասին»:
Նախագահ Թեյլորը պատասխանեց. «Ջոզե՛ֆ, Ջոզե՛ֆ, Ջոզե՛ֆ, [Հեբերը] գիտի դա այնքան լավ, որքան դու գիտես: Ուղղակի նա չգիտի, որ իրականում գիտի դա»:
Մի քանի շաբաթ անց այդ վկայությունը ստացվեց և երիտասարդ Հեբեր Ջ. Գրանտը երախտագիտության արցունքներ թափեց կատարյալ, կայուն և բացարձակ վկայության համար, որն եկավ իր կյանք:1
Մեծ բան է իմանալ, և իմանալ, որ դու գիտես, և որ լույսը պարտքով չի վերցվել մեկ ուրիշից:
Տարիներ առաջ ես նախագահում էի միսիայում, որի կենտրոնը Միդվեստում էր: Մի օր, մի խումբ միսիոներների հետ, ես խոսում էի Քրիստոնեական հավատի մի նշանավոր ներկայացուցչի հետ: Այս մեղմ հոգին խոսեց իր անձնական կրոնական պատմության և վարդապետության մասին, ի վերջո կրկնելով ծանոթ խոսքերը. «Շնորհով դուք կփրկվեք: Ամեն տղամարդ և կին պետք է հավատ գործադրի Քրիստոսի հանդեպ փրկված էակ դառնալու համար»:
Ներկաների մեջ նոր միսիոներ կար: Նա ընդհանուր առմամբ անծանոթ էր այլ կրոնների հետ: Նա հարց տվեց. «Բայց, պարո՛ն, ի՞նչ է պատահում փոքր երեխային, որը մահանում է դեռ չհասնելով այն տարիքին, երբ կարող է հասկանալ և գործադրել Քրիստոսի հանդեպ հավատը»: Ուսյալ մարդը կախեց գլուխը, նայեց հատակին, և ասաց. «Պետք է որ լինի բացառություն: Պետք է որ լինի արդարացում: Պետք է լինի ճանապարհ, բայց չկա»:
Միսիոները նայեց ինձ վրա, և արցունքները աչքերին ասաց. «Օ՜, Նախագա՛հ, մենք ունենք ճշմարտությունը, այդպես չէ՞»:
Վկայության գալու պահը քաղցր և ոգևորող է, երբ դուք գիտեք, որ գիտեք: Այդ վկայությունը, եթե սնուցվի, կշրջապատի ձեզ ինչպես թիկնոց: Երբ մենք տեսնում ենք լույսը, մենք կշրջապատվենք դրանով: Հասկացողության լույսերը վառվում են ներսում:
Մի անգամ ես զրուցում էի մի հիանալի երիտասարդի հետ, որը մեր հավատքից չէր, թեև ավելի քան մեկ տարի հաճախում էր մեր երկրպագության ծառայություններին: Ես հարցրեցի, թե ինչու նա չէր միանում Եկեղեցուն: Նա պատասխանեց. «Որովհետև ես չգիտեմ, ճշմարի՞տ է այն, թե ոչ: Կարծում եմ, այն կարող է ճշմարիտ լինել, բայց ես չեմ կարող կանգնել և վկայել ձեզ նման. «Ես իրականում գիտեմ, որ այն ճշմարիտ է»»:
Ես հարցրեցի. «Դու կարդացե՞լ ես Մորմոնի Գիրքը»: Նա պատասխանեց, որ կարդացել է:
Ես հարցրեցի, թե արդյոք նա աղոթե՞լ է գրքի մասին: Նա պատասխանեց. «Ես նշել եմ այն իմ աղոթքներում»:
Ես իմ ընկերոջն ասացի, որ քանի դեռ նա անլուրջ է կարդում և աղոթում, նա երբեք չի գտնի աշխարհներ առանց վերջի: Բայց եթե նա ժամանակ հատկացնի ծոմ պահելու և աղոթելու համար, ճշմարտությունը կվառվի նրա սրտում, և նա կիմանա, որ գիտի: Նա ինձ այլևս ոչինչ չասաց, բայց իր կնոջը հաջորդ առավոտ ասաց, որ ծոմ է պահելու: Հաջորդ շաբաթ օրը նա մկրտվեց:
Եթե ուզում եք իմանալ, որ դուք գիտեք, գին պետք է վճարել: Եվ միայն դուք պետք է վճարեք այդ գինը: Արարողությունների համար կան փոխարինողներ, բայց ոչ վկայություն ձեռք բերելու համար:
Ալման խոսել է իր դարձի գալու մասին այս հիանալի տողերում. «Ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները: Եվ այժմ, ես ինքս գիտե՛մ, որ դրանք ճշմարիտ են. քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ» (Ալմա 5.46):
Երբ վկայությունը գալիս է, ապա այն կրողի մոտ այրվող ցանկություն է առաջանում կիսվել դրանով մյուսների հետ: Երբ Բրիգամ Յանգը դուրս եկավ մկրտության ջրերից, նա ասաց. «Տիրոջ հոգին ինձ վրա էր, և ես զգում էի, ինչպես են ոսկորներս հալվում իմ մեջ, մինչև չխոսեցի մարդկանց հետ: … Առաջին ելույթը, որ ես ունեցա, տևեց մեկ ժամից ավելի: Ես բացեցի բերանս, իսկ Տերը լցրեց այն»:2 Ինչպես կրակը չի կարող բռնկվել, եթե կայծ չլինի, այնպես էլ վկայությունը չի կարող մշտական լինել, եթե չարտահայտվի:
Բրիգամ Յանգը ավելի ուշ ասել է Օրսոն Փրատի մասին. «Եթե Եղբայր Օրսոնը մանրացվեր փոքր կտորների, ամեն կտոր կբացականչեր. «Մորմոնիզմը ճշմարիտ է»:3 Հայր Լեքին գովաբանել է իր ազնվազարմ որդուն, Նեփիին, այս խոսքերով. «Բայց ահա, այդ նա չէր, այլ Տիրոջ Հոգին էր, որը նրա մեջ էր, որը բացեց նրա բերանը խոսելու համար, որ նա չկարողացավ փակել այն» (2 Նեփի 1.27):
Վկայություն ունենալու և բերելու հնարավորությունը և պարտականությունը առաջին հերթին վերաբերում է ընտանիքներին: Մեր երեխաները պետք է կարողանան հիշել մեր աչքերի լույսը, մեր վկայությունների հնչյունները իրենց ականջներում և ունենան զգացում իրենց սրտերում, երբ մենք վկայում ենք մեր ամենաթանկ լսարանին, որ Հիսուսը իսկապես Աստծո Որդին է, և Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն էր: Մեր սերունդը պետք է իմանա, որ մենք գիտենք, որովհետև մենք հաճախ ասում ենք նրանց:
Եկեղեցու վաղ ղեկավարները մեծ գին են վճարել այս տնտեսությունը հիմնելու համար: Մի գուցե մենք հանդիպենք նրանց հաջորդ կյանքում, և լսենք նրանց վկայությունը: Երբ մենք կանչվենք վկայելու, ի՞նչ ենք մենք ասելու: Հաջորդ կյանքում կլինեն հոգևոր մանուկներ և հոգևոր հսկաներ: Հավերժությունը երկար ժամանակ է առանց լույսի ապրելու համար, հատկապես, եթե մեր ամուսինները և մեր հետնորդները նույնպես ապրեն խավարի մեջ, այն պատճառով, որ մեր և ուրիշների մեջ չկար լույս, և հետևաբար, նրանց լապտերները չէին կարող վառվել:
Մենք պետք է ամեն առավոտ և երեկո ծնկի իջնենք, աղերսելով Տիրոջը, որ երբեք չկորցնենք մեր հավատը, մեր վկայությունը և մեր արժեքը: Պետք է լինի միայն մեկ վկա, և դա պետք է լինեք դուք:
Ես վկայություն ունեմ: Այն պետք է արտահայտվի: Ես վկայում եմ, որ կենդանի Աստծո զորությունը այս Եկեղեցում է: Ես գիտեմ, որ գիտեմ, և իմ վկայությունը ճշմարիտ է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: