Սուրբ գրություններ
Ալմա 41


Գլուխ 41

Հարության ժամանակ մարդիկ դուրս են գալիս դեպի անվերջ երջանկության կամ անվերջ թշվառության մի վիճակ – Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել – Մարմնական մարդիկ առանց Աստծո են աշխարհում – Ամեն մարդ, վերականգնման ժամանակ, կրկին ստանում է մահկանացու վիճակում ձեռք բերված բնորոշ գծերն ու յուրահատկությունները: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, որդի՛ս, ես որոշ բան ունեմ ասելու վերականգնման վերաբերյալ, որի մասին խոսվել է, քանզի, ահա, ոմանք աղավաղել են սուրբ գրքերը, և մոլորվել են այս բանի պատճառով: Եվ ես զգում եմ, որ քո միտքը նույնպես խռովված է այս բանի վերաբերյալ: Բայց ահա, ես քեզ կբացատրեմ դա:

2 Ես ասում եմ քեզ, որդի՛ս, որ վերականգնման ծրագիրը հարկավոր է՝ համաձայն Աստծո արդարադատության. քանզի հարկավոր է, որ բոլոր բաները վերականգնվեն իրենց ճիշտ կարգով: Ահա, դա հարկավոր է և արդար՝ համաձայն Քրիստոսի զորության և հարության, որ մարդու հոգին վերականգնվի իր մարմնի հետ, և որ մարմնի ամեն մաս վերականգնվի:

3 Եվ դա հարկավոր է՝ ըստ Աստծո արդարադատության, որ մարդիկ դատվեն՝ համաձայն իրենց գործերի. և եթե նրանց գործերը բարի են եղել այս կյանքում, և նրանց սրտերի ցանկությունները բարի են եղել, ապա վերջին օրը նրանք ևս պիտի վերականգնվեն դեպի այն, ինչը բարի է:

4 Իսկ եթե նրանց գործերը չար են, դրանք պիտի վերականգնվեն նրանց՝ չարի համար: Հետևաբար, բոլոր բաները պիտի վերականգնվեն իրենց ճիշտ կարգով, ամեն բան իր բնական կառուցվածքով՝ մահկանացուն բարձրացված անմահության, ապականությունը՝ անապականության, բարձրացվելու՝ անվերջ երջանկության, ժառանգելու Աստծո արքայությունը, կամ անվերջ թշվառության, ժառանգելու դևի թագավորությունը, մեկը՝ մի կողմից, մյուսը՝ մյուս կողմից,

5 Մեկը՝ բարձրացված դեպի երջանկություն, երջանկության համար՝ իր ցանկությունների համաձայն, կամ բարին, բարու համար՝ իր ցանկությունների համաձայն. իսկ մյուսը՝ դեպի չարը, չարի համար՝ իր ցանկությունների համաձայն. քանզի, ինչպես նա ցանկացել է գործել չարիք՝ ամբողջ օրվա ընթացքում, ճիշտ նույնպես նա պիտի ունենա իր հատուցումը չարով, երբ գիշերը գա:

6 Եվ դա նույնն է մյուս կողմից: Եթե նա ապաշխարել է իր մեղքերից, և ցանկացել արդարություն՝ մինչև իր օրերի վերջը, նմանապես նրան պիտի հատուցվի արդարությամբ:

7 Այդ նրանք են, որ փրկագնվել են Տիրոջ կողմից. այո, այդ նրանք են, որոնք դուրս են բերվել, որոնք ազատվել են այն անվերջ խավարի գիշերից. և այսպես, նրանք կանգնում են կամ ընկնում. քանզի ահա, նրանք իրենց սեփական դատավորներն են, արդյոք գործեն բարիք, թե գործեն չարիք:

8 Արդ, Աստծո հրամանագրերն անփոփոխելի են. հետևաբար, ուղին պատրաստված է, որ ով որ կամենա, կարող է քայլել դրանով և փրկվել:

9 Եվ այժմ ահա, որդի՛ս, մի հանդգնիր քո Աստծո դեմ ևս մեկ վիրավորանք՝ վարդապետության այն կետերի վերաբերյալ, որոնցում դու առ այժմ հանդգնել ես մեղք գործել:

10 Մի՛ կարծիր թե, եթե խոսվել է վերականգնման վերաբերյալ, որ դու պիտի վերականգնվես մեղքից՝ դեպի երջանկություն: Ահա, ես ասում եմ քեզ, ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել:

11 Եվ այժմ, որդի՛ս, բոլոր մարդիկ, որ բնական վիճակում են, կամ ես կասեի՝ մարմնական վիճակում, դառը մաղձի և անօրինության կապանքների մեջ են. նրանք առանց Աստծո են աշխարհում, և նրանք հակառակ են գնացել Աստծո էությանը. հետևաբար, նրանք երջանկության էությանը հակառակ մի վիճակում են:

12 Եվ այժմ ահա, մի՞թե վերականգնում բառի իմաստն է՝ վերցնել մի բան, բնական վիճակում, և դնել այն՝ մի անբնական վիճակում, կամ դնել այն՝ իր էությանը հակադիր մի վիճակում:

13 Օ՜, որդիս, դա այդպես չէ, այլ վերականգնում բառի իմաստն է՝ ետ բերել նորից չարը չարի համար, կամ մարմնականը՝ մարմնականի համար, կամ դիվայինը՝ դիվայինի համար, բարին՝ նրա համար, ինչ բարի է. արդարակյացը՝ նրա համար, ինչ արդարակյաց է. արդարը՝ նրա համար, ինչ արդար է. ողորմածը՝ նրա համար, ինչ ողորմած է:

14 Հետևաբար, որդի՛ս, տես որ դու ողորմած լինես հանդեպ քո եղբայրները. վարվիր ազնվորեն, դատիր արդարացի և շարունակ բարիք գործիր. և եթե դու անես բոլոր այս բաները, այն ժամանակ դու պիտի ստանաս քո վարձքը. այո, ողորմությունը կրկին կվերադարձվի քեզ. արդարադատությունը կրկին կվերադարձվի քեզ. արդար դատաստանը կրկին կվերադարձվի քեզ. և բարին կրկին կհատուցվի քեզ:

15 Քանզի այն, ինչ դու դուրս ես ուղարկում, պիտի կրկին վերադառնա քեզ և վերականգնվի. հետևաբար, վերականգնում բառն ավելի լիովին է դատապարտում մեղսագործին և ամենևին չի արդարացնում նրան: