Բաժին 113
Եսայիայի գրությունների վերաբերյալ որոշ հարցերի պատասխաններ՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, 1838թ. մարտին (History of the Church, 3.9–10):
1–6՝ Հեսսեի Բունը, նրանից դուրս եկող շառավիղը, և Հեսսեի արմատը նույնացվում են. 7–10՝ Սիոնի ցրված մնացորդը քահանայության իրավունք ունի և կանչված է վերադառնալու դեպի Տերը:
1 Ո՞վ է Հեսսեի Բունը, որի մասին խոսվում է Եսայիայի ԺԱ գլխի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հատվածներում:
2 Ճշմարիտ այսպես է ասում Տերը. Դա Քրիստոսն է:
3 Ի՞նչ է նշանակում շառավիղը, որի մասին խոսվում է Եսայիայի ԺԱ գլխի առաջին հատվածում, որը դուրս պիտի գա Հեսսեի Բնից:
4 Ահա, այսպես է ասում Տերը. Դա մի ծառա է Քրիստոսի ձեռքում, որը մասամբ Հեսսեի հետնորդ է, ինչպես նաև Եփրեմի, կամ Հովսեփի տան, որի վրա մեծ զորություն է դրվել:
5 Ի՞նչ է նշանակում Հեսսեի արմատը, որի մասին խոսվում է Եսայիայի ԺԱ գլխի տասներորդ հատվածում:
6 Ահա, այսպես է ասում Տերը. Դա Հեսսեի մի հետնորդ է, ինչպես նաև Հովսեփի, որին իրավ պատկանում են քահանայությունը և արքայության բանալիները, որ նա լինի դրոշ և վերջին օրերին հավաքի իմ ժողովրդին:
7 Հարցեր Եղիաս Հիգբիի կողմից. Ի՞նչ է նշանակում Եսայիայի ԾԲ գլխի 1-ին հատվածի հրամանը, որն ասում է. Հագիր զորությունդ, ո՛վ Սիոն,– և ի՞նչ ժողովրդի ի նկատի ուներ Եսայիան:
8 Նա ի նկատի ուներ նրանց, ում Աստված կկանչի վերջին օրերին, ովքեր կկրեն քահանայության զորությունը, որպեսզի ետ բերեն Սիոնը և Իսրայելի փրկագնումը. իսկ նրա զորություն հագնելը քահանայության իշխանությունը հագնելն է, որի համար նա՝ Սիոնը, իրավունք ունի՝ ըստ ազգատոհմի, և նաև վերադարձն է այն զորությանը, որը նա կորցրել էր:
9 Ի՞նչ պետք է հասկանանք Սիոնի կողմից իր պարանոցի կապերը բաց անելը՝ 2-րդ հատվածում:
10 Մենք պետք է հասկանանք, որ ցրված մնացորդին հորդորվում է վերադառնալ Տիրոջ մոտ, որտեղից նրանք ընկել են. որը, եթե նրանք անեն, Տիրոջ խոստումն է, որ նա կխոսի նրանց հետ կամ հայտնություն կտա նրանց: Տե՛ս 6-րդ, 7-րդ և 8-րդ հատվածները: Նրա պարանոցի կապերն Աստծո անեծքներն են նրա վրա կամ Իսրայելի մնացորդը հեթանոսների մեջ իր ցրված վիճակում: