Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 14


Բաժին 14

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Դեյվիդ Ուիթմերին, Ֆայեթում, Նյու Յորք, 1829թ. հունիսին (History of the Church, 1.48–50): Ուիթմերների ընտանիքը սկսել էր մեծապես հետաքրքրվել Մորմոնի Գրքի թարգմանությամբ: Մարգարեն բնակություն էր հաստատել Պիտեր Ուիթմեր ավագի տանը, որտեղ նա բնակվեց, մինչև որ թարգմանության աշխատանքը հասցվեց ավարտին, և ապահովվեց առաջ եկող գրքի հեղինակային իրավունքը: Ուիթմեր որդիներից երեքը, յուրաքանչյուրը վկայություն ստանալով աշխատանքի իսկության վերաբերյալ, խորապես մտահոգված էին իրենց անհատական պարտկանությունների հարցում: Այս հայտնությունը և հաջորդ երկուսը (15 և 16 բաժիները) տրվել էին՝ ի պատասխան Ուրիմի ու Թումիմի միջոցով արված հարցումի: Հետագայում Դեյվիդ Ուիթմերը դարձավ Մորմոնի Գրքի Երեք Վկաներից մեկը:

1–6՝ Այգում աշխատողները փրկություն կստանան. 7–8՝ Հավերժական կյանքն Աստծո պարգևներից մեծագույնն է. 9–11՝ Քրիստոսն է ստեղծել երկինքներն ու երկիրը:

1 Մեծ և զարմանալի գործ է առաջ գալիս մարդկանց զավակների համար:

2 Ահա, ես եմ Աստված. ուշք դարձրեք իմ խոսքին, որը կենդանի է և զորավոր, երկսայր սրից հատու՝ հոդերը և ծուծը բաժանող. ուստի, ուշք դարձրեք իմ խոսքին:

3 Ահա, արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. ուստի, ով որ փափագում է հնձել, թող գցի իր մանգաղն իր զորությամբ ու հնձի, քանի դեռ օրը ցերեկ է, որ կարողանա իր հոգու համար հավիտենական փրկություն գանձել Աստծո արքայությունում:

4 Այո՛, ով որ գցի իր մանգաղն ու հնձի, նա կանչված է Աստծուց:

5 Ուստի, եթե խնդրես ինձանից, դու կստանաս. եթե թակես, քեզ կբացվի:

6 Փնտրիր առաջ բերել և հաստատել իմ Սիոնը: Պահի՛ր իմ պատվիրանները բոլոր բաներում:

7 Եվ, եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից:

8 Եվ կլինի այնպես, որ եթե դու խնդրես Հորը՝ իմ անունով, հավատքով հավատալով դու կստանաս Սուրբ Հոգին, որը խոսել է տալիս, որ կարողանաս կանգնել որպես այն բաների վկա, որոնք դու և՛ կլսես, և՛ կտեսնես, և նաև, որ կարողանաս ապաշխարություն հայտարարել այս սերնդին:

9 Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ կենդանի Աստծո Որդին, որը ստեղծել է երկինքներն ու երկիրը, լույս, որը հնարավոր չէ թաքցնել խավարում.

10 Ուստի, ես առաջ պիտի բերեմ իմ ավետարանի լրիվությունը՝ հեթանոսներից դեպի Իսրայելի տունը:

11 Եվ ահա, դու Դեյվիդն ես, և դու կանչված ես օգնելու. ինչը եթե անես և հավատարիմ մնաս, դու պիտի օրհնվես՝ և՛ հոգևորով, և՛ ֆիզիկականով, և մեծ պիտի լինի քո վարձքը: Ամեն: