Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 33


Բաժին 33

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին, Ֆայեթում, Նյու Յորք, 1830թ. հոկտեմբերին (History of the Church, 1.126–127): Այս հայտնությունն արձանագրելիս, Մարգարեն հաստատեց, որ «Տերը.… միշտ պատրաստ է ուսուցանելու նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են հավատքով» (History of the Church, 1.126):

1–4՝ Աշխատողները կանչված են ավետարանը հայտարարելու՝ ժամը տասնմեկին. 5–6՝ Եկեղեցին հաստատված է, և ընտրյալները պետք է հավաքվեն. 7–10՝ Ապաշխարեք, քանզի երկնքի արքայությունը մոտ է. 11–15՝ Եկեղեցին կառուցված է ավետարանի վեմի վրա. 16–18՝ Նախապատրաստվեք Փեսայի գալստին:

1 Ահա, ես ասում եմ ձեզ, իմ ծառանե՛ր Էզրա և Նորթրոփ, բացեք ձեր ականջները և ականջ դրեք Տիրոջ՝ ձեր Աստծո ձայնին, որի խոսքը կենդանի է և զորավոր, երկսայր սրից հատու՝ հոդերը և ծուծը, հոգին և ոգին բաժանող. և սրտի խորհուրդներն ու մտադրությունները զանազանող:

2 Քանզի, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք կանչված եք՝ բարձրացնելու ձեր ձայնը, ինչպես փողի հնչումով, հայտարարելու իմ ավետարանը մի ծռված ու խոտորյալ սերնդի:

3 Քանզի ահա, արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. և ժամը տասնմեկն է՝ և վերջին անգամը, որ ես պետք է մշակներ կանչեմ իմ այգի:

4 Եվ իմ այգին ապականվել է՝ ամեն մի կտորը. և չկա մեկը, որ բարիք գործի, բացի մի քանիսից. և նրանք բոլորը շատ դեպքերում սխալվում են, քահանանենգության պատճառով, ունենալով ապականված միտք:

5 Եվ ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս եկեղեցին ես հաստատել և կանչել եմ անապատից դուրս:

6 Եվ ճիշտ այդպես կհավաքեմ ես իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կհավատան ինձ և ականջ կդնեն իմ խոսքերին:

7 Այո՛, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. ուստի գցեք ձեր մանգաղները և հնձեք ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով:

8 Բացեք ձեր բերանը և այն պիտի լցվի, և դուք կդառնաք ճիշտ ինչպես Նեփին՝ հնում, որը ճամփորդեց Երուսաղեմից անապատ:

9 Այո՛, բացեք ձեր բերանը և մի խնայեք, և ձեր մեջքը բեռնված պիտի լինի որաներով, քանզի, տեսե՛ք, ես ձեզ հետ եմ:

10 Այո՛, բացեք ձեր բերանը, և այն պիտի լցվի, ասելով. Ապաշխարեք, ապաշխարեք և պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք նրա շավիղները. քանզի երկնքի արքայությունը մոտ է.

11 Այո՛, ապաշխարեք և մկրտվեք, ամեն մեկդ՝ ձեր մեղքերի թողության համար. այո՛, մկրտվեք, այսինքն՝ ջրով, և ապա գալիս է կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը:

12 Ահա՛, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Սա իմ ավետարանն է. և հիշեք, որ նրանք պետք է ունենան հավատք առ ինձ, այլապես, ոչ մի կերպ նրանք չեն կարող փրկվել.

13 Եվ այս վեմի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին. այո՛, այս վեմի վրա եք դուք կառուցված, և եթե դուք շարունակեք, դժոխքի դռները չեն հաղթի ձեզ:

14 Եվ դուք պետք է հիշեք եկեղեցու հանգանակներն ու ուխտերը, որ պահեք դրանք:

15 Եվ նրանց, ովքեր հավատք ունեն, դուք պիտի հաստատեք իմ եկեղեցում, ձեռնադրմամբ, և ես նրանց կշնորհեմ Սուրբ Հոգու պարգևը:

16 Եվ Մորմոնի Գիրքն ու մյուս սուրբ գրքերը տրվել են իմ կողմից՝ ձեզ ուսուցանելու համար. և իմ Հոգու զորությունը կենդանացնում է բոլոր բաները:

17 Ուստի, հավատարիմ եղեք, միշտ աղոթելով, ունենալով ձեր լապտերները պատրաստ ու վառ, և ձեթ՝ ձեզ հետ, որ կարողանաք պատրաստ լինել Փեսայի գալստի ժամանակ,–

18 Քանզի ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես շուտով գալիս եմ: Ճիշտ այդպես: Ամեն: