Բաժին 41
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Եկեղեցուն, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. փետրվարի 4-ին (History of the Church, 1.146–147): Եկեղեցու Կիրթլենդ Ճյուղն այդ ժամանակ արագորեն աճում էր իր թվաքանակով: Որպես այս հայտնության նախաբան, Մարգարեն գրել է. «Անդամները…. ջանում էին կատարել Աստծո կամքը, այնքանով, որքանով գիտեին այն, թեև որոշ տարօրինակ գաղափարներ ու կեղծ ոգիներ էին ներթափանցել նրանց մեջ…. [և] Տերը Եկեղեցուն տվեց հետևյալը» (History of the Church, 1.146–147):
1–3՝ Երեցները Եկեղեցին պիտի ղեկավարեն հայտնության հոգով. 4–6՝ Ճշմարիտ աշակերտները կստանան և կպահեն Տիրոջ օրենքը. 7–12՝ Էդվարդ Պատրիջը նշանակվում է որպես Եկեղեցու եպիսկոպոս:
1 Ականջ դրեք և լսեք, ո՜վ դուք, իմ ժողովո՛ւրդ, ասում է Տերը և ձեր Աստվածը, դո՛ւք, որոնց ես բերկրանքով օրհնելու եմ բոլոր օրհնություններից մեծագույնով, դո՛ւք, որ լսում եք ինձ. իսկ ձե՛զ, որ ինձ չեք լսում, որ դավանել եք իմ անունը, ես կանիծեմ բոլոր անեծքներից ծանրագույնով:
2 Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ երեցներ, որոնց ես կանչել եմ, ահա ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ դուք պետք է միասին հավաքվեք, որ համաձայնության գաք իմ խոսքի վերաբերյալ.
3 Եվ ձեր հավատքի աղոթքով դուք պիտի ստանաք իմ օրենքը, որպեսզի իմանաք՝ ինչպես կառավարել իմ եկեղեցին և բոլոր բաներում ճիշտ լինել իմ առաջ:
4 Եվ ես կլինեմ ձեր կառավարիչը, երբ գամ. և ահա, ես շուտով գալիս եմ, և դուք պիտի հետևեք, որ իմ օրենքը պահվի:
5 Ով որ ստանում է իմ օրենքն ու կատարում է այն, նա իմ աշակերտն է. իսկ ով ասում է, որ ստացել է այն և չի կատարում, նա իմ աշակերտը չէ, և պիտի դուրս գցվի ձեր միջից.
6 Քանզի լավ չէ, որ արքայության զավակներին պատկանող բաները տրվեն նրանց, ովքեր արժանի չեն, կամ շներին, կամ, որ մարգարիտները գցվեն խոզերի առաջ:
7 Եվ բացի այդ, լավ է, որ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի համար մի տուն կառուցվի, որտեղ նա կապրի ու կթարգմանի:
8 Եվ բացի այդ, լավ է, որ իմ ծառա Սիդնի Ռիգդոնն ապրի, ինչպես բարի է համարում, որքան որ նա պահում է իմ պատվիրանները:
9 Եվ բացի այդ, ես կանչել եմ իմ ծառա Էդվարդ Պատրիջին. և ես պատվիրում եմ, որ նա եկեղեցու ձայնով նշանակվի և կարգվի եպիսկոպոս, եկեղեցու համար, որ թողնի իր առք ու վաճառքը և իր ողջ ժամանակը նվիրի եկեղեցու գործերին.
10 Հետևելու համար բոլոր բաներին, ինչ իմ օրենքներով կնշանակվի նրան, այն օրը, երբ ես կտամ դրանք:
11 Եվ դա՝ որովհետև նրա սիրտը մաքուր է իմ առաջ, քանզի նա նման է հին Նաթանայելին, որի մեջ չկա նենգություն:
12 Այս խոսքերը տրվել են ձեզ և մաքուր են իմ առաջ. ուստի, զգույշ եղեք, թե ինչպես եք վերաբերվում դրանց, քանզի դատաստանի օրը դրանք պիտի դրվեն ձեր հոգիների վրա: Ճիշտ այդպես: Ամեն: