Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 62


Բաժին 62

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Միսսուրի գետի ափին, Չարիտոնում, Միսսուրի, 1831թ. օգոստոսի 13-ին (History of the Church, 1.205–206): Այդ օրը, Մարգարեն և իր խումբը, որոնք Ինդիփենդենսից դեպի Կիրթլենդ իրենց ճանապարհին էին, հանդիպեցին մի քանի երեցների, որոնք դեպի Սիոնի հող իրենց ճանապարհին էին, և, ուրախալի ողջույններից հետո, նա ստացավ հետևյալ հայտնությունը:

1–3՝ Վկայություններն արձանագրվում են երկնքում. 4–9՝ Երեցները պետք է ճամփորդեն ու քարոզեն ըստ իրենց դատողության և ինչպես կղեկավարի Հոգին.

1 Ուշք դարձրեք և ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ երեցներ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը, ձեր բարեխոսը, որը գիտի թուլությունը մարդու, և թե ինչպես սատարի նրանց, ովքեր փորձվում են:

2 Եվ ճշմարիտ, իմ աչքերը նրանց վրա են, ովքեր դեռ չեն գնացել Սիոնի հողը. ուստի ձեր առաքելությունը դեռ չի ավարտվել:

3 Այնուամենայնիվ, օրհնված եք դուք, քանզի վկայությունը, որ դուք բերել եք, արձանագրվել է երկնքում, հրեշտակների համար, որ կարդան. և նրանք ցնծում են ձեր համար, և ձեր մեղքերը ներված են ձեզ:

4 Իսկ այժմ, շարունակեք ձեր ճամփորդությունը: Ժողովվեք Սիոնի հողում. և մի հավաք անցկացրեք, և ցնծացեք միասին, և հաղորդություն մատուցեք Բարձրյալին:

5 Եվ հետո դուք կարող եք վերադառնալ՝ վկայություն բերելու, այո՛, նույնիսկ բոլորդ միասին, կամ երկու-երկու, ինչպես ձեզ բարի է թվում, ինձ համար նշանակություն չունի. միայն եղեք հավատարիմ և ավետիք հայտարարեք երկրի բնակիչներին, կամ ամբարիշտների ժողովքներում:

6 Ահա, ես՝ Տերս, բերել եմ ձեզ մեկտեղ, որպեսզի կատարվի խոստումը, որ հավատարիմները, ձեր միջից, պիտի պահպանվեն և ցնծան միասին Միսսուրիի հողում: Ես՝ Տերս, հավատարիմներին խոստանում եմ և չեմ կարող ստել:

7 Ես՝ Տերս, հոժար եմ, որ եթե ձեր միջից մեկը ցանկանա գնալ ձիով, կամ ջորիով, կամ կառքով, նա կստանա այդ օրհնությունը, եթե բոլոր բաներում Տիրոջ ձեռքից ընդունի դա գոհացող սրտով:

8 Այս բաները մնում են ձեզ հետ, որպեսզի վարվեք ըստ դատողության ու Հոգու ղեկավարության:

9 Ահա, արքայությունը ձերն է: Եվ ահա, տե՛ս, ես հավատարիմների հետ եմ ընդմիշտ: Ճիշտ այդպես: Ամեն: