2022
Հիսուս Քրիստոսը մեզ հույս է առաջարկում
Սեպտեմբեր 2022 թ․


«Հիսուս Քրիստոսը մեզ խաղաղություն է առաջարկում», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2022 թ.։

Հիսուս Քրիստոսը մեզ հույս է առաջարկում

Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, Հիսուս Քրիստոսը մեզ հույս է տալիս, որ ամեն ինչ կստացվի մեր կյանքում:

Նկար
երիտասարդ տղաները հրում են ձեռնասայլակը

Երիտասարդ տղամարդիկ Կուսկոյից (Պերու) միասին ծառայություն են մատուցում:

Այս կյանքը լի է բազմաթիվ մարտահրավերներով: Դուք, հավանաբար, արդեն ունեցել եք մի քանիսը: Լարվածության և մտահոգության, վախի և անհանգստության բազմաթիվ պատճառներ կան: Երբ մենք զգում ենք այս ամենը, շրջվում ենք դեպի մեր եսը և ամենից առաջ հոգ ենք տանում ինքներս մեր մասին և մեր սեփական կարիքների մասին: Մենք մտածում ենք, որ եթե ժամանակ ու եռանդ ծախսենք և փորձենք «շտկել» իրերի դրությունը, ապա կարող ենք ինքներս լուծել մեր խնդիրները։

Բայց Հիսուս Քրիստոսը մեզ ցույց է տալիս ավելի լավ ճանապարհ: Նա ուսուցանել է․ «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ կորցնէ, նա կապրեցնէ նորան» (Ղուկաս 17․33)։ Ձեր փորձությունների մեջ հույս գտնելու ամենաարագ ճանապարհը ձեր սիրտը դեպի Փրկիչն ուղղելն է, Նրա օրինակին հետևելն է և ուրիշներին ծառայելն է:

Նկար
Հիսուս Քրիստոսը բուժում է մի մարդու Բեթհեզդայում

Բժշկում Բեթհեզդայում, Գերի Սմիթ

Փրկիչի կյանքը սիրո և մարդկանց հանդեպ բարի կամքի կատարյալ օրինակ էր։ Հօգուտ մյուսների՝ Նա միշտ մոռանում էր Իրեն։ Նրա անձնազոհ գործերն արտահայտվում էին Իր կյանքի յուրաքանչյուր օրվա բոլոր գործողություններում և չէին սահմանափակվում հատուկ օրերով։

Երբ մեր սիրտը կենտրոնացնենք ուրիշների վրա, ինչպես Փրկիչն արեց, ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք անսահման հնարավորություններ կգտնենք՝ խոնարհաբար և սիրալիր նվիրվելու այն մարդկանց, որոնք մեր կարիքն ունեն:

Սա կօգնի մեզ ավելի լավ ճանաչել Փրկիչին և մեզ համար գտնել խաղաղություն երկրի վրա, երբ ավելի գթառատ լինենք ուրիշների հանդեպ։ Երբ ուրիշներին օգնելիս դուք «կորցնեք ձեր կյանքը»՝ հետևելով Փրկիչի օրինակին, Նա կօգնի ձեզ:

Նկար
երիտասարդ տղամարդիկ ցեխի աղյուսներ են բարձրացնում

Ամենօրյա հրեշտակներ

Հաճախ Փրկիչը ուրիշներին կուղղորդի մեր կյանք՝ բերելով մեզ խաղաղություն և մխիթարություն, որն անհրաժեշտ է փորձության ժամանակ: Այս օրհնված մարդիկ մեզ համար, կարծես, երկնքից ուղարկված հրեշտակներ են, որն իրոք այդպես է։

Ես ու իմ ընտանիքը տարբեր առիթներով ունեցել ենք մխիթարության և խաղաղության այն զգացումները, որոնք շնորհել են մեր օրերի հրեշտակների զորքը։ Կցանկանայի անդրադառնալ այդպիսի առիթներից մեկին։ 2003 թվականին մենք հեռացանք հայրենի տուն Բրազիլիայից և տեղափոխվեցինք Յուտա՝ Միացյալ Նահանգեր։

Այդ ձմռանը մենք ականատես եղանք Յուտայի պատմության մեջ վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ ձնաբուքերից մեկին։ Մեր կյանքում նման բան չէինք տեսել, քանի որ մեծացել էինք արմավենիների և ավազոտ լողափերի շրջապատում։ Մեր տունը տեղակայված էր բարձունքի մի անկյունում, որը շատ երկար մայթ ուներ:

Երբ ձյունը սկսեց տեղալ, կինս ձյան մաքրիչի միջոցով խիզախորեն սկսեց ձյունը փչելով հեռացնել ճանապարհից և մայթերից: Ես չկարողացա օգնել, քանի որ մի քանի օր առաջ սայթաքել էի սառույցի վրա և կոտրել դաստակս: Այդ դժբախտ պատահարի հետևանքով ես վիրահատության ենթարկվեցի և ստիպված էի ձեռքս գիպսե վիրակապի մեջ պահել։

Երբ իմ սիրելի կինն առաջին անգամ իր կյանքում սկսեց ձյունը փչելով հեռացնել, նա չէր պատկերացնում, որ պետք է հակառակ կողմի վրա փչեր՝ ճանապարհի մի կողմը մաքրելուց հետո: Այսպիսով, երբ նա գնաց մաքրելու մյուս կողմը, ձյունը փչեց ճանապարհի մաքրված մասը։ Նա անօգուտ հետ ու առաջ էր քայլում։ Ինչպիսի՜ խառնաշփոթ։

Սառնամանիքին երկար կանգնելու պատճառով նրա ականջները բորբոքվել էին և գրեթե երկու ամիս նա ամբողջովին խլացել էր: Միևնույն ժամանակ, իմ 16 տարեկան որդին սահելիս վնասել էր մեջքը և ստիպված էր մնալ անկողնում մինչև ապաքինվելը։ Այսպիսով, պատկերը հետևյալն էր՝ մեկ անկողնային հիվանդ, մեկ խուլ, մեկ հիվանդ՝ ձեռքը գիպսի մեջ, և բոլորը՝ մրսած։

Վստահ եմ, որ հարևանների համար դա հետաքրքիր տեսարան էր։ Մի օր վաղ ցրտաշունչ առավոտյան ժամը 5-ի սահմաններում ես արթնացա դրսից լսվող ձյան մաքրիչի ձայնից։ Ես նայեցի դուրս և տեսա հարևանիս՝ եղբայր Բլեյն Ուիլյամսին, որն ապրում էր փողոցի հակառակ կողմում: Մոտ 70 տարեկան այդ մարդը դուրս էր եկել իր տաքուկ, հարմարավետ տնից ու լուռ մաքրում էր երթևեկելի հատվածն ու մայթերը ձյունից՝ իմանալով, որ մենք չէինք կարող անել դա։

Նկար
ձյան մաքրիչ

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Մեկ այլ ընկեր՝ եղբայր Դանիել Ալմեյդան, եկավ մեր տուն, որ ինձ մեքենայով աշխատանքի տանի Սոլթ Լեյք Սիթի, քանի որ ես չէի կարող վարել իմ մեքենան դժվարաշարժ գիպսե վիրակապի պատճառով։ Նրանք ամեն առավոտ մեր կողքին էին և իրենց սերն էին ցույց էին տալիս բարության այս փոքրիկ արարքներով, մինչև որ ընտանիքս բուժվեց, և մենք նորից կարողացանք ինքնուրույն կատարել մեր գործերը:

2003 թվականի այդ ցուրտ ձմռանը այս հրեշտակ եղբայրներն ուղարկվեցին մեզ մոտ։ Այդ երկու եղբայրները հետևեցին մեր Փրկիչի օրինակին և սկզբում մտածեցին մեր կարիքների մասին՝ նախքան կմտածեին իրենց կարիքների մասին:

Փրկիչը խաղաղություն է առաջարկում

Ուրիշներին ծառայելը մեզ ավելի բարձր և սուրբ հեռանկար է տալիս: Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, Հիսուս Քրիստոսը մեզ հույս է տալիս, որ ամեն ինչ կստացվի մեր կյանքում:

Մեր սիրտը կենտրոնացնելով ուրիշների վրա, ինչպես Փրկիչն արեց, կօրհնենք մեզ անսահման հնարավորություններով՝ խոնարհաբար և սիրալիր նվիրվելով այն մարդկանց, որոնք մեր կարիքն ունեն: Փրկիչի նման ապրելն օգնում է մեզ ավելի մեծ Քրիստոսանման գթություն զարգացնել ուրիշների հանդեպ: Սա օգնում է մեզ գտնել մեծ սեր, խաղաղություն, լույս և նոր ուժ։

Նկար
քույրեր

Տերը հրավիրում է մեզ փնտրել Իրեն բոլոր մտորումներում և հետևել Իրեն։ Սա մեզ խոստանում է, որ մենք կարող ենք քայլել Նրա լույսի ներքո, և որ Նրա առաջնորդությունը կանխում է խավարի ազդեցությունը մեր կյանքում։ Երբ դուք «կորցնեք» ձեր կյանքը Նրանում, Նա կօգնի, որ գտնեք ինքներդ ձեզ:

Նկար
տղաները դպրոցում

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Միշտ դարձեք դեպի Տերը

Ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, և Նա ապրում է: Ես վկայում եմ ձեզ, որ Իր շնորհիվ և Իր անսահման քավիչ զոհաբերության շնորհիվ Փրկիչը մեզ համար ուղի է ապահովել՝ հաղթահարելու մահը՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգևորապես:

Բացի այդ, դժվարին պահերին Նա մեզ առաջարկում է նաև մխիթարություն և վստահություն։ Հավաստիացնում եմ ձեզ, որ եթե մենք ապավինենք Հիսուս Քրիստոսին և Նրա գերբնական քավիչ զոհաբերությանը, հավատքով համբերելով մինչև վերջ, մենք կվայելենք մեր սիրելի Երկնային Հոր խոստումները, ով իր ուժերի սահմաններում ամեն ինչ անում է, որպեսզի օգնի մեզ մի օր վերադառնալ Իր ներկայություն:

Տպել