2022
Ի՞նչ է Արկը սիրում սովորել
Սեպտեմբեր 2022 թ․


«Ի՞նչ է Արկը սիրում սովորել», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ 2022 թ․։

Ի՞նչ է Արկը սիրում սովորել

Նոր երկիր, նոր մշակույթ, նոր ընկերներ … խնդիր չկա:

Նկար
երիտասարդ տղա

Լուսանկարները՝ Քլեյտոն Չանի

Արկը սիրում է կծու ուտելիքներ։ Սա նրա համար բավականին նոր բացահայտում է։ Դեռևս Ֆիլիպիններում, որտեղ նա մեծացել էր, ուտելիքն այդքան կծու չէր:

Բայց հետո նրա հայրը աշխատանք գտավ Մալազիայում:

Այդ ժամանակ Արկը եկեղեցում ծանոթացավ ընկերների հետ, ովքեր տարբեր երկրներից էին, իսկ մի քանիսը՝ նույնիսկ Հնդկաստանից:

«Նրանք իսկապես կծու ուտելիք են ուտում»: 14-ամյա Արկ Ս.-ն ասում է իր նոր ընկերների մասին։ «Այս ուտելիքը շատ ավելի կծու է, քան ես ուտում էի իմ երկրում»:

Մի ծիծաղելի բան․ Արկը նախկինում զգում էր, որ ինչ-որ բան բացակայում էր։ Այժմ նա հաճույքով մի ամբողջ նոր խոհարարական աշխարհ է ուսումնասիրում։

Իհարկե, դա միակ եղանակը չէ, որով Արկի եկեղեցու ընկերները դեպի լավն են փոխել նրա կյանքը: «Ես ուրախ էի Մալազիա տեղափոխվելու համար, բայց միևնույն ժամանակ՝ տխուր էի։ Բոլորը նոր ընկերներ էին, և դժվար էր խոսել նոր ընկերների հետ»:

Բայց իր նոր ճյուղի երիտասարդներն օգնեցին նրան կատարել այդ անցումը: Որպես առավելություն, նա այժմ շատ ավելին գիտի տարբեր թեմաների մասին: «Ես սովորեցի տարբեր մշակույթների մասին», - ասել է նա: «Սնունդը տարբեր է, հագուստը՝ նույնպես։ Նրանց հագուստները գունավոր են, և շատ հետաքրքիր է, թե դրանք ինչպես են կարվում»:

Նկար
պատանիներն ուտում են

Այնուամենայնիվ, կար ընկերների մի խումբ, որը նրան ավելի շատ էր աջակցում տեղափոխության ընթացքում և դրանից հետո. Դա նրա ընտանիքն էր:

Խաղեր ընկերների հետ

Արկը սիրում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հատկապես, երբ նրանք թղթախաղ են խաղում։ Uno(Ունո) խաղը նրա սիրելի խաղն է։ Ո՞րն է պատճառը: «Ես միշտ հաղթում եմ», - ասում է նա ծիծաղելով։

Նա նաև սիրում է Monopoly (Մոնոպոլիա) խաղալ իր ծնողների և կրտսեր եղբոր՝ Լիֆի հետ: (Նրա կրտսեր քույրը դեռ այնքան մեծ չէ, որ միանա նրանց։) Այնուամենայնիվ, խաղերում ավելին է տեղի ունենում, քան զառ գցելը և ձևական փող ծախսելը: «Իմ ծնողները խաղերի միջոցով ինձ սովորեցնում են բիզնես ռազմավարության և փողի սկզբունքներ: Դա իսկապես օգտակար խորհուրդ է ապագայի համար»:

Նրա հայրը ծրագրային ապահովման մասնագետ է, իսկ մայրը նախկինում իր սեփական բիզնեսն էր ղեկավարում Ֆիլիպիններում: Նրանք փոխանցելու շատ հմտություններ ունեն: Իր հերթին, Արկը նրանցից ցանկանում է սովորել այն ամենը, ինչ կարող է: Նա մեծ ծրագրեր ունի իր կարիերայի համար։

Նկար
ընտանիք

Նրա սիրելի դպրոցական առարկաներն են՝ կենսատեխնոլոգիան և ճարտարագիտությունը: Արկը ցանկանում է դառնալ կենսատեխնիկ։ Նրա աչքը սուր է և նա օգտագործում է ամեն հնարավորություն նոր բան սովորելու համար:

Այնուամենայնիվ, իր ծնողներից սովորելը միշտ չէ, որ եղել է Արկի կրթության նախընտրելի աղբյուրը: Ինչպես կծու ուտելիքի հանդեպ սերը, այնպես էլ արժեքավոր նյութի այս հայտնագործությունը մի փոքր ուշ տեղի ունեցավ նրա կյանքում:

Համառից մինչև ուսանող

«Նախկինում ես շատ համառ էի», - խոստովանում է Արկը։ «Ինձ իսկապես չէր հետաքրքրում ծնողներիցս ինչ-որ բան սովորելը»:

Նա կփորձեր ինքնուրույն լինել կամ սովորել միայն իր ընկերներից և դպրոցի ուսուցիչներից: Այնուհետև նա մի բան կարդաց Մորմոնի Գրքում, որը մեծ փոփոխություն առաջ բերեց այն հարցում, թե նա ինչպես էր նայում իրերին:

Ալմայի 36 և 37 գլուխներում Ալման խորհուրդ է տալիս իր որդի Հելամանին: Ալման Հելամանին ուսուցանում է ամեն ինչի մասին՝ սկսած Ալմայի սեփական դարձի մասին ուշագրավ պատմությունից (որը ներառում էր երեք օր անգիտակից մնալն այն բանից հետո, երբ հրեշտակն ասաց նրան, որ նա ճիշտ ընտրություններ չի կայացնում իր կյանքում [տես Ալմա 36.6–10]) մինչև գաղտնի խմբակցությունները:

Այդ ամենի մեջ Արկի համար կարևորվեց մի հատված․ «Օ, հիշիր, որդիս, և սովորիր իմաստություն քո երիտասարդության տարիներին. Այո, քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները» (Ալմա 37.35):

Դա ստիպեց, որ նա փոխի իր վերաբերմունքը որոշ երևույթների հանդեպ։ «Իմ ծնողները նույնպես կարող են ինձ իմաստություն սովորեցնել», - ասում է նա։ Միանգամից նա հասկացավ, որ իրեն հասանելի են շատ տվյալներ։ «Հիմա ինձ շատ է հետաքրքրում նրանց իմաստությունը։ Նրանք սիրում են ինձ և կարող են օգնել ինձ պատրաստվել իմ ապագային»:

Եվ նրանց իմաստությունը շատ ավելին է, քան սեղանի խաղերի ժամանակ տված գործնական խորհուրդները:

Մայրիկի և հայրիկի իմաստությունը

Արժեքավոր դասերից մեկը, որ Արկի ծնողները սովորեցրել են նրան, այն է, որ թույլ չտա, որ իր շուրջը գտնվող վատ ազդեցությունները գայթակղեն իրեն: «Իմ դպրոցում շատ երեխաներ ցանկանում են, որ ես փորձեմ սուրճ, թեյ, ծխախոտ և այլն»:

Սա ամենօրյա զրույցի թեմա է տանը: «Ես շատ եմ խոսել իմ ծնողների հետ այս մասին: Նրանք շատ են կրկնում նույն բանը»,- կատակում է նա։

Այդուհանդերձ, այդ ամբողջ կրկնությունն իր արդյունքն է տվել: Ամեն անգամ, երբ Արկին խնդրում են ինչ-որ բան անել իր համոզմունքներին հակառակ, նա ուժ է ստանում այն ամենից, ինչ իր ծնողները սովորեցրել են իրեն:

Մեկ այլ դաս, որը նա լուրջ է ընդունել, այն է, թե ինչպես հագնվել: Ոչ, Արկը իր ծնողների նորաձևության խորհուրդների կարիքը չուներ, որպեսզի ավելի լավ հարմարվեր դպրոցում: Իրականում, նրա հագուստները մի քիչ տարբերվում էին ընդունված չափանիշներից։ «Ես նախկինում հագնվում էի ամենամոդայիկ հագուստները», - ասել է Արկը: «Ես փորձում էի տպավորություն թողնել աղջիկների վրա»։

Ծնողներն օգնեցին նրան տեսնել, որ այդպես հագնվելը նաև անցանկալի հետևանքներ ունի։ «Հագուստը, որը մենք կրում ենք, կարող է ազդել այն բանի վրա, թե ուրիշներն ինչ են մտածում քո մասին», - բացատրում է Արկը: Երբ ուշադրություն դարձրեց, Արկը հասկացավ, որ իրեն դուր չի գալիս, թե մարդիկ ինչ էին մտածում իր մասին, երբ ինքը հագնվում էր այնպես, ինչպես նախկինում:

Այժմ նա ընտրում է ավելի պահպանողական, համեստ կամ, ինչպես ինքն է սիրում անվանել՝ «գիտունիկի» հագուստներ։ Նրան դուր է գալիս իր նոր տեսքը և հոգեպես ավելի լավ է զգում, թե ինչպես է հագնվում: (Բացի այդ, Ա՛րկ, գիտունիկները զի՛լ են: Անառարկելի փաստ է։)

Կյանքի տևողությամբ ուսում

Արկը սիրում է իր բնակության վայրը, սիրում է իր ընտանիքը և սիրում է սովորել ծնողներից:

Նա նաև սիրում է սովորել ավետարանը:

Նկար
երիտասարդ տղան կարդում է

«Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է», - ասում է Արկը: «Ես հավատում եմ, որ մեր ապրող մարգարեն նախագահ Ռասել Մ. Նելսոնն է, և որ Ջոզեֆ Սմիթի միջոցով Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին: Ես հավատում եմ, որ ավետարանը կարող է օգնել մեզ մեր կյանքում և ցանկացած խոչընդոտի կամ փորձության ժամանակ»:

Անկախ նրանից, թե ինչ անհավանական բաներ կսովորի Արկը ապագայում, նա արդեն սովորել է ամենակարևորներից մի քանիսը: Այդ ցուցակի առաջին տեղում սա է. ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը կյանքին մեծ «կծվություն» է հաղորդում:

Տպել