«Աստծո սիրելիները», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023 թ.։
Եկ, հետևիր ինձ
Աստծո սիրելիները
Աստծո երջանկության ծրագրում յուրաքանչյուր երիտասարդ կին և երիտասարդ տղամարդ ունի աստվածային նպատակ, ձեզանից յուրաքանչյուրը սիրելի է և անհրաժեշտ:
Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ երաժշտությունը, եթե բոլոր գործիքների ձայները նույն կերպ հնչեին: Իսկ եթե դաշնամուրի յուրաքանչյուր ստեղնը նվագե՞ր նույն նոտան, կամ եթե երգչախմբի բոլոր ձայները նույնական լինեի՞ն: Սա շա՛տ ձանձրալի կդարձներ երաժշտությունը:
Ուրախալի է, որ երաժշտական գործիքներն ու երգչախմբի ձայները տարբերվում են հնչյունով և հնչերանգով։ Դաշնամուրի ստեղները ստեղծում են բազմաթիվ մեղեդիներ, իսկ երգչախմբերը հարուստ ներդաշնակություն են հաղորդում: Ֆրանսիական փողը, շեփորը, ջութակը և հարվածային գործիքները միասին յուրահատուկ ձայն են հաղորդում նվագախմբի ներդաշնակությանը:
Ուժեղ կողմեր և պարգևներ
Ինչպես երաժշտության դեպքում, Երկնային Հայրը ուրախանում է Իր զավակներից յուրաքանչյուրի բազմազան տաղանդներով, անհատականություններով և փորձառություններով, քանի որ յուրաքանչյուրը Իր սիրելի դուստրը կամ որդին է: Անկախ ձեր հանգամանքներից, որտեղ էլ որ ապրեք՝ ազգերի, ցեղերի և ժողովուրդների մեջ, Երկնային Հայրը գովաբանում է ձեր անսահման ներուժը, որին դուք կարող եք հասնել հնազանդության, շնորհի և սիրո միջոցով:
Մեծ սիրով Նա հրավիրում է ձեզ բացահայտել ձեր աստվածային ինքնությունը և իրականացնել ձեր աստվածային նպատակը: Նա քաջալերում է ձեզ զարգացնել ձեր հոգևոր շնորհները, բարեպաշտ բնավորությունը և հսկայական հնարավորությունները: Եվ Նա առաջարկում է ձեզ ամենօրյա հնարավորություններ՝ տեսնել և ծառայել ձեր շուրջը գտնվողներին, ինչպես Հիսուս Քրիստոսը կծառայեր:
Աստծո աստվածային ծրագրում մենք այս աշխարհ ենք գալիս մոր և հոր միջոցով: Ընտանիքներն ունեն թե՛ հոր, թե՛ մոր կարիքը: Միասին՝ որպես հավասար գործընկերներ, ծնողները դաստիարակում և ապահովում են իրենց ընտանիքները: Մեր տներում հայրերն ու ամուսինները պետք է նախագահեն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ, հեզությամբ և անկեղծ սիրով. արդար հատկություններ, որոնց կարիքն ունեն տղամարդիկ և կանայք մեր բոլոր հարաբերություններում: Երկինքն արտասվում է, երբ հարաբերություններում տեղ են գտնում բռնությունը, իշխանությունը կամ ցանկացած տեսակի պարտադրանքը՝ տղամարդկանց կամ կանանց կողմից: Համոզումը, երկայնամտությունը, բարությունը և մաքուր գիտելիքը Քրիստոսանման հատկություններ են, որոնց յուրաքանչյուրս ենք ձգտում:
Իհարկե, ոչ ոք կատարյալ չէ, չկան նաև կատարյալ ընտանիքներ։ Ինչ հանգամանքներում էլ որ լինեք, հարգեք ձեր ծնողներին և սիրեք ձեր ընտանիքը. ընտանիքը, որը դուք ունեք, և այն ընտանիքը, որ մի օր կունենաք: Մեր Փրկիչը կարող է օգնել ձեզ հասկանալ, ներել և քաջալերել ձեր շուրջը գտնվող մարդկանց: Երբ դուք դրսևորեք ձեր լավագույն ջանքերը, Տերը կօգնի և կառաջնորդի ձեզ: Խնդրում եմ՝ հիշեք, որ ձեր դիրքը Տիրոջ առաջ և Նրա Եկեղեցում պայմանավորված է ձեր բնավորությամբ և Աստծո հետ ձեր ուխտերը պահելու արդարությամբ:
Քահանայությունը և Աստծո ծրագիրը
Աստված ավելի շատ է սիրում մեզ և ավելի լավ է ճանաչում մեզ, քան մենք ենք սիրում կամ ճանաչում ինքներս մեզ։ Նրա քահանայության իշխանությունը տրված է՝ օրհնելու Իր բոլոր զավակներին: Արժանավոր եղբայրները կրում են քահանայություն, բայց նրանք քահանայություն չեն: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանում է, որ քահանայությունը «նույնքան կարևոր է [կանանց] համար, որքան ցանկացած տղամարդու համար»: Քահանայությունը կանանց և տղամարդկանց տալիս է «հասանելիություն … բոլոր հոգևոր գանձերին, որոնք Տերն ունի Իր զավակների համար»:1
Ծառայենք միասին
Տիրոջ Եկեղեցում միասին ծառայելիս մենք խորհրդակցում ենք խորհուրդներում: Մեր խորհուրդներում ղեկավարները խորաթափանցություն և գաղափարներ են ակնկալում բոլորից, ներառյալ երիտասարդ կանանցից և երիտասարդ տղամարդկանցից: Յուրաքանչյուր դեպքում մենք ավելի լավ որոշումներ ենք կայացնում և ավելի մեծ հաջողություններ ենք ունենում Տիրոջ ծառայության մեջ, երբ գնահատում ենք միմյանց ներդրումները և միասին աշխատում ենք՝ որպես եղբայրներ և քույրեր Նրա աշխատանքում:
Մեր ծխերում ու ճյուղերում երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ ղեկավարում են դասերն ու քվորումները: Ծխի երիտասարդների խորհրդում մեր երիտասարդների ղեկավարները միասին օգնում են յուրաքանչյուր երիտասարդի կապվել երկնքի, մեր Եկեղեցու ղեկավարների և այլ երիտասարդների հետ: Որպես չափահասներին սպասավորող զուգընկերներ, մեր երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք օգնության ձեռք են մեկնում և օրհնում են շատերին: Մեր ծառայության մեջ մենք բոլորս միասնական ենք։
Ինչպիսի՜ օրհնություն է, որ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք ծառայում են որպես ավետարանի վերականգնված արարողությունների վկաներ: Դուք մկրտությունների վկաներն եք՝ ինչպես կենդանի մկրտությունների, այնպես էլ տաճարում՝ նախնիների մկրտությունների համար: Դուք ծառայում եք Տիրոջ տան այլ վայրերում նույնպես:
Ուխտի օրհնություններ Աստծո հետ
Յուրաքանչյուր երիտասարդ կին և երիտասարդ տղամարդ անհատապես սուրբ ուխտեր է կապում Աստծո հետ: Երբ հավատարմորեն պատվում ենք Աստծո հետ կապած մեր ուխտերը, մենք ստանում ենք Նրա օրհնությունները, նույնիսկ ավելի շատ, քան կարող ենք պատկերացնել: Աստծո հետ ունեցած մեր ուխտերը կարող են սրբացնել մեր ցանկություններն ու արարքները: Մեր ուխտերը և Քրիստոսի Քավությունը կարող են օգնել մեզ դառնալ Աստծո զավակ՝ խոնարհ, համբերատար, սիրով լի (տես Մոսիա 3.19): Այն ամենը, ինչ մենք պետք է անենք, պետք է սկսենք Հիսուս Քրիստոսով: Նախ՝ մենք ընտրում ենք Նրան մեր բազմաթիվ ընտրություններում և առաջին տեղում ենք դնում Նրան՝ մեր կատարած յուրաքանչյուր ընտրության մեջ:
Նայեք Փրկչին
Դուք կարող եք ուրախ, ջերմ զգացումներ ունենալ ձեր սրտում, երբ Հիսուս Քրիստոսին դնում եք ձեր ավետարանի ուսումնասիրության, ծառայության, միջոցառումների և անձնական զարգացման կենտրոնում, և երբ ընտրում եք բարին: Ձեր Քրիստոսակենտրոն ջանքերը կարող են զվարճալի և հատուցվող լինել, երբ դուք օգնում եք ուրիշներին անկեղծ կարեկցանքով և սիրով:
Ուշագրավ բաներ են տեղի ունենում, երբ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք սիրում են Տիրոջը և ծառայում են միասնության ու ներդաշնակության մեջ: Սա ճշմարիտ է սեմինարիայում, կանոնավոր երիտասարդական միջոցառումներում և ԵԶՀ-ում:
Անսահման սիրով մեր Երկնային Հայրը հրավիրում է յուրաքանչյուր երիտասարդ կնոջ և երիտասարդ տղամարդու «գալ իր մոտ և ճաշակել [իր] բարությունից. և նա չի ուրանում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն» (2 Նեփի 26.33):
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ։ Նրանք կօգնեն և կօրհնեն ձեզ, որ դուք իսկապես երջանիկ լինեք: Խնդրում ենք, նախ ընտրեք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Վստահեք Աստծուն և եղեք մեկ Հիսուս Քրիստոսում՝ ձեզ շրջապատող մարդկանց հետ: Դուք՝ որպես Աստծո սիրելի զավակ, կարող եք միանալ և պատկանել Սրբերի համայնքին, որը Նրա վերականգնված Եկեղեցին է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Ով եք դուք և ով եք դառնում, անհրաժեշտ ու կարևոր է այսօրվա աշխարհում: Մեծ փոփոխություն կարող եք կատարել ձեր ընտանիքում, Նրա վերականգնված Եկեղեցում և աշխարհում:
Հիսուս Քրիստոսով ամեն լավ բան հնարավոր է: Հիսուս Քրիստոսով բոլոր ճշմարիտ բաները կլինեն Աստծո ժամանակին և ճանապարհով: Ես՝ որպես Նրա հատուկ վկաներից մեկը, վկայում և խոստանում եմ: