2023
Զգո՞ւմ եք լարված, անհանգիստ կամ տխուր
Սեպտեմբեր 2023


«Զգո՞ւմ եք լարված, անհանգիստ կամ տխուր»,Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023

Կյանքի օգնություն

Զգո՞ւմ եք լարված, անհանգիստ կամ տխուր

Ահա մի քանի քայլեր, որոնք դուք կարող եք կատարել դրա համար:

Նկար
թվաչափ՝ տարբեր գույներով և դեմքի արտահայտություններով

Լարված վիճակի ստուգում

Որքանո՞վ եք տխուր կամ լարված:

Եթե հուսահատ եք, խուճապի և երկարատև դեպրեսիայի մեջ եք կամ անհանգստություն եք զգում, խնդրում ենք օգնություն փնտրել՝ զրուցելով վստահելի մեծահասակի հետ: Դուք կարող եք նաև փորձել որոշ խորհուրդներ դեղին բաժնում (հատկապես հիմնական խորհուրդները), բայց երբեմն գուցե ավելի շատ օգնության կարիք ունենաք, և դա նորմալ է:

Եթե ինքնասպանության ցանկություն ունեք, անհապաղ օգնություն խնդրեք: Կապվեք ձեր տեղական շտապ օգնության թեժ գծին, ոստիկանության բաժանմունքի կամ հիվանդանոցի հետ:

Նորմալ է՝ երբեմն անհանգստանալ, տխուր կամ լարված լինել: Այս հույզերը հաճախ առաջանում են կյանքի հանգամանքներից և գալիս ու գնում են, երբ կյանքը փոխվում է: Փորձեք որոշ խորհուրդներ, որոնք կարո՛ղ են օգնել:

Հիմնական խորհուրդներ

  • Դիմեք Երկնային Հորը: Նա լսում և պատասխանում է ձեր աղոթքներին: Նա կօգնի ձեզ դիմակայել ձեր ճանապարհին հանդիպող մարտահրավերներին:

  • Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա։ «Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»:1

  • Ծառայեք ուրիշներին: «Երբ մենք կորցնում ենք մեզ ուրիշների ծառայության մեջ, մենք գտնում ենք մեր կյանքն ու մեր երջանկությունը»։2

  • Ձեր հոգին առողջ պահեք։ Ամեն օր կարդացեք սուրբ գրությունները, հնարավորության դեպքում՝ այցելեք տաճար, ընդունեք հաղորդությունը, պահեք ձեր ուխտերը և ամեն օր ապաշխարեք: Խնդրեք քահանայության օրհնություններ, երբ դրանց կարիքն ունեք:

  • Առողջ պահեք ձեր մարմինը: Բավականաչափ քնեք և մարզվեք և պահեք Իմաստության խոսքը:

Եթե անհանգստություն եք զգում

  • Կենտրոնացեք ներկայիս իրավիճակի վրա: Դա թույլ չի տալիս անհանգստանալ ապագայի մասին կամ լարվածություն զգալ անցյալի համար: Ներկա պահը միակ բանն է, որ կարող եք իսկապես փոխել:

  • Ժամանակ հատկացրեք հանգստանալու համար: «Քանզի հարկավոր չէ, որ մարդ վազի ավելի արագ, քան ինքն ուժ ունի» (Մոսիա 4.27):

  • Զարգացրեք դրական մտածողություն: Բացասական զգացմունքների պատճառ կարող են լինել բացասական մտքերը: Դրական մտածողությունը կարող է օգնել ձեզ ավելի քիչ վախ կամ անհանգստություն զգալ:

Եթե տխուր եք

  • Իմացեք, որ փորձությունները ծրագրի մի մասն են: Դժվար հանգամանքների գոյությունը չի նշանակում, որ դուք ինչ-որ բան սխալ եք անում: Վստահ եղեք, որ Երկնային Հայրը կզորացնի ձեզ, և ձեր դժվարությունները միասին կաշխատեն ձեր բարօրության համար (Վարդապետություն և Ուխտեր 90.24, տես նաև Հռոմեացիներին 8.28, Վարդապետություն և Ուխտեր 122.5–9):

  • Կենտրոնացեք երախտագիտության վրա: Գրի առեք այն բաները, որոնց համար երախտապարտ եք ամեն օր, և անպայման շնորհակալություն հայտնեք Երկնային Հորը (տես Վարդապետություն և Ուխտեր 98.1):

  • Արեք այնպիսի բաներ, որոնք ձեզ դուր են գալիս: Ժամանակ անցկացրեք ընկերների և ընտանիքի հետ, փորձեք նոր հոբբի, լսեք ոգեշնչող երաժշտություն կամ ծրագրեք զվարճալի միջոցառում:

Եթե դուք համարում եք, որ բավականաչափ լավը չեք

  • Իմացեք, որ դուք պարտավոր չեք կատարյալ լինել: «Այստեղ՝ մահկանացու կյանքում, կատարելությունը դեռ «առկախ» է»:3 Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ իրական կյանքում կամ սոցիալական ցանցերում:

  • Սիրով խոսեք ինքներդ ձեզ հետ: Բարի եղեք ձեր հանդեպ, ինչպես կլինեիք ձեր ընկերոջ հետ։ Սուրբ Հոգին նույնպես բարությամբ կխոսի ձեզ հետ և երբեք չի ծաղրի կամ նսեմացնի ձեզ:

  • Իմացեք, որ Փրկիչը կամրապնդի մեր թույլ կողմերը և կօգնի մեզ անել այն, ինչ մենք պետք է անենք: Հիսուս Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար և իր վրա վերցրեց մեր ցավերը, հիվանդություններն ու թուլությունները (տես Ալմա 7.11–12): Եթե մենք խոնարհ լինենք, Նա խոստացել է. «Նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27)։ Հնարավոր է, որ մենք ինքնուրույն բավական լավը չլինենք, բայց մենք կարող ենք բավական լավը լինել Նրա հետ:

Եզրափակում

Հավանաբար շատ օրեր կունենաք, երբ վստահ կզգաք և պատրաստ կլինեք դիմակայել կյանքի մարտահրավերներին: Անկախ նրանից, թե որքան լավ եք զգում, համոզվեք, որ շարունակում եք կատարել հիմնական քայլերը:

Աղոթեք Երկնային Հորը, նույնիսկ, երբ կյանքը հեշտ է: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ է արել Փրկիչը ձեզ համար, նաև կենտրոնացեք Նրա կյանքի և ուսմունքների վրա, նույնիսկ, երբ ամեն ինչ լավ է ընթանում: Այնուհետև, երբ ծանր հույզեր կունենաք, ավելի լավ պատրաստ կլինեք դրանք հաղթահարել:

Տպել