2023
Պարելու ժամանակը
Սեպտեմբեր 2023


«Պարելու ժամանակը», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023

Պարելու ժամանակը

Այս երիտասարդները ուրախություն գտան՝ վախերը հաղթահարելու և իրենց տաղանդները ուրիշների հետ կիսելու միջոցով:

Նկար
երիտասարդ տղամարդը և երիտասարդ կինը պարում են

Լուսանկարները՝ Քրիսթի Փաուելի

Տասնչորս տարեկան Էմոոնահե Յ.-ն և Ջեքս Ք.-ն առնվազն մեկ ընդհանուր բան ունեն. երկուսն էլ պարային համարներ էին կատարում ԵԶՀ-ի համաժողովի բեմական շոուի ժամանակ Պրովոյում (Յուտա):

Հազարավոր երիտասարդների առջև միայնակ պարելը հեշտ չէր նրանցից ոչ մեկի համար: Սակայն, երբ նրանք ձգտում էին զարգացնել և կիսվել իրենց տաղանդներով, ստացան հայտնություն և կարողացան աճել այնպիսի ձևերով, որոնք օգնեցին նրանց «ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին և ավելի լավը դարձնել [իրենց], ուրիշ մարդկանց և նույնիսկ աշխարհը» (Անձնական զարգացում. Երիտասարդների ուղեցույց [2019], 1):

Հուպ պարը Էմոոնահեի հետ

Էմոոնահեն (Էհ-մոհ-օհ-նահ) որոշել է կիսվել հուպ պարի իր տաղանդով, որը նրա բնիկ ամերիկյան մշակույթի մի մասն է: «Իմ ընկերներից մեկը, որն ինձանից առաջ գնացել էր ԵԶՀ, ինձ ասաց, որ իրենք անցկացրել են այդ տաղանդների շոուն, և որ ես պետք է ելույթ ունենամ», - ասում է նա:

«Ես մի փոքր նյարդայնանում էի, ուստի փորձեցի չկենտրոնանալ բազմության վրա»: Բայց մի տեսակ դժվա՛ր էր դա չանելը։ «Ես լսում էի, թե ինչպես են բոլորը աշխուժանում և ոգևորվում», - ասում է նա: «Նրանք այնքան բարձր էին արտահայտում ոգևորությունը, որ ես հազիվ էի լսում երաժշտությունը, ուստի հազիվ էի կարողանում պահել ռիթմը»:

Էմոոնահեն քրտնաջան աշխատել է հուպ պարի լավ հմտություններ ձեռք բերելու համար: Նա ասում է. «Ինձնից երկար ժամանակ է պահանջվել լավ պարել սովորելու համար»: Բայց որքան շատ էր նա պարապում, այնքան ավելի շատ էր սովորում իր մասին:

Նկար
մի երիտասարդ կնոջ լուսանկարներ, որը զբաղվում է բնիկ ամերիկացիների պարով

Տաղանդավոր պատմողը

Հուպ պարը անձնական պատմվածքի ձև է: «Դուք սկսում եք մեկ օղակով, որը ներկայացնում է ձեր սկիզբը, այնուհետև շարունակում եք օղակներ ավելացնել՝ ձեր կյանքի մասին ավելի շատ բաներ ցույց տալու համար: Իմ ներկայացման մեջ դուք կարող էիք տեսնել թիթեռ, արծիվ և կովբոյ», - ասում է Էմոոնահեն: «Երբ ես պատմում եմ իմ պատմությունը, զգում եմ, որ պատմում եմ նրանց պատմությունը, որոնցից սովորել եմ, նաև պատմում եմ իմ փորձառությունները»:

Էմոոնահեն Օկլահոմայի Շեյեն և Արապահո ցեղերից է, ինչպես նաև Ֆորտ Պեկ Սիուս և Ասինիբոին է: Նա ասում է. «Ես ինձ այնքան տարբեր էի զգում բոլորից», և երբեմն «անհարմար էի զգում»: Բայց հուպ պարը ընդգծում է անհատականություն: Յուրաքանչյուր պարուհի ստեղծում է իր սեփական պարարվեստը, և «հենց դա է քեզ դարձնում յուրահատուկ և անհատական», - ասում է նա:

Տաղանդները կարող են ուժեղացնել մարդկանց

Էմոոնահեն իրեն ավելի մոտ է զգում Աստծուն, երբ նա աղոթում է, կարդում է սուրբ գրությունները և ձգտում հետևել Հիսուս Քրիստոսին: Նա նաև ավելի մոտ է զգում Աստծուն, քանի որ ձգտում է կատարելագործել իր տաղանդները: «Երբ վերցնում եմ իմ օղակները և պարում եմ, ես ուրախություն եմ զգում»: Նա խորհուրդ է տալիս. «Գտեք այն բաները, որոնք սիրում եք և գտեք լավ մարդկանց, որոնք կօգնեն ձեզ օգտագործել ձեր տաղանդները՝ ձեզ և ուրիշներին ուժեղացնելու համար: Ուրիշներին ծառայելը կարող է օգնել ձեզ ուժեղացնել նաև Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը»:

Իռլանդական պար Ջեքսի հետ

Ջեքսը չափազանց նյարդայնացած էր, որ ԵԶՀ բեմական շոուին պետք է կատարեր իռլանդական պարը և ցույց տար իր տաղանդը: «Ես իսկապես սարսափեցի: Ասես օ-ձե-րի փո-սում եմ և սարսափած եմ»,- ասում է նա: «Ես մի կարճ աղոթք ասացի՝ նախքան այնտեղ բարձրանալը: Ես դեռ սարսափում էի, բայց հետո երաժշտությունը հնչեց։ Ես պատկերացնում էի, որ այնտեղ ոչ ոք չկա: Իսկ ես նոր եմ սկսել պարել»։

Ջեքսը ցատկեց և շարժեց ոտքերը ավանդական իռլանդական ձևով: Բայց, տեսնելով Ջեքսի ուրախ դեմքը, շատերը հավանաբար չեն կռահի, որ այնտեղ հասնելու համար նա բավական դժվար ճանապարհ է անցել:

Նկար
Իռլանդական պար պարող երիտասարդի լուսանկարները

Ինչպես զարգացնել սթրեսի կառավարման տաղանդը

«2020-ին ես իսկապես սթրեսի մեջ էի և նույնիսկ ինքնասպանության մտքեր ունեի», - ասում է Ջեքսը: «Մի ամիս գտնվում էի հոգեկան առողջության հիվանդանոցում։ Ես պարզեցի, որ մանուկ հասակում ուղեղի բորբոքում էի ունեցել, նաև իմացա, որ աուտիստ եմ: Դա իսկապես ծանր էր ինձ համար»:

Երբ Ջեքսը որոշակի բուժում ստացավ իր հոգեկան առողջության համար, նրա մայրը խրախուսեց նրան գտնել ֆիզիկական միջոց, որը կօգնի կառավարել սթրեսը: Նա որոշեց անձնական հայտնություն փնտրել այն մասին, թե ինչ կարող է անել:

«Ես աղոթեցի դրա մասին և օգնություն խնդրեցի», - ասում է նա: «Եվ ես հիշեցի, որ մորաքույրս իռլանդական պար էր սովորեցնում։ Ուստի սկսեցի դասը մեր մեծ Սուրբ ծննդյան շոուից անմիջապես առաջ: Ես պետք է սովորեի հինգ պար երկու շաբաթվա ընթացքում, շատ զվարճալի և տարօրինակ էր, քանի որ անհավանական աշխատանք էր պահանջվում», - կատակում է Ջեքսը: Շուտով իռլանդական պարը դարձավ հսկայական օրհնություն նրա կյանքում: «Դա իսկապես օգնեց իջեցնել իմ սթրեսի մակարդակը և հաղթահարել դեպրեսիան ու հուսահատությունը», - ասում է նա:

Կիսելով իր տաղանդը

ԵԶՀ-ում Ջեքսի ընկերները հարցրին նրան՝ արդյոք նա տաղանդ ունի, որով կարող է մասնակցել բեմական շոուին: Ուստի, նա մայթի վրա պարեց նրանց համար: Երբ նրանք ասացին, որ նա պետք է ելույթ ունենա, Ջեքսի առաջին միտքը հետևյալն էր. «Օ, ոչ»: Սակայն նա որոշեց ցուցադրել իր տաղանդը, թեև վախենում էր։

Այժմ, երբ Ջեքսը տեսել է իր ելույթների տեսանյութը ԵԶՀ-ում, նա չի կարողանում զսպել ծիծաղը: «Առաջին մասում դեմքս լիովին լուրջ էր», - ասում է նա: Բայց հետո մարդիկ սկսեցին ուրախանալ, և ես սկսեցի ժպտալ»:

Երիտասարդներին, որոնք մաքառումների մեջ են, Ջեքսը տալիս է հետևյալ խորհուրդը. «Ավելի լավ է այդ մասին խոսել ինչ-որ մեկի հետ, քան թաքցնել, ինչպես ես: Տերը գիտի, թե ով ես դու, Նա կլինի քո կողքին և միշտ կաջակցի քեզ: Տերը ցանկանում է օգնել քեզ»։

Ընդհանուր առմամբ, Ջեքսը զգում է, որ իռլանդական պար սովորելը օրհնություն է եղել Երկնային Հոր կողմից:

Նկար
երիտասարդ կինը և երիտասարդ տղամարդը պարում են

Դուք առանձնահատուկ եք

Դուք չգիտեք, թե ինչ հնարավոր տաղանդներ ունեք, սակայն երբ դուք դիմեք Տիրոջը, գուցե դուք նույնպես ոգեշնչվեք՝ զարգացնելով նոր տաղանդ:

Էմոոնահենի և Ջեքսի նման Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ ճանաչել տաղանդները: Երբ դուք զարգացնում եք այս տաղանդները և կիսվում դրանցով, դուք կարող եք օգնություն գտնել, երբ ձգտում եք ավելի նմանվել Փրկչին:

Ի՞նչ տաղանդներ կարող եք զարգացնել և կիսվել:

Տպել