«Ես կարող եմ մնալ սահմանների մեջ», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023 թ․։
Ամեն բան կարող եմ Քրիստոսով
Երիտասարդները կիսվում են, թե ինչպես է Քրիստոսը զորացրել իրենց դժվար գործեր կատարելիս (տես Փիլիպպեցիներին 4․13)։
Ես կարող եմ մնալ սահմանների մեջ
Այն պահից ի վեր, երբ ես սկսեցի մրցումների մասնակցել, իմ երազանքն էր դպրոցական մրցանիշը գերազանցել մեկ մղոնանոց վազքում: Այնուհետև այդ կիսամյակի վերջում ես վազեցի այդ մղոնը ուղիղ հինգ րոպեում՝ գերազանցելով մրցանիշը ավելի քան երեք վայրկյանով:
Սակայն հաջորդ օրը մենք իմացանք, որ իմ մղոնը չեն հաշվել։ Պաշտոնյաները բացատրեցին, որ ես երեք քայլ թեքվել էի վազքուղու գծից, որն ինձ որակազրկել էր մրցավազքից: Մարզիչս պնդում էր, որ ես դուրս եմ եկել գծից միայն այն պատճառով, որ ինձ հրել է մեկ այլ վազորդ: Պաշտոնյան ասաց. «Գուցե իր մեղքը չէր, որ նրան դուրս հրեցին, բայց նա էր մեղավոր, որ այդքան մոտ էր գծին»: Ես հեռացա՝ զգալով, որ իմ ձեռքբերումը անարդարացիորեն խլել են ինձանից:
Հաջորդ կիրակի Երիտասարդ կանանց դասարանում մենք դիտեցինք մի տեսանյութ, որտեղ սպորտում գծերի մեջ մնալը համեմատվում էր պատվիրանները պահելու հետ:1 Ամբողջ դասի ընթացքում ես նստած էի այնտեղ՝ զայրացած այն հիշեցումից, որ ձախողվել եմ:
Հաջորդ օրը, երբ վազում էի վազքուղով, ես նեքև նայեցի և նկատեցի, որ վազում էի հենց ներքին գծի վրա: Եվ մեկ-մեկ գծից ներս էի մտնում, ինչպես ասում էր պաշտոնյան։ Ես անմիջապես դադարեցի վազել և խոնարհությամբ հասկացա սխալս։ Ես այնքան հարմարավետ էի զգում այն վայրում, որտեղ վազում էի, որ դրա մեջ այլևս վտանգներ չէի տեսնում:
Բարեբախտաբար, մի քանի շաբաթ անց ինձ երկրորդ հնարավորություն տրվեց: Ես հեռացա կենտրոնական գծից և գերազանցեցի դպրոցի մրցանիշը՝ այս անգամ մնալով սահմաններում:
Այդ փորձառությունն ինձ ստիպեց մտածել այն մասին, թե գիծը, որով ես վազում էի, որքան նման էր որոշ պատվիրանների: Բայց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ ինձ միշտ տրվում է ևս մեկ հնարավորություն, երբ ես ապաշխարում եմ:
Երբ խոսքը վերաբերում է պատվիրաններին, մենք պետք է հեռանանք գծից և անենք ամեն ինչ՝ սահմաններում մնալու համար: Սակայն ես երախտապարտ եմ նաև, որ երբ մենք սխալվում ենք, Փրկիչը թույլ է տալիս մեզ ապաշխարել և կրկին փորձել:
Ռեյգան Ռ., Յուտա, (ԱՄՆ)