«Երեք դաս Ջոզեֆ Սմիթի պատանեկան տարիներից», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2023:
Երեք դաս Ջոզեֆ Սմիթի պատանեկության տարիներից
Տեսեք, թե ինչ կարող եք սովորել մարգարեի փորձառություններից, որոնք տեղի են ունեցել 200 տարի առաջ:
Երբևէ զգացե՞լ եք, որ դժվար է շփվել անցյալի մարդկանց հետ: Նրանք շատ վաղուց են ապրել, կարո՞ղ են նրանք իսկապես ձեզ որևէ բան սովորեցնել ձեր կյանքի մասին: Այո՜: Ջոզեֆ Սմիթը հիանալի օրինակ է: Երբ նա 18 տարեկան էր, նա մի քանի բան էր սովորել աղոթքի պատասխաններ ստանալու և իր Երկնային Հոր հետ հարաբերությունների մասին: Այդ դասերը կարող են օգնել ձեզ այսօր:
Դաս 1. Երբեմն պատասխաններ ստանալու համար ժամանակ է պահանջվում
Աղոթքի պատասխանները միշտ չէ, որ արագ են գալիս: Սպասելը հեշտ չէ, հատկապես, երբ համացանցում հասանելի են արագ պատասխանները գրեթե բոլոր հարցերի համար:
Եթե դուք զգում եք, որ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի Աստված պատասխանի ձեզ, դուք միայնակ չեք: Ջոզեֆ Սմիթը 12 տարեկան էր, երբ սկսեց մտածել «[իր] անմահ հոգու բարօրության ամենակարևոր մտահոգությունների մասին»։1 Հաջորդ երկու տարիների ընթացքում նա գոտեմարտի մեջ էր իր անձնական արժանավորության և աշխարհի ամբարշտության մասին հարցերի հետ: Երկու տարի պահանջվեց, որ նա խորհեր, ուսումնասիրեր սուրբ գրությունները և աշխատեր այդ հարցերի շուրջ, նախքան Աստված և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան Սրբազան պուրակում:
Այդպես է նաև բոլորիս դեպքում: Երբ մենք հարց ունենք, պատասխանը կարող է ուշանալ օրեր, ամիսներ կամ նույնիսկ տարիներ: Եվ դա լավ է: Քանի որ այն ջանքերը, որոնք մենք ներդնում ենք սպասելիս, կարևոր են: Հիշեք, թե ինչ է ուսուցանել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը. «Սերմը պետք է սնվի, իսկ մենք պետք է սպասենք, որ այն հասունանա»:2
Դաս 2. Աստված մեզ ճանաչում է անունով
Մինչև 18 տարեկանը Ջոզեֆին այցելել էին Հայր Աստվածը, Հիսուս Քրիստոսը և Մորոնի հրեշտակը: Դա բավականին տպավորի՛չ է: Եվ այդ աստվածային էակները գիտեին Ջոզեֆի անունը: Նրանք անձամբ ճանաչում էին նրան։
Աստված ձեզ նույնպես անձամբ ճանաչում է։ Դուք Նրա զավակն եք, և նա գիտի ձեր անունը: Աստված ուսուցանեց այս ճշմարտությունը Իր արարչագործությունների մասին. «Ինձ համար բոլոր բաները հաշվելի են, քանզի դրանք իմն են, և ես գիտեմ դրանց» (Մովսես 1.35):
Ջոզեֆը վստահություն ուներ անելու այն, ինչ խնդրել էին իրեն, և դրա պատճառը մասամբ այն էր, որ նա հասկանում էր, որ ինքը Աստծո զավակն է և Նա անձամբ ճանաչում է իրեն:
Դաս 3. Երբ մենք ապաշխարում ենք, մենք ավելի ունակ ենք դառնում ենք հոգևոր փորձառություններ ունենալու համար
Սրբազան պուրակ գնալու Ջոզեֆի հիմնական դրդապատճառներից մեկը իր մեղքերից ապաշխարելն էր: Այդ նույն պատճառով նա աղոթեց այն գիշերը, երբ Մորոնի հրեշտակը հայտնվեց նրան. «բոլոր [իր] մեղքերի և անմտությունների թողության համար» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29): Սա մեզ երկու բան է սովորեցնում.
Նախ, եթե մենք սխալներ ենք թույլ տվել, չպետք է մտածենք, որ արժանի չենք աղոթելու: Ջոզեֆը գործել էր «մեղքեր և անմտություններ», սակայն նա գիտեր, որ դեռևս կարող էր աղոթել և ներում ստանալ:
Երկրորդ, երբ մենք ապաշխարում ենք, մենք կարող ենք ավելի ուժեղ զգալ Հոգին: Ինչպես բացատրել է Յոթանասունից երեց Յորգ Կլեբինգատը՝ «հոգևոր վստահությունն աճում է, երբ դուք կամավոր և ուրախությամբ ապաշխարում եք մեղքերից»:3
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ ապաշխարությունն օգնում է մեզ ավելի շատ նմանվել Փրկչին: Երբ մենք ապաշխարում ենք, մենք բացում ենք երկնքի դռները: «Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ստանալ ուրախություն՝ փրկագնման ուրախությունը Նրանում»։4
Ուստի, եթե ինչ-որ բանի համար պետք է ապաշխարեք, արե՛ք այդ: Դա ձեզ կբերի ոչ միայն խաղաղություն և կօգնի ձեզ ավելի նմանվել Փրկչին, այլ նաև կօգնի ձեզ ավելի ուժեղ զգալ Հոգին և ստանալ աղոթքների պատասխանները:
Գուցե Ջոզեֆ Սմիթը վաղուց է ապրել, բայց պաանեկության տարիներին նրա սովորած դասերը կարող են օգնել ձեզ այսօր: Դա պարզապես ևս մեկ պատճառ է երախտապարտ լինելու մարգարե Ջոզեֆ Սմիթին: