Գերագույն համաժողով
Մեծագույն հարստությունը
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


12:44

Մեծագույն հարստությունը

Մեզանից յուրաքանչյուրը պետք է գա Քրիստոսի մոտ՝ ավետարանի հանդեպ անզիջում նվիրվածությամբ։

Սուրբ գրությունները պատմում են երիտասարդ իշխանի մասին, ով վազեց դեպի Հիսուսը, ծնկի իջավ նրա ոտքերի մոտ և ամենայն անկեղծությամբ հարցրեց Վարդապետին․ «Ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Երիտասարդ իշխանի կողմից հավատարմորեն պահված պատվիրանների երկար ցանկը քննելուց հետո Հիսուսը երիտասարդին ասաց, որ վաճառի իր ողջ ունեցվածքը, եկամուտը տա աղքատներին, վերցնի իր խաչը և հետևի Իրեն: Այդ համարձակ հրահանգից երիտասարդ իշխանի ոտքերը սառեցին, չնայած թանկարժեք տրեխներ էր հագել, և նա տրտում հեռացավ, քանի որ, ինչպես ասում է սուրբ գրությունը, «մեծ ունեցվածքի տեր էր»:1

Ակնհայտ է, որ սա կարևոր նախազգուշական պատմություն է հարստության օգտագործման և աղքատների կարիքների մասին: Բայց, ի վերջո, այն պատմություն է աստվածային պարտականության հանդեպ անմնացորդ նվիրվածության մասին: Հարստությունով, թե առանց դրա, ամեն ոք պետք է գա Քրիստոսի մոտ՝ ավետարանի հանդեպ նույն անզիջում նվիրվածությամբ, ինչն ակնկալվում էր այդ երիտասարդից: Մերօրյա բառապաշարով՝ մենք պետք է «ամբողջությամբ ներառվենք»:2

Իրեն բնորոշ արձակի լեզվով Ս. Ս. Լյուիսը պատկերում է, թե ինչպես է Տերը մեզ ասում նման մի բան. «Ինձ պետք չեն … ոչ քո ժամանակը … ոչ քո փողերը … ոչ քո գործերը, [որքան] դու ես պետք: [Այդ ծառը, որ դու էտում ես:] Ես չեմ ուզում կտրել մի ճյուղ այստեղ, մի ճյուղ այնտեղ, ես ուզում եմ … այն կտրել ամբողջությամբ։ [Եվ այդ ատամը:] Ես չեմ ուզում ոչ փորել, ոչ պսակ դնել, ոչ էլ [լցնել] այն: Ես ուզում եմ ամբողջությամբ հանել այն։ [Փաստորեն, ես ուզում եմ, որ դու ինձ] նվիրես [քո] ողջ մարդկային եսը: … [Եվ] փոխարենը ես քեզ նոր ես կնվիրեմ: Իրականում, ես Ինձ կնվիրեմ քեզ. իմ … կամքը կդառնա [քո կամքը]»:3

Այս գերագույն համաժողովի բոլոր խոսնակները այս կամ այն կերպ կասեն այն, ինչ Քրիստոսն ասաց հարուստ երիտասարդին. «Եկեք ձեր Փրկիչի մոտ: Եկեք ամբողջությամբ ու ողջ սրտով: Վերցրեք ձեր խաչը, որքան էլ ծանր լինի, և հետևեք Նրան»:4 Նրանք կասեն այդ` իմանալով, որ Աստծո արքայությունում հնարավոր չէ կիսով չափ նվիրվել, ոչ էլ սկսել ու դադարել, ոչ էլ հետ գնալ: Հիսուսի պատասխանը պահանջկոտ և միանշանակ էր նրանց, ովքեր թույլտվություն էին խնդրում թաղել մահացած ծնողին կամ գոնե հրաժեշտ տալ ընտանիքի անդամներին: «Թող դա ուրիշները անեն», - ասաց Նա։ «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար»5 Երբ մեզանից դժվար բաներ են խնդրում, նույնիսկ, երբ այն հակառակ է մեր սրտի տենչանքներին, հիշեք, որ Քրիստոսի գործին խոստացած հավատարմությունը պետք է լինի մեր կյանքի գերագույն նվիրումը: Չնայած Եսայիան մեզ վստահեցնում է, որ այն հասանելի է «առանց փողի և առանց գնի»6, և դա այդպես է, մենք պետք է պատրաստ լինենք, ըստ Թ․ Ս․ Էլիոտի խոսքերի, որ այն կարժենա «ոչ պակաս, քան ամեն ինչ»:7

Իհարկե, բոլորս ունենք որոշ սովորություններ, թերություններ կամ անձնական պատմություն, որ կարող է մեզ այս գործին ամբողջովին նվիրվելուց հետ պահել: Բայց Աստված մեր Հայրն է և ամբողջապես ներում ու մոռանում է մեր մեղքերը, որոնք թողել ենք, գուցե այն պատճառով, որ մենք Նրան բազմիցս առիթներ ենք տալիս՝ այդպես վարվելով: Ամեն դեպքում, աստվածային օգնությունը հասանելի է յուրաքանչյուրիս համար՝ ցանկացած պահի, երբ զգում ենք, որ պատրաստ ենք փոփոխություն կատարել մեր վարքագծում: Աստված Սավուղին «ուրիշ մի սիրտ» տվեց:8 Եզեկիելը կոչ արեց ամբողջ հին Իսրայելին թողնել իր անցյալը և «նոր սիրտ և նոր հոգի» ստանալ:9 Ալման «հզոր փոփոխության» կոչ արեց,10 որպեսզի մարդկանց հոգին բացվի, իսկ Հիսուսն Ինքը ուսուցանեց, որ եթե մարդ «ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը»:11 Ակնհայտ է, որ փոփոխության և հոգևոր բարձրության վրա ապրելու հնարավորությունը միշտ եղել է Աստծո պարգևներից մեկը այն փնտրողների համար:

Բարեկամնե՛ր, ներկա պահին մենք տեսնում ենք տարբեր տեսակի բաժանումներ ու ստորաբաժանումներ, համակարգեր ու ենթահամակարգեր, թվային ցեղամիավորումներ ու քաղաքական կողմնորոշումներ, որոնց պետք է շրջանցել, քանի որ դրանք թշնամանք են տարածում: Կարող ենք մեզ հարց տալ՝ արդյո՞ք մենք ձգտում ենք, ինչպես նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է ասում, «ավելի բարձր և ավելի սուրբ»12 կյանքի։ Երբ ձգտենք դրան, լավ կանենք, որ հիշենք Մորմոնի Գրքի այն ցնցող շրջանը, երբ մարդիկ այդ հարցը ուղղում և այդքան դրական պատասխան էին տալիս․

«Եվ եղավ այնպես, որ ողջ երկրում բոլոր ժողովուրդների մեջ չկար ոչ մի հակառակություն…․ Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում։

Եվ չկային նախանձություններ, ոչ էլ պայքարներ, ոչ էլ խլրտումներ, ոչ էլ պոռնկություններ, ոչ էլ ստախոսություններ, ոչ էլ սպանություններ, ոչ էլ որևէ ձևի հեշտասիրություն. և, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով:

Չկային ո՛չ ավազակներ, ո՛չ մարդասպաններ, ո՛չ էլ կային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք մեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները:

Եվ որքա՜ն օրհնված էին նրանք»:13

Ո՞րն է նման բավարարված, երջանիկ կյանքի հաջողության բանալին: Այն արտահայտված է գրության մեջ՝ մեկ նախադասությամբ. «Աստծո սերը…․ բնակվում էր մարդկանց սրտերում»:14 Երբ Աստծո սերը գերիշխում է մեր կյանքում, միմյանց նկատմամբ մեր հարաբերություններում և, ի վերջո, ողջ մարդկության հանդեպ մեր զգացմունքներում, ապա հնի տարբերությունները, սահմանափակող պիտակներն ու արհեստական բաժանումները սկսում են անցնել և խաղաղությունը մեծանում է: Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ մեր Մորմոնի Գրքի օրինակում: Այլևս չկային ո՛չ Լամանացիներ, ո՛չ Հակոբացիներ, ո՛չ Հովսեփացիներ, ո՛չ էլ Զորամացիներ։ Ոչ էլ որևէ այլ տեսակի «-ացիներ»։ Ժողովուրդը վերցրել էր ընդամենը մեկ նոր վերացական ինքնություն: Նրանք բոլորը կոչվում էին «Քրիստոսի զավակներ»:15

Այստեղ, իհարկե, խոսում ենք մարդկային ընտանիքին տրված առաջին մեծ պատվիրանի մասին. սիրել Աստծուն ողջ սրտով՝ առանց վերապահումների կամ փոխզիջումների, այսինքն՝ ողջ սրտով, կարողությամբ, մտքով և ուժով:16 Աստծո այս տեսակ սերը առաջին մեծ պատվիրանն է տիեզերքում։ Բայց տիեզերքի մեծագույն ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ ամբողջ սրտով, առանց վերապահումների կամ փոխզիջումների Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Եվ երբ Նրա և մեր սրտի վեհաշուք ուժերը առանց խոչընդոտի հանդիպում են, տեղի է ունենում հոգևոր, բարոյական ուժի իրական պայթյուն: Այդ ժամանակ, ինչպես գրել է Թեյլհարդ դը Շարդենը, «պատմության մեջ երկրորդ անգամ մարդը կրակ կհայտնաբերի»:17

Այդ ժամանակ և իսկապես միայն այդ ժամանակ է, որ մենք կարող ենք արդյունավետ պահել երկրորդ մեծ պատվիրանը՝ ոչ մակերեսային և ոչ առօրյա ձևով: Եթե մենք այնքան սիրենք Աստծուն, որ փորձենք լիովին հավատարիմ լինել Նրան, Նա մեզ կտա հնարավորություն, կարողություն, կամք և ճանապարհ՝ սիրելու մերձավորին և ինքներս մեզ: Գուցե այդ ժամանակ մենք կարողանանք կրկին ասել․ «անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»։18

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես աղոթում եմ, որ մենք հաջողության հասնենք այնտեղ, որտեղ հարուստ երիտասարդը թերացավ, որ մենք վերցնենք Քրիստոսի խաչը, որքան էլ այն պահանջկոտ լինի՝ անկախ խնդրից և անկախ ծախսերից: Ես վկայում եմ, որ երբ մենք պարտավորվում ենք հետևել Նրան, ճանապարհը, այս կամ այն կերպ, կանցնի փշե պսակի և հռոմեական խաչի ճանապարհով: Անկախ նրանից, թե որքան հարուստ էր մեր երիտասարդ իշխանը, նա չէր կարող վճարել խաչի ու գերեզմանի խորհրդանիշի՝ քավության համար, ոչ էլ մենք կարող ենք դա անել: Բոլոր հարստություններից մեծագույնի՝ հավերժական կյանքի պարգևը ստանալու օրհնության համար բավականին քիչ է, որ մեզանից խնդրում են շարունակել հետևել մեր դավանանքի Քահանայապետին, Առավոտյան աստղին, Բարեխոսին և Թագավորին: Ես, հին օրերի չճանաչված Ամաղեկի հետ, վկայում եմ, որ ամեն ոք պետք է ավելին անի՝ «[մեր] ողջ հոգին որպես ընծա նրան մատուցի»:19 Նման վճռական, անսասան նվիրվածությամբ մենք երգում ենք.

Գովք վեմին․ նրան կառչած եմ,

Քո փրկող սիրո վեմին…․

Սիրտս տես, քեզ նվիրում եմ,

Կնքիր այն քո վերին դատին։20

Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: