Գերագույն համաժողով
Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:24

Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին

Աստծո սերը մեր կյանքի հանգամանքներում չէ, այլ մեր կյանքում Նրա ներկայության մեջ է։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, արդյոք գիտե՞ք, թե ինչ լիակատար սիրով է ձեզ սիրում Աստված՝ մեր Երկնային Հայրը: Արդյոք զգացե՞լ եք Նրա սերը ձեր հոգու խորքում։

Երբ գիտես և հասկանում ես, որ լիակատար սիրով սիրված ես՝ որպես Աստծո զավակ, ամեն ինչ փոխվում է։ Փոխվում է վերաբերմունքդ քո նկատմամբ, երբ սխալվում ես: Փոխվում է զգացողությունդ, երբ պատահում են դժվարություններ։ Փոխվում է Աստծո պատվիրանների մասին քո մտածելակերպը։ Փոխվում է քո տեսակետը մարդկանց մասին և հասկանում ես, որ կարող ես ինչ-որ բան փոխել կյանքում։

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ասել է․ «Ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանն է՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, դա է առաջին մեծ պատվիրանը։ Սակայն ողջ հավերժության առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»։1

Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ իր հոգու խորքում իմանալ հավերժության այդ մեծ ճշմարտությունը:

Նեփի մարգարեն տեսիլքում տեսավ Աստծո սիրո ամենազորեղ ապացույցը: Կյանքի ծառը տեսնելով՝ Նեփին հարցրեց, թե ո՞րն է դրա մեկնաբանությունը: Ի պատասխան՝ հրեշտակը Նեփիին ցույց տվեց մի քաղաք, մի մոր ու մի մանկան: Երբ Նեփին նայում էր Նազարեթ քաղաքին և մանուկ Հիսուսին գրկած արդարակյաց մայր Մարիամին, հրեշտակը հայտարարեց. «Ահա Աստծո Գառը, այո, հիրավի, Հավերժական Հոր Որդին»:2

Այդ սուրբ պահին Նեփին հասկացավ, որ Փրկիչի ծնունդով Աստված դրսևորում էր Իր մաքուր և լիակատար սերը: Նեփին վկայեց, որ Աստծո սերը «տարածվում է ամենուր՝ մարդկանց զավակների սրտերում»:3

Կենաց ծառը

Մենք կարող ենք պատկերացնել Աստծո սերը՝ որպես կյանքի ծառից բխող լույս, որը տարածվում է դեպի ողջ աշխարհի մարդկանց սրտերը: Աստծո լույսն ու սերը Նրա բոլոր ստեղծագործությունների մեջ են:4

Երբեմն մենք սխալմամբ կարծում ենք, որ կարող ենք զգալ Աստծո սերը միայն այն բանից հետո, երբ երկաթյա ձողը բռնած առաջ կգնանք և կճաշակենք պտղից: Աստծո սերը, սակայն, ստանում են ոչ միայն մարդիկ, ովքեր գալիս են դեպի ծառը, այլ դա հենց այն ուժն է, որը մեզ դրդում է փնտրել այդ ծառը:

Նեփին ասաց՝ «Հետևաբար, [Աստծո սերը] ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի», և Հոգին բացականչեց՝ «Այո, և հոգու համար ամենաբերկրալին»։5

Քսան տարի առաջ մի ընտանիքում սիրված անդամներից մեկը հեռացավ Եկեղեցուց: Նա շատ անպատասխան հարցեր ուներ։ Նրա նորադարձ կինը հավատարիմ մնաց իր հավատքին։ Նրանցից ջանքեր պահանջվեցին, որպեսզի պահպանեին իրենց ամուսնությունը՝ առաջացած տարաձայնությունների պարագայում:

Անցյալ տարի ամուսինը գրեց Եկեղեցու վերաբերյալ երեք հարց այն թեմաների շուրջ, որոնց հետ իր համար դժվար էր հաշտվել, և դրանք ուղարկեց ամուսնական երկու զույգերի, ովքեր մի քանի տարի իր ընկերներն էին։ Նա խնդրեց նրանց խորհել այդ հարցերի շուրջ և հրավիրեց ճաշի, որպեսզի առիթ լիներ կիսվելու իրենց մտքերով:

Ընկերների այցից հետո նա գնաց իր սենյակ և սկսեց աշխատել մի նախագծի վրա: Երեկոյան զրույցն ու այն սերը, որ ընկերները ցույց տվեցին նրա նկատմամբ, գերակայում էին նրա մտքերի շարանում։ Ավելի ուշ նա գրել էր, որ ստիպված էր դադարեցնել աշխատանքը։ Նա ասել է․ «Հոգիս լուսավորվեց պայծառ լույսով։ … Ինձ ծանոթ էր լուսավորության այդ խորը զգացումը, բայց այս դեպքում այն շարունակեց ուժեղանալ և տևեց մի քանի րոպե: Ես հանգիստ նստած էի՝ տարված այդ զգացումով, որը ես հասկացա, որ Աստծո սիրո դրսևորումն էր իմ նկատմամբ։ … Ես զգացի հոգևոր ներգործություն, որն ինձ հուշեց, որ կարող եմ վերադառնալ եկեղեցի և Աստծո այդ սերը տարածել Եկեղեցում իմ անելիքների միջոցով»:

Այնուհետև նա սկսեց խորհել իր հարցերի շուրջ։ Եվ այնպիսի զգացում ունեցավ, որ Աստված հարգում է իր այդ հարցերը, և որ հստակ պատասխաններ չունենալը չպետք է խանգարի իրեն առաջ շարժվել:6 Շարունակելով խորհել՝ նա հասկանում էր, որ պետք է Աստծո սիրով կիսվեր բոլորի հետ։ Գործելով համաձայն այդ ներգործության՝ նա ընդհանրություն զգաց իր և Ջոզեֆ Սմիթի միջև, ով իր Առաջին Տեսիլքից հետո ասել էր. «Իմ հոգին լցվեց սիրով և երկար ժամանակ ես շատ ուրախ էի»։7

Հատկանշական է, որ մի քանի ամիս անց այս ընտանիքի անդամը ստացավ նույն կոչումը, որն ուներ 20 տարի առաջ: Առաջին անգամ, երբ նա ուներ այդ կոչումը, նա կատարում էր իր պարտականությունները` որպես Եկեղեցու պարտաճանաչ անդամ: Այս անգամ նրա առջև հարց չէր կանգնած, թե «ինչպե՞ս ծառայել այս կոչման մեջ», այլ՝ «ինչպե՞ս Աստծո սերը ցույց տալ ծառայության միջոցով»: Այս նոր մոտեցմամբ նա զգաց ուրախություն, իմաստ և նպատակ՝ իր կոչման բոլոր դրսևորումներում:

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, մենք ինչպե՞ս կարող ենք ստանալ Աստծո սիրո փոխակերպող ուժը: Մարգարե Մորմոնը այսպիսի հրավեր է հղում մեզ՝ «Աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են»։8 Մորմոնը հրավիրում է մեզ աղոթել ոչ միայն այն բանի համար, որ Աստծո սիրով լցվենք մարդկանց հանդեպ, այլև՝ որ կարողանանք իմանալ, թե ինչպիսին է Աստծո մաքուր սերը մեր հանդեպ։9

Երբ ստանում ենք Նրա սերը, մենք ավելի մեծ ուրախություն ենք գտնում Նրա նման սիրելու և ծառայելու մեջ՝ դառնալով «Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները»:10

Աստծո սերը մեր կյանքի հանգամանքներում չէ, այլ մեր կյանքում Նրա ներկայության մեջ է։ Մենք իմանում ենք Նրա սիրո մասին, երբ ուժ ենք ստանում մեր ուժերից վեր, և երբ Նրա Հոգին բերում է խաղաղություն, մխիթարություն և ուղղություն է տալիս: Երբեմն դժվար է զգալ Նրա սերը: Մենք կարող ենք աղոթել, որպեսզի մեր աչքերը բացվեն և տեսնենք Աստծո ձեռքը մեր կյանքում և Նրա սերը՝ Նրա ստեղծագործությունների գեղեցկության մեջ:

Երբ խորհում ենք Փրկիչի կյանքի և Նրա անսահման զոհաբերության մասին, մենք սկսում ենք հասկանալ Նրա սերը մեր հանդեպ: Մենք ակնածանքով երգում ենք Էլիզա Ռ․ Սնոուի խոսքերով գրված երգը․ «Կյանքն իր տվեց Նա կամավոր, Եվ արյունն իր անգին»։11 Մեզ համար տառապած Հիսուսի հեզությունը կիջնի մեր հոգիների վրա՝ բացելով մեր սրտերը՝ Նրանից ներում խնդրելու համար, լցնելով մեզ ցանկությամբ, որ ապրենք այնպես, ինչպես Նա է ապրել:12

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը գրել է․ «Որքան ավելի շատ ենք ձգտում կերտել մեր կյանքը Նրա օրինակով, այնքան մեր սերն ավելի մաքուր և աստվածային է դառնում»։13

Մեր որդին պատմել է հետևյալը․ «Երբ ես 11 տարեկան էի, ես և իմ ընկերները որոշեցինք թաքնվել մեր ուսուցչից և բաց թողնել մեր Երեխաների միության դասի առաջին կեսը: Երբ մենք վերջապես դասարան մտանք, շատ զարմացանք, քանի որ մեր ուսուցիչը ջերմ ողջունեց մեզ։ Ապա նա սրտանց աղոթեց՝ անկեղծ երախտագիտություն հայտնելով Տիրոջը, որ մենք մեր ազատ կամքով որոշել ենք այդ օրը դասի գալ: Ես չեմ կարող հիշել, թե ինչի մասին էր դասը, կամ նույնիսկ մեր ուսուցչի անունը, բայց այժմ՝ մոտ 30 տարի անց, ես դեռ հուզված եմ այն մաքուր սիրուց, որ նա ցուցաբերեց այդ օրը իմ նկատմամբ»:

Հինգ տարի առաջ ես ականատես եղա աստվածային սիրո մի օրինակի, երբ Ռուսաստանում ներկա էի Երեխաների միության դասին։ Ես տեսա մի հավատարիմ քրոջ, ով ծնկի եկավ երկու երեխաների առջև և վկայեց նրանց, որ եթե նույնիսկ նրանք երկրի միակ բնակիչները լինեին, միևնույնն է՝ Հիսուսը կտառապեր և կմահանար հենց նրանց համար:

Ես վկայում եմ, որ մեր Տերն ու Փրկիչը իրոք մահացել է յուրաքանչյուրիս համար: Դա Նրա անսահման սիրո արտահայտությունն էր մեր և Իր Հոր նկատմամբ:

«Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ, Որից ցնծում է իմ հոգին: … Ապրում է, որ [մեզ] սիրով օրհնի»:14

Եկեք բացենք մեր սրտերն՝ ընդունելով այն մաքուր սերը, որ Աստված ունի մեզ համար, այնուհետև Նրա սերը տարածենք մեր բոլոր գործերի հետ և մեր էությամբ։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու», Լիահոնա, մայիս 2016, 127:

  2. 1 Նեփի 11․21։

  3. 1 Նեփի 11.22, շեշտադրումն ավելացված է:

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 88․13:

  5. 1 Նեփի 11.22, 23:

  6. Տես 1 Նեփի 11.17։

  7. Joseph Smith, in Karen Lynn Davidson and others, eds., The Joseph Smith Papers, Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844 (2012), 13; punctuation and capitalization modernized.

  8. Մորոնի 7.48:

  9. Տես Նիլ Ֆ. Մարիոթ, «Մնալ Աստծո հետ և վերանորոգել ճեղքվածքը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 11․ «Հավանաբար մեր կյանքը սիրառատ նախաերկրային կյանքում մեզ մոտ ստեղծել է ճշմարիտ, հարատև սիրո ձգտում՝ այստեղ երկրի վրա: Մենք աստվածայնորեն նախատեսված ենք սեր տալու և սիրվելու համար, իսկ ամենախորը սերը գալիս է, երբ մենք մեկ ենք Աստծո հետ»:

  10. Մորոնի 7.48:

  11. «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը», Հիմներ և մանկական երգեր, էջ 19:

  12. Տես Լինդա Ս. Ռիվզ, «Արժանի՝ մեզ խոստացված օրհնություններին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 11․ «Ես հավատում եմ, որ եթե մենք կարողանանք ամեն օր հիշել և ճանաչել սիրո այն խորությունը, որ Երկնային Հայրը և մեր Փրկիչն ունեն մեր հանդեպ, մենք պատրաստակամ կանենք ամեն բան, որ Նրանք կխնդրեն՝ Նրանց ներկայություն կրկին վերադառնալու համար՝ հավերժ շրջապատված Նրանց սիրով»:

  13. Russell M. Nelson, “Divine Love,” Liahona, Feb. 2003, 17։

  14. «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, համ․ 38։