Ամրապնդել մեր դարձն առ Հիսուս Քրիստոսը
Սուրբ գրությունները և Աստծո մասին մեր գիտելիքները պարգևներ են. պարգևներ, որոնք մենք հաճախ չենք գնահատում։ Եկեք փայփայենք այս օրհնությունները:
Երե՛ց Նիլսոն, շնորհակալություն ձեր գեղեցիկ ելույթի համար։ Մենք դրա կարիքն ունեինք։
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ վերջերս սովորեցրել է․ «Որևէ բան լավ անելու համար ջանքեր են պահանջվում։ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ դառնալու համար նույնպես ջանքեր են պահանջվում։ Ձեր հավատքը մեծացնելու և Նրան վստահելու համար ջանքեր են պահանջվում»։ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը մեծացնելու համար մեզ տրված առաջարկություններից մեկն այն է, որ մենք դառնանք ներգրավված սովորողներ, ընկղմվենք սուրբ գրքերի մեջ՝ ավելի լավ հասկանալով Քրիստոսի առաքելությունն ու ծառայությունը: (Տես «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․։)
Մորմոնի Գրքում մենք սովորում ենք, որ սուրբ գրությունները Լեքիի ընտանիքում կարևոր էին՝ այնքան կարևոր, որ Նեփին և նրա եղբայրները վերադարձան Երուսաղեմ արույրե թիթեղները ձեռք բերելու համար (տես 1 Նեփի 5․11-4)։
Սուրբ գրությունները հայտնում են Աստծո կամքը մեզ համար այնպես, ինչպես Լիահոնան հայտնեց Նեփիի և նրա հոր համար: Աղեղը կոտրելուց հետո Նեփին պետք է իմանար, թե ուր պետք է գնա սնունդ ձեռք բերելու համար: Նրա հայրը՝ Լեքին, նայեց Լիահոնային և տեսավ այն, ինչ գրված էր: Նեփին տեսավ, որ սլաքները գործում են ըստ իրենց տրված հավատի, աշխատասիրության և ուշադրության: Նա նաև տեսավ գրություն, որը հեշտ էր կարդալ, և որը նրանց հասկացողություն տվեց Տիրոջ ճանապարհների վերաբերյալ: Նա հասկացավ, որ Տերը մեծ բաներ է իրականացնում փոքր միջոցներով: Նա հնազանդ հետևում էր Լիահոնայի ցույց տված ուղղությանը: Նա բարձրացավ սարը և սնունդ ձեռք բերեց իր ընտանիքի համար, որը շատ էր տառապել սնունդի բացակայությունից։ (Տես 1 Նեփի 16.23-31):
Կարծում եմ, որ Նեփին սուրբ գրություններին նվիրված ուսանող էր: Մենք կարդում ենք, որ Նեփին հրճվում էր սուրբ գրություններով, խորհում դրանց մասին իր սրտում և գրում էր դրանց վրա՝ իր զավակների ուսման և օգտի համար (տես 2 Նեփի 4.15–16):
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է.
«Եթե մենք առաջ մղվե[ն]ք՝ սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերե[ն]ք մինչև վերջ, … [մենք] կունենա[ն]ք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):
Սնվել նշանակում է ավելին, քան համտես անել: Սնվել նշանակում է վայելել: Մենք վայելում ենք սուրբ գրությունները, երբ ուսումնասիրում ենք դրանք հիանալի հայտնագործությունների և հավատարիմ հնազանդության հոգով: Երբ մենք սնվում ենք Քրիստոսի խոսքերով, դրանք փորագրվում են «սրտի մարմնեղեն տախտակների վրա» [Բ Կորնթացիս 3.3]: Դրանք դառնում են մեր էության անբաժանելի մասը» (“Living by Scriptural Guidance,” Liahona, Jan. 2001)։
Մենք ի՞նչ կանեինք, եթե մեր հոգին հրճվեր սուրբ գրություններով
Վարագույրի երկու կողմերում Իսրայելը հավաքելու գործում մասնակցելու մեր ցանկությունը կմեծանա: Մեզ համար սովորական և բնական կլինի հրավիրել մեր ընտանիքի անդամներին և ընկերներին՝ լսելու միսիոներներին: Մենք արժանի կլինենք և կունենանք տաճարային գործող երաշխավորագիր, որպեսզի ավելի հաճախ տաճար գնանք: Մենք կաշխատենք գտնել, պատրաստել և տաճար ուղարկել մեր նախնիների անունները: Մենք հավատարմությամբ կպահենք Հանգստության օրը, երբ ամեն կիրակի հաճախենք եկեղեցի՝ Տիրոջ հետ մեր ուխտերը թարմացնելու համար, և արժանավորությամբ ճաշակենք հաղորդությունը։ Մենք կորոշենք մնալ ուխտի ուղու վրա՝ ապրելով Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով (տես Վարդապետություն և Ուխտեր 84.44):
Ի՞նչ է նշանակում ձեզ համար՝ հրճվել Տիրոջ բաներով
Սուրբ գրություններում հրճվելն ավելին է, քան գիտության հանդեպ քաղց ու ծարավ զգալը: Նեփին մեծ ուրախություն ճաշակեց իր կյանքում: Այնուամենայնիվ, նա նույնպես բախվեց դժվարությունների և տխրության (տես 2 Նեփի 4.12–13): «Այնուամենայնիվ, - ասաց նա, - ես գիտեմ՝ ում եմ ապավինել» (2 Նեփի 4.19): Սուրբ գրություններն ուսումնասիրելիս մենք ավելի լավ կհասկանանք Աստծո փրկության և վեհացման ծրագիրը և կվստահենք այն խոստումներին, որոնք Նա տվել է մեզ սուրբ գրություններում, ինչպես նաև կվստահենք ժամանակակից մարգարեների խոստումներին և օրհնություններին:
Մի օր ինձ ու կնոջս հրավիրեցին ընկերներից մեկի տուն: Նրանց յոթ տարեկան որդին՝ Դավիթը, երբեք չէր լսել Դավիթի և Գողիաթի աստվածաշնչյան պատմությունը, և ցանկանում էր լսել այն: Երբ ես սկսեցի պատմել պատմությունը, նա հուզվեց նրանից, թե ինչպես Դավիթը, իր հավատքով և Իսրայելի Աստծո անունով, պարսատիկով և քարով խոցեց ու սպանեց փղշտացուն՝ ձեռքին չունենալով ոչ մի սուր (տես Ա Թագավորաց 17):
Նայելով ինձ իր մեծ մուգ աչքերով՝ նա վճռականորեն հարցրեց. «Ո՞վ է Աստված»: Ես բացատրեցի նրան, որ Աստված մեր Երկնային Հայրն է, և Նրա մասին մենք սովորում ենք սուրբ գրություններում:
Հետո նա ինձ հարցրեց. «Ի՞նչ են սուրբ գրությունները»: Ես ասացի նրան, որ սուրբ գրություններն Աստծո խոսքն են, և դրանց մեջ նա կգտնի գեղեցիկ պատմություններ, որոնք կօգնեն նրան ավելի լավ ճանաչել Աստծուն: Նրա մայրիկին ես խնդրեցի օգտագործել Աստվածաշունչը, որ նա ուներ իր տանը, և թույլ տա Դավիթին քնել՝ ամբողջ պատմությունը կարդալուց հետո: Դավիթը հրճվեց՝ լսելով դա։ Սուրբ գրությունները և Աստծո մասին մեր գիտելիքները պարգևներ են. պարգևներ, որոնք մենք հաճախ չենք գնահատում։ Եկեք փայփայենք այս օրհնությունները:
Երիտասարդ տարիքում միսիա ծառայելիս ես նկատեցի, որ երբ սուրբ գրությունների միջոցով ուսուցանում էինք, շատերի կյանքն էր փոխվում: Ես իմացա դրանց մեջ եղած զորության և այն մասին, թե դրանք ինչպես կարող են փոխել մեր կյանքը: Ամեն մեկը, ում մենք ուսուցանում էինք վերականգնված ավետարանը, եզակի անհատ էր՝ տարբեր կարիքներով հանդերձ: Սուրբ գրությունները՝ սուրբ մարգարեների կողմից գրված մարգարեությունները, այդ մարդկանց բերեցին դեպի Տիրոջ հավատը, հանգեցրին ապաշխարության և փոխեցին նրանց սրտերը:
Սուրբ գրությունները լցրեցին այդ մարդկանց սրտերն ուրախությամբ, երբ նրանք ստացան ոգեշնչում, ուղղորդում, մխիթարություն, ուժ և իրենց կարիքների պատասխանները: Նրանցից շատերը որոշեցին փոփոխություններ կատարել իրենց կյանքում և սկսեցին պահել Աստծո պատվիրանները:
Նեփին մեզ քաջալերում է հրճվել Քրիստոսի խոսքերով, քանի որ Քրիստոսի խոսքերը կասեն մեզ այն ամենը, ինչ մենք պետք է անենք (տես 2 Նեփի 32.3):
Ես հրավիրում եմ ձեզ ունենալ սուրբ գրություններն ուսումնասիրելու մշտական ծրագիր: Եկ, հետևիր ինձ ծրագիրը հրաշալի նյութ է, որի միջոցով մենք ուսուցանում և սովորում ենք ավետարանը, խորացնում ենք մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և նմանվում ենք Նրան: Երբ ուսումնասիրում ենք ավետարանը, մենք պարզապես նոր տեղեկություններ չենք փնտրում, այլ ավելի շուտ ձգտում ենք դառնալ «նոր ստեղծուած» (Բ Կորնթացիս 5.17):
Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի ճշմարտություն և վկայում մեզ ճշմարտության մասին (տես Հովհաննես 16.13): Աստծո հայտնության միջոցով, որն աղբյուրն է բոլոր ճշմարտության, այն լուսավորում է մեր միտքը, վերականգնում է մեր հասկացողությունը և դիպչում մեր սրտերին: Սուրբ Հոգին մաքրում է մեր սրտերը: Նա ոգեշնչում է մեզ ճշմարտությամբ ապրելու ցանկությամբ և շշնջում է մեզ դրանով ապրելու ուղիները: «Սուրբ Հոգին … կ’սովորեցնէ ձեզ ամեն ինչ» (Հովհաննես 14.26):
Խոսելով այն բառերի մասին, որոնք Նա հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, մեր Փրկիչն ասել է.
«Այս խոսքերը ոչ մարդկանցից են, ոչ էլ մարդուց, այլ ինձանից. …
Իմ ձայնն է, որ ասում է [այս խոսքերը] ձեզ․ քանզի դրանք իմ Հոգով են տրված ձեզ … ․
Ուստի, դուք կարող եք վկայել, որ լսել եք իմ ձայնը և գիտեք իմ խոսքերը» (Վարդապետություն և Ուխտեր 18․35–36)։
Մենք պետք է փնտրենք Սուրբ Հոգու ընկերակցությունը: Այս նպատակը պետք է գերիշխի մեր որոշումներում, ուղղորդի մեր մտքերն ու գործողությունները: Մենք պիտի ձգտենք այն ամենին, ինչը հրավիրում է Հոգու ազդեցությունը և մերժենք այն ամենը, ինչը հեռացնում է այդ ազդեցությունը։
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Երկնային Հոր սիրելի Որդին է: Ես սիրում եմ իմ Փրկիչին։ Ես երախտապարտ եմ Նրա սուրբ գրությունների և Նրա ապրող մարգարեների համար: Նախագահ Նելսոնը Նրա՛ մարգարեն է։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։