Գերագույն համաժողով
Բարձր պահեք ձեր լույսը
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:28

Բարձր պահեք ձեր լույսը

Այսօրվա իմ հրավերը պարզ է. կիսվեք ավետարանով: Պահեք ձեր ինքնությունը և բարձր պահեք լույսը։

Մի քանի տարի առաջ, երբ ուղևորվում էի Պերու, ես նստել էի մի ինքնահռչակ աթեիստի կողքին։ Նա հարցրեց ինձ, թե ինչու եմ ես հավատում Աստծուն: Այդ սիրալիր զրույցի ընթացքում ես նրան ասացի, որ հավատում եմ Աստծուն, քանի որ Ջոզեֆ Սմիթը տեսավ Նրան, իսկ հետո ավելացրի, որ Աստծո մասին իմ գիտելիքը գալիս էր անձնական, իրական հոգևոր փորձառությունից: Ես կիսվեցի իմ համոզմունքով, որ «բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված»1 և հարցրի, թե նրա կարծիքով, ինչպես է գոյացել Երկիրը՝ կյանքի այս օազիսը, տիեզերքի վակուումում: Նա պատասխանեց, որ, ըստ իր խոսքերի, «պատահարը» կարող էր տեղի ունենալ դարերի ընթացքում: Երբ ես բացատրեցի, թե որքան անհավանական կլիներ, որ «պատահարի» դեպքում նման գեղեցկություն և կարգուկանոն հաստատվեր, նա որոշ ժամանակ լռեց, իսկ հետո բարեսիրտ ձայնով ասաց. «Դուք ինձ համոզեցիք»: Ես հարցրի՝ արդյոք նա կկարդա՞ Մորմոնի Գիրքը: Նա ասաց, որ կկարդա, ուստի ես նրան ուղարկեցի գրքի մեկ օրինակ:

Տարիներ անց, Նիգերիայի Լագոս քաղաքի օդանավակայանում գտնվելիս, ես մի նոր ընկեր ձեռք բերեցի: Մենք ծանոթացանք, երբ նա ստուգեց իմ անձնագիրը: Ես նրան հարցրի իր կրոնական համոզմունքների մասին, և նա ուժեղ հավատք դրսևորեց Աստծո հանդեպ: Ես կիսվեցի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուրախությամբ ու կենսունակությամբ և հարցրի՝ արդյոք նա կցանկանա ավելին իմանալ միսիոներներից: Նա դրական պատասխան տվեց, որից հետո ուսուցանվեց և մկրտվեց: Մեկ-երկու տարի անց, երբ քայլում էի Լիբերիայի օդանավակայանում, լսեցի, որ մեկը իմ անունն էր տալիս։ Ես շրջվեցի, և այդ նույն երիտասարդը լայն ժպիտով մոտեցավ ինձ: Մենք ուրախությամբ գրկախառնվեցինք, և նա ինձ ասաց, որ ինքը ակտիվ էր Եկեղեցում և աշխատում է միսիոներների հետ՝ ուսուցանելով իր ընկերուհուն:

Ես չգիտեմ այժմ՝ արդյոք իմ աթեիստ ընկերը երբևէ կարդաց Մորմոնի Գիրքը, կամ արդյոք նա միացավ Եկեղեցուն: Երկրորդ ընկերս միացավ Եկեղեցուն։ Երկուսի համար էլ իմ պատասխանատվությունը՝2 իմ հնարավորությունը, նույնն էր. բարձր պահել ավետարանի լույսը՝ սիրել, կիսվել և հրավիրել նրանց սովորական, բնական եղանակներով:3

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես զգացել եմ ավետարանով կիսվելու օրհնությունները, և դրանք ուշագրավ են: Ահա մի քանի օրինակներ․

Ավետարանով կիսվելը բերում է ուրախություն և հույս

Հասկանո՞ւմ եք, ես գիտեմ և դուք գիտեք, որ նախքան այս երկիր գալը մենք ապրել ենք մեր երկնային ծնողների հետ՝ որպես նրանց զավակներ,4 և որ երկիրը ստեղծվել է այն նպատակով, որ բոլոր մարդիկ հնարավորություն ունենան ձեռք բերել մարմին և փորձառություն, սովորեն և աճեն՝ ստանալով հավերժական կյանք, որն Աստծո կյանքն է։5 Երկնային Հայրը գիտեր, որ մենք տառապելու ենք և մեղք ենք գործելու երկրի վրա, ուստի Նա ուղարկեց Իր Որդուն, ում «անզուգական կյանքը» 6 և անսահման քավիչ զոհաբերությունը7 թույլ տվեց մեզ ներվել, բուժվել և փրկվել։8

Այս ճշմարտությունները փոխում են կյանքը: Երբ մարդը սովորում է կյանքի փառահեղ նպատակը, հասկանում է, որ Քրիստոսը ներում և սատարում է Իր հետևորդներին, իսկ հետո մտնելով մկրտության ջրերը, հետևում է Քրիստոսին, կյանքը փոխվում է դեպի լավը, նույնիսկ, երբ կյանքի արտաքին հանգամանքները չեն փոխվում դեպի լավը։

Մի պայծառ երջանիկ քույր, որին ես հանդիպեցի Նիգերիայի Օնիցա քաղաքում, ինձ ասաց, որ այն պահից, երբ նա սովորեց ավետարանը և մկրտվեց (այժմ կօգտագործեմ նրա խոսքերը). «Ամեն ինչ լավ է ինձ համար։ Ես երջանիկ եմ: Ես երկնքում եմ»։9 Ավետարանով կիսվելը ուրախություն և հույս է առաջացնում ինչպես տվողի, այնպես էլ ստացողի հոգում: Իսկապես, «որքան մեծ կլինի ձեր ուրախությունը», 10 երբ դուք կիսվեք ավետարանով։ Ավետարանով կիսվելը ավելացնում է գոյություն ունեցող ուրախությունը և ավելացնում է գոյություն ունեցող հույսը։11

Կիսվելով Ավետարանով՝ մեր կյանք ենք հրավիրում Աստծո զորությունը

Երբ մկրտվել ենք, մեզանից յուրաքանչյուրը հավիտենական12 ուխտ է կապել Աստծո հետ՝ «ծառայել Նրան և պահել նրա պատվիրանները»,13 որը ներառում է՝ կանգնել որպես Նրա վկաներ «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»։14 Երբ պահելով այս ուխտը՝ մենք «մնանք» Նրա մեջ, աստվածայնության կենդանացնող, պահպանող, սրբագործող զորությունը մեր կյանք կհոսի Քրիստոսից, ինչպես ճյուղը սնվում է որթատունկից:15

Ավետարանով կիսվելը պաշտպանում է մեզ գայթակղությունից

Տերը պատվիրել է.

«Բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս։ …

… Ես պատվիրեցի, … որ դուք գաք ինձ մոտ, որպեսզի կարողանաք շոշափել և տեսնել. ճիշտ նույնպես դուք պիտի անեք աշխարհին. և ով որ խախտում է այս պատվիրանը, թույլ է տալիս իրեն գայթակղության տարվելու»։16

Երբ մենք բարձր չենք պահում ավետարանի լույսը, մենք տեղափոխվում ենք ստվերների տակ, որտեղ ենթարկվում ենք գայթակղությունների: Կարևոր է իմանալ, որ հակառակը նույնպես ճիշտ է. բարձր պահելով ավետարանի լույսը, մենք ավելի շատ ենք մոտենում այդ լույսին և պաշտպանվում ենք գայթակղությունից: Դա մեծ օրհնություն է այսօրվա աշխարհում:

Ավետարանով կիսվելը բժշկում է

Չնայած անձնական մաքառումներին, ներառյալ հավատքի վերաբերյալ կասկածները, քույր Թիֆանի Միլոանը ընդունեց միսիոներներին աջակցելու հրավերը։ Նա վերջերս ասաց ինձ, որ աջակցելով միսիոներներին, նորոգել է իր հավատն ու ինքնազգացողությունը: Նա ասել է, որ «միսիոներական աշխատանքը բժշկում է»։17

Ուրախություն։ Հույս։ Պահպանող զորություն Աստծուց։ Պաշտպանություն գայթակղությունից։ Բժշկում։ Այս ամենը և ավելին (ներառյալ ներում մեղքերից)15 իջնում են մեզ վրա, երբ կիսվում ենք ավետարանով:

Այժմ՝ խոսենք մեր մեծ հնարավորությունից

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, շատերը կան «… բոլոր աղանդների, խմբակցությունների և դավանանքների մեջ, … որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն՝ որտեղ գտնեն այն»։19 Մեր լույսը բարձր պահելու անհրաժեշտությունը երբեք ավելի մեծ չի եղել ողջ մարդկության պատմության ընթացքում: Իսկ ճշմարտությունը երբեք այդքան հասանելի չի եղել:

Ջիմի Տոնի վրա, ով բուդդայական էր, տպավորություն էր թողել մի ընտանիք, որն իր կյանքով կիսվել էր YouTube-ում: Երբ նա իմացավ, որ նրանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ են, ինքնուրույն ուսումնասիրեց ավետարանն առցանց, հավելվածի միջոցով կարդաց Մորմոնի Գիրքը և մկրտվեց՝ համալսարանում միսիոներների հետ հանդիպումից հետո:20 Երեց Տոնը այժմ լիաժամկետ միսիոներ է:

Նա և իր զուգընկեր միսիոներները Տիրոջ աշխարհասփյուռ գումարտակն են, որ մեջբերում եմ մարգարեի խոսքերից:21 Այս միսիոներները փոխում են աշխարհիկ միտումները. թեպետ հարցումները բացահայտում են, որ 2000-ականների սերունդը հեռանում է Աստծուց,22 մեր պատանի զինվորները՝23 երեցներն ու քույրերը, մարդկանց դարձնում են դեպի Աստված: Իսկ Եկեղեցու շատացող անդամներն օգնում են միսիոներներին կիսվել ավետարանով՝ օգնելով ավելի ու ավելի շատ ընկերների գալ Քրիստոսի մոտ և Նրա Եկեղեցին:

Մեր Վերջին Օրերի Սրբերը Լիբերիայում օգնեցին 507 ընկերների մտնել մկրտության ջրերն այն 10 ամիսների ընթացքում, երբ իրենց երկրում լիաժամկետ միսիոներներ չէին ծառայում: Երբ այդ երկրի մեր ցցերից մեկի հրաշալի նախագահներից մեկը լսեց, որ լիաժամկետ միսիոներները կարող են վերադառնալ, նա ասաց. «Լավ, հիմա նրանք կարող են օգնել մեզ մեր գործում»:

Նա ճիշտ է․ Իսրայելի հավաքումը՝ մեծագույն նպատակը երկրի վրա24, մեր ուխտյալ պարտականությունն է: Եվ սա մեր ժամանակն է: Այսօրվա իմ հրավերը պարզ է. կիսվեք ավետարանով: Պահեք ձեր ինքնությունը և բարձր պահեք լույսը։ Աղոթեք երկնքի օգնության համար և հետևեք հոգևոր հուշումներին: Կիսվեք ձեր կյանքով նորմալ և բնական ձևերով, և հրավիրեք մեկ այլ մարդու գալ և տեսնել, գալ և օգնել, գալ և պատկանել:25 Իսկ հետո ուրախացեք, երբ դուք և նրանք, ում սիրում եք, ստանում են խոստացված օրհնությունները:

Ես գիտեմ, որ Քրիստոսում այս ավետիքը քարոզվում է հեզերին. Քրիստոսում են կապյալներն արձակում ստանում, Քրիստոսում է գերիներին ազատություն հայտարարվում, և Քրիստոսում, միայն Քրիստոսում է սգավորներին ուրախություն տրվում մոխրի տեղ:26 Ուստի, որքա՜ն մեծ է այս բաները հայտնի դարձնելու կարևորությունը։27

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր զորագլուխն ու կատարողն է։28 Նա կկատարի, Նա կավարտի ավետարանի լույսը բարձր պահելու մեր հավատքի գործադրումը, որքան էլ այն անկատար լինի: Նա հրաշքներ կգործի մեր կյանքում և այն բոլոր մարդկանց կյանքում, ում Նա հավաքում է, քանի որ Նա հրաշքների Աստված է:29 Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով, ամեն: