Գերագույն համաժողով
Դարձրեք Քրիստոսին ձեր կյանքի պատմության հեղինակը
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:8

Դարձրեք Քրիստոսին ձեր կյանքի պատմության հեղինակը

Թող ձեր պատմությունը լինի հավատքի պատմություն, որտեղ դուք հետևում եք ձեր օրինակին՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Ելույթս սկսում եմ՝ տալով մի քանի հարց, որ ձեր մտքում խորհեք.

  • Ինչպիսի՞ն է ձեր կյանքի պատմությունը, որը դուք գրում եք։

  • Արդյո՞ք ձեր պատմության ճանապարհն ուղիղ է:

  • Արդյո՞ք ձեր պատմությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվել է՝ ձեր երկնային տանը:

  • Ձեր պատմության մեջ կա՞ օրինակելի անձ, և արդյո՞ք դա Փրկիչ Հիսուս Քրիստոսն է:

Ես վկայում եմ, որ Փրկիչը «մեր հավատքի հեղինակն ու ամբողջացնողն է»:1 Դուք կդարձնե՞ք Նրան ձեր պատմության հեղինակն ու ամբողջացնողը:

Նա գիտի սկիզբն ու վերջը։ Նա էր երկնքի և երկրի Արարիչը: Նա ցանկանում է, որ մենք տուն վերադառնանք՝ Իր և մեր Երկնային Հոր մոտ: Նա ամեն ինչ արել է մեզ համար և ցանկանում է, որ մենք հաջողենք:

Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում, որ մեր պատմությունը Նրան հանձնենք:

Թերևս այս համեմատականը կօգնի ձեզ ինքնագնահատման գործընթացում։

Փորձառու փաստաբանը գիտի, որ խաչաձև հարցաքննության ժամանակ պետք չէ այնպիսի հարց տալ վկային, որի պատասխանը դուք չգիտեք։ Այդպիսի հարց տալով՝ դուք հրավիրում եք վկային ասել ձեզ, դատավորին և ատենակալներին մի բան, որի մասին դուք այդ պահին չգիտեք: Դուք կարող եք ստանալ այնպիսի պատասխան, որը ձեզ անակնկալի կբերի և հակասություն կառաջացնի գործի վերաբերյալ ձեր մշակած պատմության հետ։

Վկային այդպիսի հարց տալը, որի պատասխանը դուք չգիտեք, ընդհանուր առմամբ, խելամիտ չէ փաստաբանի դեպքում, սակայն՝ ճիշտ հակառակն է մեր դեպքում: Մենք կարող ենք հարցեր տալ մեզ սիրող Երկնային Հորը՝ մեր բարեգութ Փրկիչի անունով, և մեր վկան, որ պատասխանում է մեր հարցերին, Սուրբ Հոգին է, որը միշտ վկայում է ճշմարտության մասին:2 Քանի որ Սուրբ Հոգին կատարյալ միասնությամբ է գործում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, մենք գիտենք, որ Սուրբ Հոգու դրսևորումները հուսալի են: Այդ դեպքում, ինչո՞ւ ենք երբեմն դիմադրում և չենք խնդրում այդպիսի երկնային օգնություն՝ ճշմարտությունն իմանալու համար, որը մեզ Սուրբ Հոգին է բացահայտում: Ինչու՞ ենք մենք հապաղում որևէ հարց տալ, որի պատասխանը չգիտենք, երբ վկան ոչ միայն ընկերասեր է, այլև միշտ կասի ճշմարտությունը:

Գուցե այն պատճառով, որ մենք հավատք չունենք ընդունելու այն պատասխանը, որը կարող ենք ստանալ: Գուցե պատճառն այն է, որ մեր մեջ եղած բնական տղամարդը կամ կինը դիմադրում են այն բանին, որ կյանքի գործերն ամբողջությամբ շրջեն դեպի Տերը և անմնացորդ վստահեն Նրան։ Հնարավոր է՝ դա է պատճառը, որ մենք նախընտրում ենք կառչել մեր գրած պատմությունից՝ հարմարավետ տարբերակից, որը չի խմբագրվել Վարպետ-Հեղինակի կողմից։ Մենք չենք ուզում հարց տալ և ստանալ պատասխան, որը հարմար չի տեղավորվում այն պատմության մեջ, որը մենք գրում ենք մեզ համար:

Անկեղծ ասած, մեզանից քչերը, երևի, մեր պատմությունների մեջ կգրեին այն փորձությունների մասին, որոնք մեզ մաքրագործում են: Մի՞թե մենք չենք սիրում մեր կարդացած գրքի փառահեղ վերջաբանը, երբ գլխավոր հերոսը հաղթում է պայքարում: Փորձությունները սյուժեի այն տարրերն են, որոնք մեր սիրելի պատմությունները դարձնում են գրավիչ, միշտ պահանջված, հավատ խթանող և արժանի՝ պատմելու: Մեր պատմություններում գրված պայքարի գեղեցիկ ընթացքն է, որ մեզ ավելի է մոտեցնում Փրկիչին և մաքրագործում՝ Նրան ավելի նման դարձնելով:

Որպեսզի Դավիթը հաղթեր Գողիաթին, նա պետք է ընդուներ հսկայի մարտահրավերը: Դավիթի համար հարմարավետ պատմություն կլիներ ոչխարներին պահելու գործին վերադառնալը: Բայց դրա փոխարեն, նա հիշեց առյուծից և արջից գառներին փրկելու իր փորձը: Ելնելով այդ հերոսական սխրանքների փորձից՝ նա գործադրեց հավատ և քաջություն, թույլ տալով Աստծուն գրել իր պատմությունը, հայտարարելով. «Եհովան որ առիւծի եւ արջի ձեռքից ինձ ազատեց, այս Փղշտացիի ձեռքիցն էլ կ’ազատէ»:3 Ցանկանալով, որ Աստված տնօրինի, լսելով Սուրբ Հոգուն և դարձնելով Փրկիչին իր պատմության հեղինակն ու ամբողջացնողը, պատանի Դավիթը հաղթեց Գողիաթին և փրկեց իր ժողովրդին:

Ազատ կամքի վեհ սկզբունքը, անշուշտ, թույլ է տալիս մեզ գրել մեր պատմությունը։ Դավիթը կարող էր տուն գնալ և վերադառնալ ոչխարներին պահելու գործին։ Բայց Հիսուս Քրիստոսը պատրաստ է մեզ օգտագործել որպես աստվածային գործիքներ՝ սրած մատիտներ Իր ձեռքում՝ գլուխգործոց գրելու համար: Ողորմած լինելով՝ Նա պատրաստ է օգտագործել ինձ՝ փխրուն մատիտիս, որպես գործիք Իր ձեռքում, եթե ես բավականաչափ հավատ ունենամ, որ թույլ տամ Նրան հեղինակել իմ պատմությունը:

Եսթերը մեկ այլ գեղեցիկ օրինակ է, ով թույլ է տվել, որ Աստված տնօրինի։ Ինքնապահպանման զգուշավոր պատմությունից կառչած մնալու փոխարեն, նա հավատք գործադրեց՝ իր կյանքն ամբողջությամբ դարձնելով դեպի Տերը: Համանը ծրագրում էր Պարսկաստանի բոլոր հրեաների ոչնչացումը: Մուրթքեն՝ Եսթերի ազգականը, տեղյակ էր դավադրության մասին և նամակ գրեց Եսթերին՝ կոչ անելով խոսել թագավորի հետ իր ժողովրդի անունից: Եսթերը ասաց նրան, որ այն մարդը, ով մոտենում է թագավորին առանց կանչվելու, ենթակա է մահվան: Սակայն անչափ մեծ հավատքի դեպքում անգամ, նա Մուրթքեին խնդրեց հավաքել հրեաներին և ծոմ պահել իր համար: Նա ասաց․ «Ես էլ իմ աղախինների հետ այդպէս ծոմ եմ պահելու, եւ այնուհետեւ թագաւորի մօտ պիտի գնամ թէեւ օրէնք չէ, եւ եթէ կ’մեռնեմ թող մեռնեմ»։4

Եսթերը պատրաստ էր թույլ տալ Փրկիչին գրել իր պատմությունը, թեև մահկանացության տեսանկյունից, ավարտը կարող էր ողբերգական լինել: Բարեբախտաբար, թագավորն ընդունեց Եսթերին, և Պարսկաստանի հրեաները փրկվեցին:

Իհարկե մեզանից հազվադեպ է պահանջվում Եսթերի չափ քաջություն ունենալ։ Բայց թույլ տալու համար, որ Աստված տնօրինի, որ Նա լինի մեր պատմությունների հեղինակն ու ամբողջացնողը, մեզանից պահանջվում է պահել Նրա պատվիրանները և մեր կապած ուխտերը: Պատվիրանները և ուխտերը պահելու մեր ջանքերի շնորհիվ մեզ համար կբացվի հաղորդակցության խողովակը՝ Սուրբ Հոգու միջոցով հայտնություն ստանալու համար: Եվ Հոգու դրսևորումների միջոցով մենք կզգանք Վարպետի ձեռքը՝ մեզ հետ միասին մեր պատմությունը գրելիս։

2021 թվականի ապրիլին մեր մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, խնդրել էր մեզ մտածել, թե ինչ կարող էինք անել, եթե ավելի մեծ հավատք ունենայինք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատքով՝ մենք կարող ենք տալ հարց, որի պատասխանը չգիտենք․ խնդրենք մեր Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով, պատասխան ուղարկել Սուրբ Հոգու միջոցով, որը վկայում է ճշմարտության մասին: Եթե ավելի մեծ հավատք ունենայինք, մենք հարց կտայինք, իսկ հետո պատրաստ կլինեինք ընդունել տրված պատասխանը, նույնիսկ, եթե այն համապատասխան չլիներ մեր հարմարավետ պատմությանը: Եվ խոստացված օրհնությունը, որը կգա Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելուց, կզորացնի մեր հավատքը Նրա հանդեպ՝ որպես մեր հեղինակի և ամբողջացնողի: Նախագահ Նելսոնն ասել է․ «Ստացեք ավելի շատ հավատք՝ անելով որևէ արարք, որը ավելի շատ հավատք է պահանջում»:5

Այսպիսով, անպտղություն ունեցող ամուսինները կարող են հավատքով հարցնել, թե արդյո՞ք պետք է երեխա որդեգրեն, ապա պետք է պատրաստ լինեն ընդունելու պատասխանը, չնայած այն բանին, որ իրենց գրած պատմությունը նախատեսում էր երեխայի հրաշք ծնունդ:

Մեծահասակ ամուսինները կարող են հարցնել, թե արդյո՞ք ժամանակն է, որ ծառայեն միսիայում և պատրաստ լինեն գնալ, չնայած այն բանին, որ իրենց գրած պատմությունն ավելի շատ ժամանակ էր նախատեսում աշխատանքի ոլորտում: Կամ, գուցե պատասխանը լինի «դեռ ժամանակը չէ», և նրանք իրենց պատմության հաջորդ գլուխներում հասկանան, թե ինչու էր անհրաժեշտ, որ մի քիչ էլ տանը մնային։

Դեռահաս պատանին կամ երիտասարդ աղջիկը կարող են հավատքով հարցնել, թե ո՞րն է լավագույնը իրենց համար՝ զբաղվել սպորտով, գիտությամբ, թե երաժշտությամբ, և պատրաստ լինեն հետևել կատարյալ վկայի՝ Սուրբ Հոգու հուշումներին:

Ինչո՞ւ ենք մենք ցանկանում, որ Փրկիչը լինի մեր պատմության հեղինակն ու ամբողջացնողը: Որովհետև Նա հիանալի գիտի մեր ներուժը, և մեզ կտանի այնպիսի վայրեր, որտեղ ինքներս մեզ երբեք չէինք պատկերացնի: Նա մեզանից Դավիթ կամ Եսթեր կկերտի: Նա այնպես կանի, որ մենք զարգանանք և մաքրագործվենք՝ ավելի շատ նմանվելով Իրեն: Այն բաները, որոնց մենք կհասնենք, երբ ավելի մեծ հավատքով գործենք, կրկին կավելացնեն մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ընդամենը մեկ տարի առաջ մեր սիրելի մարգարեն հարցրել է․ «Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը: … Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից»:6 Ես խոնարհաբար ավելացնում եմ այդ մարգարեական հարցադրումներին. «Թույլ կտա՞ք, որ Աստված լինի ձեր պատմության հեղինակն ու ամբողջացնողը»:

Հայտնության գրքից մենք իմանում ենք, որ կանգնելու ենք Աստծո առաջ և դատվելու ենք ըստ մեր գործերի, որոնք գրված են կյանքի գրքում:7

Մենք կդատվենք ըստ մեր կյանքի գրքի։ Մենք կարող ենք հարմարավետ պատմություն գրել մեզ համար։ Կամ, մենք կարող ենք թույլ տալ Վարպետ-Հեղինակին և Ամբողջացնողին գրել մեր պատմությունը մեզ հետ՝ թույլ տալով, որ այն դերը, որը Նա ցանկանում է մենք կատարենք, ավելի կարևոր լինի մեր մյուս բոլոր նպատակներից։

Թո՜ղ Քրիստոսը լինի ձեր պատմության հեղինակն ու ամբողջացնողը։

Թո՜ղ Սուրբ Հոգին լինի ձեր վկան:

Գրեք մի պատմություն՝ որ ձեր ճանապարհը, որի վրա դուք կանգնած եք, ուղիղ է, և ձեզ տանում է հետ՝ դեպի ձեր երկնային տուն՝ ապրելու Աստծո ներկայության մեջ:

Թող դժբախտությունն ու տառապանքը, որոնք յուրաքանչյուր լավ պատմության մասն են կազմում, լինեն միջոց, որով դուք մոտենում եք Հիսուս Քրիստոսին և ավելի եք նմանվում Նրան։

Պատմեք մի պատմություն այն մասին, որ դուք հասկանում եք, որ երկինքները բաց են: Հարցեր տվեք, որոնց պատասխանները չգիտեք, իմանալով, որ Աստված պատրաստ է Սուրբ Հոգու միջոցով հայտնել ձեզ Իր կամքը ձեզ համար:

Թող ձեր պատմությունը լինի հավատքի պատմություն, որտեղ դուք հետևում եք ձեր օրինակին՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։