Տաճարը և ձեր հոգևոր հիմքը
Ամեն անգամ, երբ ձեր կյանքում որևէ ցնցում է տեղի ունենում, հոգևորապես ամենաանվտանգ ապրելու վայրը գտնվում է ձեր տաճարային ուխտերի սահմանների ներսում:
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, շնորհակալ եմ, որ այսօր առավոտյան ձեզ հետ եմ, որպեսզի կիսվեմ իմ սրտի զգացումներով:
Ինչպես գիտեք, մենք մեծ վերանորոգում ենք իրականացնում պատմական Սոլթ Լեյքի տաճարում: Այս բարդ նախագծի արդյունքում մենք հիմնական ամրացումներ ենք կատարում տաճարի սկզբնական հիմքի վրա, որն ավելի քան մեկ դար լավ ծառայել է։ Բայց այս տաճարը պետք է շատ ավելի երկար կանգնի։ Մայիսի վերջին ես ստուգեցի այս հսկայական նախագծի առաջընթացը։ Կարծում եմ, որ դուք կգնահատեք՝ տեսնելով այն, ինչ տեսանք ես և իմ կինը՝ Վենդին։ Կարծում եմ՝ կհասկանաք, թե ինչու է «Որքան ամուր է հիմքը»1 օրհներգը նոր իմաստ ձեռք բերել մեզ համար:
Տեսանյութ Սոլթ Լեյքի Տաճարի վերանորոգման վայրից «Մենք նայում ենք Սոլթ Լեյքի տաճարի սկզբնական հիմքին: Ես կանգնած եմ Եդեմի Պարտեզի սենյակի տակ գտնվող տարածքում։ Երբ ուսումնասիրում եմ այս ամբողջ շինության վրա մասնագիտորեն կատարված աշխատանքը, հիանում եմ, թե ինչ հաջողությունների են հասել ռահվիրաները։ Ես լիովին համակվում եմ ակնածանքով, երբ մտածում եմ, որ նրանք կառուցել են այս հոյակապ տաճարն ավելի քան մեկ դար առաջ՝ միայն իրենց հասանելի գործիքներով ու մեթոդներով։
Սակայն շատ տասնամյակներ անց, եթե մենք ուշադրությամբ զննենք հիմքը, կտեսնենք էրոզիայի հետևանքները, քարի սկզբնական կառուցվածքի բացերը և քարի շարվածքի կայունության տարբեր փուլերը:
Հիմա, երբ ես ականատես եմ լինում, թե ինչ կարող են անել ժամանակակից ճարտարագետները, ճարտարապետներն ու շինարարության մասնագետները, որպեսզի ամրապնդեն այդ սկզբնական հիմքը, ես լիովին ապշում եմ: Նրանց աշխատանքը ապշեցուցիչ է։
Ցանկացած շինության հիմքը, մասնավորապես, այսպիսի մեծ կառույցի, պետք է լինի այնքան ամուր և դիմացկուն, որ կարողանա դիմակայել երկրաշարժերին, կոռոզիային, ուժեղ քամիներին և բոլոր շենքերի վրա ազդող անխուսափելի իջեցումներին: Այժմ ընթացող ամրապնդման բարդ աշխատանքի շնորհիվ այս սուրբ տաճարը կամրացվի այնպիսի հիմքով, որը կարող է և կդիմանա ժամանակի փորձությանը»։
Մենք ջանք չենք խնայում այս պատվարժան տաճարի համար, որը գնալով ավելի խոցելի էր դառնում, իսկ հիմքը կդիմակայի բնության ուժերին հազարամյակի ընթացքում: Նմանապես, հիմա է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը ձեռնարկի արտակարգ միջոցներ, որոնք, գուցե, նախկինում երբեք չենք ձեռնարկել, որպեսզի ամրացնենք մեր անձնական հոգևոր հիմքերը։ Աննախադեպ ժամանակները պահանջում են աննախադեպ միջոցներ։
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, սրանք վերջին օրերն են: Եթե ես և դուք ցանկանում ենք դիմակայել գալիք վտանգներին և ճնշումներին, անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը ամուր հոգևոր հիմք ունենա, որը կառուցված է մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա։2
Այսպիսով, ես հարցնում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ որքա՞ն ամուր է ձեր հիմքը: Իսկ ավետարանի ձեր վկայությանն ու հասկացողությանը ինչպիսի՞ ամրացումներ են անհրաժեշտ:
Տաճարը գտնվում է մեր հավատքի և հոգևոր կայունության ամրապնդման կենտրոնում, քանի որ Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են: Այն ամենը, ինչ սովորեցնում են տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրապնդող զորությամբ:3 Օ՜, իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը:
Մեզ խոստացել են, որ «եթե պատրաստ լինենք, [մենք] չե[ն]ք վախենա»։4 Այս հավաստիացումը խորը հետևանքներ ունի այսօր: Տերը հայտարարել է, որ անկախ այսօրվա աննախադեպ մարտահրավերներից, նրանք, ովքեր իրենց հիմքը կառուցում են Հիսուս Քրիստոսի վրա և սովորում են օգտվել Նրա զորությունից, չպետք է ենթարկվեն այս դարաշրջանին հատուկ անհանգստություններին:
Տաճարի արարողություններն ու ուխտերը գալիս են հնադարից: Տերն Ադամին ու Եվային պատվիրեց աղոթել, ուխտեր կապել և զոհեր մատուցել։5 Իրոք, «երբ որ Տերը երկրի վրա ունեցել է մի ժողովուրդ, որը հնազանդվել է Իր խոսքին, նրանց պատվիրան է տվել տաճարներ կառուցել»:6 Կանոնիկ աշխատությունները լի են տաճարային ուսմունքների, հագուստի, լեզվի և այլնի մասին վկայակոչումներով։7 Այն ամենը, ինչին մենք հավատում ենք, և ամեն խոստում, որ Աստված տվել է Իր ուխտյալ զավակներին՝ ի մի են հավաքվում տաճարում: Բոլոր դարերում տաճարն ընդգծել է այն թանկագին ճշմարտությունը, որ նրանք, ովքեր ուխտեր են կապում Աստծո հետ և պահում են դրանք, ուխտի զավակներ են։
Այսպիսով, Տիրոջ տանը մենք կարող ենք Աստծո հետ կապել նույն ուխտերը, ինչ Աբրահամը, Իսահակը և Հակոբը: Եվ մենք կարող ենք ստանալ նու՛յն օրհնությունները:
Տաճարները վաղ ժամանակներից եղել են այս տնտեսության մի մասը:8 Կիրթլենդի տաճարում Եղիան Ջոզեֆ Սմիթին հանձնեց կնքման իշխանության բանալիները։ Քահանայության լրիվությունը վերականգնվեց Նավուի տաճարում:9
Մինչև իր նահատակությունը Ջոզեֆ Սմիթը շարունակում էր ստանալ հայտնություններ, որոնք նպաստեցին օժտման և կնքման արարողությունների վերականգնմանը։10 Սակայն նա ընդունեց, որ հետագա կատարելագործման կարիք կա: 1842 թվականի մայիսին Բրիգամ Յանգի օժտումը սպասավորելուց հետո Ջոզեֆն ասաց Բրիգամին. «Սա ճիշտ չի կարգավորված, բայց մենք արել ենք հնարավոր ամեն ինչ այն հանգամանքներում, որում գտնվում ենք, և ես ցանկանում եմ, որ դուք ստանձնեք այս հարցի բարելավումը, կազմակերպեք և համակարգեք այս բոլոր արարողությունները»:11
Մարգարեի մահից հետո նախագահ Յանգը վերահսկում էր Նավուի տաճարի12 ավարտական աշխատանքները, իսկ ավելի ուշ տաճարներ էր կառուցում Յուտայի տարածքում։ Սենթ Ջորջ տաճարի ստորին հարկերի նվիրագործման ժամանակ Բրիգամ Յանգը եռանդով հայտարարեց տաճարային փոխանորդ աշխատանքի հրատապության մասին, երբ ասաց. «Երբ մտածում եմ այս թեմայի շուրջ, ցանկանում եմ, որ յոթ որոտացողների լեզուները արթնացնեն ժողովրդին»:13
Այդ ժամանակից սկսած՝ տաճարային արարողություններն աստիճանաբար կատարելագործվեցին։ Նախագահ Հարոլդ Բ. Լին բացատրել է, թե ինչու են ընթացակարգերը, քաղաքականությունը և նույնիսկ տաճարային արարողությունների սպասավորումը շարունակ փոխվում Փրկիչի վերականգնված Եկեղեցում: Նախագահ Լին ասել է. «Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները աստվածային են: Բացի Տիրոջից՝ ոչ ոք չի փոխում Եկեղեցու սկզբունքներն ու [վարդապետությունը] հայտնության միջոցով: Բայց եղանակները փոխվում են, երբ ոգեշնչված ցուցումը գալիս է նրանց, ովքեր նախագահում են տվյալ ժամանակում»:14
Մտածեք, թե ինչպես է հաղորդության սպասավորումը փոխվել տարիների ընթացքում։ Ավելի վաղ օրերին հաղորդության ջուրը համայնքին մատուցվում էր մի մեծ անոթից: Բոլորը խմում էին դրանից: Այժմ մենք օգտագործում ենք անհատական մեկանգամյա օգտագործման բաժակներ: Ընթացակարգը փոխվել է, սակայն ուխտերը մնում են նույնը:
Խորհեք այս երեք ճշմարտությունների շուրջ.
-
Առաջին՝ Վերականգնումը գործընթաց է, ոչ թե իրադարձություն, և կշարունակվի մինչև Տերը կրկին գա:
-
Իսրայելի15 հավաքման վերջնական նպատակն է՝ տաճարի օրհնությունները հասցնել Աստծո հավատարիմ զավակներին։
-
Երբ մենք փնտրում ենք, թե ինչպես ավելի արդյունավետ իրականացնենք այդ նպատակը, Տերն ավելի շատ հասկացողություններ է բացահայտում: Շարունակվող Վերականգնումը շարունակական հայտնության կարիք ունի:
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հաճախ են հարցրել Տիրոջը՝ արդյո՞ք կան ավելի լավ ուղիներ՝ տաճարի օրհնությունները Իր հավատարիմ զավակներին հասցնելու համար։ Մենք կանոնավոր կերպով առաջնորդություն ենք փնտրում այն մասին, թե ինչպես ապահովել տաճարի ուսուցման, ուխտերի և արարողությունների համաշխարհային ճշգրտությունն ու հետևողականությունը՝ չնայած լեզվի և մշակույթի տարբերություններին։
Տիրոջ առաջնորդությամբ և ի պատասխան մեր աղոթքների՝ կատարվել են ընթացակարգային վերջին ճշգրտումները: Նա այն Միակն է, ով ցանկանում է, որ դուք հստակ և ճշգրիտ հասկանաք, թե ինչ ուխտեր եք կապում: Նա այն Միակն է, ով ցանկանում է, որ դուք լիովին զգաք Իր սուրբ արարողությունները։ Նա ցանկանում է, որ դու հասկանաք ձեր արտոնությունները, խոստումներն ու պատասխանատվությունները: Նա ցանկանում է, որ դուք ունենաք հոգևոր մտքեր և հոգևոր գիտելիք ձեռք բերելու նոր փորձառություններ: Այս ամենը Նա ցանկանում է բոլոր տաճարների այցելուների համար, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում։
Տաճարային ընթացակարգերի ընթացիկ փոփոխությունները և դրանց հաջորդող փոփոխությունները շարունակում են վկայել, որ Տերը եռանդուն կերպով ղեկավարում է Իր Եկեղեցին։ Նա հնարավորություն է ընձեռում մեզանից յուրաքանչյուրին ավելի արդյունավետ ամրապնդել մեր հոգևոր հիմքերը՝ մեր կյանքը կենտրոնացնելով Իր վրա և Իր տաճարի արարողությունների և ուխտերի վրա։ Երբ Տիրոջ ուսուցման տուն բերեք ձեր տաճարային երաշխավորագիրը, փշրված սիրտն ու որոնող միտքը, Նա կսովորեցնի ձեզ:
Եթե հեռավորությունը, առողջական խնդիրները կամ այլ սահմանափակումներ խոչընդոտում են ձեզ տաճար հաճախել մի որոշ ժամանակ, ես հրավիրում եմ ձեզ կանոնավոր ժամանակ տրամադրել և ձեր մտքում կրկնել ձեր ուխտերը։
Եթե դեռ չեք սիրում տաճար հաճախել, գնացեք ավելի հաճախ, բայց ոչ պակաս: Թող Տերը Իր Հոգու միջոցով ուսուցանի և ոգեշնչի ձեզ այնտեղ: Ես խոստանում եմ ձեզ, որ ժամանակի ընթացքում տաճարը կդառնա ապահովության, մխիթարության և հայտնության վայր:
Եթե ես կարողանայի մեկ առ մեկ խոսել յուրաքանչյուր երիտասարդ չափահասի հետ, ես կխնդրեի ձեզ, որ փնտրեք մի զուգընկեր, որի հետ դուք կարող եք կնքվել տաճարում: Գուցե մտածեք, թե դա ի՞նչ փոփոխություն կառաջացնի ձեր կյանքում: Ես խոստանում եմ, որ դա ամեն ինչ կփոխի։ Երբ ամուսնանաք տաճարում և անընդհատ վերադառնաք այնտեղ՝ դուք կամրապնդվեք և կառաջնորդվեք ձեր որոշումներում:
Եթե ես կարողանայի խոսել յուրաքանչյուր ամուսնու և կնոջ հետ, ովքեր դեռ չեն կնքվել տաճարում, ես կխնդրեի ձեզ, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեք այդ պսակող և կյանքը փոխող արարողությունը ստանալու համար։16 Արդյո՞ք դա կփոխի ձեր կյանքը։ Միայն այն դեպքում, եթե ցանկանում եք հավիտյան առաջադիմել և հավերժ միասին լինել։ Հավերժ միասին լինելու ցանկությունը հնարավոր չի դարձնի հավերժ միասին լինելու իրողությունը։ Ոչ մի այլ արարողություն կամ պայմանագիր դա իրականություն չի դարձնի։17
Եթե ես կարողանայի խոսել յուրաքանչյուր տղամարդու կամ կնոջ հետ, ով փափագում է ամուսնանալ, սակայն դեռ չի գտել իր հավերժական զուգընկերոջը, ես կհորդորեի ձեզ չսպասել՝ մինչև ամուսնությունը օժտված լինի Տիրոջ տանը: Այժմ սկսեք սովորել և զգալ, թե ինչ է նշանակում զինված լինել քահանայության զորությամբ:
Եվ ձեզանից յուրաքանչյուրին, ով տաճարային ուխտեր է կապել, խնդրում եմ, որ աղոթքով և հետևողականորեն ձգտեք հասկանալ տաճարային ուխտերն ու արարողությունները:18 Հոգևոր դռներ կբացվեն: Դուք կսովորեք, թե ինչպես բաժանել երկնքի ու երկրի միջև եղած վարագույրը, ինչպես խնդրեք Աստծո հրեշտակներին, որ աջակցեն ձեզ և ինչպես ավելի լավ ստանաք երկնքի առաջնորդությունը։ Եթե եռանդուն ջանքեր գործադրեք դրա համար, կամրապնդեք և կզորացնեք ձեր հոգևոր հիմքը:
Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, երբ Սոլթ Լեյքի Տաճարի վերանորոգումն ավարտվի, Սոլթ Լեյքի հովտում երկրաշարժի ժամանակ ավելի անվտանգ տեղ չի լինի, քան այդ տաճարի ներսը:
Նմանապես, երբ ձեր կյանքում որևէ ցնցում է տեղի ունենում, հոգևորապես ամենաանվտանգ ապրելու վայրը գտնվում է ձեր տաճարային ուխտերի սահմանների ներսում։
Խնդրում եմ, հավատացեք ինձ, երբ ես ասում եմ, որ երբ ձեր հոգևոր հիմքը ամուր կառուցված է Հիսուս Քրիստոսի վրա, դուք վախենալու կարիք չունեք: Քանի որ դուք հավատարիմ եք տաճարում կապած ձեր ուխտերին, դուք կամրապնդվեք Նրա զորությամբ: Հետո, երբ տեղի ունենան հոգևոր երկրաշարժեր, դուք կկարողանաք ամուր կանգնել, քանի որ ձեր հոգևոր հիմքը ամուր է և անշարժ։
Ես սիրում եմ ձեզ, թանկագի՛ն եղբայրներ և քույրեր։ Այս ճշմարտությունները ես գիտեմ. Աստված՝ մեր Երկնային Հայրը, ցանկանում է, որ դուք վճռեք վերադառնալ տուն՝ Իր մոտ: Հավերժական առաջընթացի Նրա ծրագիրը բարդ չէ, և այն հարգում է ձեր ազատ կամքը: Դուք ազատ եք ընտրելու, թե ինչպիսի մարդ կդառնաք, և ում հետ կլինեք գալիք աշխարհում։
Աստված ապրո՛ւմ է: Հիսուսը Քրիստո՛սն է: Սա Նրա Եկեղեցին է, որը վերականգնվել է, որպեսզի օգնի ձեզ իրականացնել ձեր աստվածային ճակատագիրը: Ես դա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: