Գերագույն համաժողով
Ժամանակ տրամադրեք Տիրոջը
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


5:49

Ժամանակ տրամադրեք Տիրոջը

Ես աղաչում եմ, որ դուք այսօր հակազդեք աշխարհի հրապուրանքին՝ ամեն օր ձեր կյանքում ժամանակ տրամադրելով Տիրոջը։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, երկու օր շարունակ մենք ուսուցանվել ենք Տիրոջ ծառաների կողմից, ովքեր ջանասիրաբար ձգտում էին իմանալ, թե Տերն ինչ էր ցանկանում, որ իրենք ասեին։

Հաջորդ վեց ամսվա համար մեզ ասվել է, թե ինչ պետք է անենք։ Հիմա հարցն այն է, թե այն ինչ լսեցինք ու զգացինք, ինչպե՞ս կփոխի մեզ։

Համավարակը ցույց տվեց, թե որքան արագ կարող է փոխվել կյանքը, երբեմն՝ մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների արդյունքում: Այնուամենայնիվ, կան շատ բաներ, որոնք մենք կարող ենք վերահսկել: Մենք սահմանում ենք մեր առաջնահերթությունները և որոշում, թե ինչպես ենք օգտագործում մեր եռանդը, ժամանակը և միջոցները: Մենք ենք որոշում, թե ինչպես ենք վերաբերվելու միմյանց: Մենք ընտրում ենք նրանց, ում դիմում ենք ճշմարտության և առաջնորդության համար:

Աշխարհի ձայներն ու ճնշումները դյութիչ են ու անհամար։ Բայց չափազանց շատ ձայներ խաբուսիկ ու հրապուրիչ են, և կարող են մեզ դուրս մղել ուխտի ճանապարհից: Դրան հաջորդող անխուսափելի տառապանքից խուսափելու համար ես աղաչում եմ, որ դուք այսօր հակազդեք աշխարհի հրապուրանքին՝ ամեն օր ձեր կյանքում ժամանակ տրամադրելով Տիրոջը։

Եթե տեղեկատվության մեծ մասը ստանում եք սոցիալական լրատվամիջոցներից կամ այլ տեսալսողական նյութերից, ապա Հոգու շշուկները լսելու ձեր ունակությունը կնվազի: Եթե միևնույն ժամանակ ամենօրյա աղոթքի և ավետարանի ուսումնասիրության միջոցով դուք չեք փնտրում Տիրոջը, դուք ձեզ անպաշտպան եք թողնում այն փիլիսոփայությունների առջև, որոնք կարող են հետաքրքրաշարժ լինել, բայց ճշմարիտ չեն: Նույնիսկ այն Սրբերը, ովքեր այլապես հավատարիմ են, կարող են շեղվել «Բաբելոնի երգչախմբի» (աշխարհի ձայների) անընդհատ զարկերի ներքո։

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես աղաչում եմ ձեզ, որ ժամանակ տրամադրեք Տիրոջը: Ձեր անձնական հոգևոր հիմքը ամրացրեք և դիմակայեք ժամանակի փորձությանը՝ անելով այն բաները, որոնք թույլ են տալիս Սուրբ Հոգուն միշտ ձեզ հետ լինել:

Երբեք մի թերագնահատեք այն խորը ճշմարտությունը, որ «Հոգին խոսում է բաների մասին, ինչպես դրանք իրականում կան, բաների մասին ինչպես դրանք իրականում լինելու են»։1 «Այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք»։2

Ոչինչ չի հրավիրում Հոգուն այնքան, որքան ձեր ուշադրությունը Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացնելը: Խոսեք Քրիստոսի մասին, ուրախացեք Քրիստոսով, սնվեք Քրիստոսի խոսքերով և առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ։3 Նրան երկրպագելիս ձեր հանգստության օրը դարձրեք բերկրանք, ճաշակեք հաղորդությունը և սուրբ պահեք Նրա օրը:4

Ինչպես ես նշեցի այսօր առավոտյան, խնդրում եմ Տիրոջ սուրբ տանը ժամանակ տրամադրել Տիրոջը: Ոչինչ չի ամրապնդի ձեր հոգևոր հիմքը, ինչպես տաճարային ծառայությունը և տաճարային երկրպագությունը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են մեր նոր տաճարների վրա: Նրանք կառուցվում են ամբողջ աշխարհում: Այսօր ես ուրախությամբ հայտարարում եմ, որ ծրագրել ենք կառուցել ավելի շատ տաճարներ հետևյալ վայրերում կամ դրանց մոտակայքում. Գաուսյուն (Թայվան), Տակլոբան, (Ֆիլիպիններ), Մոնրովիա (Լիբերիա), Կանանգա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Անտանանարիվո (Մադագասկար), Կուլիական (Մեքսիկա), Վիտորիա (Բրազիլիա), Լա Պաս (Բոլիվիա), Սանտյագո Վեսթ (Չիլի), Ֆորտ Վորթ (Տեխաս), Քոդի (Վայոմինգ), Ռեքսբուրգ Նորթ (Այդահո), Հեբեր Վալի (Յուտա) և Պրովո Յուտա տաճարի վերակառուցումը՝ Օրեմ Յուտա տաճարի նվիրագործումից հետո:

Ես սիրում եմ ձեզ սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Տերը ճանաչում է ձեզ և սիրում է ձեզ: Նա է ձեր Փրկիչն ու ձեր Քավիչը։ Նա ղեկավարում և առաջնորդում է Իր Եկեղեցին: Նա կղեկավարի և կառաջնորդի ձեզ ձեր անձնական կյանքում, եթե դուք ամեն օր ժամանակ տրամադրեք Նրան ձեր կյանքում։

Թող Աստված ձեզ հետ լինի, մինչև նոր հանդիպում․ ես աղոթում եմ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: