Հիսուս Քրիստոսը ծնողների ուժն է
Օգնեք ձեր երեխաներին կառուցել հավատք առ Հիսուս Քրիստոս, սիրել Նրա ավետարանը և Նրա Եկեղեցին, պատրաստվել ողջ կյանքում կատարելու արդար ընտրություններ:
Մի անգամ մի հայր պատրաստվում էր երեկոյան գնալ եպիսկոպոսության ժողովի: Նրա չորսամյա դուստրը կանգնեց նրա առջև՝ գիշերազգեստը հագին և Մորմոնի Գրքի Պատմությունների օրինակը ձեռքին:
«Դու ինչո՞ւ պետք է գնաս հանդիպման»,- հարցրեց նա:
«Որովհետև ես եպիսկոպոսության խորհրդական եմ», - պատասխանեց հայրը:
«Բայց չէ որ դու ի՛մ հայրն ես», - բողոքեց դուստրը:
Նա ծնկի իջավ դստեր առաջ։ «Սիրելիս,- ասաց նա,- ես գիտեմ` դու ուզում ես, որ քեզ համար ընթերցեմ և օգնեմ քեզ քնել, բայց այս երեկո ես պետք է օգնեմ եպիսկոպոսին»:
Դուստրը պատասխանեց. «Մի՞թե եպիսկոպոսը հայր չունի, որ օգնի նրան քնել»:
Մենք հավերժ երախտապարտ ենք անթիվ անդամների համար, որոնք ամեն օր ջանասիրաբար ծառայում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցում: Ձեր զոհաբերությունը իսկապես սուրբ է:
Բայց, ինչպես այս աղջիկը կարծես հասկացավ, կա նույնքան սուրբ և անփոխարինելի մի բան այն ծնողի մեջ, որը երեխա է դաստիարակում: Երկնքում տիրում է նույն օրինաչափությունը։1 Մեր Երկնային Հայրը՝ մեր Աստվածային Ծնողը, անկասկած, ուրախանում է, երբ Իր զավակներին ուսուցանում և դաստիարակում են իրենց երկրային ծնողները:2
Ծնողնե՛ր, շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք ձեր երեխաներին մեծացնելու համար: Եվ երեխանե՛ր, շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք ձեր ծնողներին մեծացնելու համար, քանի որ ինչպես յուրաքանչյուր ծնող գիտի, մենք հաճախ մեր երեխաներից սովորում ենք նույնքան բան հավատքի, հույսի և գթության մասին, որքան նրա՛նք են սովորում մեզանից:3
Ծնողները ունեն սուրբ պարտականություն
Երբևէ մտածե՞լ եք, թե մեր Երկնային Հայրն ինչ հսկայական վտանգի է ենթարկում, երբ երեխա է ուղարկում երկիր: Նրանք Նրա հոգևոր որդիներն ու դուստրերն են: Նրանք անսահման ներուժ ունեն։ Նրանց վիճակված է դառնալ բարության, շնորհի և ճշմարտության փառավոր էակներ: Եվ այնուամենայնիվ, նրանք գալիս են երկիր բոլորովին անօգնական և հազիվ թե կարողանում ինչ-որ բան անել, բացի օգնություն աղաղակելուց: Աստծո ներկայության մեջ իրենց կյանքի հիշողությունը քողարկված է, ինչպես նաև իմացությունը, թե ովքեր են իրենք իրականում, և ինչ կարող են դառնալ: Նրանք ձևավորում են կյանքի, սիրո, Աստծո և Նրա ծրագրի մասին իրենց հասկացողությունը՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ նկատում են իրենց շրջապատող մարդկանց, հատկապես ծնողների մեջ, որոնք, անկեղծ ասած, դեռ փորձում են ամեն ինչ ինքնուրույն պարզել իրենց համար:
Աստված ծնողներին տվել է «սուրբ պարտականություն դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները և ուսուցանել նրանց … պահպանել Աստծո պատվիրանները»:4
Դա բավական է նույնիսկ լավագույն ծնողներին գիշերը արթուն պահելու համար:
Իմ ուղերձը բոլոր ծնողներին հետևյալն է.
Տերը սիրում է ձեզ:
Նա ձեզ հետ է:
Նա կանգնած է ձեր կողքին:
Նա ձեր ուժն է, երբ առաջնորդում եք ձեր երեխաներին արդար ընտրություններ կատարելիս:
Ընդունեք այս արտոնությունն ու պատասխանատվությունը խիզախորեն և ուրախությամբ: Երկնային օրհնությունների այս աղբյուրը որևէ մեկին մի պատվիրակեք: Ավետարանի արժեքների և սկզբունքների շրջանակներում դուք եք առաջնորդելու ձեր երեխային ամենօրյա որոշումների մանրամասների հարցում: Օգնեք ձեր երեխաներին կառուցել հավատք առ Հիսուս Քրիստոս, սիրել Նրա ավետարանը և Նրա Եկեղեցին, պատրաստվել ողջ կյանքում կատարելու արդար ընտրություններ: Իրականում, դա է Աստծո ծրագիրը ծնողների համար:
Սատանան կհակառակվի ձեզ, կշեղի ձեր ուշադրությունը, կփորձի հուսահատեցնել ձեզ:
Բայց յուրաքանչյուր երեխա ստացել է Քրիստոսի լույսը, և դա թույլ է տալիս նրան զգալ երկնային ազդեցությունը: Եվ Փրկիչը կօգնի ձեզ, կառաջնորդի ձեզ և կխրախուսի ձեզ: Փնտրեք Նրա օգնությունը: Հարցրե՛ք Տիրոջը:
Այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը երիտասարդության ուժն է, Հիսուս Քրիստոսը նաև ծնողների ուժն է:
Նա մեծացնում և խորացնում է սերը
Երբեմն մենք կարող ենք մտածել՝ արդյոք մեկ ուրիշը կարող է ավելի լավ որակավորում ունենալ՝ առաջնորդելու և ուսուցանելու մեր երեխաներին: Բայց անկախ նրանից, թե որքան անհամարժեք կարող եք զգալ, դուք ունեք մի բան, որը եզակիորեն որակավորում է ձեզ. դա ձեր սերն է ձեր երեխայի հանդեպ:
Երեխայի հանդեպ ծնողի սերը տիեզերքի ամենից զորավոր ուժերից մեկն է: Դա այն քիչ բաներից մեկն է այս երկրի վրա, որը, հիրավի, կարող է հավերժ լինել:
Այժմ, գուցե, զգում եք, որ ձեր հարաբերությունները ձեր երեխայի հետ այնքան էլ կատարյալ չեն: Այստեղ է, որ Փրկչի զորությունը սկսում է գործել: Նա բժշկում է հիվանդներին, Նա նաև կարող է բժշկել հարաբերությունները: Նա բազմապատկում է հացն ու ձուկը, և Նա կարող է բազմապատկել սերն ու ուրախությունը ձեր ընտանիքում:
Ձեր սերը ձեր երեխաների հանդեպ ստեղծում է հարուստ միջավայր՝ ճշմարտությունն ուսուցանելու և հավատք կառուցելու համար: Ձեր տունը դարձրեք՝ աղոթքի, ուսման և հավատքի տուն, ուրախ ապրումների տուն, պատկանելության վայր, Աստծո տուն:5 Եվ «աղոթեք Հորը սրտի ողջ կորովով, որ [դուք] կարողանաք լցված լինել [Նրա] սիրով, որը նա [շնորհում է] … իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետևորդներին»:6
Նա մեծացնում է փոքր և հասարակ ջանքերը
Մեկ այլ ուժ, որը դուք ունեք՝ որպես ծնող, ամենօրյա, շարունակական ազդեցության հնարավորությունն է: Հասակակիցների, ուսուցիչների և մեդիայի ազդեցությունը փոփոխական է: Բայց դուք կարող եք մշտական և կայուն ազդեցություն թողնել ձեր երեխայի կյանքում:
Ձեր ջանքերը կարող են փոքր թվալ՝ համեմատած այն բարձր ձայների հետ, որոնք ձեր երեխաները լսում են աշխարհում: Երբեմն գուցե ձեր ջանքերը աննշան թվան: Բայց հիշեք, որ «փոքր միջոցներով Տերը կարող է առաջ բերել մեծ բաներ»:7 Ընտանեկան մեկ երեկո, մեկ ավետարանական զրույց կամ մեկ լավ օրինակ գուցե չփոխի ձեր երեխայի կյանքը մեկ ակնթարթում, սակայն անձրևի մեկ կաթիլից անգամ բույսն անմիջապես աճում է: Բայց փոքր և պարզ բաների հետևողականությունը օրեցօր շատ ավելի լավ է սնուցում ձեր երեխաներին, քան հազվադեպ ջրհեղեղը:8
Դա է Տիրոջ ուղին: Նա ձեր և ձեր երեխայի հետ խոսում է մեղմ, հանդարտ ձայնով, ոչ թե որոտի ձայնով:9 Նա բժշկեց Նեեմանին ոչ թե «մի մեծ բանի» միջոցով, այլ պարզ, կրկնվող լվացման միջոցով:10 Իսրայելի զավակները վայելում էին լորամարգիների խնջույքը անապատում, բայց այն, ինչը նրանց կենդանի պահեց, մանանայի փոքրիկ և պարզ հրաշքն էր՝ նրանց հանապազօրյա հացը:11
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, հանապազօրյա հացը լավագույնս պատրաստվում և մատուցվում է տանը։ Հավատքն ու վկայությունը լավագույնս զարգանում են սովորական և բնական ձևերով, քայլ առ քայլ, կարճ ու սովորական պահերին՝ առօրյա կյանքի մշտական հոսքի մեջ:12
Ցանկացած պահ կարող է ուսուցման պահ լինել: Ձեր յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը կարող է ընտրություն կատարելու ուղեցույց դառնալ:13
Դուք կարող եք չտեսնել ձեր ջանքերի անմիջական ազդեցությունը: Բայց մի հանձնվեք։ «Բոլոր բաները պետք է լինեն իրենց ժամանակին», - ասել է Տերը։ «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի»:14 Ո՞ր աշխատանքը կարող է ավելի մեծ լինել, քան այն, որ օգնենք Աստծո թանկագին զավակներին սովորել, թե ովքեր են իրենք իրականում, և օգնենք կառուցել իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոսը, Նրա ավետարանը և Նրա Եկեղեցին: Հիսուս Քրիստոսը կօրհնի և կմեծացնի ձեր հետևողական ջանքերը:
Նա Հայտնություն է տալիս ծնողներին
Գոյություն ունի մեկ այլ հզոր եղանակ, որով Տերն աջակցում է ծնողներին: Այն իրականացվում է անձնական հայտնության անզուգական պարգևի միջոցով: Աստված ցանկանում է «դուրս թափել Իր Հոգին»՝ ծնողներին առաջնորդելու համար:
Քանի որ դուք աղոթասեր և զգայուն եք Հոգու հանդեպ, Նա կզգուշացնի ձեզ թաքնված վտանգների մասին:15 Նա կբացահայտի ձեր երեխաների պարգևները, ուժեղ կողմերը և չասված մտահոգությունները:16 Աստված կօգնի ձեզ տեսնել ձեր երեխաներին այնպես, ինչպես Ինքն է տեսնում. Նա ոչ թե արտաքին տեսքին, այլ նրանց սրտին է նայում:17
Աստծո օգնությամբ դուք կսովորեք ճանաչել ձեր երեխաներին մաքուր և երկնային ձևով: Ես հրավիրում եմ ձեզ ընդունել ձեր ընտանիքին անձնական հայտնությամբ առաջնորդելու Աստծո առաջարկը: Ձեր աղոթքներում փնտրեք Նրա առաջնորդությունը:18
Մի զորեղ փոփոխություն
Թերևս ամենակարևոր օգնությունը, որ Հիսուս Քրիստոսը առաջարկում է ծնողներին, «հզոր փոփոխությունն» է ձեր սրտում:19 Սա հրաշք է, որի կարիքը յուրաքանչյուրս ունենք:
Մի պահ պատկերացրեք այս իրավիճակը. դուք եկեղեցում եք և լսում եք ելույթ ընտանիքների մասին: Խոսնակը նկարագրում է մի կատարյալ տուն և ավելի կատարյալ ընտանիք: Ամուսինն ու կինը երբեք չեն վիճում: Երեխաները դադարում են կարդալ իրենց սուրբ գրությունները միայն տնային աշխատանքները կատարելու ժամանակ: Իսկ հետին պլանում հնչում է «Սիրեք բոլորին»20 երգի երաժշտությունը։ Մինչ խոսնակը հասնում է այն կետին, որ բոլորն ուրախությամբ միանում են լոգարանը մաքրելու համար, դուք արդեն մտածում եք. «Իմ ընտանիքը անհույս է»:
Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, հանգստացեք: Ժողովում բոլորը նույն բանն են մտածում։ Փաստն այն է, որ բոլոր ծնողներն անհանգստանում են, թե իրենք բավականաչափ լավը չեն:
Բարեբախտաբար, ծնողների համար աստվածային օգնության աղբյուր կա՝ Հիսուս Քրիստոսը: Նա է մեր սրտի հզոր փոփոխության աղբյուրը:
Երբ դուք բացեք ձեր սիրտը Փրկչի և Նրա ուսմունքների առաջ, Նա ցույց կտա ձեզ ձեր թուլությունը: Եթե դուք խոնարհ սրտով վստահեք Հիսուս Քրիստոսին, Նա ձեր թույլ կողմերը ուժեղ կդարձնի:21 Նա հրաշքների Աստված է:
Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք և ձեր ընտանիքը անթերի կլինեք: Ոչ: Բայց դուք ավելի լավը կդառնաք: Փրկչի շնորհով դուք կամաց-կամաց կզարգացնեք այն հատկանիշները, որոնց կարիքն ունեն ծնողները՝ սեր Աստծո և Նրա զավակների հանդեպ, համբերություն, անձնուրացություն, հեզություն և ճիշտ քայլեր կատարելու քաջություն:
Հիսուս Քրիստոսը աջակցում է Իր Եկեղեցու միջոցով
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք կառուցելու մեր ջանքերը տնակենտրոն են և կենտրոնացած են անհատի վրա: Եվ դա աջակցվում է Եկեղեցու կողմից: Բացի սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից՝ Փրկչի Եկեղեցին առաջարկում է բազմաթիվ նյութեր՝ օգնելով ծնողներին և երեխաներին կատարել արդար ընտրություններ:
-
Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույցը ձեզ չի տալիս այն քայլերի ցանկը, որոնք պետք է կատարել կամ չի կարելի կատարել: Այն ուսուցանում է հավերժական ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ ընտրություն կատարել՝ ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների վրա կենտրոնացնելու համար: Կարդացեք այն ձեր երեխաների հետ: Թող նրանք խոսեն այդ մասին։ Օգնեք նրանց, որ այս հավերժական և աստվածային ճշմարտությունները ուղղորդեն նրանց ընտրությունները:22
-
ԵԶՀ համաժողովները ևս մեկ հրաշալի աղբյուր են: Հուսով եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ կմասնակցի: Ես հրավիրում եմ երիտասարդ ամուրիներին միանալ այդ համաժողովներին՝ որպես դաստիարակներ և խորհրդատուներ: Ես հրավիրում եմ ծնողներին հիմնվել այն հոգևոր ուժի վրա, որ երիտասարդները իրենց հետ բերում են ԵԶՀ համաժողովներից:
-
Երեխաները և երիտասարդները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ունեն ուսուցիչներ, խորհրդատուներ և դաստիարակներ: Դուք հաճախ մուտք եք գործում երիտասարդի կյանք վճռորոշ պահին՝ հավատք և վկայություն կառուցելու և աջակցելու համար: Ձեզանից ոմանք չափահաս ամուրիներ են: Ձեզանից ոմանք երբեք սեփական երեխաներ չեն ունեցել: Աստծո զավակներին մատուցած ձեր ուրախ ծառայությունը սուրբ է Աստծո աչքում:23
Երբեք մի հրաժարվեք հրաշքից
Իմ սիրելի ընկերնե՛ր, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, երեխայի մեջ հավատի կառուցումը որոշ չափով նման է ծաղկի աճին օգնելուն: Դուք չեք կարող քաշել ցողունը, որպեսզի այն ավելի երկար լինի: Դուք չեք կարող բացել բողբոջը, որպեսզի այն ավելի շուտ ծաղկի: Եվ դուք չեք կարող անուշադրության մատնել ծաղկին և ակնկալել, որ այն կաճի կամ կծաղկի ինքնաբուխ:
Այն, ինչ դուք կարող եք և պետք է անեք աճող սերնդի համար՝ հարուստ, սնուցող հող ապահովելն է՝ հոսող երկնային ջրի հասանելիությամբ: Հեռացրեք մոլախոտերը և այն ամենը, ինչը կարող է փակել երկնային ճառագայթը: Աճի համար ստեղծեք հնարավոր լավագույն պայմանները: Համբերությամբ թույլ տվեք աճող սերնդին կատարել ոգեշնչված ընտրություններ և թույլ տվեք, որ Աստված գործի Իր հրաշքը: Արդյունքը կլինի ավելի գեղեցիկ, ավելի ապշեցուցիչ և ավելի հաճելի, քան այն ամենը, ինչ դուք կարող եք ինքնուրույն ստեղծել:
Երկնային Հոր ծրագրում ընտանիքների հարաբերությունները պետք է լինեն հավերժական: Ահա ինչու, որպես ծնող, դուք երբեք չեք հանձնվում, նույնիսկ եթե չեք կարող հպարտանալ անցյալի իրադարձություններով:
Հիսուս Քրիստոսի, Վարդապետ Բժշկի և Փրկչի հետ գալիս է նոր սկիզբը․ Նա միշտ հույս է տալիս:
Հիսուս Քրիստոսն ընտանիքների ուժն է:
Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է:
Հիսուս Քրիստոսը ծնողների ուժն է:
Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: