2012
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Հոկտեմբեր 2012


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ստորև տրվում են մի քանի օրինակներ.

«Խնայողաբար ապրելը նախապատրաստում է մեզ ապագայի համար», էջ 12. Կարդացեք հոդվածում նշվող վեց ոլորտների մասին, որոնցում մենք կարող ենք ինքնապահովող դառնալ: Ինչպիսի՞ ծայրահեղ իրավիճակներից կամ խնդիրներից կարող ենք խուսափել՝ զարգացնելով ինքնաապահովում այդ ոլորտներում: Հրավիրեք ընտանիքի անդամներին աղոթքով մտածել, թե որ ոլորտներում իրենք պետք է բարելավեն և նպատակներ դնեն մեծացնելու ինքնապահովումը:

«Մաքրաբարոյություն անբարո աշխարհում», էջ 42. Քննարկեք ընտանիքի անդամների հետ այն հարցերը, որոնք արծարծվում են հոդվածում: Մտածեք սկզբունքներով և փորձառություններով կիսվելու մասին, որոնք զորացրել են ձեր վկայությունը մաքրաբարոյության վերաբերյալ: Քննարկեք հոդվածի խորհուրդը կիրառելու ուղիները:

«Եղիր իմաստուն և եղիր ընկեր», էջ 48. Կարդացեք լավ ընկերներին որոշելու համար Երեց Հեյլսի ստուգարքի մասին: Քննարկեք լավ ընկեր լինելու կարևորությունը: Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի մտածել երեք ուղիների մասին, որոնցով նա կկարողանա լինել ավելի լավ ընկեր:

«Սիրելի ընկերուհի», էջ 60, և «Ողջունել կյանքի նոր փուլը», էջ 61. Կարդացեք Երեխաների խմբի մանուկների մասին և թե ինչպես են նրանք նախապատրաստվում մտնել Երիտասարդ Կանանց և Երիտասարդ Տղամարդկանց խումբ: Ընտանիքով կարող եք քննարկել, թե ինչ են արել այդ երեխաները նախապատրաստվելու համար: Հրավիրեք ընտանիքի անդամներին կարդալ Անձնական զարգացում կամ Պարտականություն Աստծո հանդեպ գրքույկները և գտեք մի քանի միջոցառումներ, որոնք նրանք կարող են ապագայում իրականացնել:

Մեկ ընտանեկան երեկո, երկու դաս

Մի երեկո ծնողներս և մայրական կողմի տատիկս ու պապիկս եկան մասնակցելու ընտանեկան երեկոյին: Իմ երեք երեխաներից յուրաքանչյուրը սիրում է մասնակցել և այդ երեկո դասը մատուցելու իմ յոթ տարեկան որդու հերթն էր: Մենք նախապատրաստել էինք մի փոքրիկ ցուցադրում, դրել էինք նկարներ Արարման մասին և ուսումնասիրել էինք և վերանայել այն, ինչ նա ուսուցանելու էր: Որդիս պատրաստ էր և հուզված:

Դասի ընթացքում մենք բոլորս ուշադիր լսում էինք, թե ինչ էր որդիս բացատրում: Երբ նա վերջացրեց, Սամուելը, որը մոտ երեք տարեկան էր, որոշեց, որ ինքն էլ էր ուզում դաս տալ: Այսպիսով, նա վերցրեց նկարները և ցուցադրված նյութերը և նորից դասավորեց դրանք սեղանի վրա:

Իր մեղմ ձայնով և երբեմն դժվարությամբ արտաբերվող խոսքերով Սամուելը մատուցեց մեզ ընտանեկան երեկոյի դասը: Եվ չնայած նա չէր նախապատրաստվել, նա լսել էր: Նա բացատրեց մեզ, թե ինչպես էր ստեղծվել երկիրը և մեզ պատմեց մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Հիսուս Քրիստոսի սիրո մասին:

Մենք ապշեցինք, թե որքան հեշտությամբ նա ուսուցանեց դասը ՝ անելով ճիշտ ինչպես իր եղբայրն էր արել: Ծնողներս և տատիկս ու պապիկս զարմացած էին ու երջանիկ: Մենք բոլորս տեսանք սերը, որն ունեին երեխաները ավետարանի հանդեպ, և սերը, որ Հիսուս Քրիստոսն ունի նրանց հանդեպ:

Լիզբեթ Սանչես Ֆաջարդո, Մեքսիկա