2020
Ինչի միջով ես անցա, ինչ ես սովորեցի իմ միսիայում
Հոկտեմբեր 2020


Ինչի միջով ես անցա, ինչ ես սովորեցի իմ միսիայում

Ես սիրում եմ քայլել: Նախքան միսիա ծառայելը, ես սիրում էի ինչ-որ ուղղությամբ քայլել, երբեմն միայն նպատակ ունենալով ծանոթանալ նոր երթուղուն: Եռանդուն լինելու այդ ձգտումն առավելություն էր ինձ համար, երբ ես միսիա գնացի, բայց նաև շատ կարևոր բան սովորեցի: Հաճելի է միսիայի ժամանակ կոշիկներ մաշեցնելը, բայց ավելի լավ է, երբ գիտես, թե որտեղ ես եղել և ուր ես ցանկանում գնալ։

Իմ միսիան իմ կյանքի ամենամեծ արկածն էր: Ես ծառայելու որոշում կայացրի, որպեսզի կարողանամ քաջությամբ կիսվել ավետարանով և Աստծո գառները հավաքեմ Նրա հոտում, անկախ նրանից, թե որ միսիայում կծառայեի: Ինձ համար Հյուսիսային Մակեդոնիան կատարյալ «վայր» էր: Առանց կասկածի ես գիտեի, որ սա այն վայրն էր, որտեղ Տերն ուզում էր, որ ես գցեմ իմ մանգաղը։ Այնտեղ ես լավ ճանաչեցի այն մարդկանց, ովքեր փոխեցին ինձ, և ում ես շատ սիրեցի։ Աստված ինձ ուղարկեց այնտեղ, որպեսզի ես կարողանամ կիսվել ավետարանով, բայց հատկապես նրա համար, որ ես սովորեմ, թե ինչպես ավելի լիարժեք ապրեմ ավետարանով։ Ամենակարևորը, որ ես զգացի, իմ սրտի փոփոխությունն էր:

Ես սովորեցի, թե ինչպես ավելի լավ ապավինեմ Հոգուն, ներողություն խնդրեմ, խոնարհ լսեմ: Ես սովորեցի, որ առանց իմ Հոր և Նրա խոսքերի օգնության չեմ կարող գեթ մեկ օր ապրել։ Ինձ համար օրն ավարտվում էր Իմ Երկնային Հորն ուղղված անկեղծ սրտանց աղոթքով։

Հիմա ես գիտեմ, թե ինչպես ողջունել անծանոթ մարդկանց, ինչպես ժպտալ, երբ մի քիչ դժվար է:

Ես սովորեցի, որ կան կանոններ, որոնք պետք է հետևել, և որ Աստված հրաշքներով օրհնում է նրանց, ովքեր ամբողջ սրտով հնազանդվում են Նրան: Ես նաև սովորեցի, թե որքան դժվար է ինչ-որ մեկի կողքին լինել թե՛ ցերեկը, և թե՛ գիշեր, բայց նաև ինչպիսի մեծ օրհնություն է լինել այդ մարդու ընկերը՝ կիսելով ինչպես երջանիկ, այնպես էլ ծանր պահերը: Ես սովորեցի, թե ինչպես ավելի լավ պլանավորել իմ օրը և նույնիսկ տասը րոպեում կերակուր պատրաստել:

Փոփոխությունը հիանալի բան է: Դա հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, և հավերժական կյանքի մեր բանալին է: Այն հասանելի է բոլորին, և դա Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրն է: Ես հասկացա, թե որքան շատ են Աստված և մեր Փրկիչը սիրում մեզ: Մենք նրանց համար ամեն ինչ ենք, և մեր հոգու արժեքը մեծ է նրանց աչքում (ՎևՈւ 18․10)։ Մենք չենք կարող լիովին հասկանալ դա, բայց կարող ենք զգալ դա, երբ ծառայում ենք:

Ես կարոտում եմ իմ միսիան, բայց կարող եմ կիրառել իմ սովորածը՝ ամեն օր ձգտելով ավելի գթասիրտ լինել։ Այդ ժամանակ ես մի փոքր ավելի կնմանվեմ Փրկիչին՝ բոլոր ժամանակների լավագույն միսիոներին:

Տպել