2022
Հիսուս Քրիստոսի օրհնություններն ավելի շատ նկատենք մեր կյանքում
Նոյեմբեր 2022


10:16

Հիսուս Քրիստոսի օրհնություններն ավելի շատ նկատենք մեր կյանքում

Փրկիչը հրավիրում է մեզ մեր կյանքին նայել Իր աչքերով, որպեսզի ավելի շատ նկատենք Նրա օրհնությունները մեր կյանքում։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, շնորհակալ եմ այստեղ ներկա լինելու պատվին արժանանալու համար: Ես երախտագիտությամբ միավորում եմ իմ սիրտը ձեր սրտերի հետ, որ հնարավորություն ունեք հավաքվելու, որտեղ էլ որ լինեք ամբողջ աշխարհում, որպեսզի լսեք մարգարեների, առաքյալների, տեսանողների, հայտնողների և Աստծո արքայության առաջնորդների ուղերձները։ Փոխաբերական իմաստով մենք նմանվում ենք Բենիամին թագավորի օրերի մարդկանց՝ խփելով մեր վրանները և բացելով մեր դռները դեպի երկրի վրա գտնվող Աստծո մարգարեն՝1 նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։

Որքան ինձ հիշում եմ, ես վատ տեսողություն եմ ունեցել, և ինձ միշտ անհրաժեշտ է եղել նշանակված ոսպնյակների օգնությունը՝ տեսողությունս կարգավորելու համար։ Երբ ամեն առավոտ բացում եմ աչքերս, աշխարհը շատ ապակողմնորոշիչ է թվում։ Ամեն ինչ լինում է ֆոկուսից դուրս, անհարթ և աղավաղված։ Նույնիսկ իմ սիրելի ամուսինն ավելի շատ աբստրակտ դիմանկար է հիշեցնում, քան այն սիրված ու մխիթարող կերպարը, որը նա իրականում կա։ Նախքան որևէ բան անելն օրվա սկզբում՝ որպես ռեֆլեքսի դրսևորում ես ձեռքս մեկնում եմ դեպի ակնոցս, որպեսզի այն օգնի ինձ ընկալել իմ շրջապատը և վայելել ավելի աշխույժ փորձառություններ, քանի որ այն օգնում է ինձ կողմնորոշվել ողջ օրվա ընթացքում։

Տարիների ընթացքում ես հասկացա, որ այս վարքագիծը ցույց է տալիս իմ ամենօրյա կախվածությունը երկու բանից. առաջինը՝ գործիք, որն օգնում է ինձ պարզ տեսնել, կենտրոնանալ և ճիշտ ընկալել շրջապատող աշխարհը, և երկրորդը՝ հստակ առաջնորդության կարիք, որը մշտապես տանում է ինձ ճիշտ ուղղությամբ։ Այս պարզ, սովորական վարժվածությունը ինձ համար արտացոլում է մի կարևոր դիտարկում մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ։

Մեր կյանքում, որը հաճախ լցված է հարցերով, մտահոգություններով, ճնշումներով և հնարավորություններով, մեր հանդեպ Փրկչի սիրով՝ անհատապես և որպես Նրա ուխտի զավակներ, և նաև Նրա ուսմունքներով ու օրենքներով, հասանելի են ամենօրյա միջոցներ, որոնց վրա մենք կարող ենք հենվել՝ լինելով «լույսը, որը շողում է, … լուսավորում [մեր] աչքերը [և] կենդանացնում [մեր] հասկացողությունը»։2 Երբ մենք մեր կյանքում փնտրենք Հոգու օրհնությունները, ապա, ինչպես ուսուցանել է Հակոբը, կկարողանանք տեսնել «բաներ[ը], ինչպես դրանք իրականում կան, և ․․․ ինչպես իրականում կլինեն»։3

Որպես Աստծո ուխտի զավակներ, մենք եզակիորեն օրհնված ենք աստվածայնորեն նշանակված գործիքների հարուստ պաշարով՝ բարելավելու մեր հոգևոր տեսլականը։ Հիսուս Քրիստոսի խոսքերն ու ուսմունքները, ինչպես գրված են սուրբ գրություններում և Նրա ընտրյալ մարգարեների ուղերձներում, և Նրա Հոգին, որը ստացել ենք ամենօրյա աղոթքի, կանոնավոր տաճար հաճախելու և հաղորդության շաբաթական արարողության միջոցով, կարող են օգնել վերականգնելու խաղաղությունը և տրամադրել խորաթափանցության անհրաժեշտ պարգևը, որը սփռում է Քրիստոսի լույսը և Նրա հասկացողությունը՝ մեր կյանքի անկյուններում և աշխարհում, որը կարող է ամպամած լինել։ Փրկիչը կարող է լինել նաև մեր կողմնացույցը և մեր օդաչուն, երբ մենք շրջում ենք կյանքի թե՛ հանգիստ, թե՛ անհանգիստ ջրերի միջով։ Նա կարող է մատնանշել ճիշտ ճանապարհը, որը մեզ տանում է դեպի մեր հավերժական նպատակակետը։ Այսպիսով, ի՞նչ է Նա ցանկանում, որ մենք տեսնենք և ո՞ւր է ուզում, որ մենք գնանք։

Մեր սիրելի մարգարեն ուսուցանել է, որ «մեր ուշադրությունը պետք է կենտրոնանա Փրկչի և Նրա ավետարանի վրա», և որ մենք պետք է «ձգտենք նայել Նրան բոլոր մտորումներում»։4 Նախագահ Նելսոնը նաև խոստացել է, որ «ոչինչ այնքան չի հրավիրում Հոգուն, որքան Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը։ … Նա կղեկավարի և կառաջնորդի ձեզ ձեր անձնական կյանքում, եթե դուք ամեն օր ժամանակ տրամադրեք Նրան ձեր կյանքում»։5 Ընկերնե՛ր, Հիսուս Քրիստոսն է մեր կյանքի նպատակը, և այդ պատճառով մենք կենտրոնանում ենք Նրա վրա։ Որպեսզի օգնի մեզ մնալ կենտրոնացած և շարժվել ճիշտ ուղղությամբ, Փրկիչը հրավիրում է մեզ նայել մեր կյանքին Իր աչքերով, որպեսզի ավելի շատ նկատենք Նրա օրհնությունները մեր կյանքում։ Ես սկսել եմ ավելին իմանալ այս հատուկ հրավերի մասին Հին Կտակարանի իմ ուսումնասիրության միջոցով։

Մովսեսի օրենքը վաղ ժամանակներում տրվել էր իսրայելացիներին՝ որպես նախապատրաստական ավետարան, որը նախատեսված էր մարդկանց պատրաստելու ավելի բարձր ուխտի հարաբերություններ ստեղծել Աստծո հետ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։6 Խորհրդանիշներով հարուստ օրենքը, որը հավատացյալներին ուղղորդում էր սպասել Հիսուս Քրիստոսի գալուստին և Քավությանը,7 նպատակ ուներ օգնելու Իսրայելի ժողովրդին իրենց կյանքում կենտրոնանալ Փրկչի վրա՝ հավատալով Նրան, Նրա զոհաբերությանը և Նրա օրենքներին ու պատվիրաններին8՝ իրենց Քավիչի մասին ավելին հասկանալու մտադրությամբ։

Ճիշտ այնպես, ինչպես մեզ այսօր, Աստծո ժողովրդին հին օրերում հրավիրում էին նայել իրենց կյանքին Նրա աչքերով, որպեսզի ավելի շատ նկատեին Նրա օրհնություններն իրենց կյանքում։ Սակայն Փրկչի ծառայության ժամանակ իսրայելացիները կորցրել էին Քրիստոսին իրենց ծիսակատարությունների տեսադաշտից՝ մի կողմ դնելով Նրան և օրենքին ավելացնելով չարտոնված ծիսակարգեր, որոնք չունեին ուսուցողական խորհրդանիշ, որը կմատնանշեր իրենց փրկության և փրկագնման ճշմարիտ ու միակ աղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին։9

Իսրայելացիների առօրյա կյանքը դարձել էր ապակողմնորոշված և մշուշոտ։ Այս իրավիճակում Իսրայելի զավակները կարծում էին, որ օրենքի սովորույթներն ու ծեսերը անձնական փրկության ուղին էին, և մասամբ կրճատելով Մովսեսի օրենքը, կազմել էին մի արձանագրություն, որով կառավարում էին քաղաքացիական կյանքը։10 Սա պահանջում էր, որ Փրկիչը վերականգներ Իր ավետարանի կենտրոնացումն ու պարզությունը։

Ի վերջո, իսրայելացիների մեծ մասը մերժեց Նրա պատգամը, նույնիսկ հասան այն բանին, որ մեղադրեցին Փրկչին, Նրան, ով տվել էր օրենքը և հայտարարել, որ Ինքն էր «օրենքը և լույսը»11՝ խախտելով այն։ Սակայն Հիսուսը, իր Լեռան քարոզում խոսելով Մովսեսի օրենքի մասին, հայտարարել է. «Մի՛ կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու»։12 Այնուհետև Փրկիչն Իր հավերժական Քավության միջոցով վերջ դրեց այն օրենսգրքերին, կանոնակարգերին և ծիսակատարություններին, որոնք այն ժամանակ պահպանվում էին Իսրայելի ժողովրդի կողմից։ Նրա վերջին զոհաբերությունը հանգեցրեց այն բանին, որ ողջակեզներից անցում կատարվեց «փշրված սիրտ և փշրված հոգի» ունենալուն,13 զոհաբերության արարողությունից՝ հաղորդության արարողությանը։

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը, ուսուցանելով այդ թեմայի շուրջ, ասել է. «Որոշակի իմաստով, զոհաբերությունը նվիրաբերությունից փոխվեց դեպի նվիրաբերողը»։14 Երբ մենք մեր ընծան բերում ենք Փրկչի մոտ, մենք հրավիրվում ենք ավելի շատ տեսնելու Հիսուս Քրիստոսի ձեռքը մեր կյանքում, մինչ խոնարհաբար ենթարկում ենք մեր կամքը Նրան՝ ընդունելով և հասկանալով Նրա կատարյալ հնազանդությունը Հոր կամքին։ Երբ մենք մեր հայացքն ուղղում ենք Հիսուս Քրիստոսին, մենք ընդունում և հասկանում ենք, որ Նա ներում և փրկագնում ստանալու միակ աղբյուրն ու ճանապարհն է, նույնիսկ մինչև հավերժական կյանք և վեհացում։

Ի սկզբանե լինելով ավետարանի հետևորդ՝ ես հանդիպել եմ շատ մարդկանց, որոնք տեսել և զգացել են փոփոխություններ իմ վարքագծի, սովորությունների և ընտրությունների մեջ այն բանից հետո, երբ ես միացել եմ Եկեղեցուն։ Նրանց հետաքրքրում էին իրենց տեսածի հետ կապված «ինչու»-ները․ ինչու ես որոշեցի մկրտվել և միանալ հավատացյալների այս ժողովին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, ինչու հանգստյան օրերին ես չեմ կատարում որոշակի գործեր, ինչու եմ հավատարմորեն պահում Իմաստության Խոսքը, ինչու եմ կարդում Մորմոնի Գիրքը, ինչու եմ հավատում և կիրառում ժամանակակից մարգարեների և առաքյալների ուսմունքներն իմ կյանքում, ինչու եմ հաճախում շաբաթական եկեղեցական ժողովներին, ինչու եմ հրավիրում ուրիշներին «գալ և տեսնել, գալ և օգնել,գալ և մնալ»15 և «գալ և պատկանել»։16

Այն ժամանակ այդ հարցերը ճնշող էին թվում և, անկեղծ ասած, երբեմն մեղադրական։ Բայց երբ բախվեցի իմ որոշումները կասկածի տակ դնող մարդկանց, ես հասկացա, որ նրանց քննադատությունները իրականում վերաբերում էին իմ առաջին հրավերին՝ վերցնել և դնել մի զույգ հոգևոր ոսպնյակներ՝ պարզաբանելու, կենտրոնանալու և ամրապնդելու այն, ինչը մղում էր ինձ հավատարիմ լինել ավետարանի չափանիշներին։ Ո՞րն էր իմ վկայության աղբյուրը։ Արդյո՞ք ես միայն «արտաքին ծիսակատարություններն» էի կատարում՝ թույլ չտալով, որ Աստծո օրենքների հետ կապված այդ արարողությունները «զորացնե[ն իմ] հավատքն առ Քրիստոս»17 կամ հասկանամ, որ Հիսուս Քրիստոսն է իմ ծիսակատարությունների զորության միակ աղբյուրը։

Իմ բոլոր մտորումներում և գործերում Հիսուս Քրիստոսին նայելու ճշգրիտ ջանքերի շնորհիվ իմ աչքերը լուսավորվեցին, և իմ հասկացողությունը կենդանացավ՝ ընդունելով, որ Հիսուս Քրիստոսը կանչում էր ինձ գալ Իր մոտ։18 Իմ երիտասարդության տարիների աշակերտության այդ վաղ շրջանից ես կարող եմ հիշել մի հրավեր, որն ինձ ուղղել էին միսիոներները՝ միանալ իրենց, մինչ ուսուցանելու էին ավետարանը իմ տարիքի մի խումբ երիտասարդ աղջիկների։ Մի երեկո, երբ նստած էինք այդ երիտասարդ կանանցից մեկի տանը, նրանց անկեղծ հարցը, թե ինչու եմ ես հավատում, խոցեց իմ սիրտը և թույլ տվեց ինձ Տիրոջ տեսիլքի խորը ըմբռնմամբ վկայել նրանց իմ աշակերտության հոգևոր դրդապատճառների մասին և առաջ գնալու իմ վկայությունը կատարելագործվեց։

Ես այն ժամանակ իմացա, ինչպես գիտեմ հիմա, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ամեն շաբաթ ուղղում է մեր ոտքերը դեպի ժողովատներ՝ ճաշակելու Իր հաղորդությունը, դեպի Տիրոջ տուն՝ Նրա հետ ուխտեր կապելու, դեպի սուրբ գրությունները և մարգարեների ուսմունքները՝ սովորելու Նրա խոսքերից։ Նա ուղղորդում է, որ մեր շրթունքները վկայեն Իր մասին, մեր ձեռքերը բարձրանան և ծառայեն այնպես, ինչպես Նա կաներ, մեր աչքերը տեսնեն աշխարհը և միմյանց այնպես, ինչպես Նա է տեսնում, «ինչպես դրանք իրականում կան և ․․․ ինչպես դրանք իրականում լինելու են»։19 Եվ երբ մենք թույլ ենք տալիս Նրան ուղղորդել մեզ ամեն ինչում, մենք վկայություն ենք ստանում, որ «բոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված»,20 որովհետև երբ մենք փնտրենք Նրան, կգտնենք Նրան21 ամեն օր։ Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։