2022
Մոտենալ Փրկչին
Նոյեմբեր 2022


15:4

Մոտենալ Փրկչին

Մենք ձգտում ենք ճանաչել և սիրել Փրկչին և աշխարհից տարբերվում ենք Աստծո հետ կապած մեր ուխտերով՝ լինելով տարբերվող, անսովոր և առանձնահատուկ՝ չմեկուսանալով մարդկանցից, որոնք այլ կերպ են հավատում:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս երեկո ես խոսում եմ Հիսուս Քրիստոսի խոնարհ և նվիրված հետևորդների հետ: Երբ տեսնում եմ ձեր առաքինի կյանքը և մեր Փրկչի հանդեպ ձեր հավատքը այս երկրում և ամբողջ աշխարհում, ես ձեզ ավելի շատ եմ սիրում:

Իր ծառայության ավարտին Հիսուսի աշակերտները խնդրեցին Նրան ասել «[Իր երկրորդ գալստյան] ու աշխարհի վերջի նշանը»:1

Հիսուսն ասաց, թե ինչ պայմաններ են նախորդելու Իր վերադարձին և եզրափակեց՝ հայտարարելով, որ «երբ այս ամենը տեսնեք, [կհասկանաք], որ [ժամանակը] դռների մոտ է»:2

Վերջին գերագույն համաժողովում ես շատ ուշադիր լսեցի նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը. «Որտեղ էլ որ լինենք, մենք բոլորս հասկանում ենք, որ ապրում ենք ավելի ու ավելի վտանգավոր ժամանակներում: … Բոլոր նրանք, ովքեր աչքեր ունեն ժամանակների նշանները տեսնելու համար և ականջներ ունեն՝ լսելու մարգարեների խոսքերը, գիտեն, որ դա ճիշտ է»:3

Փրկիչը գովեց Իր քաջարի աշակերտներին. «Երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են»:4 Թող այս օրհնությունները լինեն մերը, երբ այս համաժողովին ուշադիր լսենք Իր մարգարեների և ուրիշների միջոցով տրված Տիրոջ խոսքերը:

Ցորեն և որոմներ

Տերը բացատրել է, որ Իր վերադարձից առաջ այս վերջին ժամանակում «ցորենը», որով Նա նկարագրում է «արքայության որդիներին»,5 կաճի «որոմների» կամ նրանց հետ, ովքեր չեն սիրում Աստծուն և չեն պահում Նրա պատվիրանները: Այդ «երկուսը միասին կաճեն»6 կողք կողքի։

Մինչև Փրկչի վերադարձը սա կլինի մեր աշխարհը՝ իր բարի և չար կողմերով:7

Երբեմն հնարավոր է դու չզգաք, որ ուժեղ, հասուն ցորենի հասկ եք: Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ։ Տերն ասաց, որ ցորենը կունենա աճող նուրբ ցողուններ:8 Մենք բոլորս Նրա Վերջին Օրերի Սրբերն ենք, և չնայած դեռ այն էակները չենք, որը ցանկանում ենք լինել, մենք իրոք ցանկանում ենք լինել Նրա ճշմարիտ աշակերտները։

Ամրապնդենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ

Մենք գիտակցում ենք, որ երբ աշխարհում չարիքն աճում է, մեր և մեր սիրելի մարդկանց հոգևոր գոյատևումը պահանջում է, որ մենք լիարժեք սնուցենք, կոփենք և ամրացնենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի արմատները: Պողոս առաքյալը խորհուրդ տվեց, որ մենք արմատավորված,9 հիմնավոր և հաստատուն մնանք10 Փրկչի հանդեպ մեր սիրո և Նրան հետևելու մեր վճռականության մեջ: Մեր օրերը և գալիք օրերը պահանջում են ավելի կենտրոնացված և սրբագործված ջանքեր, որոնք պաշտպանում են շեղումներից և անզգուշությունից:11

Բայց մենք չպետք է վախենանք նույնիսկ մեզ շրջապատող աշխարհիկ աճող ազդեցություններից։ Տերը երբեք չի լքի Իր ուխտի ժողովրդին: Արդարների համար գոյություն ունի հոգևոր պարգևների և աստվածային առաջնորդության փոխհատուցող զորություն:12 Սակայն, հոգևոր զորության այս լրացուցիչ օրհնությունը մենք չենք ստանում միայն այն պատճառով, որ մենք այս սերնդի մի մասն ենք: Այն ստանում ենք, երբ ամրացնում ենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը և պահում Նրա պատվիրանները, և երբ սկսում ենք ճանաչել Նրան ու սիրել Նրան: «Սա է հավիտենական կյանքը,- աղոթում էր Հիսուսը,- որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին»:13

Մենք լավ գիտենք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը և Նրա ճշմարիտ աշակերտ լինելը միայն մեկանգամյա որոշում չէ՝ այն ավելին է, քան մեկանգամյա որոշումը։ Դա նվիրական, շարունակական գործընթաց է, որն աճում և ընդլայնվում է մեր կյանքի տարբեր փուլերում՝ շարունակվելով այնքան, մինչև մենք ծնկի իջնենք Նրա ոտքերի մոտ:

Աշխարհում՝ որոմների մեջ աճող ցորենի նման, գալիք օրերին ինչպե՞ս կարող ենք խորացնել և ամրացնել մեր հավատարմությունը Փրկչի հանդեպ:

Ահա երեք միտք.

Ընդօրինակենք Հիսուսի կյանքը

Նախ՝ մենք կարող ենք ամբողջությամբ ընկղմվել Հիսուսի կյանքի, Նրա ուսմունքների, Նրա վեհության, Նրա զորության և Նրա քավող զոհաբերության մեջ: Փրկիչն ասել է․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում»։14 Հովհաննես առաքյալը հիշեցնում է մեզ. «Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ»:15 Երբ մենք ավելի լավ զգանք Նրա սերը, մենք ավելի շատ կսիրենք Նրան և, բնականաբար, ավելի լավ կհետևենք մեր շրջապատի մարդկանց սիրելու և նրանց մասին հոգալու Նրա օրինակին: Դեպի Նա ուղղված յուրաքանչյուր արդար քայլով մենք ավելի հստակ ենք տեսնում Նրան։16 Մենք պաշտում ենք Նրան և փորձում ենք ամեն փոքր բանում ընդօրինակել Նրան:17

Տիրոջ հետ ուխտեր կապեք

Հաջորդը, քանի որ մենք ավելի լավ ենք ճանաչում և սիրում Փրկչին, մենք ավելի շատ ենք ցանկանում խոստանալ Նրան մեր հավատարմությունն ու վստահությունը: Մենք ուխտեր ենք կապում Նրա հետ: Մենք սկսում ենք մկրտության մեր խոստումներից, և մենք հաստատում ենք այս և մյուս խոստումները, երբ ամեն օր ապաշխարում ենք, ներում ենք խնդրում և անհամբեր սպասում, որ ամեն կիրակի ճաշակենք հաղորդությունը: Մենք խոստանում ենք, որ «միշտ կհիշենք Նրան և կպահենք Նրա պատվիրանները»:18

Երբ մենք պատրաստ ենք լինում, մենք ընդունում ենք տաճարային արարողություններն ու ուխտերը: Երբ Տիրոջ տանը նվիրական և լուռ պահերին զգում ենք հավերժության ազդեցությունը, մենք ուրախությամբ ուխտեր ենք կապում Աստծո հետ և մեծացնում դրանք պահելու մեր վճռականությունը:

Ուխտեր կապելով և պահելով՝ Փրկչի սերն ավելի խորն է ամրանում մեր սրտերում: Այս ամսվա Լիահոնայում նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է. «[Մեր] ուխտ[եր]ը մեզ ավելի ու ավելի կմոտեցնեն Նրան: Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր նման կապ են հաստատել Իր հետ»:19 Եվ ինչպես նախագահ Նելսոնն այնքան գեղեցիկ ասաց այս առավոտ. «Յուրաքանչյուր նոր տաճարի նվիրագործման արդյունքում լրացուցիչ աստվածային զորություն է մտնում աշխարհ՝ մեզ զորացնելու և հակառակորդի ուժգնացող ջանքերին հակազդելու համար»:20

Արդյոք տեսնո՞ւմ ենք, թե ինչու է Տերն ուղղորդում Իր մարգարեին, որ սուրբ տաճարները մոտեցնի մեզ և թույլ տա, որ մենք ավելի հաճախ լինենք Իր տանը:

Երբ մենք մտնում ենք տաճար, մենք որոշ ժամանակով ազատվում ենք մեզ վրա կուտակվող աշխարհիկ ազդեցություններից և սովորում ենք մեր կյանքի նպատակի և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ տրված հավերժական պարգևների մասին:

Ինչպես պաշտպանենք Սուրբ Հոգու պարգևը

Եվ վերջում՝ իմ երրորդ միտքը․ մեր նվիրական ջանքերում մենք պահպանում և պաշտպանում ենք Սուրբ Հոգու պարգևը։ Ե՛վ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը ավելի վաղ, և՛ երեց Քևին Ու. Փիրսոնը քիչ առաջ խոսեցին նախագահ Նելսոնի մարգարեական նախազգուշացման մասին, որը ես նորից կկրկնեմ. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:21 Դա անգնահատելի պարգև է: Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք մեր ամենօրյա փորձառությունները պաշտպանելու համար, որ Սուրբ Հոգու ազդեցությունը մնա մեզ հետ: Մենք լույս ենք աշխարհի համար, և երբ անհրաժեշտ է, մենք կամովին որոշում ենք տարբերվել մյուսներից։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը վերջերս հարցրեց երիտասարդ չափահասներին. «Դուք տարբերվելու խիզախություն ունե՞ք: … [Հատկապես] կարևոր են այն ընտրությունները, որոնք դուք կատարում եք ձեր անձնական կյանքում: … Արդյո՞ք դուք առաջ եք շարժվում՝ ընդդիմանալով աշխարհի հակադրությանը»։22

Ընտրություն կատարեք և տարբերվեք աշխարհից

Սոցիալական մեդիայի վերջին գրառման մեջ ես խնդրեցի իմ ընկերներին կիսվել իրենց կատարած ընտրություններով, որոնք պահանջում էին տարբերվել աշխարհից: Ես հարյուրավոր պատասխաններ ստացա։23 Ահա մի քանիսը․

Ամանդա. Ես բուժքույր եմ և աշխատում եմ մեր տարածքի բանտում: Ես փորձում եմ բանտարկյալների մասին հոգ տանել այնպես, ինչպես Քրիստոսը կաներ:

Ռեյչել. Ես օպերային երգչուհի եմ և մարդկանց մոտ ընդունված է համարել, որ առանց համեստությունը հաշվի առնելու ես կհագնեմ այն հագուստը, որն ինձ կտան իմ դերի համար։ [Քանի որ ես օժտում ստացած եմ,] ես [իմ երաժշտական պրոդյուսերին] ասացի, որ հագուստը պետք է լինի [համեստ]: Նրանք դժգոհ էին… բայց դժկամությամբ փոխեցին հագուստը։ Ես սակարկման չէի ենթարկի այն խաղաղությունը, որը ստանում եմ բոլոր ժամանակներում՝ Քրիստոսի վկան լինելու արդյունքում։

Քրիս. Ես հարբեցող էի (վերականգնման փուլում), իսկ այժմ տաճար մտնելու արժանի Եկեղեցու անդամ եմ: Ես չեմ լռում կախվածության հետ կապված իմ փորձառությունների և [Հիսուս Քրիստոսի] Քավության մասին վկայություն ձեռք բերելու մասին:

Լորեն. Միջնակարգ դպրոցում ես դասընկերներիս հետ երգիծական մի ներկայացում էի գրում։ Նրանք ուզում էին, որ իմ լուռ և զուսպ կերպարը հանկարծակի սկսի հայհոյել։ Նրանք շարունակում էին ճնշում գործադրել ինձ վրա, բայց ես հրաժարվեցի և չենթարկվեցի նրանց։

Ադամ. Շատ մարդիկ չեն հավատում ինձ, երբ ասում եմ, որ ես պահում եմ մաքրաբարոյության օրենքը և ընտրում եմ զերծ մնալ պոռնոգրաֆիայից: Նրանք չեն հասկանում այն ուրախությունն ու և մտքի խաղաղությունը, որը դա ինձ պարգևում է:

Էլլա. Հայրս ԼԳԲՏՔ համայնքի անդամ է: Ես միշտ փորձում եմ հաշվի առնել այլ մարդկանց զգացմունքները՝ կանգնելով որպես Քրիստոսի վկա և հավատարիմ լինելով նրան, ինչին հավատում եմ:

Անդրադե. Ես որոշեցի շարունակել գնալ եկեղեցի, երբ ընտանիքս որոշում կայացրեց այլևս չգնալ:

Եվ վերջում Շերիից. Մենք մասնակցում էինք մի միջոցառման, որը նահանգապետի առանձնատանն էր: Նրանք սկսեցին շամպայն բաժանել՝ «կենաց» ասելու համար։ Ես հրաժարվեցի և փոխարենը ջուր վերցրեցի, չնայած անձնակազմն ասաց, որ դա վիրավորական կլինի: Մենք նահանգապետին «կենաց» ասացինք, և ես բարձր պահեցի իմ ջրի բաժակը։ Նահանգապետը չնեղացավ։

Նախագահ Նելսոնն ասել է․ «Այո, դուք ապրում եք աշխարհում, բայց աշխարհից շատ տարբերվող չափանիշներ ունեք, որպեսզի խուսափեք աշխարհի բծերից»։24

Անաստասիան, որը Ուկրաինայից մի երիտասարդ մայր էր, այս փետրվարին դեռ նոր էր հիվանդանոցում նորածին որդուն ծննդաբերել, երբ Կիևում ռմբակոծություններ սկսվեցին: Մի բուժքույր բացեց հիվանդասենյակի դուռը և շտապ ձայնով ասաց. «Վերցրեք երեխային, փաթաթեք նրան վերմակով և հենց հիմա գնացեք նախասրահ»։

Ավելի ուշ Անաստասիան մեկնաբանել է․

«Ես երբեք չէի պատկերացնում, որ մայր դառնալու իմ առաջին օրերն այդքան դժվար կլինեն, ․․․ բայց ․․․ ես կենտրոնանում եմ իմ տեսած ․․․ օրհնությունների և հրաշքների վրա:

Այս պահին ․․․ կարող է անհնար թվալ, որ երբևէ կարող ենք ներել նրանց, ովքեր այդքան ավերածություններ և վնասներ են պատճառել ․․․բայց որպես Քրիստոսի աշակերտ՝ ես հավատ ունեմ, որ կկարողանամ [ներել]․․․

Ես չգիտեմ այն ամենը, ինչ տեղի կունենա ապագայում, բայց ես գիտեմ, որ Հոգին շարունակաբար մեզ հետ կլինի, եթե մենք պահենք մեր ուխտերը, … թույլ տալով մեզ զգալ ուրախություն և հույս, նույնիսկ դժվար պահերին»:25

Հավերժական կյանքի և սելեստիալ փառքի խոստումը

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես օրհնվել եմ առատորեն՝ ստանալով մեր սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը: Ես գիտեմ, որ Նա ապրում և առաջնորդում է Իր սուրբ գործը: Բառերը չեն կարող ամբողջովին արտահայտել իմ սերը Նրա հանդեպ:

Մենք բոլորս այն «ուխտի զավակներն» ենք, որոնք ցրված են ամբողջ երկրագնդով մեկ՝ յուրաքանչյուր մայրցամաքի ազգերի և մշակույթների մեջ, որոնց թիվը հասնում է միլիոնների, և մենք սպասում ենք մեր Տիրոջ և Փրկչի փառահեղ վերադարձին: Որպես լույս շողալով մեզ շրջապատողներին՝ մենք գիտակցաբար ձևավորում ենք մեր ցանկությունները, մտքերը, ընտրությունները և գործողությունները: Մեր ամբողջ սրտով ձգտում ենք ճանաչել և սիրել Փրկչին և աշխարհից տարբերվում ենք Աստծո հետ կապած ուխտերով՝ լինելով տարբերվող, անսովոր և առանձնահատուկ, քանի որ հարգում ենք Նրան և Նրա ուսմունքները՝ չմեկուսանալով մարդկանցից, որոնք այլ կերպ են հավատում:

Որոմների մեջ ցորեն լինելու ճամփորդությունը հիասքանչ է, և երբեմն լի է սրտի ցավով, բայց միշտ հանգստություն ենք գտնում մեր հավատքի հասունացման և վստահեցման շնորհիվ: Երբ դուք թույլ տաք, որ ձեր սերը Փրկչի հանդեպ և Նրա սերը ձեր հանդեպ արմատավորվի ձեր սրտի խորքում, ես ձեզ խոստանում եմ հավելյալ վստահություն, խաղաղություն և ուրախություն ձեր կյանքի մարտահրավերներին դիմակայելիս: Եվ Փրկիչը խոստանում է մեզ. «Ես պետք է հավաքեմ իմ ժողովրդին՝ ցորենի և որոմների առակի համաձայն, որպեսզի ցորենը պահվի շտեմարաններում, որ հավերժական կյանք ունենա և պսակվի սելեստիալ փառքով»։26 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մատթեոս 24․3:

  2. Մատթեոս 24․33։

  3. Հենրի Բ. Այրինգ, «Կայուն մնանք փոթորիկների ժամանակ», Լիահոնա, մայիս 2022:

  4. Մատթեոս 13.16, շեշտադրումն ավելացված է։

  5. Մատթեոս 13.38:

  6. Մատթեոս 13.30:

  7. Երեց Նիլ Ա. Մաքսվելն ասել է. «Եկեղեցու անդամները կապրեն ցորենի և որոմի այս իրավիճակում մինչև Հազարամյակ: Որոշ իրական որոմներ նույնիսկ կերպարանափոխվում և հանդիսանում են որպես ցորեն» (“Becometh as a Child,” Ensign, May 1996)։

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 86․4, 6:

  9. Տես Կողոսացիս 2․7։

  10. Տես Կողոսացիս 1․23, տես նաև Եփեսացիս 3․17, Neal A. Maxwell, “Grounded, Rooted, Established, and Settled” (Brigham Young University devotional, Sept. 15, 1981), speeches.byu.edu:

  11. Մատթեոս 13.22 հատվածում Հիսուսը զգուշացրեց Իր աշակերտներին թույլ չտալ, որ աշխարհի հոգսերը և հարստության խաբեությունը «խեղդեն խոսքը» և կանգնեցնեն նրանց հոգևոր առաջընթացը: Ինձ դուր է գալիս «խեղդել խոսքը» արտահայտությունը կապել Հովհաննեսի առաջին գլխի հետ, որտեղ Հովհաննեսը հայտարարում է, որ խոսքը Հիսուսն է․ «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր։ ․․․ Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չեղաւ, ինչ որ եղաւ» (Հովհաննես 1․1, 3)։ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը, Նրան հետևելու մեր վճռականությունը, Փրկչի հանդեպ մեր սերը կարող են խեղդվել կամ կանգնեցվել աճելուց, քանի որ զրկված են հոգևոր լույսից և սնուցումից (տես Ալմա 32.37–41):

  12. Տես Նիլ Լ. Անդերսեն, «Արդարների համար փոխհատուցող հոգևոր ուժը» (Brigham Young University devotional, Aug. 18, 2015), speeches.byu.edu:

  13. Հովհաննես 17.3:

  14. Վարդապետություն և Ուխտեր 6.36:

  15. Ա Հովհաննես 4․19։

  16. Երեց Դեյվիդ Բ. Հեյթն ասել է․

    «Ճիշտ է, որ ոմանք փաստացի տեսել են Փրկչին, բայց բառարանից տեղեկանում ենք, որ տեսնել բառն ունի ուրիշ այլ իմաստներ, օրինակ՝ սկսել ճանաչել Նրան, նկատել Նրան, իմանալ Նրան և Նրա աշխատանքը, ըմբռնել Նրա կարևորությունը կամ սկսել հասկանալ Նրան:

    Նման երկնային լուսավորությունն ու օրհնությունները մատչելի են յուրաքանչյուրիս համար» (“Temples and Work Therein,” Ensign, Nov. 1990, 61)։

  17. Տես Մոսիա 5.13:

  18. Վարդապետություն և Ուխտեր 20.77:

  19. Russell M. Nelson, “The Everlasting Covenant,” Liahona, Oct. 2022, 5.

  20. Ռասսել Մ․ Նելսոն, «Ո՞րն է ճիշտ», Լիահոնա, նոյեմբեր 2022, 29։

  21. Ռասսել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» Լիահոնա, մայիս 2018, 96։

  22. Dallin H. Oaks, “Going Forward in the Second Century” (Brigham Young University devotional, Sept. 13, 2022), speeches.byu.edu. Նախագահ Օուքսը «խիզախություն ունեցիր տարբերվել» արտահայտությունը վերագրել է «Deseret Magazine»-ում Եկեղեցու կրթական համակարգի հանձնակատար երեց Քլարկ Գ. Գիլբերտի վերջին հոդվածին, որը վերաբերում է բարձրագույն կրթության մեջ կրոնական ինքնության պահպանմանը (see “Dare to Be Different,” Deseret Magazine, Sept. 2022, deseret.com)։

  23. Եթե ցանկանում եք սովորել մարդկանցից, որոնք մեկնաբանել են, թե ինչպես են իրենք տարբերվել աշխարհից, կարող եք կարդալ նրանց մեկնաբանությունները Facebook-ում (Neil L. Andersen, Facebook, Aug. 18, 2022, facebook.com/neill.andersen) or Instagram (see Neil L. Andersen, Instagram, Aug. 18, 2022, instagram.com/neillandersen)։

  24. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org։

  25. Anastasia Kocheva, “Facing the Conflict in Ukraine; Healing the Conflict in My Heart,” YA Weekly, May 2022.

  26. Վարդապետություն և Ուխտեր 101․65։