Թող բարիք գործելը մեր սովորական անելիքը լինի
Եթե մենք հաստատուն և անխախտ ենք բարիք գործելու մեջ, մեր սովորույթները կօգնեն մեզ մնալ ուխտի ուղու վրա։
Ես միշտ երախտապարտ կլինեմ Եկեղեցում իմ հանձնարարությունների համար, որոնց շնորհիվ ես ապրել եմ տարբեր երկրներում: Այդ երկրներից յուրաքանչյուրում մենք առնչվել ենք մեծ բազմազանության և յուրահատուկ մարդկանց հետ` տարբեր սովորույթներով ու ավանդույթներով:
Մենք բոլորս ունենք սովորույթներ ու ավանդույթներ, որոնք անձնական են, սերում են ընտանիքից կամ համայնքից, որում մենք ապրում ենք, և մենք հույս ունենք պահպանել բոլոր այն ավանդույթները, որոնք համահունչ են ավետարանի սկզբունքների հետ։ Սովորույթների և ավանդույթների մեծարումը հիմնարար նշանակություն ունի ուխտի ուղու վրա մնալու մեր ձգտումներում, իսկ դրանցից խոչընդոտ հանդիսացողները մենք պետք է մերժենք:
Մարդու համար սովորույթը գործելակերպ է, ավանդական մտածելակերպ, մշակույթ կամ ավանդույթ։ Հաճախ այն, ինչ մենք մտածում և անում ենք սովորույթի համաձայն, մենք համարում ենք սովորական:
Թույլ տվեք պատկերավոր դարձնել դա. Պատրիշան՝ իմ սիրելի կինը, սիրում է խմել կոկոսի ջուրը, ապա՝ ուտել կոկոսը: Պուեբլա (Մեքսիկա) մեր առաջին այցի ժամանակ մենք գնացինք մի տեղ, որտեղ կոկոս գնեցինք։ Ջուրը խմելուց հետո կինս խնդրեց նրանց, որ կտրեն կոկոսը և միջուկը բերեն, որ ուտի։ Երբ բերեցին, այն կարմրավուն էր։ Կոկոսի վրա չիլի էր շաղ տված։ Քաղցր կոկոսը չիլիով։ Դա շատ տարօրինակ թվաց մեզ։ Բայց ավելի ուշ հասկացանք, որ տարօրինակները ես ու կինս էինք, որ չիլիով կոկոս չէինք կերել: Մեքսիկայում, սակայն, դա հազվադեպ բան չէ այլ՝ շատ սովորական:
Մեկ այլ առիթով մենք Բրազիլիայում հաց էինք ուտում ընկերների հետ, և նրանք մեզ ավոկադո հյուրասիրեցին։ Հենց որ մենք պատրաստվում էինք դրա վրա աղ ցանել, մեր ընկերները մեզ ասացին. «Ի՞նչ եք անում։ Մենք արդեն շաքարավազ ենք ավելացրել ավոկադոյի վրա»։ Ավոկադոն շաքարավազո՜վ։ Դա այնքան տարօրինակ էր մեզ համար։ Բայց հետո հասկացանք, որ տարօրինակները ես ու կինս էինք, որ չէինք կերել ավոկադո շաքարավազով։ Բրազիլիայում շաքարավազով ցողված ավոկադոն սովորական ուտեստ է:
Այն, ինչ սովորական է ոմանց համար, կարող է տարօրինակ լինել մյուսների համար, կախված նրանց սովորույթներից և ավանդույթներից:
Ո՞ր սովորույթներն ու ավանդույթներն են սովորական մեր կյանքում:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Այսօր մենք հաճախ ենք լսում «նոր բնականոն կյանքի» մասին: Եթե դուք իսկապես ցանկանում եք ապրել նոր բնականոն կյանքով, ես ձեզ հրավիրում եմ ավելի ու ավելի շատ դարձնել ձեր սիրտը, միտքն ու հոգին դեպի Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը: Թող դա դառնա ձեր նոր բնականոն կյանքը» («Նոր բնականոն կյանքը», Լիահոնա, նոյեմբեր 2020, 118)։
Այս հրավերը բոլորի համար է։ Նշանակություն չունի` մենք աղքատ ենք, թե հարուստ, կրթված, թե անկիրթ, ծեր, թե երիտասարդ, հիվանդ, թե առողջ: Նա մեզ հրավիրում է թույլ տալ, որ մեր կյանքի սովորական երևույթները լինեն նրանք, որոնք կպահեն մեզ ուխտի ուղու վրա:
Որևէ երկիր չունի լիարժեք լավ կամ հիացմունքի արժանի սովորույթներ։ Հետևաբար, ինչպես ուսուցանել են Պողոսը և Ջոզեֆ Սմիթ մարգարեն․
«Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի,- մենք ձգտում ենք այդ ամենին» (Հավատքի հանգանակ 1.13):
«[Ինչ որ գովելի է], ա՛յն մտածեք» (Փիլիպպեցիս 4․8)։
Նկատի ունեցեք, որ սա հորդոր է, ոչ թե՝ զուտ մեկնաբանություն:
Ես կցանկանայի, որ բոլորս մի պահ խորհեինք մեր սովորույթների մասին, և թե ինչպես են դրանք ազդում մեր ընտանիքների վրա։
Հրաշալի սովորույթներից չորսը, որոնք պետք է սովորական լինեն Եկեղեցու անդամների համար, հետևյալ են.
-
Սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրություն։ Դեպի Տեր Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար յուրաքանչյուր մարդ պարտավոր է ուսումնասիրել ավետարանը։ Ծնողները պարտավոր են ուսուցանել ավետարանը իրենց երեխաներին (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25, 93․40)։
-
Անձնական և ընտանեկան աղոթք։ Փրկիչը մեզ պատվիրում է միշտ աղոթել (տես Վարդապետություն և Ուխտեր 19․38)։ Աղոթքը թույլ է տալիս մեզ անձամբ շփվել մեր Երկնային Հոր հետ, Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով:
-
Հաղորդության ժողովի մասնակցություն ամեն շաբաթ (տես 3 Նեփի 18․1-12, Մորոնի 6․5-6)։ Մենք դա անում ենք, որպեսզի հաղորդությունն ընդունելով հիշենք Հիսուս Քրիստոսին: Այս արարողությամբ Եկեղեցու անդամները նորացնում են Փրկչի անունն իրենց վրա վերցնելու, Նրան միշտ հիշելու և Նրա պատվիրանները պահելու ուխտը (տես Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79)։
-
Հաճախակի մասնակցություն տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։ Այս աշխատանքը հավերժության համար ընտանիքների միավորման և կնքման միջոց է (տես Վարդապետություն և Ուխտեր 128․15)։
Ի՞նչ ենք մենք զգում, երբ լսում ենք այս չորս կետերը։ Արդյո՞ք դրանք մեր բնականոն կյանքի մասն են։
Կան բազմաթիվ այլ ավանդույթներ, որոնք կարող են լինել մեր որդեգրած սովորականության մի մասը՝ այդպիսով թույլ տալով, որ Աստված գերակայի մեր կյանքում:
Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե որ բաներն են սովորական մեր կյանքում և ընտանիքում։ Սուրբ գրություններում կա հիանալի օրինակ. Մոսիա 5․15-ում ասվում է․ «Ես կկամենայի, որ դուք լինեք հաստատուն և անխախտ, միշտ հարուստ լինելով բարի գործերով»։
Ես սիրում եմ այս խոսքերը, քանի որ մենք գիտենք, որ մեր կյանքում սովորական են դառնում այն բաները, որոնք մենք նորից ու նորից կրկնում ենք: Եթե մենք հաստատուն և անխախտ ենք բարիք գործելու մեջ, մեր սովորույթները կհամապատասխանեն ավետարանի սկզբունքներին և կօգնեն մեզ մնալ ուխտի ճանապարհին:
Նախագահ Նելսոնը նաև ասել է․ «Ամեն օր ապաշխարելով՝ ապրեք ձեր նոր բնականոն կյանքով։ Ձգտեք ավելի մաքուր լինել՝ մտքի, խոսքի և գործի մեջ: Սպասավորեք ուրիշներին։ Ունեցեք հավերժական հեռանկար: Մեծարեք ձեր կոչումները։ Եվ ինչպիսին էլ լինեն ձեր մարտահրավերները, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ամեն օր ապրեք այնպես, որ դուք ավելի պատրաստ լինեք հանդիպելու ձեր Արարչին» («Նոր բնականոն կյանքը», 118)։
Այժմ ո՛չ կնոջս՝ Պատրիշայի, ո՛չ էլ ինձ համար տարօրինակ չէ չիլիով կոկոս կամ շաքարավազով ավոկադո ուտելը, իրականում մեզ դուր են գալիս դրանք: Այնուամենայնիվ, վեհացումը շատ ավելի վերացական է, քան համի զգացումը. դա հավերժությանը վերաբերող թեմա է։
Ես աղոթում եմ, որ մեր սովորականությունը թույլ տա մեզ զգալ «երբեք չվերջացող երջանկության» վիճակը (Մոսիա 2․41), որը խոստացված է նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները, և դա անելիս մենք կարողանանք ասել. «Եվ եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ» (2 Նեփի 5․27)։
Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ այն 15 տղամարդկանց մասին, որոնց մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, ներառյալ՝ մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Ես հատկապես վկայում եմ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի և Քավչի մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: