Այս օրը
Մեր կենդանի մարգարեն կատարում է իր բաժինը՝ երկիրը Մորմոնի Գրքով հեղեղելու գործում: Մենք պետք է հետևենք նրա օրինակին։
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, Մորմոնի Գրքի «այս օրը»1 արտահայտությունը բազմիցս օգտագործվում է՝ խորհուրդների, խոստումների և ուսմունքների վրա ուշադրություն հրավիրելու համար: Բենիամին թագավորն իր վերջին ուղերձում հորդորեց մարդկանց․ «Լսեք իմ խոսքերը, որոնք ես կխոսեմ ձեզ համար այս օրը ․․․ բացեք ձեր ականջները, որ կարողանաք լսել, և ձեր սրտերը, որ կարողանաք հասկանալ, և ձեր մտքերը, որ Աստծո խորհուրդները բացվեն ձեր ըմբռնման համար»։2 Գերագույն համաժողովը նմանատիպ միջավայր է։ Մենք գալիս ենք լսելու «այս օրվա» խորհուրդը, որպեսզի կարողանանք Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ մնալ «հավատարիմ բոլոր դեպքերում»3: Մեծապես համոզված եմ, որ «այս օրը» կարևոր է մեր հանձնառությունը Մորմոնի Գրքի հանդեպ թարմացնելու համար, որը Ջոզեֆ Սմիթը անվանեց «ամենաճիշտը երկրի վրա եղած բոլոր գրքերից»:4
Ես իմ ձեռքում պահում եմ Մորմոնի Գրքի մի օրինակ: Սա իմ 1970 թվականի հին տարբերակն է, և այն թանկ է ինձ համար: Իր տեսքով այն հնամաշ է, բայց ուրիշ ոչ մի գիրք այնքան կարևոր չէ իմ կյանքի և իմ վկայության համար, որքան այս մեկը: Կարդալով այն, ես Հոգու կողմից վկայություն ստացա, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է,5 որ Նա իմ Փրկիչն է,6 որ այս սուրբ գրություններն Աստծո խոսքն են,7 և որ ավետարանը վերականգնվել է:8 Այդ ճշմարտությունները խորն են նստած իմ մեջ: Ինչպես մարգարե Նեփին ասել է. «Հոգիս հրճվում է Տիրոջ բաներով»:9
Ահա դրա նախապատմությունը։ Որպես երիտասարդ միսիոներ, ես լսեցի երեց Մարիոն Դ. Հենքսի խորհուրդը, որը մեզ այցելել էր Արևելյան նահանգների միսիայում: Այդ ժամանակ նա Բրիտանական Միսիայի նախկին նախագահն էր, և նրա երկու միսիոներներն «այս օրը» կանգնած են բեմի վրա․ իմ սիրելի եղբայրներ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և երեց Քվենթին Լ. Քուքը:10 Նա մեզ հղեց նույն կոչը, որն արել էր Անգլիայի իր միսիոներներին․ կարդալ Մորմոնի Գրքի նշումներ չարած օրինակը առնվազն երկու անգամ: Ես ընդունեցի մարտահրավերը: Առաջին ընթերցմամբ ես պետք է նշեի կամ ընդգծեի այն ամենը, ինչը ցույց էր տալիս կամ վկայում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Ես կարմիր մատիտ օգտագործեցի և շատ հատվածներ ընդգծեցի։ Երեց Հենքսն ասաց, որ երկրորդ անգամ պետք է ընդգծենք ավետարանի սկզբունքներն ու վարդապետությունը, և այս անգամ սուրբ գրությունները նշելու համար ես օգտագործեցի կապույտ մատիտ: Ես Մորմոնի Գիրքը կարդացի երկու անգամ, ինչպես առաջարկվեց, որից հետո ևս երկու անգամ կարդացի՝ օգտագործելով դեղին ու սև մատիտները, որպեսզի նշեմ ինձ համար աչքի ընկած հատվածները:11 Ինչպես տեսնում եք, ես բազմաթիվ նշումներ եմ արել։
Իմ ընթերցանությունը շատ ավելին էր, քան պարզապես հատվածների նշումը։ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր ընթերցման ժամանակ՝ սկզբից մինչև վերջ, ես լցված էի Տիրոջ հանդեպ խորը սիրով: Ես մեծ վկայություն զգացի Նրա ուսմունքների ճշմարտության և այն մասին, թե ինչպես են դրանք կիրառվում «այս օրը»: Այս գիրքը համապատասխանում է իր վերնագրին՝ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»:12 Այդ ուսումնասիրությամբ և ստացած հոգևոր վկայությամբ ես դարձա Մորմոնի Գրքի միսիոներ և Հիսուս Քրիստոսի աշակերտ:13
«Այսօր» Մորմոնի Գրքի մեծագույն միսիոներներից մեկը նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է: Երբ նոր էր առաքյալ կանչվել, նա դասախոսություն կարդաց Աքրա քաղաքում (Գանա):14 Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ աֆրիկյան ցեղերի մի թագավոր, որի հետ նա զրուցեց թարգմանչի միջոցով։ Թագավորը լրջորեն ուսումնասիրում էր Աստվածաշունչը և սիրում էր Տիրոջը: Նախագահ Նելսոնի ելույթից հետո նրան մոտեցավ այդ թագավորը, որը կատարյալ անգլերենով հարցրեց. «Ո՞վ ես դու»: Նախագահ Նելսոնը բացատրեց, որ ինքը «Հիսուս Քրիստոսի կարգված Առաքյալն է»:15 Թագավորի հաջորդ հարցն էր․ «Ի՞նչ կարող ես սովորեցնել ինձ Հիսուս Քրիստոսի մասին»:16
Նախագահ Նելսոնը վերցրեց Մորմոնի Գիրքը և բացեց 3 Նեփի 11 գլուխը: Նախագահ Նելսոնը և թագավորը միասին կարդացին նեփիացիներին ուղղված Փրկչի քարոզը. «Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ ․․․ Ես եմ լույսը և կյանքն աշխարհի»։17
Նախագահ Նելսոնը թագավորին ներկայացրեց Մորմոնի Գրքի այդ օրինակը, և թագավորը պատասխանեց. «Դուք կարող էիք ինձ տալ ադամանդ ու սուտակ, բայց ոչինչ ավելի թանկ չէ ինձ համար, քան այս լրացուցիչ գիտելիքը Տեր Հիսուս Քրիստոսի մասին»:18
Դա միակ օրինակը չէ, թե ինչպես է մեր սիրելի մարգարեն կիսվում Մորմոնի Գրքով: Նա Մորմոնի Գրքի օրինակներ է տվել հարյուրավոր մարդկանց՝ միշտ բերելով իր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Երբ Նախագահ Նելսոնը հանդիպում է հյուրերի, նախագահների, թագավորների, պետությունների ղեկավարների, բիզնեսի և կազմակերպությունների ղեկավարների և տարբեր հավատքների տեր մարդկանց, լինի դա Եկեղեցու գլխավոր գրասենյակում, թե իրենց երկրներում, նա ակնածանքով ներկայացնում է հայտնությամբ տրված սուրբ գրությունների այս գիրքը: Նա կարող էր նրանց տալ ժապավեններով փաթաթված շատ իրեր, որոնք կարող էին իրենց տեղը գտնել սեղանի, գրասեղանի կամ պահարանի վրա՝ որպես իր այցելության հիշեցում: Փոխարենը, նա տալիս է այն, ինչն ամենաթանկն է իր համար՝ սուտակներից ու ադամանդներից առավել, ինչպես նկարագրել էր այդ ցեղի թագավորը։
Նախագահ Նելսոնն ասել է․ «Մորմոնի Գրքի ճշմարտությունները զորություն ունեն բժշկելու, սփոփելու, վերականգնելու, սատար կանգնելու, զորացնելու, մխիթարելու և քաջալերելու մեր հոգիները»:19 Ես տեսել եմ, թե ինչպես են Մորմոնի Գրքի այս օրինակները ձեռքում ամուր բռնում նրանք, ովքեր ստանում են դրանք Աստծո մեր մարգարեից: Ավելի մեծ նվեր չէր կարող լինել:
Հենց վերջերս նա հանդիպեց Գամբիայի առաջին տիկնոջն իր գրասենյակում և խոնարհաբար նրան հանձնեց Մորմոնի Գիրքը: Նա դրանով չսահմանափակվեց։ Նա բացեց գիրքը և նրա հետ կարդաց այն՝ ամենուր ուսուցանելով և վկայելով Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Աստծո բոլոր զավակների հանդեպ Նրա սիրո մասին:
Մեր կենդանի մարգարեն կատարում է իր բաժինը՝ երկիրը Մորմոնի Գրքով հեղեղելու գործում:20 Բայց նա չի կարող միայնակ բացել հեղեղատարները։ Մենք պետք է հետևենք նրա օրինակին։
Նրա օրինակով ոգեշնչված՝ ես փորձել եմ խոնարհաբար և ավելի ջերմեռանդորեն կիսվել Մորմոնի Գրքով:
Վերջերս ես հանձնարարությամբ գտնվում էի Մոզամբիկում։ Այս գեղեցիկ երկրի քաղաքացիները պայքարում են աղքատության, վատառողջության, գործազրկության, փոթորիկների և քաղաքական խռովությունների դեմ: Ես պատիվ ունեցա հանդիպելու երկրի նախագահ Ֆիլիպե Նյուսիի հետ։ Նրա խնդրանքով ես աղոթեցի նրա և իր ազգի համար. ես ասացի նրան, որ մենք կառուցում ենք Հիսուս Քրիստոսի տաճարը21 նրա երկրում: Մեր այցելության ավարտին ես նրան նվիրեցի Մորմոնի Գրքի օրինակը պորտուգալերենով՝ նրա մայրենի լեզվով: Երբ նա երախտագիտությամբ ընդունեց գիրքը, ես վկայեցի իր ժողովրդի համար հույսի և խոստման մասին, որը գտնվում է Տիրոջ խոսքերում՝ Մորմոնի Գրքի էջերում:22
Մեկ այլ առիթով ես և կինս՝ Մելանին, հանդիպեցինք Լեսոտոյի թագավոր Լետսի III-ի և նրա կնոջ հետ իրենց տանը:23 Մեզ համար այցելության կարևոր մասը նրանց Մորմոնի Գրքի օրինակ նվիրելն էր և հետո իմ վկայությամբ կիսվելը: Երբ ես հետ եմ նայում այդ և մյուս փորձառություններին, վերջին օրերի սուրբ գրության մի հատված է միտքս գալիս. «Իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ»:24
Ես Ժնևում Մորմոնի Գրքով կիսվել եմ ՄԱԿ-ում Հնդկաստանի դեսպան Ինդրա Մանի Պանդեյի հետ26 և Արևելյան Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Պատրիարք Բարդուղիմեոսի26 և շատ ուրիշների հետ: Ես զգացել եմ Տիրոջ Հոգին, երբ անձամբ եմ նրանց հանձնել «մեր կրոնի պորտաքարը»,27 և բերել իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի՝ մեր հավատքի անկյունաքարի մասին:28
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այժմ կարիք չկա, որ դուք գնաք Մոզամբիկ կամ Հնդկաստան կամ հանդիպեք թագավորների և կառավարիչների հետ, որպեսզի ինչ-որ մեկին նվիրեք սուրբ ուսմունքների և խոստումների այս գիրքը: Ես հրավիրում եմ ձեզ՝ այս օրը, Մորմոնի Գիրք նվիրել ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին, գործընկերներին, ձեր ֆուտբոլի մարզչին կամ ձեր շուկայի վաճառողին: Նրանք այս գրքում գտնվող Տիրոջ խոսքերի կարիքն ունեն։ Նրանք առօրյա կյանքի և գալիք հավիտենական կյանքի հարցերի պատասխանների կարիք ունեն։ Նրանք պետք է իմանան իրենց սպասվող ուխտի ուղու և իրենց հանդեպ Տիրոջ մնայուն սիրո մասին: Այդ ամենը այստեղ է՝ Մորմոնի Գրքում:
Երբ դուք նրանց եք տալիս Մորմոնի Գիրքը, դուք բացում եք նրանց միտքն ու սրտերը Աստծո խոսքի համար: Գրքի տպագիր օրինակները ձեզ հետ տանելու կարիք չկա: Դուք կարող եք դրանով հեշտությամբ կիսվել ձեր բջջային հեռախոսից՝ Gospel Library հավելվածի սուրբ գրությունների բաժնից:29
Մտածեք բոլոր նրանց մասին, ում կյանքը կարող է օրհնվել ավետարանով, իսկ հետո ձեր հեռախոսից ուղարկեք նրանց Մորմոնի Գրքի օրինակը: Հիշեք, որ գրի առնեք ձեր վկայությունը, և թե ինչպես է այս գիրքն օրհնել ձեր կյանքը:
Իմ սիրելի ընկերնե՛ր, որպես Տիրոջ առաքյալ, ես հրավիրում եմ ձեզ հետևել մեր սիրելի մարգարե նախագահ Նելսոնին՝ երկիրը հեղեղելով Մորմոնի Գրքով: Դրա անհրաժեշտությունը մեծ է, և մենք պետք է գործենք հիմա: Ես խոստանում եմ, որ դուք կմասնակցեք «երկրի վրա գտնվող մեծագույն աշխատանքին»՝ Իսրայելի հավաքմանը30, երբ դուք ոգեշնչված ձեռք մեկնեք նրանց, ովքեր «ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»:31 Նրանք ձեր վկայության կարիքն ունեն այն մասին, թե ինչպես է այս գիրքը փոխել ձեր կյանքը և մոտեցրել ձեզ Աստծուն, Նրա խաղաղությանը32 և Նրա «մեծ ուրախության ավետիքին»:33
Ես վկայում եմ, որ աստվածային ծրագրի համաձայն Մորմոնի Գիրքը պատրաստվել է հին Ամերիկայում՝ «այս օրը» առաջ գալու և հռչակելու Աստծո խոսքը և հոգիներ բերելու Տեր Հիսուս Քրիստոսի ու Նրա վերականգնված ավետարանի մոտ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։