2022
Աշակերտության օրինակներ
Նոյեմբեր 2022


11:4

Աշակերտության օրինակներ

Քրիստոսի և Նրա ուղիների մասին սովորելը օգնում է մեզ ճանաչել և սիրել Նրան:

Հավատքի օրինակ

Այսօր առավոտյան մեր երկու երեխաներն ու երեք թոռները Հյուսիսային Ամերիկայում և աշխարհի մոտ կեսը տեսան արևի պայծառությունը, որը վեհությամբ ծագում էր արևելքից: Մյուս երեք երեխաներն ու յոթ թոռները Աֆրիկայում և աշխարհի մյուս կեսը տեսան, թե խավարն ինչպես է աստիճանաբար տարածվում իրենց վրա, երբ արևը արևմուտքում սուզվում է հորիզոնում:

Օրվա և գիշերվա սկզբի այս հավերժական կայունությունը ամենօրյա հիշեցում է այն իրողությունների մասին, որոնք ղեկավարում են մեր կյանքը և որոնք մենք չենք կարող փոխել: Երբ մենք հարգում ենք և համաձայնեցնում մեր գործողությունները այդ հավերժական իրողությունների հետ, զգում ենք ներքին խաղաղություն և ներդաշնակություն: Երբ այդպես չենք վարվում, մենք անհանգիստ ենք, և գործերն այնպես չեն գնում, ինչպես մենք ենք ակնկալում:

Օրն ու գիշերը օրինակներից մեկն է, որ Աստված է տվել երկրի վրա երբևէ ապրած բոլոր մարդկանց՝ իրողությունների մասին՝ ինչպես դրանք իրականում կան: Դա մեր մարդկային գոյության բացարձակ ճշմարտությունն է, որի շուրջ մենք չենք կարող բանակցել մեր սեփական ցանկությունների համաձայն և հեռանալ դրանից: Սրա մասին է հիշեցվում ինձ ամեն անգամ, երբ թռչում եմ Աֆրիկայից և գալիս եմ գերագույն համաժողովի` իմ կենսաբանական ժամացույցը հետ դնելով 10 ժամ մեկ օրում:

Երբ ուշադրություն ենք դարձնում, մենք տեսնում ենք, որ Երկնային Հայրը մեզ ճշմարտության վերաբերյալ բավականին ապացույցներ է տվել մեր կյանքում, որպեսզի մենք ճանաչենք Նրան և ունենանք խաղաղության և ուրախության օրհնությունները:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տիրոջ Հոգին հաստատում է. «Եվ բացի այդ, ես ձեզ կտամ մի օրինակ, բոլոր բաների համար, որպեսզի դուք չխաբվեք. քանզի Սատանան դրսում է, երկրի վրա, և նա առաջ է գնում՝ խաբելով ազգերին»:1

Կորիհոր հակաքրիստոսը ընկավ նման խաբեության մեջ` չհավատալով Աստծո գոյությանը և Քրիստոսի գալուստին: Մարգարե Ալման վկայեց նրան. «Բոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված. այո, նույնիսկ երկիրը և բոլոր բաները, որ նրա երեսին են, այո, և նրա շարժումը, այո, և նաև բոլոր մոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող»:2

Երբ Կորիհորը պնդեց, որ իրեն նշան տրվի նախքան հավատալը, Ալման նրան զարկեց համրությամբ: Իր դժբախտությունից խոնարհված՝ Կորիհորը բացեիբաց խոստովանեց, որ խաբվել էր դևի կողմից:

Մենք չպետք է խաբվենք։ Բանական կյանքի հրաշքն անընդհատ կատարվում է մեր առջև: Եվ անթիվ աստղերով ու համաստեղություններով դասավորված երկնքի հրաշալիքների վրա մի կարճ հայացքն ու մտորումը հուշում է հավատացյալ սրտի հոգուն՝ հռչակելու. «Աստված իմ, ի՜նչ մեծ ես Դու»:3

Այո, Աստված`մեր Երկնային Հայրը, ապրում է, և Նա հայտնվում է մեզ ամեն անգամ բազմաթիվ ձևերով:

Խոնարհության օրինակ

Բայց Աստծուն ընդունելու, հավատալու և շարունակելու համար մեր սրտերը պետք է ընկալունակ լինեն ճշմարտության Հոգուն: Ալման ուսուցանել է, որ հավատքին նախորդում է խոնարհությունը:4 Մորմոնն ավելացրել է, որ անհնարին է որևէ մեկի համար, ով «հեզ չէ և սրտով խոնարհ» հավատք ունենա և հույս ու ընդունի Աստծո Հոգին:5 Բենիամին թագավորը հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք, ով առաջնահերթություն է տալիս աշխարհի փառքին, «Աստծո թշնամին է»:6

Որպեսզի կատարեր ամեն արդարություն, չնայած Նա արդար էր և սուրբ, Հիսուս Քրիստոսը մկրտվելով ցույց տվեց, որ խոնարհությունն Աստծո առջև Իր աշակերտների հիմնական հատկանիշն է:7

Բոլոր նոր աշակերտներից պահանջվում է ցույց տալ խոնարհություն Աստծո առջև՝ մկրտության արարողության միջոցով: Այսպիսով, «բոլոր նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են Աստծո առաջ և ցանկանում են մկրտվել, և առաջ են գալիս կոտրված սրտով և փշրված հոգով … պիտի ընդունվեն մկրտությամբ իր եկեղեցում»:8

Խոնարհությունը աշակերտի սիրտը հակում է դեպի ապաշխարություն և հնազանդություն: Աստծո Հոգին այդ ժամանակ կարող է բերել ճշմարտությունը դեպի այդ սիրտը և այն կգտնի մուտքը:9

Խոնարհության պակասն է, որ ամենաշատն է նպաստում Պողոս առաքյալի մարգարեության կատարմանը այս վերջին օրերում:

«Որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր,

անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր»:10

Իրենից սովորելու Փրկչի հրավերն է՝ հեռու մնալ աշխարհիկության հրապուրանքներից, և դառնալ ինչպես Ինքն է` հեզ և համեստ սրտով, խոնարհ: Այնուհետև մենք կարող ենք վերցնել Նրա լուծը և բացահայտել, որ դա հեշտ է, որ աշակերտելը բեռ չէ, այլ ուրախություն, ինչպես նախագահ Ռասել Մ. Նելսոնն այդքան պերճախոս ու բազմիցս ուսուցանել է մեզ:

Սիրո օրինակ

Քրիստոսի և Նրա ուղիների մասին սովորելը օգնում է մեզ ճանաչել և սիրել Նրան:

Նա օրինակով ցույց տվեց, որ խոնարհ վերաբերմունքով իսկապես հնարավոր է ճանաչել և սիրել Հայր Աստծուն մեր ողջ էությամբ և անմնացորդ սիրել ուրիշներին, ինչպես սիրում ենք ինքներս մեզ: Նրա ծառայությունը երկրի վրա, որի ընթացքում Նա զոհասեղանին դրեց ինչպես Իր կամքը, այնպես էլ մարմինը, օրինակ էր այս սկզբունքների կիրառման, որի վրա հիմնված է Իր ավետարանը: Երկու սկզբունքներն էլ ստիպում են մեզ կենտրոնանալ այլ մարդկանց վրա և այն մասին են, թե մենք ինչպես ենք վերաբերվում ուրիշներին, ոչ թե անձնական բավականություն կամ փառք փնտրում:

Տարօրինակ հեգնանքն այն է, որ երբ մենք կենտրոնացնում ենք մեր լավագույն ջանքերը Աստծուն և ուրիշներին սիրելու վրա, մեզ հնարավորություն է տրվում բացահայտելու մեր իսկական աստվածային արժեքը՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ լիակատար խաղաղությամբ և ուրախությամբ, որ բերում է այս փորձառությունը:

Մենք մեկ ենք դառնում Աստծո հետ և միմյանց հետ` սիրո և ծառայության միջոցով: Այդ ժամանակ մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգու վկայությունը այդ մաքուր սիրո մասին, այն պտղի, որի մասին խոսում է Լեքին, որպես «ամենաքաղցրը բոլորից, որ [նա] նախկինում երբևիցե փորձել էր»:11

Պսակը, որը ստացավ Քրիստոսը` տալով և անելով այն ամենը, ինչ Իր կարողության սահմաններում էր, որպեսզի Հորը և մեզ սիրելու օրինակ սահմաներ, ողջ զորությունը ստանալու նպատակով էր, նույնիսկ այն ամենը, ինչ Հայրն ունի, որը վեհացումն է:12

Աստծո և մեր մերձավորի հանդեպ մեր հոգիներում հարատև սեր սնուցելու մեր հնարավորությունը սկսվում է տանը` Հոր հետ կապվելով Նրա Միածին Որդու անունով՝ ամենօրյա անձնական և ընտանեկան աղոթքների սուրբ սովորույթներով, միասին սովորելով Նրանց մասին անհատական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով, միասին պահելով Հանգստության օրը, անհատապես կրելով գործող տաճարային երաշխավորագիր և որքան հնարավոր է, հաճախ օգտագործելով այն միասին:

Մինչ մենք յուրաքանչյուրս անհատապես աճում ենք Հոր և Որդու հանդեպ գիտելիքով և սիրով, մենք աճում ենք գնահատանքով և սիրով՝ մեկս մյուսի հանդեպ: Տանից դուրս ուրիշներին սիրելու և ծառայելու մեր ունակությունը մեծապես ուժեղանում է:

Այն, ինչ մենք անում ենք տանը, տոկուն և ուրախ աշակերտության իսկական հնոց է: Վերականգնված ավետարանի ամենաքաղցր օրհնությունները, որ մեր գերդաստանում վայելում ենք ես և իմ կինը՝ Գլեդիսը, եկել են այն բանից, որ սովորել ենք ճանաչել և պատվել Աստծուն տանը և կիսել Նրա սերը մեր սերունդների հետ:

Ծառայության օրինակը

Աստծո հանդեպ սերը և տանը ուսուցանված ու արմատացած ծառայությունը միմյանց հանդեպ, նաև ժամանակի ընթացքում տնից դուրս ուրիշներին ծառայելը վերածվում են գթության հատկանիշի:

Սա արձագանքում է Աստծո արքայությունում նվիրաբերված ծառայության օրինակին, որը մեզ ցույց են տալիս Տիրոջ կենդանի մարգարեներն ու առաքյալները: Մենք դառնում ենք մեկ նրանց հետ:

Մենք այդ ժամանակ կարողանում ենք նրանց միջոցով նայել դեպի Տերը «բոլոր մտորումներում», որպեսզի «ոչ կասկածենք», ոչ էլ «վախենանք»:13

Տիրոջ ապրող մարգարեների և առաքյալների նման մենք կարող ենք առաջ գնալ մեր «որովայնը … գթությամբ լցված բոլոր մարդկանց հանդեպ և … հավատքի ընտանիքի հանդեպ, և … առաքինությ[ամբ] զարդար[ած] [մեր] մտքերն անդադար. … [և մեր] վստահությունը ամրա[ցած] Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը … իջնել[ով] [մեր] հոգի[ների] վրա, ինչպես ցողը երկնքից»:

Տիրոջ ապրող մարգարեների և առաքյալների հետ մենք նաև կարող ենք միանալ հավատքի արդար շրջանին` զորացված սրբագործված ծառայությամբ, որում «Սուրբ Հոգին [մեր] մշտական ընկեր[ն է], և [մեր] գավազանը արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան [է]. և [մեր] տիրապետությունը հավիտենական տիրապետություն [է] և առանց հարկադրանքի [հոսում է] դեպի [մեզ] հավիտյանս հավիտենից»:14 Քանզի սա է Հոր ծրագրի խոստումը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։