Նրա լուծը քաղցր է, և Նրա բեռը՝ թեթև
Եկեք հիշենք, որ այս աշխարհում յուրաքանչյուր մարդ Աստծո զավակ է, և Նա սիրում է յուրաքանչյուրին։
Մի պատմություն կա Ջեք անունով մարդու մասին, որն ուներ թռչուններ որսացող մի սիրելի շուն՝ Քեսի անունով։ Ջեքն այնքան հպարտ էր Քեսիով և հաճախ պարծենում էր, թե ինչ վարժված շուն ունի։ Ասածն ապացուցելու համար Ջեքը մի քանի ընկերների հրավիրեց դիտելու Քեսիի վարժությունները։ Որսորդական ակումբ հասնելուն պես Ջեքը Քեսիին թույլ տվեց վազվզել այնտեղ, մինչ նա ներս մտավ գրանցվելու։
Եվ ահա եկավ պահը, երբ Ջեքը ոգևորված ցանկանում էր ցուցադրել Քեսիի զարմանալի հմտությունները։ Սակայն Քեսին տարօրինակ վարքագիծ դրսևորեց։ Նա չէր ենթարկվում Ջեքի հրամաններից ոչ մեկին, որոնց սովորաբար ենթարկվում էր մեծ պատրաստակամությամբ։ Նա ընդամենը ցանկանում էր մնալ իր տիրոջ կողքին։
Ջեքը հիասթափված էր, շփոթված և զայրացած Քեսիի վրա և շուտով նա առաջարկեց հեռանալ։ Քեսին նույնիսկ չցատկեց բեռնատարի հետնամասը, ուստի Ջեքն անհամբերությամբ վերցրեց նրան և խցկեց վանդակի մեջ։ Նա զայրույթով էր լցված, քանի որ ընկերները ծաղրում էին իր շան պահվածքը տուն վերադառնալու ամբողջ ճանապարհին։ Ջեքը չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր Քեսին իրեն վատ պահում։ Նա լավ մարզված էր, և նրա ամբողջ ցանկությունը նախկինում եղել էր իրեն հաճոյանալն ու ծառայելը։
Տուն հասնելուն պես Ջեքը սկսեց զննել Քեսիին, ինչպես սովորաբար անում էր․ գուցե նկատեր վնասվածքներ, փշեր կամ տիզ։ Երբ նա ձեռքը դրեց շան կրծքին, խոնավություն զգաց և տեսավ, որ իր ձեռքը արյունով է ծածկված։ Ամոթի և սարսափի զգացումով նա պարզեց, որ Քեսիի կրծքավանդակին՝ մինչև ոսկորը հասնող երկար, լայն կտրվածք կար։ Եվս մեկ կտրվածք կար նրա առջևի աջ թաթի մոտ, որը նույնպես հասնում էր մինչև ոսկորը։
Ջեքն իր գիրկն առավ Քեսիին և սկսեց լաց լինել։ Ամոթը խեղդում էր նրան, երբ մտածում էր իր շան հանդեպ սխալ դատողություններ անելու և սխալ վերաբերմունքի մասին։ Առավոտյան Քեսին տարօրինակ վարքագիծ էր դրսևորել, քանի որ վնասվածքներ ուներ։ Նրա վարքագծի վրա ազդել էին ցավը, տառապանքը և վերքերը։ Այն ոչ մի առնչություն չուներ Ջեքին ենթարկվելու ցանկության կամ նրա հանդեպ սիրո բացակայության հետ։1
Ես լսել եմ այս պատմությունը տարիներ առաջ և երբեք չեմ մոռացել։ Մեր շրջապատում քանի՞ վիրավորված մարդ կա։ Որքա՞ն հաճախ ենք մենք դատում ուրիշներին՝ ելնելով նրանց արտաքին տեսքից և արարքներից կամ գործողությունների բացակայությունից, բայց եթե մենք լիովին հասկանայինք, կարձագանքեինք կարեկցանքով և օգնելու ցանկությամբ՝ մեր քննադատությամբ նրանց բեռը ավելացնելու փոխարեն։
Ես իմ կյանքում բազմիցս եմ նման սխալ գործել, բայց Տերը համբերատար ուսուցանել է ինձ անձնական փորձառությունների և ուրիշների կյանքի փորձառությունները լսելու միջոցով։ Ես սկսել եմ լիարժեք գնահատել մեր սիրելի Փրկչի օրինակը, երբ Նա Իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր՝ սիրով ծառայելով ուրիշներին։
Փոքր տարիքից սկսած՝ իմ կրտսեր դստեր կյանքի փորձը ներառել է հուզական առողջության հետ կապված խնդիրներ։ Իր կյանքի ընթացքում նա բազմիցս այնպիսի զգացողություն է ունեցել, որ չի կարող այդպես շարունակվել։ Մենք հավերժ երախտապարտ կլինենք երկրային հրեշտակներին, ովքեր նրա կողքին են եղել նման պահերին. նստել են նրա հետ, լսել են նրան, լաց եղել նրա հետ, ինչպես նաև միասին կիսվել են եզակի պարգևներով, հոգևոր ըմբռնումով և փոխադարձ սիրով։ Նման սիրառատ հանգամանքներում բեռը հաճախ թեթևացել է երկու կողմերում։
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը, մեջբերելով Ա Կորնթացիս գիրքը, ասել է․ «Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի»։2
Նա շարունակել է.
«Սրբերի այս նոր խմբին ուղղված Պողոսի ուղերձը պարզ էր և ուղղակի. ձեր արածից ոչինչ նշանակություն չունի, եթե դուք գթություն չունեք։ Դուք կարող եք տարբեր լեզուներով խոսել, մարգարեության պարգև ունենալ, հասկանալ բոլոր գաղտնիքները և ունենալ ողջ գիտելիքը․ եթե անգամ սարեր շարժելու հավատ ունենաք, առանց գթության այդ ամենը ձեզ ոչ մի օգուտ չի տա։
«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» [Մորոնի 7.47]։ Փրկիչը մարմնավորել է այդ սերը»։3
Հովհաննեսի գրքում մենք կարդում ենք․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։4
Մեր Եկեղեցու ղեկավարների կողմից շատ ելույթներ են տրվել գթության, միասնության, սիրո, բարության, կարեկցանքի, ներողամտության և գթասրտության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Փրկիչը հրավիրում է մեզ ապրել ավելի բարձր, ավելի սուրբ ձևով5․Իր նման սիրելով, երբ բոլորը կարող են զգալ, որ իրենք իսկապես պատկանում են և իրենց կարիքը զգում են։
Մեզ պատվիրված է սիրել ուրիշներին,6 այլ ոչ թե դատել նրանց։7 Եկեք թոթափենք այդ ծանր բեռը․ մենք չէ, որ պիտի տանենք դա։8 Փոխարենը մենք կարող ենք վերցնել Փրկչի սիրո և կարեկցանքի լուծը։
«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, …
որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։9
Փրկիչը չի արդարացնում մեղքը, այլ առաջարկում է մեզ Իր սերը և ներում է շնորհում, երբ ապաշխարում ենք։ Շնության մեջ բռնված կնոջը Նա ասաց․ «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։10 Նրանք, ում Նա դիպավ, զգացին Նրա սերը, և այդ սերը բժշկեց ու փոխեց նրանց։ Նրա սերը ոգեշնչեց նրանց իրենց կյանքը փոխելու ցանկությամբ։ Նրա ուսմունքներով ապրելը բերում է ուրախություն և խաղաղություն, և Նա հրավիրել է մարդկանց ապրել այդ ուսմունքներով՝ մեղմությամբ, բարությամբ և սիրով։
Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ասել է․ «Երբ դիմակայենք կյանքի քամիներին ու փոթորիկներին, հիվանդություններին ու վնասվածքներին, Տերը՝ մեր Հովիվը, կսնուցի մեզ սիրով ու բարությամբ։ Նա կբժշկի մեր սրտերը և կվերականգնի մեր հոգիները»։11 Մի՞թե մենք էլ չպիտի նույնը անենք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ։
Փրկիչը պատվիրել է մեզ սովորել Իրենից12 և անել այն, ինչ Ինքն էր անում։13 Նա գթասրտության՝ մաքուր սիրո մարմնացումն է։ Մինչ մենք աստիճանաբար սովորենք անել այն, ինչ Նա է խնդրում մեզանից, ոչ թե որպես պարտականություն կամ նույնիսկ ակնկալվող օրհնությունների համար, այլ զուտ Նրա և մեր Երկնային Հոր հանդեպ սիրուց մղված14, մարդիկ մեր միջոցով կզգան Նրա սերը, և Նրա խնդրածը կդառնա ոչ միայն հնարավոր, այլ, ի վերջո, շատ ավելի հեշտ ու թեթև15 և ավելի ուրախ, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել։ Դա փորձառություն կպահանջի, դա կարող է տարիներ տևել, ինչպես իմ դեպքում, բայց քանի որ մենք նույնիսկ ցանկանում ենք, որ սերը լինի մեր շարժիչ ուժը, Նա կարող է ընդունել այդ ցանկությունը՝16 այդ սերմը, և ի վերջո դարձնել այն գեղեցիկ ծառ՝ ամենաքաղցր պտուղներով ծանրացած։17
Մեր սիրելի օրհներգերից մեկում մենք երգում ենք․ «Ո՞վ եմ ես, որ դատեմ մեկին, երբ ես ինքս եմ անկատար։ Սրտի խորքում թաքնված է վիշտ, որ աչքը չի տեսնում»։18 Կա՞ մեր մեջ մեկը, ով գուցե ունի թաքնված վշտեր։ Անկարգապահ թվացող դեռահասը, ամուսնալուծված ընտանիքների երեխաները, միայնակ մայրը կամ հայրը, ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները, իրենց հավատքը կասկածի տակ դնողները, ռասայական փոքրամասնությունները, միայնակ զգացողները, ամուսնանալ ցանկացողները, անցանկալի հակումներ ունեցողները, և շատ ուրիշներ, որոնք ունենում են կյանքի բազմաթիվ դժվարին փորձություններ, հաճախ նույնիսկ նրանք, ում կյանքը կողքից կատարյալ է թվում։
Մեզանից ոչ ոք չունի կատարյալ կյանք և կատարյալ ընտանիք. ես, իհարկե, չունեմ։ Երբ մենք ձգտում ենք կարեկցել ուրիշներին, ովքեր նույնպես ունեն մարտահրավերներ և անկատարություններ, դա կարող է օգնել նրանց զգալ, որ իրենք միայնակ չեն իրենց պայքարում։ Յուրաքանչյուրը պետք է զգա, որ ինքը իսկապես պատկանում է Եկեղեցուն և նրա կարիքը կա այնտեղ։19 Սատանայի մեծ ցանկությունն է բաժանել Աստծո զավակներին, և նա շատ հաջողակ է եղել այդ հարցում, բայց միասնության մեջ մեծ զորություն կա։20 Իսկ մե՛նք ինչպե՞ս պետք է ձեռք ձեռքի տված միասին անցնենք մահկանացու կյանքի այս դժվարին ճանապարհը։
Մեր մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ասել է․ «Ազգության, ռասայի, սեռական կողմնորոշման, սեռի, կրթական աստիճանի, մշակույթի կամ այլ նշանակալի որակավորումների պատճառով ուրիշների նկատմամբ ցանկացած բռնություն կամ նախապաշարմունք վիրավորական է մեր Արարչի համար։ Նման վատ վերաբերմունքը ստիպում է մեզ զգալ մեր կարգավիճակից ցածր՝ որպես Նրա ուխտի որդիներ և դուստրեր»։21
Մինչ Նախագահ Նելսոնը հրավիրել է բոլորին մուտք գործել և մնալ ուխտի ուղու վրա, որը տանում է դեպի մեր Երկնային Հայրը, նա տվել է նաև հետևյալ խորհուրդը. «Եթե ընկերներն ու ընտանիքը … հեռանան Եկեղեցուց, շարունակեք սիրել նրանց։ Դուք չէ, որ պետք է դատեք ուրիշների ընտրությունը, ինչպես որ դուք արժանի չեք քննադատվելու՝ հավատարիմ մնալու համար»։22
Ընկերնե՛ր, եկեք հիշենք, որ այս աշխարհում յուրաքանչյուր մարդ Աստծո զավակ է,23 և Նա սիրում է յուրաքանչյուրին։24 Կա՞ն արդյոք ձեր ճանապարհին մարդիկ, որոնց դուք հակված եք դատելու։ Եթե այո, հիշեք, որ սրանք հրաշալի հնարավորություններ են մեզ համար՝ փորձելու սիրել այնպես, ինչպես Փրկիչն է սիրում։25 Եթե մենք հետևենք Նրա օրինակին, մենք կարող ենք լծվել Նրա հետ և օգնել սերմանել սիրո և պատկանելության զգացում մեր Հոր բոլոր զավակների սրտերում։
«Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ»։26 Երբ մենք լցվենք Փրկչի սիրով, Նրա լուծը իսկապես կարող է քաղցր լինել, և նրա բեռը կարող է թեթև թվալ։27 Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։