Ամեն դժվարություն կարող ենք հաղթահարել Նրա շնորհիվ
Մենք աճում ենք մեր աշակերտության մեջ, երբ դժվար ժամանակներում հավատք ենք գործադրում Տիրոջ հանդեպ:
Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչը նկատեց մի մարդու, որը կույր էր: Հիսուսի աշակերտները հարցրեցին․ «Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել»։
Փրկչի հստակ, սիրալիր ու անկեղծ պատասխանը հավաստիացնում է մեզ, որ Նա մտածում է մեր դժվարությունների մասին․ «Ո՛չ նա է մեղանչել, ո՛չ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծու գործերը հայտնի դառնան»:1
Թեև որոշ դժվարություններ կարող են առաջանալ կանխամտածված անհնազանդության պատճառով, մենք գիտենք, որ կյանքում շատ դժվարություններ առաջանում են այլ պատճառներով: Որն էլ որ լինի մեր մարտահրավերների պատճառը, դրանք կարող են դառնալ աճի ոսկե հնարավորություններ:
Մեր ընտանիքը զերծ չի մնացել կյանքի դժվարություններից։ Երբ մեծացա, ես հիանում էի բազմազավակ ընտանիքներով։ Ինձ գրավում էին այդպիսի ընտանիքները, հատկապես, երբ պատանի տարիքում ես գտա Եկեղեցին քեռուս՝ Սարֆոյի և նրա կնոջ շնորհիվ Տակորադիում (Գանա):
Երբ ես և Հաննան ամուսնացանք, մենք ցանկանում էինք, որ իրականանային մեր հայրապետական օրհնությունները, որտեղ ասվում էր, որ մենք օրհնվելու էինք շատ երեխաներով: Սակայն նախքան մեր երրորդ որդու ծնվելը, բժշկական հետազոտություններից պարզ դարձավ, որ Հաննան այլևս չի կարող երեխա ունենալ։ Թեև Քենեթը ծնվեց թե՛ իր, թե՛ մոր կյանքին սպառնացող վտանգի պարագայում, բարեբախտաբար, նա ապահով ծնվեց, և նրա մայրն էլ ապաքինվեց: Նա սկսեց լիարժեք մասնակցել մեր ընտանեկան կյանքին՝ հաճախել Եկեղեցի, միանալ ընտանեկան ամենօրյա աղոթքներին, սուրբ գրությունների ուսումնասիրությանը, տնային երեկոներին և առողջ ապրելակերպի միջոցառումներին:
Թեև մենք պետք է վերանայեինք մեծ ընտանիք ունենալու մեր ակնկալիքները, մենք մեր երեք զավակների հետ միասին ուրախությամբ կիրառում էինք «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրի ուսմունքները: Այդ ուսմունքներին հետևելը խոր իմաստ հաղորդեց իմ աճող հավատքին:
Հռչակագրում ասվում է․ «Տղամարդու և կնոջ ամուսնությունը հիմնական մասն է Նրա հավիտենական ծրագրի: Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ»:2 Գործելով համաձայն այդ սկզբունքների՝ մենք օրհնվեցինք:
Այնուամենայնիվ, մի անգամ, հանգստյան օրերին, երբ ես ծառայում էի որպես ցցի նախագահ, մենք հանդիպեցինք, թերևս, ամենավատ փորձությանը, որին կարող են հանդիպել ծնողները: Վերադառնալով Եկեղեցու միջոցառումից, մեր ընտանիքը հավաքվեց ճաշի սեղանի շուրջ։ Հետո մեր երեք տղաները դուրս եկան բակ՝ խաղալու։
Կինս համառ զգացում ուներ, որ ինչ-որ բան այն չի լինելու։ Նա ինձ խնդրեց նայել երեխաներին, մինչ մենք սպասքն էինք լվանում: Ես զգում էի, որ ամեն ինչ կարգին է նրանց հետ, քանի որ մենք լսում էինք խաղից ոգևորված նրանց ճիչերը։
Երբ մենք վերջապես երկուսով գնացինք նայելու մեր որդիներին, սարսափով հայտնաբերեցինք, որ մեր մեկուկես տարեկան փոքրիկ Քենեթն անօգնական վիճակում ջրով լի դույլի մեջ է՝ անտեսված եղբայրների կողմից։ Մենք նրան շտապ տեղափոխեցինք հիվանդանոց, բայց նրան վերակենդանացնելու բոլոր փորձերն ապարդյուն էին։
Մենք վշտացած էինք, որ հնարավորություն չենք ունենա մեծացնելու մեր թանկագին երեխային այս մահկանացու կյանքում: Թեև մենք գիտեինք, որ Քենեթը հավերժ մեր ընտանիքի մասնիկն է լինելու, ես հարց էի տալիս ինքս ինձ, թե ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այս ողբերգությունը պատահի ինձ հետ, չէ՞ որ ես ամեն ինչ անում էի, որ մեծարեմ իմ կոչումը: Ես հենց նոր էի տուն եկել՝ սրբերին սպասավորելու իմ պարտականությունը կատարելուց հետո: Ինչո՞ւ Աստված չկարողացավ տեսնել իմ ծառայությունը և փրկել մեր որդուն ու մեր ընտանիքը այս ողբերգությունից: Որքան շատ էի մտածում այդ մասին, այնքան ավելի շատ էի վշտանում:
Կինս երբեք չի մեղադրել ինձ իր հուշումներին չարձագանքելու համար, բայց ես մի կարևոր դաս սովորեցի և երկու կանոն դրեցի իմ առջև, որոնք երբեք չպետք է խախտվեն:
1-ին կանոն․ Լսեք և ուշադրություն դարձրեք ձեր կնոջ հուշումներին:
2-րդ կանոն. Եթե ինչ-որ պատճառով մի բանում համոզված չեք, ապա դիմեք թիվ 1 կանոնին:
Թեև փորձառությունը կործանարար էր, և մենք շարունակում էինք սգալ, ճնշող բեռն, ի վերջո, թեթևացավ։3 Ես ու կինս հստակ դասեր քաղեցինք մեր կորստից։ Մենք զգացինք, որ միասնական ենք և կապված մեր տաճարային ուխտերով. մենք գիտենք, որ կարող ենք Քենեթին մերը համարել հաջորդ աշխարհում, քանի որ նա ծնվել էր ուխտի մեջ: Մենք նաև ձեռք բերեցինք փորձ, որն անհրաժեշտ էր մարդկանց սպասավորելու և նրանց ցավին կարեկից լինելու համար: Ես վկայում եմ, որ մեր դառնությունը ցրվեց այն պահից, երբ հավատք գործադրեցինք առ Տերը: Մեր դրությունը շարունակում է դժվար լինել, բայց Պողոս առաքյալի հետ մենք սովորեցինք, որ «ամեն բան կարող [ենք մեզ] զորացնող Քրիստոսով», եթե կենտրոնանանք Նրա վրա:4
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից՝ մեր կյանքում ինչ-որ բան պատահում է, թե՝ ոչ»: Նա նաև ասել է․ «Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ»:5
Մենք կարող ենք քաջալերվել և խաղաղությամբ լցվել մեզ համար դժվարին ժամանակներում: Սերը, որը մենք ունենք Փրկչի և Նրա քավության շնորհիվ, մեզ համար հզոր աղբյուր է դառնում մեր փորձության պահերին: «Այն ամենը, ինչ անարդար է [և դժվար] կյանքում, կարող է ճիշտ դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»:6 Նա ասել է. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։7 Նա կօգնի մեզ դիմանալ ամեն տեսակ ցավի, հիվանդության և փորձությունների, որոնք մենք կունենանք մահկանացու կյանքում։
Սուրբգրային շատ պատմություններ կան հզոր ու ազնվական առաջնորդների մասին, ինչպիսիք են Երեմիան, Հոբը, Ջոզեֆ Սմիթը և Նեփին, որոնք զերծ չեն եղել մահկանացու կյանքի դժվարություններից և մարտահրավերներից: Նրանք մահկանացուներ էին, որոնք սովորեցին հնազանդվել Տիրոջը, նույնիսկ ծանր պայմաններում։8
Սարսափելի օրեր անցկացնելով Լիբերթիի բանտում՝ Ջոզեֆ Սմիթը աղաղակեց. «Ով Աստված, որտե՞ղ ես դու: Եվ ո՞րտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը»։9 Տերը սովորեցրեց Ջոզեֆին պատվով դիմանալ10 և խոստացավ, որ եթե նա անի դա, ապա այդ բոլոր բաները փորձառություն կտան նրան և կլինեն նրա օգտի համար։11
Անդրադառնալով իմ սեփական փորձառություններին, ես հասկանում եմ, որ լավագույն դասերից մի քանիսը սովորել եմ կյանքիս ամենադժվար ժամանակներում, այն պահերին, որոնք ինձ դուրս են բերել իմ հարմարավետության գոտուց: Այն դժվարությունները, որոնց ես հանդիպել եմ երիտասարդ տարիքում, երբ, լինելով նորադարձ, սեմինարիայում սովորում էի Եկեղեցու մասին, երբ լիաժամկետ միսիոներ էի, ինչպես նաև այն դժվարությունները, որոնք պատահել են կրթություն ստանալու, կոչումներս մեծարելու և ընտանիք կազմելու ժամանակներում՝ ինձ պատրաստել են ապագայի համար։ Որքան ավելի քաջաբար եմ մոտենում դժվար հանգամանքներին, Տիրոջ հանդեպ հավատքով, այնքան ավելի շատ եմ աճում իմ աշակերտության մեջ:
Կյանքի դժվարությունները չպետք է անակնկալ լինեն մեզ համար, երբ մենք կանգնում ենք նեղ ու անձուկ արահետի վրա։12 Հիսուս Քրիստոսը «չարչարանքներից հնազանդություն սովորեց»։13 Հետևելով Նրան, հատկապես մեր դժվար ժամանակներում, մենք կարող ենք աճել և ավելի նմանվել Նրան:
Տաճարում Տիրոջ հետ կապած ուխտերից մեկը զոհաբերության օրենքով ապրելն է: Զոհաբերությունը միշտ եղել է Հիսուս Քրիստոսի ավետարանի մի մասը: Այն Հիսուս Քրիստոսի մեծ քավիչ զոհաբերության հիշեցումն է բոլոր նրանց համար, ովքեր ապրել են կամ կապրեն երկրի վրա:
Ես գիտեմ, որ Տերը միշտ օրհնում է մեզ մեր արդար ցանկությունների համար։ Հիշո՞ւմ եք, որ իմ հայրապետական օրհնությամբ ինձ խոստացվել էր շատ երեխաներ ունենալ։ Այդ խոստումն իրականանում է։ Ես ու կինս ծառայել ենք հարյուրավոր միսիոներների հետ՝ ավելի քան 25 երկրներից, Գանայի Քեյփ Քոստ միսիայում: Նրանք մեզ համար այնքան թանկ են, ասես, բառիս բուն իմաստով մեր երեխաները լինեն։
Ես վկայում եմ, որ մենք աճում ենք մեր աշակերտության մեջ, երբ հավատք ենք գործադրում առ Տերը դժվար ժամանակներում: Երբ այդպես վարվենք, Նա ողորմածաբար կզորացնի մեզ և կօգնի կրել մեր բեռները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։