2022
Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը
Նոյեմբեր 2022


10:7

Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը

Ապրել այնպես, որ դափնեպսակ տաք՝ ձեր կյանքի մոխրի փոխարեն, և դա կլինի հավատքի գործողություն, որը հետևում է Փրկչին:

Ա Թագավորների գիրքը ներառում է Իսրայելի ապագա թագավոր Դավիթի և Աբիգեա անունով մի կնոջ մասին քիչ հայտնի պատմությունը։

Սամուելի մահից հետո Դավիթը և նրա մարդիկ հեռացան Սավուղ թագավորից, որը ցանկանում էր սպանել Դավիթին։ Նրանք հսկում ու պաշտպանում էին Նաբաղ անունով մի հարուստ մարդու հոտերն ու ծառաներին, որը շատ ժլատ ու չար էր։ Դավիթը իր մարդկանցից տասը երիտասարդ ուղարկեց՝ ողջունելու Նաբաղին և խնդրելու այդքան անհրաժեշտ ուտելիք ու պաշարներ։

Նաբաղը վիրավորանքով պատասխանեց Դավիթի խնդրանքին և դատարկաձեռն ուղարկեց նրա մարդկանց։

Վիրավորվելով՝ Դավիթը, պատրաստեց իր մարդկանց, որ դուրս գան Նաբաղի և նրա տան դեմ՝ ասելով. «Նա ինձ լավության փոխարեն վատություն է անում»:1 Մի ծառա Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, պատմեց Դավիթի մարդկանց հանդեպ նրա ամուսնու վատ վերաբերմունքի մասին։ Աբիգեան արագ հավաքեց անհրաժեշտ սնունդն ու պաշարը և գնաց բարեխոսելու:

Երբ Աբիգեան հանդիպեց նրան, «իր երեսի վրա ընկավ Դավթի առաջ և խոնարհվեց մինչև գետնին.

«Եվ ընկավ նրա ոտքն ու ասաց. Տե՛ր իմ, թող հանցանքն ինձ վրա լինի …

Եվ հիմա, … Տերը չթողեց քեզ, որ արյուն թափես և քո վրեժը քո ձեռքով լուծես։ …

… Եվ հիմա այս ընծան, որ քո աղախինը բերեց իմ տիրոջը, թող տրվի իմ տիրոջ հետևից եկող երիտասարդներին։ …

Աղաչում եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը»: …

«Եվ Դավիթն ասաց Աբիգեային. Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմավորելու.

Օրհնյալ է քո խոհեմությունը, և օրհնյալ ես դու, որ այսօր արգելեցիր ինձ արյուն թափել և իմ ձեռքով վրեժը լուծել։ …

Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբ գնա՛ քո տուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։2

Երկուսն էլ խաղաղությամբ հեռացան։

Այս պատմության մեջ Աբիգեային կարելի է դիտարկել որպես Հիսուս Քրիստոսի զորեղ կերպար կամ խորհրդանիշ։3 Իր քավիչ զոհաբերության միջոցով Նա կարող է ազատել մեզ զայրույթի և ատելության զգացումների բեռից և ապահովել մեզ անհրաժեշտ աջակցություն։4

Ճիշտ, ինչպես Աբիգեան պատրաստ էր իր վրա վերցնել Նաբաղի մեղքը, այնպես էլ Փրկիչը, անըմբռնելի ձևով, Իր վրա վերցրեց մեր և նրանց մեղքերը, ովքեր վնասել կամ վիրավորել են մեզ:5 Գեթսեմանիում և խաչի վրա Նա վերցրեց այս մեղքերը: Նա մեզ համար ճանապարհ բացեց, որպեսզի բաց թողնենք վրիժառու սիրտը: Այդ «ճանապարհը» ներելու միջոցով է, և այն կարող է լինել ամենադժվար բաներից մեկը, որ մենք երբևէ անում ենք և ամենաաստվածային բաներից մեկը, որ երբևէ զգում ենք: Ներման ճանապարհին Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը կարող է մեր կյանք հոսել և սկսել բժշկել սրտի և հոգու խոր ճեղքերը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ Փրկիչն առաջարկում է մեզ ներելու կարողություն.

«Նրա անսահման Քավության շնորհիվ դուք կարող եք ներել նրանց, ովքեր վնասել են ձեզ, և ովքեր, գուցե, երբեք չեն ընդունի պատասխանատվությունը՝ ձեր հանդեպ գործած դաժանության համար:

Սովորաբար հեշտ է ներել այն մարդուն, որն անկեղծորեն ու խոնարհաբար հայցում է ձեր ներողամտությունը: Սակայն, Փրկիչը ձեզ կշնորհի բոլորին ներելու ունակությունը, ովքեր որևէ կերպ վատ են վերաբերվել ձեզ։ Այնուհետև, նրանց վնասակար արարքներն այլևս չեն կարող թունավորել ձեր հոգին»։6

Աբիգեայի կողմից առատությամբ սնունդ և պաշար բերելը կարող է մեզ սովորեցնել, որ նրանց, ովքեր վիրավորվել և վնասվել են, Փրկիչն առաջարկում է այն սնունդն ու օգնությունը, որն անհրաժեշտ է մեզ՝ բժշկվելու և առողջանալու համար։7 Մենք միայնակ չենք մնում ուրիշների գործողությունների հետևանքները վերացնելու հարցում. մենք նույնպես կարող ենք բժշկվել և հնարավորություն ստանալ ազատվելու զայրույթի և ատելության զգացումների բեռից և ցանկացած գործողությունից, որը կարող է հետևել դրան:

Տերն ասել է. «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»:8 Տերը պահանջում է, որ մենք ներենք մեր օգտի համար:9 Բայց Նա չի խնդրում մեզ դա անել առանց Իր օգնության, Իր սիրո և Իր հասկացողության: Տիրոջ հետ ունեցած մեր ուխտերի միջոցով մենք յուրաքանչյուրս կարող ենք ստանալ ամրապնդող զորությունը, առաջնորդությունը և օգնությունը, որն անհրաժեշտ է և՛ ներելու, և՛ ներվելու համար:

Խնդրում եմ, իմացեք, որ ինչ-որ մեկին ներելը չի նշանակում, որ դուք ձեզ դնում եք այնպիսի իրավիճակում, որտեղ ձեզ կշարունակեն վիրավորել: «Մենք կարող ենք աշխատել ինչ-որ մեկին ներելու ուղղությամբ, այնուամենայնիվ զգալով, որ Հոգին հուշում է մեզ հեռու մնալ նրանից»:10

Ճիշտ այնպես, ինչպես Աբիգեան օգնեց Դավիթին, որ նա «սրտի համար խղճի խայթ» չունենար11 և ստանար այն օգնությունը, որն անհրաժեշտ էր, այնպես էլ Փրկիչը ձեզ կօգնի: Նա սիրում է ձեզ, և դիմավորում է ձեզ ձեր ճանապարհին «Իր թևերին՝ բժշկություն» առած:12 Նա ցանկանում է ձեր խաղաղությունը:

Ես անձամբ ականատես եմ եղել Քրիստոսի հրաշքին, որը բժշկում է զայրույթի և ատելության զգացումների բեռի տակ կքած իմ սիրտը: Հորս թույլտվությամբ ցանկանում եմ պատմել, որ ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ չէ, որ ապահով էի զգում զգացմունքային և խոսքային վատ վերաբերմունքի պատճառով: Իմ պատանեկության և երիտասարդության տարիներին հորս հասցրած վիրավորանքների ցավից սրտումս բարկություն էր կուտակվել:

Տարիների ընթացքում և ներման այդ ճանապարհին խաղաղություն ու բժշկություն գտնելու իմ ջանքերում ես խորապես հասկացա, որ նույն Աստծո Որդին, որը քավեց իմ մեղքերը, նույն Քավիչն է, որը կփրկի նաև նրանց, ովքեր խորապես վիրավորել են ինձ։ Ես չէի կարող իսկապես հավատալ առաջին ճշմարտությանը՝ առանց հավատալու երկրորդին:

Քանի որ Փրկչի հանդեպ իմ սերն աճել է, ցավն ու զայրույթը Նրա բուժիչ բալասանով փոխարինելու ցանկությունս մեծացել է: Դա երկար տարիների գործընթաց էր, որը պահանջում էր քաջություն, զգայունություն, հաստատակամություն, նաև սովորել վստահելու Փրկչի՝ պահպանելու և բժշկելու աստվածային զորությանը: Ես դեռ գործ ունեմ անելու, բայց սրտումս այլևս չկա զայրույթի և վրեժխնդրության այն զգացումը: Ինձ «նոր սիրտ» է տրվել,13 սիրտ, որը զգացել է անձնական Փրկչի խորը և մնայուն սերը, որը մնաց իմ կողքին, որը նրբորեն ու համբերությամբ առաջնորդեց ինձ մի ավելի լավ տեղ․ Նա արտասվում էր ինձ հետ, և Նա գիտեր իմ վիշտը:

Տերն ինձ փոխհատուցող օրհնություններ է ուղարկել ճիշտ այնպես, ինչպես Աբիգեան բերեց այն, ինչ պետք էր Դավիթին: Նա ուսուցիչներ է ուղարկել իմ կյանք: Եվ բոլորից թանկագինն ու փոխակերպողը եղել են իմ հարաբերությունները իմ Երկնային Հոր հետ: Նրա միջոցով ես երախտագիտությամբ ճանաչեցի կատարյալ Հոր մեղմ, պաշտպանող և առաջնորդող սերը:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է. «Դուք չեք կարող ջնջել այն, ինչ արվել է, բայց կարող եք ներել:14 Ներումը բուժում է սոսկալի, ամենախոր վերքերը, քանզի այն թույլ է տալիս, որ Աստծո սերը մաքրի ձեր սիրտն ու միտքը ատելության թույնից: Այն մաքրում է ձեր գիտակցությունը վրեժխնդրության ցանկությունից: Այն տեղ է բացում Տիրոջ մաքրող, բժշկող և վերականգնող սիրո համար»:15

Իմ երկրային հայրը նույնպես ունեցել է սրտի հրաշք փոփոխություն վերջին տարիներին և դիմել է Տիրոջը. մի բան, որը երբեք չէի ակնկալի այս կյանքում: Դա ինձ համար մեկ այլ վկայություն էր Հիսուս Քրիստոսի ամբողջական և փոխակերպող զորության մասին:

Ես գիտեմ, որ Նա կարող է բժշկել մեղսավորին և նրանց, ում դեմ մեղանչել են: Նա աշխարհի Փրկիչն ու Քավիչն է, որը տվեց Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք կրկին ապրել: Նա ասել է. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն [տալու], հարստահարվածներին ազատ արձակելու»:16

Բոլոր նրանց, ովքեր սրտով կոտրված են, գերի են, հարստահարված և գուցե կուրացած են վիրավորանքից կամ մեղքից, Նա առաջարկում է բժշկում, վերականգնում և ազատում: Ես վկայում եմ, որ իրական են բժշկումն ու վերականգնումը, որ Նա է առաջարկում: Այդ բժշկման ժամանակը անհատական է, և մենք չենք կարող դատել ուրիշի ժամանակի մասին: Կարևոր է, որ այդ ընթացքում ինքներս մեզ հատկացնենք անհրաժեշտ ժամանակը՝ բժշկվելու և ինքներս մեր հանդեպ բարի լինելու համար: Փրկիչը միշտ ողորմած է և ուշադիր և պատրաստ է տրամադրել մեզ անհրաժեշտ աջակցությունը:17

Ներման և ապաքինման ճանապարհին գոյություն ունի ընտրության հնարավորություն՝ չշարունակել անառողջ օրինաչափություններն ու հարաբերությունները մեր ընտանիքներում և այլուր: Մեր ազդեցության տակ գտնվող բոլոր մարդկանց մենք կարող ենք բարություն առաջարկել՝ դաժանության փոխարեն, սեր՝ ատելության փոխարեն, մեղմություն՝ տարաձայնության փոխարեն, անվտանգություն՝ աղետի փոխարեն և խաղաղություն՝ վեճի փոխարեն:

Տալ այն, ինչ ձեզ մերժել են, աստվածային բժշկության հզոր մասն է, որը հնարավոր է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Ապրել այնպես, որ, ինչպես Եսային է ասել, դափնեպսակ տաք՝ ձեր կյանքի մոխրի փոխարեն,18 և դա կլինի հավատքի գործողություն, որը հետևում է Փրկչի գերագույն օրինակին, որը տանջվեց այն ամենի համար, ինչը կարող էր օգնել բոլորին:

Հովսեփն ուներ իր կյանքի մոխիրները, որոնցով ապրում էր: Նրա եղբայրներն ատեցին նրան, դավաճանեցին, ստրկության վաճառեցին, նրան սխալմամբ բանտարկեցին, և նրան մոռացավ այն մարդը, որը խոստացել էր օգնել: Սակայն նա վստահում էր Տիրոջը: «Տերը Հովսեփի հետ էր»,19 և նրա փորձությունները նվիրագործեց նրա իսկ օրհնությանն ու աճին, և նրա ընտանիքի ու ողջ Եգիպտոսի փրկությանը:

Երբ Հովսեփը հանդիպեց իր եղբայրներին՝ արդեն որպես մեծ առաջնորդ Եգիպտոսում, նրա ներողամտությունն ու հստակ հեռանկարը դրսևորվեցին նրա արտասանած գթառատ խոսքերում.

«Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար։

Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված»։20

Փրկչի միջոցով Հովսեփի կյանքը դարձավ «դափնեպսակ մոխրի փոխարեն»21

ԲՅՀ-ի նախագահ Քևին Ջ. Ուորթենն ասել է, որ Աստված «կարող է բարիք բերել… ոչ միայն մեր հաջողություններից, այլ նաև մեր անհաջողություններից և ուրիշների անհաջողություններից, որոնք մեզ ցավ են պատճառում: Աստված այդքան լավն է և այդքան հզոր»:22

Ես վկայում եմ, որ սիրո և ներման ամենամեծ օրինակը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակն է, որը դառը տառապանքի մեջ ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։23

Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրը բարություն և հույս է ցանկանում Իր զավակներից յուրաքանչյուրին: Երեմիայի գրքում մենք կարդում ենք. «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ»:24

Հիսուս Քրիստոսը ձեր անձնական Մեսիան է, ձեր սիրառատ Քավիչն ու Փրկիչը, որը գիտի ձեր սրտի խնդրանքները: Նա ցանկանում է ձեր ապաքինումն ու երջանկությունը: Նա սիրում է ձեզ: Նա ձեզ հետ արտասվում է, երբ վշտի մեջ եք և ուրախանում է, որ բժշկի ձեզ: Թող որ մենք լինենք հուսադրող ու լավատես և բռնենք Նրա սիրառատ ձեռքը, որը միշտ մեկնված է,25 երբ քայլում ենք ներման բժշկող ճանապարհով, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: