Սիրո հավերժական սկզբունքը
Մեր Երկնային Հոր սերը Իր յուրաքանչյուր զավակի հանդեպ իրական է: Նա յուրաքանչյուրի կողքին է։
Սիրո հավերժական սկզբունքը դրսևորվում է ապրելով երկու մեծ պատվիրաններով՝ սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով, և սիրիր մերձավորիդ քո անձի պես։1
Հիշում եմ իմ առաջին ձմեռը, որն անցկացրել եմ այստեղ՝ Յուտայում։ Ամենուր՝ ձյուն էր: Գալով Սոնորան անապատից, առաջին օրերին ես վայելում էի այն, բայց մի քանի օր անց հասկացա, որ պետք է ավելի շուտ վեր կենամ, որպեսզի ճանապարհից ձյունը հեռացնեմ:
Մի առավոտ ձնաբուք էր, ես քրտնած՝ բահով ձյուն էի մաքրում, երբ տեսա, որ հարևանս փողոցի մյուս կողմում իր ավտոտնակն է բացում։ Նա տարիքով մեծ է ինձանից, և ես մտածեցի, որ եթե շուտ ավարտեմ, կարող եմ օգնել նրան: Ուստի, բարձր ձայնով հարցրի նրան. «Եղբա՛յր, օգնության կարիք ունե՞ս»:
Նա ժպտաց և ասաց. «Շնորհակալություն, երեց Մոնտոյա»: Ապա նա իր ավտոտնակից հանեց ձյուն մաքրող սարքը, միացրեց շարժիչը և մի քանի րոպեում մաքրեց իր տան դիմացի ամբողջ ձյունը։ Հետո նա իր մեքենայով անցավ փողոցը և ինձ հարցրեց. «Երեց, օգնության կարիք ունե՞ս»։
Ես ժպտալով ասացի. «Այո, շնորհակալություն»:
Մենք կամենում ենք օգնել մեկս մյուսին, քանի որ սիրում ենք միմյանց, և իմ եղբոր կարիքները դառնում են իմը, իսկ իմը՝ իրենը: Անկախ նրանից, թե եղբայրս ինչ լեզվով է խոսում կամ որ երկրից է, մենք սիրում ենք միմյանց, որովհետև եղբայրներ ենք, նույն Հոր զավակներն ենք:
Երբ հայտարարվեց սպասավորության մասին, նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Մենք կիրականացնենք ուրիշների մասին հոգ տանելու և սպասավորելու ավելի նոր, ավելի սուրբ մոտեցում»:2 Ինձ համար ավելի սուրբ նշանակում է ավելի անձնական, ավելի խորը, ավելի Փրկչի ձևով, եթե «Միմյանց նկատմամբ սեր ունենաք»։3
Մարդկանց չխանգարելը կամ ճանապարհին կարիքավորին տեսնելն ու կողքով անցնելը քիչ է։ Եկեք օգտվենք մեր մերձավորին օգնելու յուրաքանչյուր հնարավորությունից, նույնիսկ եթե դա առաջին ու միակ անգամն է, որ հանդիպում ենք նրան այս կյանքում:
Ինչո՞ւ է Աստծո հանդեպ սերը առաջին մեծ պատվիրանը:
Ես կարծում եմ, որ դա գալիս է այն բանից, թե Նա ինչ նշանակություն ունի մեզ համար: Մենք Նրա զավակներն ենք, Նա վերահսկում է մեր բարօրությունը, մենք կախված ենք Նրանից, և Նրա սերը պաշտպանում է մեզ: Նրա ծրագրի մասն է ազատ կամքը. այդ պատճառով մենք, հավանաբար, կկատարենք որոշ սխալներ:
Նա նաև թույլ է տալիս, որ մենք փորձվենք և գայթակղվենք։ Բայց անկախ նրանից՝ մենք սխալներ կանենք, թե գայթակղության մեջ կընկնենք, ծրագիրը Փրկիչ է ապահովում, որ կարողանանք փրկագնվել և վերադառնալ Աստծո ներկայությունը:
Մեր կյանքի ձախորդությունները կարող են կասկածի տակ դնել այն փաստը, որ մեզ տրված խոստումները կկատարվեն: Խնդրում եմ, վստահեք մեր Հորը: Նա միշտ պահում է Իր խոստումները, և մենք կարող ենք սովորել այն, ինչ Նա ցանկանում է սովորեցնել մեզ:
Նույնիսկ, երբ անում ենք այն, ինչ ճիշտ է՝ մեր կյանքի հանգամանքները կարող են փոխվել՝ լավից վատ, երջանկությունից տխրություն։ Աստված պատասխանում է մեր աղոթքներին ըստ Իր անսահման ողորմության և սիրո, և Իր ժամանակին:
-
Հեղեղատը, որտեղից Եղիան ջուր խմեց, չորացավ։4
-
Ընտիր պողպատից պատրաստված Նեփիի աղեղը կոտրվեց:5
-
Մի պատանու նկատմամբ խտրական վերաբերմունք էր դրսևորվել և նրան հեռացրել էին դպրոցից։
-
Երկար սպասված երեխան ծնվելուց հետո հաշված օրերի ընթացքում մահացել էր:
Հանգամանքները փոխվում են։
Երբ հանգամանքները լավ ու դրականից փոխվում են վատի և բացասականի, մենք դեռ կարող ենք երջանիկ լինել, քանի որ երջանկությունը կախված չէ հանգամանքներից, այլ՝ հանգամանքների հանդեպ մեր վերաբերմունքից: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է. «Ուրախությունը, որը մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»։6
Մենք կարող ենք ձեռքերը ծալած նստել և սպասել, որ հանգամանքներն ինքնուրույն փոխվեն, կամ կարող ենք փնտրել և ստեղծել նոր հանգամանքներ:
-
Եղիան գնաց Սարեփթա, որտեղ մի որբևայրի կին նրան ուտելիք և ջուր տվեց։7
-
Նեփին փայտե աղեղ պատրաստեց և ուտելու համար կենդանիներ որսաց:8
-
Երիտասարդ տղան պատուհանի մոտ նստած լսում էր ու նշումներ անում, և այսօր նա տարրական դպրոցի ուսուցիչ է։
-
Ամուսինները մեծ հավատք ունեն Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապավինում են փրկության ծրագրին: Անսպասելիորեն մահացած երեխայի հանդեպ նրանց սերն ավելի մեծ եղավ, քան նրանց վիշտը։
Երբ լսում եմ այսպիսի հարցեր․ «Երկնային Հայր, Դու իրո՞ք այդտեղ ես։ Լսո՞ւմ ես Դու արդյոք [ամեն] երեխայի աղոթքը»,9 ես ցանկանում եմ պատասխանել. «Նա եղել է, Նա կա, և Նա միշտ կլինի իմ և ձեր կողքին: Ես Նրա որդին եմ, Նա իմ Հայրն է, և ես սովորում եմ լինել լավ հայր, ինչպես Նա է»:
Ես ու կինս միշտ փորձում ենք լինել մեր երեխաների կողքին՝ ցանկացած պահի, ցանկացած պայմանով և ցանկացած միջոցներով: Յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է, նրա արժեքը մեծ է Աստծո համար, և անկախ նրանից, թե ինչ դժվարություններ, մեղքեր և թուլություններ ունեն երեխաները, Աստված սիրում է նրանց, և մենք նույնպես:
Երբ ես ստացա այս կանչը որպես գերագույն իշխանավոր, Սոլթ Լեյք մեր ճամփորդությունից առաջ՝ վերջին օրը, իմ բոլոր երեխաներն իրենց ընտանիքներով մեր տանն էին՝ ընտանեկան երեկոյի համար, որի ժամանակ մենք արտահայտեցինք մեր սերն ու երախտագիտությունը: Դասից հետո ես քահանայության օրհնություն տվեցի իմ երեխաներից յուրաքանչյուրին: Բոլորի աչքերում արցունքներ կային։ Օրհնություններից հետո ավագ որդիս բոլորի անունից երախտագիտության խոսքեր ասաց այն մեծ սիրո համար, որը մենք տվել ենք նրանց՝ սկսած իրենց ծնված օրից:
Օրհնեք ձեր երեխաներին՝ լինեն նրանք 5, թե 50 տարեկան։ Եղեք նրանց հետ, նրանց կողքին: Թեև ապահովելը աստվածային նախագծով հաստատված պարտականություն է, մենք չպետք է մոռանանք ուրախ ժամանակ անցկացնել մեր երեխաների հետ:
Մեր Երկնային Հոր սերը Իր յուրաքանչյուր զավակի հանդեպ իրական է: Նա յուրաքանչյուրի կողքին է։ Ես չգիտեմ, թե Նա ինչպես է անում դա, սակայն Նա անում է։ Նա և Նրա Անդրանիկը մեկ են՝ Հոր գործն ու փառքը կատարելու մեջ, որպեսզի «իրականացնե[ն] մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։10 Նրանք ուղարկել են Սուրբ Հոգուն, որպեսզի մեզ առաջնորդի, նախազգուշացնի և, անհրաժեշտության դեպքում, մխիթարի:
Նա հրահանգել էր Իր սիրելի Որդուն ստեղծել այս գեղեցիկ երկրագունդը: Նա հրահանգել էր Ադամին ու Եվային և տվել նրանց ազատ կամք: Տարիներ ի վեր նա սուրհանդակներ է ուղարկում, որպեսզի մենք կարողանանք ստանալ Նրա սերն ու Նրա պատվիրանները:
Նա Սրբազան պուրակում էր, որտեղ պատասխանեց երիտասարդ Ջոզեֆի անկեղծ հարցին և դիմեց նրան անունով: Նա ասաց․ «Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսի՛ր Նրան»։11
Ես հավատում եմ, որ մեր հանդեպ Աստծո սիրո գերագույն դրսևորումը տեղի ունեցավ Գեթսեմանիում, որտեղ կենդանի Աստծո Որդին աղոթեց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»:12
Ես նկատել եմ, որ այն փոքր մասը, որը ես կարող եմ հասկանալ Հիսուս Քրիստոսի քավության մասին, խորացնում է իմ սերը Հոր և Նրա Որդու հանդեպ, նվազեցնում է մեղք գործելու և անհնազանդ լինելու իմ ցանկությունը և խթանում է ավելի լավ մարդ լինելու և ավելի լավ վարվելու իմ պատրաստակամությունը:
Հիսուսը առանց վախի ու կասկածի քայլեց դեպի Գեթսեմանի, ապավինելով Իր Հորը, իմանալով, որ Ինքը միայնակ պետք է «կոխոտի հնձանը»: Նա դիմացավ բոլոր ցավերին և բոլոր նվաստացումներին: Նրան մեղադրեցին, դատեցին և խաչեցին։ Իր սեփական տանջանքների և խաչի վրա տառապանքների ժամանակ Հիսուսը կենտրոնացավ Իր մոր և Իր սիրելի աշակերտի կարիքների վրա: Նա տվեց Իր կյանքը:
Երրորդ օրը Նա հարություն առավ: Գերեզմանը դատարկ է, Նա կանգնած է Իր Հոր աջ կողմում: Նրանք հույս ունեն, որ մենք կպահենք մեր ուխտերը և կվերադառնանք Իրենց ներկայությունը: Այս երկրորդ վիճակը մեր վերջնական վիճակը չէ. մենք չենք պատկանում այս երկրային տանը, այլ մենք հավերժական էակներ ենք, որոնք ապրում են ժամանակավոր փորձառություններով:
Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին: Նա ապրում է, և քանի որ Նա ապրում է, Աստծո բոլոր զավակները կապրեն հավերժ: Նրա քավող զոհաբերության շնորհիվ մենք բոլորս կապրենք Նրանց հետ միասին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: