2022
Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել
Նոյեմբեր 2022


18:44

Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել

Հանգիստ գտեք այս աշխարհի արագ զարգացումներից, անորոշությունից և տառապանքից՝ հաղթելով աշխարհին Աստծո հետ ունեցած ձեր ուխտերի միջոցով:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես երախտապարտ եմ, որ կարող եմ ողջունել ձեզ այս փառահեղ շաբաթ առավոտյան: Ես անընդհատ մտածում եմ ձեր մասին։ Ես հիանում եմ նրանով, թե դուք ինչպես եք սկսում արագ գործել, երբ տեսնում եք, որ ուրիշները կարիքի մեջ են: Ես զարմացած եմ հավատքով և վկայությամբ, որը դուք կրկին ու կրկին ցույց եք տալիս: Ես լալիս եմ ձեր ցավերի, հիասթափությունների և անհանգստությունների համար: Ես սիրում եմ ձեզ: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մեր Երկնային Հայրը և Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը նույնպես սիրում են ձեզ: Նրանք խորապես տեղյակ են ձեր հանգամանքներից, ձեր բարությունից, ձեր կարիքներից և օգնության համար ասված ձեր աղոթքներից: Ես անընդհատ աղոթում եմ, որ դուք զգաք Նրանց սերը ձեր հանդեպ:

Շատ կարևոր է զգալ Նրանց սերը, քանի որ թվում է, թե ամեն օր ենթարկվում ենք անհանգստացնող լուրերի հարձակմանը: Գուցե եղել են օրեր, երբ ցանկացել եք հագնել ձեր գիշերազգեստը, կծկվել և խնդրել ինչ-որ մեկին արթնացնել ձեզ, երբ այս ամբողջ իրարանցումն ավարտվի:

Սակայն, իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, այնքա՜ն հրաշալի իրադարձություններ են մեզ սպասվում։ Առաջիկա օրերին մենք ականատես կլինենք Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներին, որոնք երբևէ տեսել է աշխարհը: Ներկայիս և «զորությունով ու մեծ փառքով»1 Նրա վերադարձի միջև ընկած ժամանակահատվածում Նա անհամար արտոնություններ, օրհնություններ և հրաշքներ կշնորհի հավատարիմներին:

Այնուամենայնիվ, մենք ներկայումս ապրում ենք աշխարհի պատմության ամենաբարդ ժամանակաշրջանում: Բարդություններն ու մարտահրավերները շատերին ստիպում են ճնշված և ուժասպառ զգալ: Այնուամենայնիվ, մտածեք վերջերս տեղի ունեցած հետևյալ փորձառության մասին, որը կարող է լույս սփռել նրա վրա, թե ես և դուք ինչպես կարող ենք հանգստություն գտնել:

Վերջերս Վաշինգտոնի Կ․Շ․ տաճարի բաց դռների օրը մի քանի նշանավոր լրագրողների տաճարում ուղեկցելիս հանձնաժողովի անդամը ականատես է լինում մի խորաթափանց խոսակցության։ Սխալմամբ փոքր երեխաներ ունեցող մի ընտանիք միանում է լրագրողների խմբին։ Լրագրողներից մեկն անընդհատ հարցնում էր տաճարի այցելուների «ճամփորդության» մասին, երբ նրանք անցնում են սենյակից սենյակ։ Նա ցանկանում էր իմանալ, թե արդյոք տաճարային «ճամփորդությունը» խորհրդանշում է մարդու կյանքի ճամփորդության դժվարությունները:

Այդ ընտանիքի փոքր տղան լսում է նրանց խոսակցությունը: Երբ շրջագայող խումբը մտնում է օժտման սենյակ, տղան մատնացույց է անում զոհասեղանը, որտեղ մարդիկ ծնկի են իջնում Աստծո հետ ուխտեր կապելու համար և ասում է. «Օ՜, հրաշալի է: Այստեղ մարդիկ հանգստանում են իրենց տաճարային «ճամփորդության» ժամանակ»:

Չեմ կարծում, որ տղան հասկանում էր, թե որքան խորիմաստ էր իր դիտարկումը: Նա հավանաբար տեղյակ չէր, որ ուղիղ կապ կա տաճարում Աստծո հետ ուխտ կապելու և Փրկչի ապշեցուցիչ խոստման միջև․

«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, ․․․ և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք։

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»:2

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ցավում եմ նրանց համար, ովքեր լքում են Եկեղեցին, քանզի կարծում են, թե անդամ լինելու համար իրենցից շատ բան է պահանջվում: Նրանք դեռ չեն բացահայտել, որ ուխտեր կապելն ու պահելը իրականում հեշտացնում է կյանքը: Ամեն ոք, ով ուխտ է կապում մկրտության ավազանում և տաճարում ու պահում է այդ ուխտը, ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը: Խնդրում եմ, խորհեք այդ հիանալի ճշմարտության շուրջ:

Աստծո հետ ուխտեր պահելու պարգևը երկնային զորություն է՝ մի զորություն, որն ուժ է տալիս մեզ ավելի լավ դիմակայել մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին: Այդ ուժը հեշտացնում է մեր ճանապարհը: Նրանք, ովքեր ապրում են Հիսուս Քրիստոսի բարձրագույն օրենքներով, կարող են ստանալ Նրա բարձրագույն զորությունը: Այսպիսով, ուխտ պահող մարդիկ իրավունք ունեն հատուկ տեսակի հանգստի, որը ստանում են Աստծո հետ ունեցած ուխտյալ հարաբերությունների միջոցով:

Նախքան Գեթսեմանիի և Գողգոթայի տանջանքներին ենթարկվելը՝ Փրկիչը ասաց Իր առաքյալներին. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։3 Այնուհետև, Հիսուսն աղերսեց մեզանից յուրաքանչյուրին անել նույնը, երբ ասաց. «Ես կամենում եմ, որ դուք հաղթեք աշխարհին»:4

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը հետևյալն է․ քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթեց այս ընկած աշխարհին և Նա քավություն կատարեց մեզանից յուրաքանչյուրի համար, դուք նույնպես կարող եք հաղթել մեղքով հագեցած, եսակենտրոն և հաճախ հոգնեցնող աշխարհին:

Քանի որ Փրկիչն Իր անսահման Քավության միջոցով բոլորիս փրկագնեց թուլություններից, սխալներից և մեղքից, ու քանի որ Նա զգաց ամեն ցավ, անհանգստություն և բեռ, որը դուք երբևէ ունեցել եք,5 ապա, եթե իսկապես ապաշխարեք և փնտրեք Նրա օգնությունը, դուք կկարողանաք վեր բարձրանալ ներկայիս փոփոխական աշխարհից:

Դուք կարող եք հաղթահարել աշխարհի հոգևոր և զգացմունքները հյուծող հիվանդությունները, ներառյալ՝ ամբարտավանությունը, հպարտությունը, զայրույթը, անբարոյականությունը, ատելությունը, ագահությունը, խանդը և վախը: Չնայած մեր շրջապատում անընդհատ փորձում են շեղել և աղավաղել ճշմարտությունը, դուք կարող եք գտնել իրական հանգիստ, այն է՝ թեթևացում և խաղաղություն, նույնիսկ ձեր ամենադժվարին խնդիրների դեպքում:

Այս կարևոր ճշմարտությունը հուշում է երեք հիմնարար հարց.

Նախ՝ ի՞նչ է նշանակում հաղթել աշխարհին։

Երկրորդ՝ ինչպե՞ս ենք դա անում:

Եվ երրորդ՝ աշխարհին հաղթելով ինչպե՞ս է օրհնվում մեր կյանքը։

Ի՞նչ է նշանակում հաղթել աշխարհին։ Դա նշանակում է՝ հաղթել այն գայթակղությանը, որը ստիպում է մեզ հոգ տանել ավելի շատ այս աշխարհի բաների մասին, քան Աստծո բաների մասին: Դա նշանակում է՝ ավելի շատ վստահել Քրիստոսի վարդապետությանը, քան մարդկային փիլիսոփայությանը: Դա նշանակում է՝ ուրախանալ ճշմարտությունով, դատապարտել խաբեությունը և դառնալ «Քրիստոսի խոնարհ հետևորդներ»:6 Դա նշանակում է՝ զերծ մնալ Հոգին վանող ամեն բանից։ Դա նշանակում է՝ պատրաստ լինել «հրաժարվելու» նույնիսկ մեր սիրելի մեղքերից:7

Իհարկե, «հաղթել աշխարհին» չի նշանակում դառնալ կատարյալ այս կյանքում, ոչ էլ նշանակում է, որ ձեր խնդիրները հրաշքով կվերանան, քանի որ դրանք չեն վերանա: Եվ դա չի նշանակում, որ դուք այլևս չեք սխալվի։ Բայց «հաղթել աշխարհին» նշանակում է, որ մեղքի նկատմամբ ձեր դիմադրողականությունը կավելանա: Ձեր սիրտը կփափկի, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը մեծանա։8 Հաղթել աշխարհին նշանակում է ավելի շատ սիրել Աստծուն և Նրա Սիրելի Որդուն, քան որևէ մեկին կամ որևէ այլ բան:

Այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք հաղթում աշխարհին: Բենիամին թագավորն ուսուցանել է մեզ, թե ինչպես կարող ենք դա անել։ Նա ասել է, որ «բնական մարդն Աստծո մի թշնամի է, - և մնում է այդպիսին հավիտյան, - մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ»։9 Ամեն անգամ, երբ փնտրում և հետևում եք Հոգու հուշումներին, ամեն անգամ, երբ անում եք որևէ լավ բան, ինչը «բնական մարդը» չէր անի, դուք հաղթում եք աշխարհին:

Աշխարհին հաղթելը մեկ-երկու օրում տեղի ունեցող իրադարձություն չէ: Դա տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում, երբ մենք բազմիցս կիրառում ենք Քրիստոսի վարդապետությունը: Մենք հավատք ենք զարգացնում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ամեն օր ապաշխարում ենք և պահում մեզ զորությամբ օժտող ուխտերը: Մենք մնում ենք ուխտի ճանապարհին և օրհնվում ենք հոգևոր ուժով, անձնական հայտնությամբ, աճող հավատքով և հրեշտակների սպասավորությամբ: Քրիստոսի վարդապետության կիրառումը կարող է առաջացնել ամենահզոր և առաքինի շրջապտույտը՝ ստեղծելով հոգևոր լիցք մեր կյանքում:10

Երբ ձգտում ենք ապրել Հիսուս Քրիստոսի բարձրագույն օրենքներով, մեր սրտերը և մեր էությունը սկսում են փոխվել: Փրկիչը մեզ վեր է բարձրացնում դեպի իրեն ձգող այս ընկած աշխարհից՝ օրհնելով մեզ ավելի մեծ գթությամբ, խոնարհությամբ, առատաձեռնությամբ, բարությամբ, կարգապահությամբ, խաղաղությամբ և հանգստությամբ:

Այժմ դուք գուցե մտածեք, որ սա ավելի շատ նման է հոգևոր ծանր աշխատանքի, քան հանգստի: Սակայն գերագույն ճշմարտությունը հետևյալն է. չնայած աշխարհը պնդում է, որ ուժը, ունեցվածքը, ժողովրդականությունը և մարմնական հաճույքները երջանկություն են բերում, սակայն դա այդպես չէ։ Նրանք չեն կարող երջանկություն բերել։ Այն, ինչ նրանք կարող են տալ, ոչ այլ ինչ է, քան «օրհնված և երջանիկ վիճակի» կեղծ այլընտրանք այն մարդկանց համար, որոնք «պահում են Աստծո պատվիրանները»:11

Ճշմարտությունն այն է, որ շատ ավելի հոգնեցուցիչ է երջանկություն փնտրել այնտեղ, որտեղ երբեք չես կարող գտնել այն: Սակայն, երբ դուք Հիսուս Քրիստոսի հետ լծվում եք այն հոգևոր աշխատանքին, որն անհրաժեշտ է աշխարհը հաղթելու համար, Նա՛ և միայն Նա՛ է զորություն ունենում՝ բարձրացնել ձեզ դեպի իրեն ձգող այս աշխարհից։

Այժմ, աշխարհին հաղթելով, ինչպե՞ս է օրհնվում մեր կյանքը։ Պատասխանը պարզ է. մտնելով ուխտյալ հարաբերությունների մեջ Աստծո հետ, մենք Նրա հետ կապվում ենք այնպիսի ձևով, որը հեշտացնում է կյանքում ամեն ինչ։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ես չեմ ասում, որ ուխտերը հեշտացնում են կյանքը: Իրականում սպասեք հակադրության, քանի որ հակառակորդը չի ցանկանում, որ դուք բացահայտեք Հիսուս Քրիստոսի զորությունը: Բայց Փրկչի հետ աշխատանքի լծվելը նշանակում է, որ ձեզ հասանելի են Նրա ուժը և փրկագնող զորությունը:

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Ես վերահաստատում եմ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի խորիմաստ ուսմունքը. «Տղամարդիկ և կանայք, որոնք իրենց կյանքը նվիրում են Աստծուն, կհայտնաբերեն, որ Նա կարող է իրենց կյանքից շատ ավելի մեծ բան ստեղծել, քան իրենք են ունակ: Աստված կխորացնի նրանց ուրախությունները, կընդլայնի նրանց տեսադաշտը, կարագացնի նրանց միտքը, ․․․կբարձրացնի նրանց ոգին, կբազմապատկի նրանց օրհնությունները, կմեծացնի նրանց հնարավորությունները, կմխիթարի նրանց հոգիները, կգտնի ընկերներ և խաղաղություն կհեղի նրանց վրա»։12

Այս անզուգական արտոնությունները ստանում են նրանք, ովքեր ձգտում են երկնքի օգնությամբ հաղթել այս աշխարհին։ Այդ նպատակով ես կոչ եմ անում Եկեղեցու բոլոր անդամներին ստանձնել նույն պատասխանատվությունը, որը տվել եմ մեր երիտասարդ չափահասներին այս տարվա մայիս ամսին: Ես հորդորեցի նրանց այն ժամանակ և ես խնդրում եմ ձեզ հիմա, որ պատասխանատու լինեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության համար: Աշխատեք դրա համար: Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ։ Մի աղտոտեք այն անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայություններով։ Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր վկայությունը շարունակեք ամրացնել և դարձնել ձեր առաջնահերթությունը, կտեսնեք, որ հրաշքներ են կատարվում ձեր կյանքում։13

Այս առավոտ ձեզ ուղղված իմ խնդրանքն է՝ հանգիստ գտնել այս աշխարհի արագ զարգացումներից, անորոշությունից և տառապանքից՝ հաղթելով աշխարհին Աստծո հետ ունեցած ձեր ուխտերի միջոցով: Ձեր աղոթքներով և ձեր գործողություններով հասկացրեք Նրան, որ դուք լրջորեն ցանկանում եք հաղթել աշխարհին: Խնդրեք Նրան լուսավորել ձեր միտքը և ուղարկել ձեզ անհրաժեշտ օգնությունը: Ամեն օր գրի առեք այն մտքերը, որոնք ստանում եք աղոթելիս. ապա՝ ջանասիրաբար հետևեք դրանց: Ավելի շատ ժամանակ անցկացրեք տաճարում և ձգտեք հասկանալ, թե ինչպես է տաճարը սովորեցնում ձեզ վեր բարձրանալ այս ընկած աշխարհից:14

Ինչպես նախկինում նշել եմ, Իսրայելի հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր աշխատանքն է: Այս հավաքի կարևոր բաղկացուցիչը այնպիսի մի ժողովրդի պատրաստումն է, որն ունակ է, պատրաստ և արժանի՝ ընդունելու Տիրոջը, երբ Նա նորից գա. մի ժողովուրդ, որն արդեն Հիսուս Քրիստոսին գերադասել է այս ընկած աշխարհից. մի ժողովուրդ, որն ուրախանում է Հիսուս Քրիստոսի ավելի բարձր, ավելի սուրբ օրենքներով ապրելու իր ազատ կամքով:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես կոչ եմ անում ձեզ դառնալ այդ արդար ժողովուրդը։ Գնահատեք և հարգեք ձեր ուխտերը մնացած բոլոր պարտավորություններից առավել։ Երբ դուք թույլ տաք, որ Աստված տնօրինի ձեր կյանքում, ես ձեզ խոստանում եմ ավելի մեծ խաղաղություն, վստահություն, ուրախություն և ինչու չէ՝ հանգիստ:

Ինձ շնորհված սուրբ առաքելության զորությամբ ես օրհնում եմ ձեզ այս աշխարհին հաղթելու ձեր ձգտումներում: Ես օրհնում եմ ձեզ, որ մեծացնեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը և ավելի լավ սովորեք, թե ինչպես կարելի է օգտվել Նրա զորությունից: Ես օրհնում եմ ձեզ, որ կարողանաք տարբերել ճիշտը սխալից: Ես օրհնում եմ ձեզ, որ ավելի շատ հոգ տանեք Աստծո բաների, այլ ոչ թե այս աշխարհի բաների մասին: Ես օրհնում եմ ձեզ, որ դուք նկատեք ձեր շրջապատի մարդկանց կարիքները և ամրացնեք նրանց, ում սիրում եք: Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթեց այս աշխարհին, դուք նույնպես կարող եք։ Ես դա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: