Եկեղեցու նորությունները
Եկեղեցու ղեկավարները սպասավորում են շատ ազգերի
Եկեղեցու ղեկավարները շարունակում էին իրենց համաշխարհային սպասավորությունը վերջին վեց ամիսների ընթացքում: Ահա որոշ մանրամասներ նրանց գործունեությունից՝ վերջին գերագույն համաժողովից հետո:
Նախագահ Օուքսն անդրադարձել է կանանց ազդեցությանը
Սեպտեմբերին հրապարակված Եկեղեցու տեսանյութում Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, խոսել է իր մոր և տատիկի ազդեցության մասին, որ վերջիններս ունեցել են, օգնելով նրան զարգացնել վկայություն և հավատք առ Տերը: Կանանց ազդեցությունը նրա կյանքում շարունակվել է կնոջ՝ քույր Ջուն Օուքսի, իսկ վերջինիս մահից հետո՝ երկրորդ կնոջ՝ քույր Քրիսթեն Օուքսի հետ։
«Ամենակարևոր ուսուցիչները, որոնք ես ունեցել եմ Եկեղեցու վարդապետության, ծառայության և ընտանեկան պարտականությունների ոլորտում, և որոնք մարգարեների նման նույն ազդեցությունն են ունեցել ինձ վրա, եղել են կանայք», - ասել է նախագահ Օուքսը:
Երեց Ուխդորֆը դիմում է փախստականներին
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ապրիլին գնաց Լեհաստան: Նա նախագահում էր այնտեղ ժամանակավոր ապաստան գտած ուկրաինացի փախստականների հոգևոր հավաքը:
Երեց Ուխդորֆը, որն իր կյանքի վաղ շրջանում փախստական էր եղել, այցի մասին ասաց, որ իր սիրտը «խորը տխրությամբ է լցված այն տառապանքի համար», որ Վերջին Օրերի Սրբերը և ուրիշ մարդիկ կրում են պատերազմից տուժած երկրներում։
Նա հավելեց, որ իր սիրտը լի է նաև երախտագիտությամբ, քանի որ «այդ անհատներն ու ընտանիքները զորացրել և ոգեշնչել են մեզ իրենց բարությամբ, վստահությամբ և հավատքով՝ դեպի Փրկիչն ու Նրա աստվածային նպատակները»: «Ես ու Հարիեթը հույս ունեինք զորացնել և մխիթարել նրանց, բայց նրանք երկնային լույս, հույս և մխիթարություն բերեցին մեր սրտերին»:
Երեց Բեդնարը ելույթ ունեցավ Մամուլի ազգային ակումբում Վաշինգտոնում, Կ.Շ.
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մայիսին դիմեց Մամուլի ազգային ակումբին՝ մանրամասնելով, թե ինչ նպատակի են ծառայել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համաշխարհային մարդասիրական, բարօրության, կրթական, տաճարային, միսիոներական և ծագումնաբանական նախաձեռնությունները:
«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնական նպատակն է օգնել մարդկանց սովորել Աստծո էության և հատկանիշների մասին, սիրել Աստծուն, դառնալ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի աշակերտները և սիրել ու ծառայել մեր եղբայրներին ու քույրերին», - ասաց երեց Բեդնարը:
Սփոփող միության և Երեխաների միության գերագույն նախագահներն այցելեցին Հարավային Ամերիկա
Նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, և նախագահ Սյուզան Հ. Փորթերը՝ Երեխաների միության գերագույն նախագահը, հանդիպել են Արգենտինայի, Չիլիի, Ուրուգվայի և Պարագվայի քաղաքացիական առաջնորդների, ինչպես նաև Եկեղեցու անդամների հետ 10-օրյա ծառայության և իրազեկման այցի ընթացքում:
Նրանք հանդիպել են կառավարական կազմակերպությունների հետ, որոնք օգնում են այն կանանց, որոնք հայտնվում են խոցելի իրավիճակներում Պարագվայում և Արգենտինայում:
«Մեր Եկեղեցին ակնկալում է աշխատել ձեզ հետ՝ բարելավելու կանանց կրթության և ինքնապահովման հնարավորությունները», - ասել է նխագահ Ջոնսոնը:
Ի լրումն կառավարական իրազեկման՝ նախագահներ Ջոնսոնը և Փորթերը նաև սպասավորեցին Եկեղեցու անդամներին: Նրանք ժողովներ անցկացրին երիտասարդ ծնողների համար, հոգևոր հավաք՝ միայնակ կանանց համար, փոխգործակցության հանդիպումներ՝ երեխաներով ընտանիքների համար և ուսուցում՝ համայնքի ղեկավարների համար: