Լսեք խոնարհությամբ, Թեմաներ և հարցեր (2023)
Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ
Լսեք խոնարհությամբ
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հիշում է. «[Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը] մի անգամ ինձ ասաց, որ բժշկական հետազոտության առաջին կանոններից մեկն է՝ «Հարցրեք հիվանդին, թե որտեղ է ցավում: Հիվանդը կլինի ձեր լավագույն ուղեցույցը ճիշտ ախտորոշում և բուժում անցկացնելու գործում»:1 Երբ ընկերը կամ ընտանիքի անդամը դիմում է ձեզ Եկեղեցու հետ կապված դժվար հարցերով կամ մտահոգություններով, ժամանակ հատկացրեք և լսեք: Նրանք դիմում են ձեզ, քանի որ վստահում են: Արդարացրեք այդ վստահությունը՝ առաջին հերթին փորձելով հասկանալ նրանց կարիքները:
Խոնարհությամբ լսելը դժվար է: Դա պահանջում է կենտրոնացում և համբերություն: Դա հմտություն է, որը մենք կարող ենք սովորել: Ակտիվ լսելը և իրական կապ հաստատելը կարող է բուժիչ լինել մեկի համար, ով խոցելի է կամ հարցեր ունի: Փորձեք լսելու հետևյալ եղանակները` ձեր սիրելիներին ավելի լավ լսելու և հասկանալու համար.
-
Նախ ձգտեք հասկանալ։ Մենք հաճախ կարծում ենք, թե գիտենք՝ ինչպես լուծել ուրիշների խնդիրները: Մենք ուզում ենք պարզապես պատասխանել նրանց հարցերին և խորհուրդ տալ դադարել անհանգստանալ: Այդ միտումը հաճախ բխում է մեր, այլ ոչ թե նրանց կարիքներից։ Ժամանակ հատկացրեք և լսեք նրանց պատմությունն այն մասին, թե ինչպես են հայտնվել այս վիճակում։ Համոզվեք, որ հասկանում եք նրանց հարցերը: Հարգանք ցուցաբերեք, երբ նրանց տեսակետները հակասում են ձեր տեսակետներին: Խուսափեք քննադատելուց կամ մեղադրանքներ հնչեցնելուց։ Երբ մենք շտապում ենք պարզեցված պատասխան տալ, նրանց կարող է թվալ, թե մենք թերագնահատում ենք իրենց ապրումները։ Ձգտեք հասկանալ նրանց տեսակետը, ոչ թե փորձել փոխել այն:
-
Գնահատեք նրանց փորձառությունը: Անգամ եթե մենք չենք հասկանում դիմացինի խնդիրը կամ համաձայն չենք դրա հետ, մենք կարող ենք ընդունել նրա անկեղծությունն ու ցավը: Կարեկցանք դրսևորելու մեր ձգտման մեջ մենք երբեմն համեմատում ենք նրանց և մեր փորձառությունները: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուրի փորձառություն առանձնահատուկ է: Ավելի լավ է ասել՝ «Ես չեմ պատկերացնում, թե ինչ ես զգում» կամ «Օգնիր ինձ հասկանալ»:
-
Խուսափեք արհամարհական կամ դատապարտող կեցվածքից: Եթե ձեր ընկերը կամ սիրելին որոշել է խոսել ձեզ հետ իր հարցերի մասին, ուրեմն նա, ամենայն հավանականությամբ, ժամանակ է տրամադրել ինքնուրույն այդ մասին մտորելու համար։ Զգույշ եղեք, որ չփակեք խոսակցությունը՝ մերժելով նրանց հարցերը կամ դատողություններ անելով։ Դա կարող է ցավ պատճառել նրանց և զրկել ձեզ օգնելու հնարավորությունից: Նրանց անկեղծ հարցերը պետք է արժանանան լսելու ձեր անկեղծ ջանքերին:
-
Տիրապետեք ձեր զգացմունքները: Բնական է անհանգստանալը, երբ ձեզ սիրելի անձը ձեզ դիմում է հավատքի վերաբերյալ հարցերով: Փորձեք թույլ չտալ, որ այդ զգացմունքները խանգարեն արդյունավետ զրույցին: Եթե զայրացած եք, ավելի լավ է խնդրել մի փոքր ուշ շարունակել զրույցը։ Փրկիչը մեզ հորդորել է խուսափել հակառակությունից և զայրույթից։2 Մենք կարող ենք սովորել չհամաձայնել՝ առանց հակառակություն դրսևորելու։3
-
Տվեք բաց հարցեր: Բաց հարցերը թույլ են տալիս դիմացինին կիսվել իրենց մտքերով, զգացմունքներով և տպավորություններով: Պարտադիր չէ ճիշտ կամ սխալ պատասխան ունենալ։ Օրինակ՝ «Կարո՞ղ ես ավելին պատմել այդ մասին»։ «Ի՞նչ ես զգում»: «Կարո՞ղ ես օգնել ինձ հասկանալ»: «Ինչպե՞ս կարող եմ օգնել»։ Լավ հարցեր տալը օգնում է խուսափել թյուրըմբռնումից և ցույց է տալիս, որ դուք անտարբեր չեք:
-
Ընդունեք ձեր սահմանափակումները: Մեծ հավանականություն կա, որ ընկերներն ու սիրելիները, ովքեր գալիս են ձեզ մոտ, ավելի խորն են ուսումնասիրել իրենց հարցերը: Նորմալ է, եթե պատրաստ պատասխաններ չունեք կամ առաջին անգամն է, որ լսում եք այդ մասին: Մի վախեցեք հարցեր տալ, հստակեցնելով այն պահերը, որոնք չեք հասկանում։ Դուք կարող եք չհամաձայնել նրանց եզրակացության հետ, սակայն աշխատեք համաձայնել այն դեպքերում, երբ զգում եք, որ դա տեղին է։ Կարող եք նաև ժամանակ խնդրել ինքներդ ուսումնասիրելու համար, ապա շարունակել զրույցը, երբ լրացուցիչ տեղեկություն ունենաք:
Հիմնական սուրբ գրություններ․ Եփեսացիս 4․29, Մոսիա 18․21, 3 Նեփի 11․29։