«Սուրբ Հոգու պարգև», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Սուրբ Հոգու պարգև
Ունենալ Աստվածագլխի անդամին՝ որպես մշտական ուղեկից
Երբևէ մտածե՞լ եք այն բոլոր ուղիների մասին, որոնցով դուք օրհնվել եք Սուրբ Հոգու պարգևի միջոցով: Աստծո բոլոր զավակները կարող են զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, որն առաջնորդում է նրանց դեպի Հիսուս Քրիստոսն ու Նրա ավետարանը: Սակայն Սուրբ Հոգու պարգևը վերապահված է նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և ապաշխարության միջոցով ուխտեր են կապում Հիսուս Քրիստոսի հետ՝ մկրտության միջոցով: Այս պարգևը խոստումն է, որ դուք կարող եք վայելել Սուրբ Հոգու՝ Աստվածագլխի անդամի մշտական ընկերակցությունը: Դա սովորական պարգև չէ, այն չի երևում, բայց դրա ուժը անհերքելի է, երբ դուք ընտրում եք ստանալ այն արդար ապրելու միջոցով: Նրանք, ովքեր ստանում են Սուրբ Հոգու պարգևը, մաքրվում են մեղքից, ստանում են անձնական հայտնություն և վայելում օրհնությունները, որոնք հայտնի են որպես «Հոգու պարգևներ»:
Բաժին 1
«Ստացիր Սուրբ Հոգին»
Երբ ինչ-որ մեկը հաստատվում է որպես Եկեղեցու անդամ, նրան ասում են՝ «ստացիր Սուրբ Հոգին»: Սուրբ Հոգու պարգևը որևէ մեկին պարտադրված չէ: Անդամների պարտականությունն է դառնում հրավիրել Սուրբ Հոգուն՝ լինելու իրենց հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 88․33)։ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է. «Երբ մենք ստանում ենք այս արարողությունը, մեզանից յուրաքանչյուրն ընդունում է սուրբ և շարունակվող պարտականություն՝ ցանկանալու, ձգտելու, աշխատելու և այնպես ապրելու, որ մենք իսկապես «ստանանք Սուրբ Հոգին» և դրան ծառայող հոգևոր պարգևները»:
Հիսուսը բացատրեց Նիկոդեմոսին՝ հրեաների կառավարիչին, որ «եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը» (Հովհաննես 3.5): Ուստի, բացի ջրով մկրտվելուց, Տերը ցանկանում է, որ դուք «Հոգուց ծնված լինեք» (հատված 6): Դա տեղի է ունենում, երբ դուք ստանում եք Սուրբ Հոգու պարգևը և զգում «կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը» (տես 2 Նեփի 31.13–14): Կրակը մաքրության խորհրդանիշ է: Այս սրբագործող զորությունը բերում է մեղքերի թողություն (տես 2 Նեփի 31.17, 3 Նեփի 12.1–2): Մկրտությունից հետո Եկեղեցու անդամները կարող են աստիճանաբար զգալ կրակով մկրտությունը (տես 3 Նեփի 9.20) կամ ավելի անմիջականորեն (տես Մոսիա 4.2–3):
Մտորելու հարցեր
-
Երբ հարություն առած Հիսուս Քրիստոսը սպասավորեց մարդկանց Արևմտյան կիսագնդում, Նա տասներկու աշակերտներին տվեց զորություն՝ շնորհելու Սուրբ Հոգին (տես 3 Նեփի 18.36–37): Մարդկանց ուսուցանվել էր այս պարգևի մասին, և «նրանք աղոթեցին նրա համար, ինչն իրենք ամենաշատն էին փափագում. և նրանք փափագում էին, որ Սուրբ Հոգին շնորհվեր իրենց» (3 Նեփի 19.9): Ինչպե՞ս կբնութագրեք ձեր զգացմունքները Սուրբ Հոգու պարգևի վերաբերյալ:
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Ջրով մկրտությունը, առանց կրակով մկրտության և Սուրբ Հոգու ներկայության, ոչ մի օգուտ չունի. դրանք անհրաժեշտորեն և անքակտելիորեն կապված են»: Որպեսզի օգնեք ձեզ ավելի լավ հասկանալ «կրակով և Սուրբ Հոգով մկրտության» իմաստը, դիտեք «Կրակով մկրտությունը» (1:41) տեսանյութը: Ելնելով տեսանյութում տրված երեց Դեյվիդ Ա. Բեդնարի մեկնաբանություններից, ինչպե՞ս կբացատրեք «կրակով մկրտության» իմաստը:
Լրացուցիչ նյութեր
-
Գործք Առաքելոց 10, Մորոնի 2, Վարդապետություն և Ուխտեր 76․50-52
-
Բոյդ Ք. Փաքեր, «Սուրբ Հոգու պարգևը. Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր անդամ», Ensign, օգոսոս 2006, 46-52)
-
Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 89-100
Բաժին 2
Սուրբ Հոգին կարող է լինել մեր մշտական ուղեկիցը
Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. «Մենք ունենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցության կարիքը: Մենք կամենում ենք դա, այնուամենայնիվ, մենք գիտենք փորձառությունից, որ այն հեշտ չէ պահպանել: Մեզանից յուրաքանչյուրն ասում է և կատարում է քայլեր, որոնք կարող են վիրավորել Սուրբ Հոգուն: Տերն ուսուցանեց մեզ, որ Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ուղեկիցը, երբ մեր սրտերը լցված լինեն գթությամբ, և երբ առաքինությունը զարդարի մեր մտքերն անդադար (տես Վ&Ու 121.45)»: Երբ դուք ձգտում եք ընկերակցություն զարգացնել Սուրբ Հոգու հետ, դուք կզգաք, թե ինչը պետք է փոխվի ձեր կյանքում
Մտորելու հարցեր
-
Հաղորդության աղոթքները հզոր հիշեցում են առ այն, որ Սուրբ Հոգին միշտ կարող է լինել մեզ հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79): Երբ դուք արժանավորությամբ պատրաստվում եք և ճաշակում հաղորդությունը, դուք հրավիրում եք Հոգու ընկերակցությունը: Ինչպե՞ս է ձեր կյանքը օրհնվել, երբ ձգտել եք արժանի լինել Նրա մշտական ներկայությանը:
Սովորեք միասին
-
Կարդացեք և խորհեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի այս խոսքերի շուրջ. «Կարծում եմ, որ Մորմոնն իր փորձից շատ լավ գիտեր իր խոսքերի ճշմարտացիությունը, որ «Մխիթարիչը, որը լցնում է հույսով և կատարյալ սիրով, սեր, որը համբերում է ջանասիրությամբ առ աղոթքը, մինչև որ կգա վերջը, երբ բոլոր սրբերը կբնակվեն Աստծո հետ» (Մորոնի 8.26): Թեև մենք երբեմն կարող ենք մենակ մնալ աշխարհի մարդկանց մեջ, մենք կարիք չունենք միայնակ լինել, քանի որ Տերը տվել է մեզ Սուրբ Հոգին, որպեսզի մեր ուղեկիցը լինի՝ մեզ հետ քայլելու համար»: Դուք կարող եք քննարկել, թե Մորմոն մարգարեին ինչու էին անհրաժեշտ իր նկարագրած օրհնությունները: Ե՞րբ է Սուրբ Հոգին խաղաղություն և օգնություն ցույց տվել ձեզ:
Լրացուցիչ նյութեր
-
3 Նեփի 27.20, Վարդապետություն և Ուխտեր 14․8, 20․77, 121.45–46
-
Դեյվիդ Ա. Բեդնար, «Որ Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք», Լիահոնա, ապրիլ 2006, 28–31
-
Դալլին Հ. Օուքս, «Միշտ ունեցիր Նրա Հոգին»,,” Ensign, հոկտեմբեր 1996, 59–61
-
Գորդոն Բ. Հինքլի, «Սուրբ Հոգու պարգևը», Լիահոնա, հունվար 2005, 5–7
Բաժին 3
Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյոք ես զգում եմ Սուրբ Հոգին
Երբևէ փորձե՞լ եք շփվել մեկի հետ, ով խոսում է ձեզ անհասկանալի լեզվով: Նույնքան հիասթափեցնող կարող է լինել, երբ ինչ-որ մեկն ասում է, որ զգում է Հոգին, բայց դուք չգիտեք, թե դա ինչ է ձեզ համար: Այնուամենայնիվ, ամաչելու բան չկա, քանի որ մենք բոլորս զգում ենք Հոգին տարբեր ձևերով: Դուք կսովորեք ճանաչել և հասկանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին հաղորդակցվում ձեզ հետ, սակայն կարող է ժամանակ և ջանքեր պահանջվել: Եղիա մարգարեն իմացավ, որ Հոգին կարող է նմանվել «մեղմ ու նուրբ ձայնի» (տես Գ Թագավորներ 19.11–12): Երբեմն Սուրբ Հոգին դրսևորվում է հույսի և ուրախության զգացումների միջոցով (տես Հռոմեացիներ 15.13): Սուրբ Հոգին ճշմարտությունը սովորելու կարևոր միջոց է (տես Հովհաննես 14.26, Մորոնի 10.5):
Մտորելու հարցեր
-
Դիտեք «Զգալ Սուրբ Հոգին. Սուրբ Հոգու զորությունը» տեսանյութը (3:17), որպեսզի տեսնեք, թե Եկեղեցու որոշ անդամներ ինչպես են զգում Հոգին: Ի՞նչ եղանակներով է Սուրբ Հոգին հաղորդակցվել ձեզ հետ:
Սովորեք միասին
-
Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին թարգմանում էին Մորմոնի Գիրքը, երբ իմացան, որ Սուրբ Հոգուն երբեմն կարելի է ճանաչել «այրվելու» զգացողության միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 9.8–9): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8.1–2, 11.11–14 հատվածները և միասին խոսեք այն ընդհանուր ձևերի մասին, որոնցով Հոգին հաղորդակցվում է մեզ հետ: Քննարկեք, թե ինչու է կարևոր հիշել, որ «այրվելու» զգացումը միակ միջոցը չէ, որով դուք կարող եք զգալ Հոգին
Լրացուցիչ նյութեր
-
Գաղատացիս 5.22–23, 2 Նեփի 32.5, 8, Վարդապետություն և Ուխտեր 8.1–2, 9.8–9
-
Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2019), 95–105:
-
Բոյդ Կ. Փաքեր, «Տիրոջ մոմը», Ուսումնական Սեմինարիա. Նախնական ընթերցումներ, 32-34:
-
Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Ես «լսում եմ Նրան»՝ արձագանքելով հուշումներին», Ոգեշնչում (բլոգ), հոկտեմբերի 21, 2021, ChurchofJesusChrist.org:
-
«Լսիր Նրան» տեսանյութերի հավաքածու