Դաս 7. Դասի նախապատրաստական նյութ. Հիսուս Քրիստոսի զորացնող ուժը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 7․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 7․ Դասարանի նախապատրաստական նյութ
Հիսուս Քրիստոսի զորացնող ուժը
Մեկ րոպե մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք մաքառումների մեջ եք եղել ֆիզիկական, մտավոր, հուզական կամ հոգևոր առումներով: Մտածեք նաև այն մասին, թե ինչպես եք ձեզ թույլ կամ անհամապատասխան զգացել: Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը նկատել է. «Իր Քավության շնորհիվ Փրկիչն ունի զորություն՝ օգնելու յուրաքանչյուր մահացու ցավի և տառապանքի դեպքում» («Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ» Լիահոնա, նոյեմբեր 2015, 62): Հիսուս Քրիստոսի Քավության մասին ավելին սովորելիս հաշվի առեք, թե ինչպես է Տերը օգնել և կշարունակի օգնել ձեզ դիմանալ ձեր կյանքի չարչարանքներին և հաղթահարել թուլությունները:
Բաժին 1
Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ իմ չարչարանքների և տկարությունների հարցում։
Թադ Ռ. Քալիսթերը՝ Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահը, այսպես է խոսել Փրկիչի Քավության ընդգրկունության մասին.
Հիսուս Քրիստոսի Քավությունը … մեզ հնարավորություն տվեց վերադառնալ Աստծո ներկայություն, ավելի շատ նմանվել Նրան և ունենալ լիարժեք ուրախություն: Սա արվեց՝ հաղթահարելով չորս խոչընդոտ.
Ֆիզիկական մահը
Ադամի կողմից և մեր մեղքերից առաջացած հոգևոր մահը
Մեր չարչարանքներն ու տկարությունները
Մեր թուլություններն ու թերությունները
«Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019, 85):
Դաս 6-ում՝ «Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը», մենք անդրադարձանք առաջին երկու խոչընդոտներին: Հիմա եկեք քննարկենք, թե ինչպես է Փրկիչի Քավությունը հաղթահարում երրորդ և չորրորդ խոչընդոտները:
Մ.թ.ա 83 թ.-ին Ալմա Կրտսերը հրաժարվեց գլխավոր դատավորի պաշտոնից, որպեսզի կարողանա Աստծո խոսքը ուսուցանել ամբողջ երկրում: Գեդեոն քաղաքում Ալման մարգարեացավ, որ Քավիչը ծնվելու է երկրի վրա և կապրի Իր ժողովրդի մեջ, և որ Նա կզգա մահկանացության բոլոր ցավերը, տառապանքներն ու գայթակղությունները:
Մորմոնի Գրքի այս առանձնահատուկ ուսմունքի մասին նախագահող եպիսկոպոս Ջեռալդ Կոսեն նկատել է.
Մեր մեղքերի բեռը կրելուց բացի, Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր վշտերը, թուլությունները, տառապանքները, հիվանդությունները և մահկանացու վիճակում մարդուն բնորոշ բոլոր չարչարանքները։ Չկա որևէ վիշտ, ցավ կամ տխրություն, որը Նա չի կրել մեզ համար [տես Ալմա 7.11–12]: («Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին», Լիահոնա մայիս 2020, 39)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն նաև ուսուցանել է․
Տկարության պահին մենք, գուցե, բարձրաձայնենք. «Ո՛չ ոք չգիտի, թե ինչի միջով եմ ես անցնում: Ո՛չ ոք չի կարող հասկանալ»: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանզի Նա զգացել և կրել է մեր անհատական բեռները: Եվ Իր անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ (տես Ալմա 34.14) Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմած ձեռքը: Նա կարող է հասնել, դիպչել, սատարել, բուժել և ամրացնել մեզ, որ լինենք ավելին, քան երբևէ կարող էինք լինել, և օգնում է մեզ անել այն, ինչը մենք երբեք չէինք կարող անել, եթե ապավինեինք միայն մեր սեփական ուժին։ («Իրենց բեռները հեշտությամբ տանեին, Լիահոնա, մայիս 2014, 90)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող է Փրկիչն օգնել ինձ իմ թուլությունների և անկատարությունների հարցում։
Որպես Մորմոնի Գրքի վերջին հեղինակ, Մորոնին ներառել է Եթերի թիթեղների մի համառոտ շարադրանք, որը պարունակում է հարեդացիների պատմությունը և Հարեդի եղբոր գրությունները: Մորոնին զարմացել էր Հարեդի եղբոր գրվածքի զորության վրա և իր մտահոգությունը հայտնեց այն թուլության վերաբերյալ, որը նա ընկալեց իր սեփական և Մորմոնի Գրքի այլ մարգարեների գրություններում:
Մեր թուլություններն ու անկատարությունները դնելով հավերժական հեռանկարի համատեքստում, քույր Միշել Դ. Քրեյգը՝ Երիտասարդ կանանց գերագույն Նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է.
Իհարկե, յուրաքանչյուրս կթերանա մեր աստվածային ներուժն իրականացնելիս, և դրա մեջ որոշ ճշմարտություն կա, որ մենք մենակ չենք կարող դա անել: Սակայն ավետարանի լավ նորությունն այն է, որ Աստծո շնորհով մենք կկարողանանք իրականացնել դա: …
Զարմանալի ճշմարտությունն այն է, որ մեր թուլությունները կարող են օրհնություն լինել, երբ դրանք խոնարհեցնում են մեզ և շրջում են դեպի Քրիստոսը: …
Իրականում, Հիսուսի հրաշքները հաճախ սկսվում են այն ժամանակ, երբ հասկացվում է ցանկությունը, կարիքը, ձախողումը կամ անհամապատասխանությունը: («Սուրբ դժգոհություն», Լիահոնա, նոյեմբեր 2018, 54)։
Բաժին 3
Ինչպե՞ս կարող եմ Տիրոջ շնորհն ավելի լիարժեք հրավիրել իմ կյանք:
Իր գրություններում Նեփին վկայեց, որ Մովսեսը իսրայելացիներին դուրս բերեց գերությունից Աստծո զորությամբ և շնորհով: Նեփին գրել է. «Եվ ինչպես Տեր Աստված ապրում է, չկա ոչ մի ուրիշ անուն երկնքի տակ տրված, բացի այս Հիսուս Քրիստոսից … որի միջոցով մարդ կարող է փրկվել»: (2 Նեփի 25.20): Նեփին ուսուցանեց իր ժողովրդին, որ նրանց կարող է փրկել միայն Հիսուս Քրիստոսի շնորհը, այլ ոչ թե միայն Մովսեսի օրենքին հնազանդվելը: Շնորհը «աստվածային օգնություն կամ ուժ է, որը տրվում է Հիսուս Քրիստոսի լիառատ ողորմածության և սիրո շնորհիվ» (Աստվածաշնչի բառարան, «Շնորհ»):
«Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը (2 Նեփի 25.23) կարող է ճնշող թվալ: Դիտարկեք, թե Տասներկու Առաքյալների Քվորումի երկու անդամների հետևյալ խոսքերն ինչպես կարող են օգնել մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը:
Աստվածային օգնությանն արժանանալու համար մենք կարիք չունենք հասնելու կարողությունների կամ բարության ինչ-որ նվազագույն աստիճանի. աստվածային օգնությունը մերը կարող է լինել ամեն ժամ, ամեն օր, անկախ նրանից, թե հնազանդության ճանապարհի որ մասում ենք գտնվում: Սակայն ես գիտեմ, որ նրա օգնությունը փափագելուց բացի, մենք պետք է ջանք գործադրենք, ապաշխարենք և ընտրենք Աստծուն, որպեսզի Նա կարողանա գործել մեր կյանքում՝ համաձայն արդարության և կամքի բարոյական ազատության: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, ««Ազատ հավիտյան՝ գործելու ինքնուրույն» Լիահոնա, նոյեմբեր 2014,19)
Իր շնորհի միջոցով Տերը կօգնի մեզանից յուրաքանչյուրին տանել մեր խաչը և թեթևացնել մեր բեռը: … Երբեք մի հրաժարվեք պայքարից հաջորդական ձախողումների պատճառով, ու երբեք չմտածեք, որ ի վիճակի չեք հաղթահարել մեղքերն ու կախվածությունը: Ավելի վատ կլինի, եթե դադարեք փորձել և շարունակեք մնալ թուլության ու մեղքի մեջ: Միշտ ձգտեք առավելագույնն անել՝ ձեր գործերով ցույց տալով, որ ցանկանում եք մաքրել անոթը ներսից, ինչպես ուսուցանել է Փրկիչը: … Երբեմն որոշակի դժվարությունների լուծումները գալիս են ամիսներ տևած շարունակական ջանքերի արդյունքում: Մորմոնի Գրքում հանդիպող խոստումը, որ «շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» [2 Նեփի 25.23], կիրառելի է այս դեպքերում: Խնդրում եմ հիշել, որ Փրկիչի շնորհի պարգևը «անպայման չէ, որ ժամանակով սահմանափակվի, այսինքն, տրվի միայն մեր կողմից ամեն ինչ անելուց «հետո»: Մենք կարող ենք ստանալ Նրա շնորհը՝ նախքան կգործադրենք մեր սեփական ջանքերը, դրա ընթացքում և հետո» [see Bruce C. Hafen, The Broken Heart: Applying the Atonement to Life’s Experiences (1989), 155–56]: (Ուլիսես Սոարես, «Վերցնենք մեր խաչը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 113–14)