Դաս 26. Դասարանի նախապատրաստական նյութ. Նախքան ձեր հավատքի փորձությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 26. Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 26. Դասարանի նախապատրաստական նյութ
Նախքան ձեր հավատքի փորձությունը
Դուք երբևէ աղոթե՞լ եք հրաշքի համար։ Արդյո՞ք դուք փնտրում եք ավելի մեծ հոգևոր վկայություն Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Կա՞ որևէ բան ձեր կյանքում, որը դուք հույս ունեք ստանալ Տիրոջից հենց հիմա։ Մտածեք այդ հույսերի և ցանկությունների մասին, մինչ շարունակում եք սովորել հավատքի և այն մասին, թե ինչպես է Մորմոնի Գիրքը մեզ սովորեցնում կիրառել այն։
Բաժին 1
Հավատք գործադրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպե՞ս կարող եմ սովորել և աճել փորձությունների հանդիպելիս
Եթերի գրքում Մորոնին արձանագրել է, որ Հարեդի ժողովրդի մեջ պատերազմների, ապստամբությունների և ամբարշտության տարածման պատճառով Տերը ուղարկեց Եթեր մարգարեին, որպեսզի հավատ, ապաշխարություն և հույս քարոզի։
Քանի որ Տերը սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք զարգանանք, Նա մեզ հնարավորություններ է տալիս՝ փորձելու Իր հանդեպ ունեցած մեր հավատը։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է.
Ամեն անգամ, երբ դուք փորձում եք ձեր հավատքը, այսինքն՝ արժանավոր կերպով գործում եք ստացած տպավորության հիման վրա, դուք կստանաք Հոգու հաստատող ապացույցը։ Երբ հասնում եք ձեր հասկացողության սահմանին և մտնում անորոշության խավարի մեջ, հավատք գործածելով դուք կգտնեք լուծումներ, որոնք այլապես չէիք ունենա։ («Հավատի և բնավորության վերափոխող զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 44)
Մտածեք ձեր կյանքի այն պահերի մասին, երբ գործել եք Տիրոջ հանդեպ հավատքով և դրանից հետո հոգևոր վկայություն եք ստացել։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը մի անգամ բացատրել է, թե փորձության պահին հավատարիմ մնալն ինչպես է օգնել իրեն հոգևոր աճ ունենալ․
Թեպետ ես անցյալում տառապել եմ, հետ նայելիս ես երախտապարտ եմ, որ իմ խնդիրներին շուտափույթ լուծում չի տրվել։ Այն փաստը, որ ես ստիպված էի երկար տարիների ընթացքում գրեթե ամեն օր դիմել Աստծո օգնությանը, ինձ իսկապես սովորեցրեց ինչպես աղոթել և ստանալ աղոթքի պատասխանները, և ես գործնականում սովորեցի հավատք ունենալ առ Աստված: Ես ճանաչեցի իմ Փրկչին և իմ Երկնային Հորը այնպես և այն աստիճան, որ այլ ճանապարհով հնարավոր չէր լինի, կամ դրան հասնելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվեր։ … Ես սովորեցի ապավինել Տիրոջը իմ ողջ սրտով: Ես սովորեցի ամեն օր քայլել Նրա հետ։ (“Look to God Each Day,” New Era, Apr. 2015, 4)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող եմ օրհնվել և զորություն ստանալ՝ հավատք գործադրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ
Մորոնին Եթեր 12.7–22-ում բերում է օրինակներ, երբ մարդիկ հավատք են գործադրել և օրհնվել հրաշքներով, հայտնություններով, ազատումով, դարձով և խոստումներով։ Խոսելով Հարեդի եղբոր մասին, ով Տիրոջ զորությամբ տեղափոխեց Զերին սարը, Մորոնին ասել է․ «Եվ եթե նա հավատք չունենար, այն չէր շարժվի. ուստի [Տերը] գործում է հետո, երբ մարդիկ հավատք են ունենում» (Եթեր 12․30)։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մղում է մեզ կատարել քայլերի, որոնք այլ դեպքում չէինք անի։ Հավատքը, որը դրդում է գործողությունների, մեզ ավելի է մոտեցնում Նրա զորությանը։ («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 41)։
Յոթանասունի Նախագահությունից երեց Լ. Վիթնի Քլեյթոնը հավատքով ապրելու մասին ուսուցանել է հետևյալը․
Աստված խնդրում է մեզ համբերատար լինել Իր հետ՝ վստահել և հետևել Իրեն։ Նա խնդրում է մեզ․ «Մի վիճեք, եթե դուք չեք տեսնում»։ Նա զգուշացնում է մեզ, որ մենք երկնքից չպետք է ակնկալենք հեշտ պատասխաններ կամ արագ շտկումներ։ Հարցերը լուծում են գտնում, երբ մենք անսասան կանգնում ենք «[մեր] հավատքի փորձության» ընթացքում, որքան էլ դժվար լինի դիմանալ այդ խնդրին կամ դանդաղ գա պատասխանը [տես Եթեր 12․6]։ Ես չեմ խոսում «կույր հնազանդության» մասին [տես Բոյդ Ք․ Փաքեր, «Agency and Control», Ensign, May 1983, 66–68], այլ խոհուն վստահության մասին՝ Տիրոջ կատարյալ սիրո և ժամանակի համաձայն։ («Ինչ որ ասէ ձեզ, արէք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 99)
Բաժին 3
Ես ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ձեռք բերեմ կամ ամրապնդեմ Մորմոնի Գրքի մասին իմ վկայությունը
Նեփիացիների քաղաքակրթության կործանումից հետո Մորոնին մենակ մնաց, որպեսզի ավարտի Մորմոնի Գիրքը։ Հիշատակարանը կնքելուց առաջ նա տալիս է մի քանի խորհուրդ և քաջալերանքի խոսքեր ասում։ Ապագա ընթերցողներին Նա հորդորում է հավատքով մոտենալ Մորմոնի Գրքին, որպեսզի նրանք կարողանան անձնական վկայություն ստանալ Սուրբ Հոգուց, որ այն ճշմարիտ է։
Որպես Յոթանասունի Քվորումի անդամ ծառայելիս երեց Ջին Ռ. Քուքը բացատրել է, թե Մորոնիի հրավերն ընդունելը ինչպես է հավատքի գործ հանդիսանում․
Ուշադրություն դարձրեք այն հատուկ ձևին, որով մենք Աստծուց պատասխաններ ենք ստանում․ մենք պետք է «հարցնենք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» [Մորոնի 10․4]։ Կրկին քննարկենք «հավատք ունենալով առ Քրիստոս» արտահայտությունը։ Սա խորհրդանշում է հոգեվիճակի կարևորությունը։ Հավատք ունենալ առ Քրիստոս նշանակում է, որ մենք ընդունում ենք Աստծո գոյությունը, ընդունում ենք, որ Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի զորությամբ Աստված կարող է պատասխանել մեր աղոթքին, և հավատում ենք, որ Աստված կարող է հայտնել մեզ ճշմարտությունը։ Մենք դուրս ենք գալիս չեզոք գոտուց՝ դրանով իսկ հավատ գործադրելով Քրիստոսի հանդեպ։ Մենք գործում ենք։ Չնայած մեր հավատքը կարող է փոքր լինել, մենք անում ենք այնպես, ինչպես Ալման է սովորեցրել. մենք «գործադր[ում ենք] հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե [մենք] չենք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, [որ Աստված կարող է օգնել մեզ,] թույլ [ենք տալիս], որ այդ ցանկությունը գործի [մեր] մեջ» (Ալմա 32․27)։ (“Moroni’s Promise,” Ensign, Apr. 1994, 14)