Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ. Կյանք մահից հետո Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ
Կյանք մահից հետո
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք չպետք է մահվանը նայենք որպես թշնամի: Լիարժեք ըմբռնումով և պատրաստվածությամբ՝ հավատը փոխարինում է վախին: Հույսը փոխարինում է հուսահատությանը» (“Doors of Death,” Ensign, May 1992, 74): Այս նախապատրաստական նյութն ուսումնասիրելիս հաշվի առեք, թե ինչ է սովորեցնում Մորմոնի Գիրքը մահվան մասին և մահից հետո կյանքի մասին, որը կարող է օգնել ձեզ «պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն» (Ալմա 12.24):
Բաժին 1
Ի՞նչ է պատահում, երբ մենք մահանում ենք
Երբ Կորիանթոնը՝ Ալմա Կրտսերի որդին, լքեց ծառայությունը և սեռական մեղք գործեց, նրա հայրը խոսեց նրա հետ նրա գործողությունների լրջության մասին: Ալման ընկալեց, որ Կորիանթոնը մտահոգված էր հետմահու կյանքի և մեղավորին սպասվող պատժի համար: Ալման իր որդուն ուսուցանեց, որ չնայած բոլոր մարդիկ հարություն կառնեն, միայն արդարներն են ապրելու Աստծո հետ (տես Ալմա 40.1, 9–10, 25–26): Նա նաև բացատրեց, թե ինչ է պատահում մեր հոգիների հետ մահվան և Հարության միջև:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է «տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել» արտահայտության մասին.
[Այս արտահայտությունը] պարզապես նշանակում է, որ նրանց մահկանացու գոյությունը մոտեցել է ավարտին, և նրանք վերադարձել են հոգիների աշխարհ, որտեղ նրանք պետք է լինեն արդարների կամ անարդարների հետ՝ համաձայն իրենց գործերի, որտեղ կսպասեն հարությանը: (Joseph Fielding Smith, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr. [1958], 2:85)
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը հետևյալն է ասել հոգիների աշխարհի մասին.
Սուրբ գրություններից սովորում ենք, որ մեր մարմնական մահից հետո, մենք, որպես հոգիներ, շարունակում ենք ապրել հոգիների աշխարհում: Սուրբ գրությունները նաև սովորեցնում են, որ հոգիների աշխարհը բաժանված է՝ այս կյանքում արդար ապրած կամ արդարակյաց մարդկանց և ամբարիշտ մարդկանց միջև: Նրանք նաև նկարագրում են, թե ինչպես են հավատարիմ հոգիներից ոմանք ավետարանը ուսուցանում նրանց, ովքեր ամբարիշտ կամ ըմբոստ կյանքով են ապրել (տես Ա Պետրոս 3․19, Վարդապետություն և Ուխտեր 138․19–20, 29, 32, 37)։ Ինչն ամենակարևորն է, ժամանակակից հայտնությունը բացահայտում է, որ փրկության աշխատանքը շարունակվում է հոգիների աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138․30–34, 58), և չնայած մեզ հորդորում են չհետաձգել մեր ապաշխարությունը մահկանացու կյանքում (տես Ալմա 13․27), մենք սովորում ենք, որ այնտեղ ևս ապաշխարության ինչ-որ հնարավորություն կա (տես Վարդապետություն և Ուխտեր 138․58)։ («Տիրոջն ապավինիր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 26)
Բաժին 2
Հարությանը հավատալով, ինչպե՞ս կարող եմ հույս ձեռք բերել:
Երբ Ալման ու Ամուղեկը ուսուցանում էին Ամմոնիայի ժողովրդին, Զիզրոմ անունով օրինագետը փորձեց աղավաղել Ամուղեկի խոսքերը և խարխլել Հիսուս Քրիստոսի մասին նրա ուսմունքների հիմքերը: Ի պատասխան՝ Ամուղեկը համարձակ վկայեց, որ Հարությունն ու մեղքից փրկությունը կարող են գալ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:
Վկայելով Հարության կարևորության մասին, նախագահ Սյուզան Վ. Թաները՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է.
Այս սրբազան մարմինները, որոնց համար մենք շատ երախտապարտ ենք, տառապում են բնական սահմանափակումներից: Ոմանք հաշմանդամ են ծնվում, իսկ ոմանք ողջ կյանքում տառապում են հիվանդության ցավերով: Բոլորիս մարմինները տարիքի հետ սկսում են աստիճանաբար խարխլվել: Երբ դա տեղի է ունենում, մենք երազում ենք այն օրը, երբ մեր մարմինները կբուժվեն և առողջ կլինեն: Մենք անհամբեր սպասում ենք Հիսուս Քրիստոսի հնարավոր Հարությանը: … Ես գիտեմ, որ Քրիստոսի միջոցով մենք կարող ենք ուրախության լիություն զգալ, որը մատչելի է միայն այն դեպքում, երբ ոգին և տարրը անբաժանորեն կապված կլինեն միմյանց հետ (տես Վ&Ու 93.33): (“The Sanctity of the Body,” Liahona, Nov. 2005, 15)
Բաժին 3
Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ պատրաստ լինեմ դիմավորել Աստծուն։
Ամմոնիայում ուսուցանելուց մի քանի տարի անց Ալման և Ամուղեկը մեկնեցին մեկ այլ միսիայի՝ այս անգամ հավատուրաց զորամացիների մոտ: Ալման և Ամուղեկը սկսեցին հաջողություններ ունենալ ժողովրդի ավելի խոնարհ հատվածի շրջանում: Երբ Ամուղեկը ուսուցանեց մարդկանց նայել Հիսուս Քրիստոսին և հավատալ Նրա Քավության զորությանը, նաև հրավիրեց նրանց նախապատրաստվել հանդիպելու Աստծուն:
Անդրադառնալով մեր օրերում Աստծուն դիմավորելու նախապատրաստության կարևորությանը՝ Առաջին Նախագահությունից Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.
Վտանգ կա մի օր բառի մեջ, երբ այն նշանակում է «ոչ այսօր»: «Մի օր ես կապաշխարեմ»: «Մի օր ես կներեմ նրան»: …
Սուրբ գրությունները հստակեցնում են հետաձգման վտանգը: … Այս օրը Աստծո թանկագին պարգևն է։ Այդ «Մի օր ես …» միտքը կարող է ժամանակի և հավերժության օրհնությունների հնարավորությունների գողը լինել»: («Աայս օրը», Լիահոնա, մայիս 2007, 89)
Երբ Ալմա Կրտսերը ծառայում էր ժողովրդին Զարահեմլայի երկրում, նա մտածելու տեղիք տվող շատ հարցեր տվեց՝ օգնելով նրանց խորհել, թե ինչ պետք է անեն, որպեսզի պատրաստ լինեն կանգնել Աստծո ներկայության մեջ (տես Ալմա 5):