Դաս 18. Դասի նախապատրաստական նյութ. Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ
Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Նեփիացիներին և Լամանցիներին ծառայելու ընթացքում Հիսուսը հարցրեց Իր տասներկու աշակերտներին. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել» (3 Նեփի 27․27)։ Եթե Տերը ձեզ ուղղեր այս հարցը, ինչպե՞ս կպատասխանեիք: Ինչպե՞ս կարող եք հասնել ձեր լիակատար ներուժին: Երբ նախապատրաստվեք դասին, մտածեք թե Փրկիչի ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ պատասխանել այդ հարցերին: Ընտրեք որևէ առանձնահատուկ քայլ, որը կատարելով՝ ավելի կնմանվեք Նրան:
Բաժին 1
Արդյո՞ք իսկապես կարող եմ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի նման կատարյալ դառնալ
Նոր Կտակարանում մենք կարդում ենք, որ Հիսուսը ասաց Լեռան քարոզը, որը ներառում է ուսմունքներ, որոնք, ի վերջո, օգնելու էին Նրա աշակերտներին կատարյալ դառնալ (տես Մատթեոս 5–7): Իր Հարությունից հետո Հիսուսը հայտնվեց Լիառատ երկրում և ներկայացրեց նմանատիպ մի քարոզ (տես 3 Նեփի 12–14):
Մարդկանց ուղղված Իր ուղերձի սկզբում, Հիսուսը վկայեց, որ նրանք, ովքեր Իր ընտրած աշակերտների «խոսքերին ուշք դարձնեն», կօրհնվեն (3 Նեփի 12.1): Նա ուսուցանեց Երանելիները, հայտարարեց, որ Ինքը կատարել էր Մովսեսի օրենքը և հաղորդեց ավետարանի ավելի բարձր օրենքը:
Որոշ մարդիկ կարող են շփոթված կամ ճնշված զգալ Փրկիչի՝ կատարյալ եղեք պատվիրանից: Օգտակար է իմանալ, որ սուրբ գրություններում կատարյալ բառը կարող է նշանակել «լրիվ, ամբողջական և լիովին զարգացած, բացարձակ արդարակյաց», և որ «Քրիստոսի ճշմարիտ հետևորդները կարող են կատարյալ դառնալ Նրա շնորհի և Քավության միջոցով» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Կատարյալ», scriptures.ChurchofJesusChrist.org).
Շնորհի սահմանումներից մեկն է. «Շնորհ բառը, ինչպես օգտագործվում է սուրբ գրություններում, առաջին հերթին վերաբերում է արտոնող զորությանն ու հոգևոր բժշկմանը, որն առաջարկվում է Հիսուս Քրիստոսի ողորմածության և սիրո միջոցով: … Այդ արտոնող զորությունը ստանալու համար մենք պետք է հնազանդվենք Հիսուս Քրիստոսի ավետարանին:… Տերը խոստացել է, որ եթե մենք խոնարհեցնենք մեզ Նրա առջև և հավատք ունենանք Նրա հանդեպ, Նրա շնորհը կօգնի մեզ հաղթահարել մեր բոլոր անձնական թուլությունները (տես Եթեր 12.27)» («Շնորհ», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Ճշմարիտ կատարելության համար մեր միակ հույսը երկնքից այն որպես պարգև ստանալն է, մենք չենք կարող «վաստակել» այն: Ուստի, Քրիստոսի շնորհը մեզ առաջարկում է ոչ միայն փրկություն վշտից, ցավից ու մահից, այլև փրկություն մեր մշտական ինքնաքննադատությունից: …
… Եթե մենք հաստատակամ շարունակենք, հավերժության մեջ մեր զտումը կավարտվի ու կամբողջացվի: …
Ես վկայում եմ, որ այս և ամեն ժամ Նա մեխերի սպիներով պատված իր ձեռքերով մեզ է մեկնում այդ նույն շնորհը, առանց անձնատուր լինելու, քաջալերելով մեզ, հրաժարվելով արձակել մեզ, մինչև մենք մի օր ապահով տուն կվերադառնանք Նրա հետ՝ մեր Երկնային Ծնողների գիրկը: («Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Լիահոնա, նոյեմբեր 2017, 41, 42)
Բաժին 2
Ի՞նչ կարող եմ անել Հիսուս Քրիստոսին նման դառնալու համար
Երբ Հիսուսը շարունակում էր ուսուցանել Նեփիացիներին, Նա կիսվեց հիմնարար սկզբունքներով, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես ապրել համաձայն Իր ավետարանի ավելի բարձր օրենքի: Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է.
Քրիստոսը աշխարհ եկավ ոչ միայն քավություն գործելու մարդկության մեղքերի համար, այլև օրինակ սահմանելու աշխարհի առջև Աստծո օրենքի կատարելության և Հորը հնազանդվելու չափանիշի վերաբերյալ: Լեռան քարոզում Վարդապետը մեզ որոշակիորեն բացահայտել է Իր սեփական բնավորությունը, որը կատարյալ էր … և դրանով մեզ ծրագիր է տվել մեր սեփական կյանքի համար: (Decisions for Successful Living [1973], 55–56)