Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ. Մեր հոգևոր վերածննդի կարիքը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ
Մեր հոգևոր վերածննդի կարիքը
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկատել է. «Մորմոնի Գիրքը մեր ցուցումների ձեռնարկն է, երբ մենք ճամփորդում ենք վատից դեպի լավի, ապա՝ ավելի լավի ճանապարհով և ձգտում ենք փոխել մեր սրտերը:(“The Atonement and the Journey of Mortality,” Ensign, Apr. 2012, 40): Մորմոնի Գրքում այս փոփոխությունը նկարագրվում է որպես՝ հոգևոր վերածնունդ, սրտի փոփոխություն և դարձ: Երբ այս նյութը ուսումնասիրում եք դասին պատրաստվելիս, մտածեք, թե Քրիստոսի վարդապետությունով ապրելով, ինչպես կարող եք խորացնել ձեր դարձը և ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:
Բաժին 1
Ապրելով Քրիստոսի վարդապետությունով, ինչպե՞ս կարող եմ խորացնել իմ դարձը։
Հետևյալ ամփոփումը նկարագրում է, թե ինչ է պատահում, երբ մենք իսկապես դարձի ենք գալիս.
Դարձը ներառում է վարքի փոփոխություն, բայց այն ավելին է, քան վարքի փոփոխությունը. դա փոփոխություն է անմիջապես մեր բնույթի մեջ: Դա այնքան էական փոփոխություն է, որ Տերը և Նրա մարգարեները հիշատակում են որպես վերածնունդ, սրտի փոփոխություն և կրակով մկրտություն: («Դարձ,, Ավետարանական թեմաներ», topics.ChurchofJesusChrist.org)
Օրինակ, երբ հրեշտակը ապաշխարության կանչեց Ալմա Կրտսերին, նա խիստ զղջաց իր մեղքերի համար: Երբ Ալման տառապում էր, նա դիմեց Տիրոջը օգնության համար, նրա մեղքերը ներվեցին, և նա հոգևոր վերածնունդ ապրեց (տես Մոսիա 27.11–23):
Հոգևոր վերածնունդը կամ դարձը անգործունյա վիճակ չէ: «Դարձը տեղի է ունենում Փրկիչին հետևելու արդար ջանքերի արդյունքում: Այդ ջանքերը ներառում են՝ հավատ գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարել մեղքերի համար, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը և հավատով համբերել մինչև վերջ [կիրառելով Քրիստոսի վարդապետությունը]» («Դարձ», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org):
Բենիամին թագավորի ժողովրդի փորձը ցույց է տալիս, թե Քրիստոսի վարդապետության կիրառումն ինչպես է հանգեցնում այս հոգևոր վերածննդին և դեպի Տերը դարձին:
Իր քարոզում Բենիամին թագավորը ուսուցանեց, որ մենք բոլորս «անպիտան ծառաներ» ենք և «հավերժ պարտական» ենք Աստծուն (Մոսիա 2.21–25, 34): Ապա նա վկայեց, որ մենք կարող ենք փրկագնվել միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս ուղերձով համակված՝ Բենիամին թագավորի ժողովուրդը երկյուղով և ակնածանքով ընկավ գետնին (տես Մոսիա 3.17–4.2):
Մոսիա 4-ից մենք սովորում ենք, որ երբ իր ժողովուրդը ներում ստացավ իրենց մեղքերի համար, Բենիամին թագավորը սովորեցրեց նրանց հավատալ Աստծուն և հավատով ապրել, որպեսզի նրանք կարողանան «միշտ պահպանել [իրենց] մեղքերի թողությունը» (հատված 12): Ավարտելով իր քարոզը՝ Բենիամին թագավորը ցանկացավ իմանալ, թե արդյոք ժողովուրդը հավատում է իր ուսուցանածին (տես Մոսիա 5.1):
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը հոգևոր վերածննդի վերաբերյալ:
«Հնարավոր է՝ հարցնեք․ «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ»։ Պետք է հիշեք, որ սուրբ գրություններում Բենիամին թագավորի ժողովրդի, Ալմայի և որոշ այլ մարդկանց ուշագրավ օրինակները հենց դա են. ուշագրավ են և ոչ սովորական [see Ezra Taft Benson, “A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 2–5]: Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում։ Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծնունդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացության առանցքային նպատակն է:
… Եկեք արժանավորությամբ ճաշակենք հաղորդությունից ամեն շաբաթ և շարունակենք մոտենալ Սուրբ Հոգուն՝ մեր միջից արմատախիլ անելով անմաքրության վերջին մոլախոտերը։ Ես վկայում եմ, որ եթե դուք շարունակեք մնալ հոգևոր վերածննդի ճանապարհին, Հիսուս Քրիստոսի քավիչ շնորհը կհեռացնի ձեր մեղքերը և այդ մեղքերի բծերը․ գայթակղությունները կկորցնեն իրենց գրավչությունը, և Քրիստոսի միջոցով դուք կդառնաք սուրբ, ինչպես որ Նա և մեր Հայրն են սուրբ»։ («Վերստին ծնվել», Լիահոնա, մայիս 2008, 78)
Բոննի Լ. Օսկարսոնը՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահը, ասել է․
Մենք բոլորս պետք է ձգտենք փոխել մեր սիրտը և բուն էությունը, որպեսզի ցանկություն ունենանք ոչ թե հետևել աշխարհի ուղիներին, այլ գոհացնել Աստծուն: Ճշմարիտ դարձը գործընթաց է, որը տեղի է ունենում ժամանակի ընթացքում և հավատք գործադրելու կամք է պահանջում: Դրա համար հետևողականություն և ամենօրյա ջանքեր են հարկավոր:: («Արդյո՞ք ես հավատում եմ» Լիահոնա, մայիս 2016, 88)։
Բաժին 2
Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ Տիրոջը, որ իսկապես ուզում եմ սրտի փոփոխություն ունենալ։
Մտածեք, թե մենք ինչ կարող ենք սովորել Անթի-Նեփի-Լեքիների օրինակից՝ միտումնավոր կերպով սրտի հզոր փոփոխություն ձեռք բերելու և պահպանելու մեր ջանքերում: Այս նախկին լամանացիները եղել են «վայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովուրդ. ժողովուրդ, որը հրճվում էր Նեփիացիներին սպանելով, և նրանց կողոպտելով ու թալանելով» (Ալմա 17.14): Այնուամենայնիվ, Անթի-Նեփի-Լեքիները ստացան Հիսուս Քրիստոսի ավետարանը, երբ նրանց ուսուցանեցին Ամմոնը և նրա եղբայրները, և շատերը «դարձի եկան առ Տերը, երբեք չհեռացան» (Ալմա 23.6):
Մեկնաբանելով այս ժողովրդի սրտի հզոր փոփոխությունը՝ երեց Բեդնարը խորհուրդ է տվել.
Փայփայած «ապստամբության զենքերը», օրինակ՝ եսասիրությունը, հպարտությունը և անհնազանդությունը, մի կողմ դնելու համար պահանջվում է ավելին, քան սոսկ հավատքն և գիտելիքը: Մեր ապստամբության զենքերը վայր դնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, համեստություն, ապաշխարություն և հնազանդություն: Արդյո՞ք դուք և ես դեռևս ունենք ապստամբության զենքեր, որոնք խոչընդոտում են դեպի Տերը դարձի գալուն: Եթե այդպես է, մենք պետք է այժմ ապաշխարենք:: («Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 108-9)