Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ. Տիրոջ ազատման զորությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ
Տիրոջ ազատման զորությունը
Երբ հանդիպում եք փորձության, արդյոք երբևէ հարցրել եք ինքներդ ձեզ. «Ինչո՞ւ է սա տեղի ունենում ինձ հետ» կամ «Ինչո՞ւ Տերը չի հեռացնում ինձանից այս փորձությունը»: Մորմոնի Գրքից մենք կարող ենք կարևոր դասեր սովորել, մեր փորձությունների աղբյուրների վերաբերյալ, և թե ինչպես կարող ենք օրհնվել, երբ դիմենք Փրկիչին օգնության համար: Երբ ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս, մտածեք, թե ինչպես կարող եք խորացնել ձեր վստահությունը Հիսուս Քրիստոսի անսահման սիրո, զորության և իմաստության հանդեպ, երբ Նա աջակցում է ձեզ կամ ազատում փորձություններից, որոնց դիմակայում եք:
Բաժին 1
Ինչո՞ւ եմ ես փորձություններ ունենում, նույնիսկ, երբ անում եմ այն, ինչը ճիշտ է
Մորմոնի Գիրքը ցույց է տալիս, որ փորձությունները տարբեր աղբյուրներ ունեն: Որոշ փորձություններ մեղքի հետևանք են: Օրինակ Զիզրոմը տառապում էր այրող տենդից և հիվանդությունից, որն առաջացավ իր անօրինության հետևանքով պատճառված մեղքի զգացումից (տես Ալմա 15.3): Նեփիացիներն ու Լամանացիները տարիներ շարունակ պատերազմի մեջ էին Ամաղիկիայի ամբարիշտ ընտրությունների պատճառով (տես Ալմա 46.9–10): Սակայն, ոչ բոլոր փորձություներն են ամբարշտության արդյունք: Լեքիի և Իսմայիլի ընտանիքները տարան շատ դժվարություններ, որոնք անապատի միջով ճամփորդությունների բնական մասն էին կազմում (տես 1 Նեփի 16.9–17.4):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը հետևյալն է ուսուցանել նեղությունների մասին․
Մահկանացու կյանքի դպրոցում ուսուցչի դերում հաճախ հանդես են գալիս ցավն ու նեղությունը, սակայն այդ դասերի նպատակն է կատարելագործել, օրհնել և ամրացնել մեզ, այլ ոչ թե կործանել։ («Հավատքը տառապանքների միջով բերում է խաղաղություն և ուրախություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 17):
Երեց Հեյլսի խոսքերը լուսաբանվում են Ալմայի և նրա ժողովրդի փորձառության միջոցով: Նրանք հավատում էին մարգարե Աբինադիի նախազգուշացումներին: Դեպի Տերը դարձի գալուց և Ալմայի կողմից մկրտվելուց հետո ժողովուրդը անապատ քշվեց ամբարիշտ թագավոր Նոյի բանակի կողմից: Ութօրյա ճամփորդությունից հետո նրանք եկան մի նոր վայր, որը կոչեցին Էլամ: Այստեղ նրանք ապրեցին ավետարանով և «բազմացան ու չափազանց բարգավաճեցին» (Մոսիա 23.20): Սակայն, նրանց խաղաղությունն ի վերջո խախտվեց Լամանացիների բանակի կողմից, ովքեր գտան նրանց և գերեվարեցին: (Տես Մոսիա 17-18, 23)
Բաժին 2
Ինձ համար ինչո՞ւ է կարևոր վստահել Տիրոջ ժամանակացույցին իմ փորձությունների ընթացքում
Երբ Ալման և իր ժողովուրդը լսեցին Աբինադիի ապաշխարության կոչը և փախան անապատ, Նոյ թագավորը և իր ժողովրդի մնացած մասը մերժեցին մարգարեին և չապաշխարեցին: Իրենց մեղքերի պատճառով նրանք պարտության մատնվեցին Լամանացիների կողմից և գերի վերցվեցին: Թագավոր Լիմքիի` Նոյի որդու կառավարման ընթացքում Լամանացիները ծանր հարկերի տակ էին դնում ժողովրդին և նրանց խիստ հալածում էին: Լիմքիի ժողովուրդը երեք անգամ անհաջողություն կրեց` փորձելով ազատվել գերությունից և այդ ջանքերի ընթացքում շատ մարդիկ մահացան: (Տես Մոսիա 12.2, 19.1–21.12) Ի վերջո, նրանք դիմեցին Տիրոջ օգնությանը։
Երբ Լիմքիի ժողովուրդը իսկապես խոնարհվեց և ապավինեց Տիրոջը, Մոսիա թագավորի կողմից ուղարկված հետախուզական խումբը գտավ Լիմքիի ժողովրդին: Հետախուզական խումբը և թագավոր Լիմքին խորհրդակցեցին ժողովրդի հետ այն մասին, թե ինչպես փախչել գերությունից: Նշանակված գիշերը նրանք հավելյալ գինի տվեցին Լամանացիներին, որոնք հարբեցին և քնեցին: Լիմքիի ժողովուրդը այդ ժամանակ փախուստի դիմեց դեպի անապատ և ապահով հասավ Զարահեմլա: (Տես Մոսիա 21.23–22.14:)
Ինչպես նկարագրված է այս պատմության մեջ, Աստված ուներ Իր սեփական նպատակները և ժամանակացույցը` Լիմքիի ժողովրդին ազատելու համար:
Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է.
Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս: Հավատք նշանակում է ապավինում՝ ապավինում Աստծո կամքին, ապավինում Նրա ուղիով գործելուն և ապավինում Նրա ժամանակացույցին։ Մենք չպետք է փորձենք մեր ժամանակացույցը պարտադրել Նրան: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը բացատրել է.
«Հարցը մեզ համար նրանում է, որ բավականաչափ վստահելով Աստծուն, վստահենք նաև Նրա ժամանակացույցին: Եթե մենք իսկապես հավատում ենք, որ Նա ի սրտե ցանկանում է մեր բարօրությունը, միթե մենք չպետք է թույլ տանք, որ Նրա ծրագրերը բացահայտվեն, քանի որ Նա ունի լավագույն մտադրությունները:» [Even As I Am (1982), 93.] (“Timing,” Ensign, Oct. 2003, 12)
Բաժին 3
Ինչպե՞ս կարող եմ ուժ ստանալ Տիրոջից, երբ համբերությամբ տանում եմ իմ փորձությունները
Լամանացիների մի բանակ հետապնդեց Լիմքիի ժողովրդին, բայց կորցրին ճանապարհը: Նրանք, ի վերջո, գտան Նոյի ամբարիշտ քահանաներին, ովքեր միացան Լամանացիների բանակին: Անապատում ճամփորդելու ընթացքում նրանք հայտնաբերեցին Ալմայի արդարակյաց ժողովրդին և նրանց գերության տարան: Ամուղոնը, ով Նոյի ամբարիշտ քահանաներից մեկն էր, Լամանացիների թագավորի կողմից կառավարիչ նշանակվեց Ալմայի ժողովրդի վրա: Ամուղոնը պահակներ դրեց ժողովրդի վրա և սպառնաց սպանել յուրաքանչյուրին, ում կգտնեին աղոթելիս։ (Տես Մոսիա 22.15–16, 23.25–24.1, 24.8–11)
Ալմայի ժողովուրդը հավատք և համբերություն գործադրեց, և ի վերջո, Տերն ազատեց նրանց: Նա «խորը քուն բերեց Լամանացիների վրա» (Մոսիա 24.19), թույլ տալով Ալմային և նրա ժողովրդին փախչել Զարահեմլայի երկիրը: (Տես Մոսիա 24.17–25:)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Փորձություններն ու դժվարություններն անմիջապես չհեռացվեցին ժողովրդից: Բայց Ալման ու նրա հետևորդները ամրապնդվեցին, և նրանց մեծացած կարողությունը բեռներն ավելի թեթև դարձրին: …
Մեզանից յուրաքանչյուրի կյանքում առանձնահատուկ բեռներն օգնում են մեզ ապավինել Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին (տես 2 Նեփի 2.8): Ես վկայում եմ և խոստանում, որ Փրկիչը կօգնի մեզ հեշտությամբ կրել մեր բեռները (տես Մոսիա 24.15): Երբ նրան լծակից դառնանք ուխտերի միջոցով և [Նրա] արտոնող զորությունը … ստանանք մեր կյանքում, մենք ավելի ու ավելի շատ կձգտենք հասկանալ և ապրել ըստ Նրա կամքի: Մենք նաև կաղոթենք ուժի համար, որպեսզի սովորենք, փոխվենք կամ ընդունենք մեր հանգամանքները, ոչ թե անդադար աղոթենք, որ Աստված փոխի մեր հանգամանքները՝ ըստ մեր կամքի: («Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 89, 90)